Զարուհի Փոստանջյանի եղբայրը ձերբակալվել է
18:26 • 23.02.11

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայրը՝ Տիգրան Փոստանջյանը, ձերբակալվել է։ Այս մասին տեղեկանում ենք «Հույս» ՀԿ նախագահ, ակտիվիստ Լալա Ասլիկյանի տարածած հաղորդագրությունից։

Ասլիկյանը նշում է, որ Տիգրան Փոստանջյանը 2011թ. փետրվարի 18-ին դատախազության պաշտոնական կայքից է տեղեկացել, որ իր նկատմամբ քրեական գործ է հարուցվել։

«Չորս օր վարույթն իրականացնող մարմինը, չձեռնարկելով որևէ միջոց լսելու Տիգրան Փոստանջյանին, այդ ընթացքում, ըստ մեր ունեցած տվյալների, կեղծ ցուցմունքներ է կորզել տարբեր անձանցից, և այսօր` փետրվարի 23-ին, ԱԱԾ քննչական ծառայությունն առանց հիմքերի նրան ձերբակալել է:

Մեզ համար, և վստահ ենք` ողջ քաղաքացիական հասարակության համար այդպես էլ անհայտ մնաց էությամբ զավեշտալի այն հարցը, թե այս «գործը» ինչ հույժ կարևորություն ուներ, որ դրանով զբաղվում է հանրապետության անվտանգությունն ապահովելու կոչված կառույցը` պետության Ազգային անվտանգության ծառայությունը:

Այժմ Տիգրան Փոստանջյանը գտնվում է ԱԱԾ-ի ժամանակավոր պահման մեկուսարանում և ինչպես հայտնեցին մեկուսարանից, քննիչն արգելանք է դրել տեսակցությունների վրա»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Տիգրան Փոստանջյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 1-ին մասով։ Մասնավորապես, Երևանի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ Տիգրան Փոստանջյանը մեղադրվում է նրանում, որ 2010թ. սեպտեմբերին պահանջել և ապօրինի ստացել է 100 հազար դրամ վարձատրություն:

Դեպքի առիթով Զարուհի և Տիգրան Փոստանջյանները հայտարարել են, որ քրեական գործի հարուցումը կապված է Զարուհի Փոստանջյանի քաղաքական և քաղաքացիական գործունեության հետ։

Tert.am