Մայր բնության մեթոդով. ոչ մի արհեստական փոխարինող չի կարող համեմատեվել մայրական կաթի հետ
Գայանե Աբրահամյան
Ամենալավ բանը, որ մայրը կարող է անել իր նորածին մանկան համար, առողջապահության մասնագետների հավաստմամբ, նրան կրծքով կերակրելն է:
Կրծքի կաթ ուտող երեխաներն ավելի լավ են աճում, ավելի դիմացկուն են հիվանդությունների նկատմամբ և, ընդհանուր առմամբ, ավելի առողջ են: Մասնագետները կարևորում են կրծքով կերակրելը ֆիզիոլոգիական տեսանկյունից, սակայն նաև կարծիք կա, որ կուրծք ուտելու բուն ակտը նպաստում է մոր և մանկան միջև կապի ստեղծմանը, որը մեծ հոգեբանական նշանակություն ունի:
Ինչ վերաբերում է երիտասարդ մայրերին, ապա մասնագետների հավաստմամբ, կերակրելու խնդիրներ են ունենում նրանց ընդամենը 1-5 տոկոսը:
Այդուհանդերձ, ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` Հայաստանում երեք մայրերից միայն մեկն է կրծքով կերակրում երեխային: ՅՈՒՆԻՍԵՖ-ը և միջազգային առողջապահական կազմակերպությունները հույս ունեն բարձրացնելու այդ ցուցանիշը, ինչը հեշտ չէ, քանի որ հանրապետությունում արհեստական կաթնախառնուրդները բավական լայն տարածում են գտել:
Սակայն առաջընթացն ակնհայտ է:
«1994 թվականին բացառապես մայրական կաթով սնվող երեխաները կազմում էին միայն մեկ տոկոս»,- ասում է «Կրծքով սնուցման խրախուսման և աջակցման» ազգային ծրագրի ղեկավար Կարմելա Պողոսյանը: (Մայրերի 21 տոկոսը նաև ջուր ու թեյ են տալիս նորածնին
Վերին շնչուղիների վիրուսային վարակների, միջին ականջի բորբոքումների վտանգը 3 անգամ ավելի է արհեստական սնուցվող երեխաների մոտ, որոնց սնունդը ներառում է ջրային հիմքի վրա պատրաստված փոխարինողներ, որոնք հանգեցնում են բարդությունների:
«Մեր հիվանդների մեծ մասը արհեստական սնուցմամբ երեխաներն են, կրծքով կերակրվող երեխաներն անհամեմատ նվազ խոցելի են»,- ասում է 25 տարվա մանկաբույժ Մարիետա Անտոնյանը:
1994 թվականին Հայաստանում սկսվեց «Կրծքով սնուցման խրախուսման և աջակցման» ազգային ծրագիրը, որի նպատակն էր փոխել վերաբերմունքն ու գործելակերպը այս հարցում` արմատավորելով այն մոտեցումը, որ յուրաքանչյուր մանուկ իրավունք ունի օգտվելու կրծքով սնուցման առավելություններից:
Ավանդույթները սկսում են փոխել հենց առաջին օրվանից. ծննդատներում այժմ խրախուսում են մոր և մանկան շփումը ամենասկզբից:
«Մինչև 94 թվականը նորածիններն առանձին սենյակում էին, կերակրվում էին ժամային գրաֆիկով: Այսօր ծնվելուց անմիջապես հետո, եթե ինտենսիվ բուժման կարիք չկա, երեխային դնում են մոր կրծքին»,- ասում է Պողոսյանը:
Արաբկիրի մանկական պոլիկլինիկայի տնօրեն, մանկաբույժ Արեգ Նարգիզյանի հավաստմամբ` Հայաստանում կրծքով սնուցումը կտրուկ նվազեց 1988-ի երկրաշարժից անմիջապես հետո, երբ մարդասիրական օգնություն բերող կազմակերպությունները սկսեցին անվճար մանկական սնունդ բաժանել: «Հաճախ անգամ կրծքով կերակրող մայրն արհեստական սնունդ էր տալիս իր երեխային` առանց գիտակցելու, թե ինչ է անում»,- ասում է բժիշկը:
90-ականների սկզբի դժվարին տարիներին ընդունված և անհրաժեշտ արհեստական կաթնախառնուրդների «բարեգործական» անվճար բաշխումը 1995 թվականից Հայաստանում արգելվեց: Իսկ նման մանկական կերերի ներկրումը դրվեց հսկողության տակ:
