Րաֆֆու "Խաչագողները" վավերագրում են ժամանակը
Տեղական արտադրության եւ հանցագործ կյանքի մասին պատմող սերիալներով ողողված հեռուստաեթերում նոր ու հետաքրքիր անակնկալ է սպասվում: Վարդանյան ընտանիքի հովանավորությամբ էկրանավորվում է Րաֆֆու "Խաչագողի հիշատակարան" վեպը: Ի դեպ` Նար-Դոսի "Սպանված աղավնի" վեպից հետո դա 2-րդ դասական ստեղծագործությունն է, որն էկրան է բարձրանում:
Ինչու են հայ հեռուստադիտողին հոգեհարազատ դարձել հանցագործ աշխարհի մասին պատմող սերիալները, ինչու են բոլորը դիտում ու միեւնույն ժամանակ դժգոհում հեռուստաեթերից: Կարեն Վարդանյանին մտահոգում է, որ "Անորսալի վրիժառուներ"-ի նման ֆիլմերն ու նրանց հերոսներն այլեւս իդեալներ չեն, փոխարենը կրիմինալն է դառնում դեռահասների պաշտամունքը:
Կարեն Վարդանյան, ԱԺ պատգամավոր. "2 տարի է բոլորս դժգոհում` ինչու է մեր Հայաստանի հեռուստատեսությունը զբաղվում միայն կրիմինալ, գողական սերիալներ նկարելով: Պատճառը մեր բոլորի մեղքն է, որովհետեւ մենք ենք ստեղծում պահանջարկը այդ կրիմինալ հեռուստասերիալների, ժողովուրդն է նայում":
Ազգային շունչը բարձրացնելու, դժվար ու դժգոհ մթնոլորտը մեղմելու նպատակով Վարդանյան ընտանիքը հովանավորում է Րաֆֆու "Խաչագողի հիշատակարան" վեպի էկրանավորումը: 4 կամ 5 մասից բաղկացած գեղարվեստական լիամետրաժ կինոնկարը եթերում կլինի տարեվերջին:
Վեպը սցենարի է վերածել երիտասարդ գրող Արտակ Արզումանյանը,
ֆիլմի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է, պրոդյուսերը` Մամիկոն Չատինյանը: Դերասանական հիմանական կազմն արդեն ընտրված է, սակայն ռեժիսորը դեռեւս չի ցանկանում անուններ բացահայտել, միայն հավաստիացնում է, պրոֆեսիոնալիզմն ապահովված է, ժողովրդական եւ վաստակավոր դերասաններ են ընդգրկված:
Հրաչ Քեշիշյան, ռեժիսոր. "1-ին դեպքն է, երբ գործարարն ամբողջությամբ վերցնում է ֆիլմի ծախսերն իր վրա եւ ֆինանսավորում է մի ամբողջական ֆիլմ, բնականաբար, դա թանկ հաճույք է: Բոլոր տեսակի սերիալները տեղ ունեն հեռուստաեթերում, ի վերջո հեռուստադիտողին պետք է տալ ազատ ընտրության հնարավորություն":
Նախապատրաստական աշխատանքներն ավարտված են, նկարահանումներ կլինեն նաեւ Հայաստանից դուրս, Ռուսաստանում եւ Բուլղարիայում: Նախաձեռնության հեղինակները խոստովանում են, որ այս կերպ փորձում են երիտասարդներին ստիպել մեկ անգամ եւս բացելու գիրքը` մատնանշելով, որ որոշ երկրներում, ըստ վիճակագրության, կինոդիտումներից հետո գրախանութներում կտրուկ ավելանում է գրքերի վաճառքը:
Մամիկոն Չատինյան, պրոդյուսեր.
"Լավ որակի, լավ դերասաններով ֆիլմ է եւ վերջում թող հանդիսատեսը դիտի եւ իր գնահատականը տա":
"Ամուսինները գնում են խոպան, կանայք` մնում միայնակ, իսկ երեխաների դաստիարակության հարցը` օդից կախված": Ֆիլմի պրոդյուսերի խոսքով` այսօր էլ կարծես կրկնվում է այդ շրջանի պատմությունը:
"Խաչագողի հիշատակարան" ֆիլմից հետո հաջորդ քայլը լինելու է Չարենցի ու Աբովյանի կենսագրությունների էկրանավորումը: Քրեականին փոխարինելու են գալիս մարդկային պատմությունները:
Էջանիշներ