Լիբիական բանակն այսօր ռմբակոծել է Տրիպոլիից հարավ գտնվող է Ալ Զավիա քաղաքի մզկիթը, որի մոտ տեղի էր ունենում բողոքի ակցիա, հաղորդում է Associated Press-ը։
Գործակալության տվյալներով՝ նախագահ Մուամմառ Կադաֆիին հավատարիմ զինվորականներն օգտագործել են ավտոմատներ և հրթիռներ։ Արդյունքում ավերվել է Ալ-Զավիայի մզկիթի մինարեթը։ Ականատեսների խոսքերով՝ մեծ թվով ցուցարարներ են զոհվել, սակայն զոհերի թվի մասին կոնկրետ տվյալներ չկան։
Փետրվարի 16-ից սկսված հակակառավարական ելույթների հետևանքով Լիբիան փաստացիորեն բաժանվել է 2 մասի։ Արևելյան մասը՝ Բենղազի քաղաքով, փաստացի վերահսկվում է ընդդիմադիրների կողմից, մինչդեռ արևմուտքը՝ Տրիպոլի մայրաքաղաքով, շարունակում է մնալ իշխանությունների ձեռքին։
Արևմտյան մասում շարունակվում են բախումները ցուցարարների և կառավարական ուժերի միջև։ Ինչպես հաղորդում է CNN-ը, այսօր ցուցարարները իրենց հսկողության տակ են վերցրել Միսուրատան՝ մեծությամբ երրորդ բնակավայրը Լիբիայում։ Ըստ Agence France-Presse-ի՝ կառավարական զորքերը և ոստիկանությունը լքել են Տրիպոլիից 120 կմ հարավ գտնվող Զուարա քաղաքը։
Մայրաքաղաք Տրիպոլին շարունակում է մնալ Կադաֆիի վերահսկողության տակ։ Բնակիչներին արգելվում է դուրս գալ քաղաքից, բնակչության մեծ մասը ընդհանրապես դուրս չի գալիս տներից։
Հակակառավարական ցույցերի հետևանքով միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով արդեն զոհվել է մոտ 600, վիրավորվել շուրջ 4000 մարդ։
tert.am
Էջանիշներ