«Ներկրող ընկերությունները հաճախ անվճար կաթնախառնուրդներ, ծծակներ ու շշեր են բաժանում հիվանդանոցներին, ծննդատներին, հեռուստատեսությամբ պարբերաբար գովազդում են իրենց ապրանքը, բժիշկներին տալիս են զեղչի կտրոններ կամ էլ հատուկ կտրոն, որի վրա նշված են բժշկի անունը, դեղատան անվանումը, և եթե ծնողն այդ կտրոնով գնում է տվյալ մանկական սնունդը, բժիշկը գումարից որոշակի տոկոս է ստանում»,- ասում է «Վստահություն» հասարակական առողջապահական կազմակերպության նախագահ Սուսաննա Հարությունյանը:
Այս կտրոնների բաժանումը ստեղծում է շահերի բախում, այսինքն` բժիշկը շահագրգռված է կաթնախառնուրդ խորհուրդ տալ, նույնիսկ եթե դա չի բխում երեխայի շահերից: Կրծքով սնուցման ջատագովները նաև շեշտում են այն հանգամանքը, որ երիտասարդ մայրերի վրա արհեստական կաթնախառնուրդ գնելու ճնշումը կիրառվում է այն ժամանակ, երբ նրանք առավել խոցելի են:
Կաթնախառնուրդների անվճար բաժանման փաստը, ըստ Հարությունյանի, երբեմն անտեղյակության հետևանք է, բուժաշխատողները պարզապես չգիտեն, որ իրավունք չունեն կաթնախառնուրդներ ընդունել, իսկ դրանց գովազդը ՀՀ գովազդի մասին օրենքում 1998 թվականին կատարված լրացման խախտում է: Մասնագետների հավաստմամբ` Հայաստանում նորածինների մոտ 30%-ը ծանոթ չէ մայրական կաթի համին, իսկ նրանց մոտ 80%-ը 5 ամսականից ամբողջությամբ անցնում է արհեստական սնուցման: Այս անառողջ միտմանը նպաստում է այն հանգամանքը, որ Հայաստանում ոչ մի լաբորատորիա ի վիճակի չէ անցկացնելու որոշակի բակտերիաներ հայտնաբերող բարդ թեստեր, թեև ներկրվող մանկական սնունդը ենթարկվում է սովորական լաբորատոր ստուգման` համաձայն ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կանոնակարգի:
Մանկական կերերի գրեթե անվերահսկելի շուկայում մասնագետներին հատկապես մտահոգում են լայն կիրառում ունեցող «ՀԻՓՓ» թեյերը, որոնց վրա գրված է, որ կարելի է տալ անգամ 1 շաբաթական երեխային:
2002-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության ընդունած գլոբալ ռազմավարությունն այն է, որ մինչև վեց ամսական երեխան որևէ այլ սննդի կարիք չունի, բացի կրծքի կաթից, իսկ եթե արհեստական սնունդ է ստանում, ապա միայն կաթնախառնուրդներ, և ոչ թե թեյեր կամ շիլաներ:
«Դրանք [թեյերը] վնասակար են, քանի որ պարունակում են որոշ բուսական նյութեր, որոնք կարող են բարձրացնել երեխաների աղիների պատերի թափանցելիությունը, իսկ դա նպաստում է ալերգիաների և ինֆեկցիաների ներթափանցման աճին»,- ասում է Հարությունյանը:
ՀՀ առողջապահության նախարարությունը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակները համատեղ զգուշացրեցին «ՀԻՓՓ» և «Նեսթլե» ընկերություններին` արձանագրված խախտումների առնչությամբ:
«Նեսթլեն» ընդունեց և վերացրեց որոշ խախտումներ, իսկ «ՀԻՓՓ» ընկերությունն առայսօր չի պատասխանել նամակին: Այդ թեյերն ու տարբեր ընկերությունների շիլաներն ազատ վաճառվում են ամենուր` վնաս հասցնելով մեր երեխաներին»,- ասում է Հարությունյանը:
Առողջապահության մասնագետները շեշտում են, որ եթե անգամ մանկական արհեստական կերերի բաղադրիչները մտահոգությունների տեղիք չտային, մանկան համար լավագույն սնունդը մնում է նրան ծնունդ տված մոր կաթը:
Էջանիշներ