Սկզբի վրա խնդրում եմ մեծ ուշադրություն չդարձնել: Համարյա օրագրային հորինվածք է՝ գրված դիպլոմ ստանալու օրը:
Եկեք զբաղվենք սիրով
Թուղթ: Թուղթ, որ ձեռքումս է, հինգ տարվա արդյունք կամ ընդամենը ոչինչ չասող թուղթ: Դրանից հարյուրավորներն ունեն: Ո՛չ առավելություն է տալիս, ո՛չ էլ պակասություն, ինչիս է պետք, չգիտեմ: Կարծես ավելորդ ապրած հինգ րոպեներ լինեն, երբ վատնեցի թուղթը ներսից-դրսից տնտղելու վրա: Իսկ հիմա դատարկ ծանրություն է պայուսակումս:
Եկեք զբաղվենք սիրով: Ես եսասեր եմ: Ուղևորվում եմ պաղպաղակ գնելու, վերցնում եմ և մտնում մոտակա այգին: Հաճույքով պատրաստվում եմ սնվելուն: Հացուպանիր եմ ուտում՝ ախորժակով ծիկրակելով արդեն լուծվող սուրճով պատված հալվող պաղպաղակիս: Սնվելուց հետո անցնում եմ հաջորդ վայելքին՝ ընթերցանությանը: Ինչ-որ ժամանակ սուզվել էի այդ գրքային «հեշտանքի» մեջ, որից ինձ կտրեց նստարանի հոգնեցուցիչ չորությունը և դեպի արևմուտք արևի թեքվելը: Ոտքերս այրվում էին: Տեղափոխվեցի մեկ այլ այգի: Շարունակում եմ «հեշտանքը» բնության գրկում: Նստարանի վրա կրկին ճաշակեցի նույն անհարմարությունները: Հետո մտա խոտերի մեջ: Նստեցի ու ծառին հենվեցի: Ինչքա՜ն բնական է. ինձ զգում եմ ինչպես կամ: Սքանչելի զգացում է: Պառկում եմ՝ դարձյալ անվարան: Մի քանի ժամ հետո ընթերցանությունն ընդմիջեցի: Պառկել եմ մեջքիս: Ինչպես միշտ, երբ տրամադրությունս սարսափելի վատ չէ, սկսեցի նայել երկնքին, մտորել, երազել: Բարդիների կատարները ճոճանակի պես տատանվում էին: Քիչ էր մնում մինչև գետինը ճկվեին: Օդային հոսանքները շոյում էին մարմինս, սլանում, խուտուտ տալիս: Քամուց օրորվող ծառերի տերևները արևից ցոլցլում էին ու խշշում: Այգում՝ շուրջս, նստարաններ են: Տիպիկ հայկական տեսարան է. բոլոր նստարանները զբաղեցրել են սիրող զույգեր՝ ցանկացած սեռի զուգակցումով երկու հոգի: Զբաղված են իրենցով: Եվ ես ինձ ճիշտ եմ զգում: Ես էլ եմ սիրով զբաղված: Ես էլ եմ զույգով՝ ինքս ինձ հետ: Երջանիկ եմ զգում ինքս ինձ հետ: Երբեմն, ճիշտ է, վիճում ենք, սիրո հարցում միշտ համակարծիք ենք, այսինքն՝ համակարծիք «եմ»:... Ինքս ինձ սիրում եմ: Ինձ չեմ խաբում: Ամեն ինչ անում եմ միայն ինձ համար: Չեմ զիջում, արդեն: Պետք էլ չի: Ինչո՞ւ ինձ զոհեմ որ: Բոլորը կլքեն ինձ, թեկուզ նա, ում համար ցանկություններս, կյանքս ու ինձ զոհեմ: Բայց մի՞թե այդ դեպքում ինքս ինձ դավաճանած չեմ լինի: Պատկերացնո՞ւմ ես, հանկարծ, եթե մի օր ես ինքս ինձնից խռովեմ ու հեռանամ: Ի՞նչ կլինի ինձ հետ: Այսինքն՝ միակ հավատարիմը հեռանա: Ի՞նչ կզգամ ես: Երևի հենց դա կորակեմ իբրև դժոխային: Մի՞թե ինքս ինձ հետ չեմ ուրախության ու տխրության, ցավի ու հեշտանքի, հիվանդության ու երջանկության պահերին, այն ժամանակ, երբ միայնակ լալիս եմ, փնտրում ընկեր, որ կարդա ու հասկանա ստեղծագործությունս, մի՞թե ինքս ինձ չեմ բացում սիրտս, վիճում, լիցքաթափվում, փարատում....
Ես սիրում եմ ինքս ինձ, միակ հավատարիմն իմ:
Ու հիմա կրկին սիրով եմ զբաղվում այս այգում՝ լսելով զույգերի ձայներ իմ շուրջը: Նրանք ինձ վրա ուշադրություն չեն դարձնում. Այս այգում բնական է սիրելը:....
2 հուլիսի 2009թ
Էջանիշներ