Ծննդալուծման ի՞նչ ճանապարհ ընտրել - նորմալ ծննդաբերությո՞ւն, թե՞ կեսարյան հատում:
Իրականում այս հարցի լուծումը բժիշկներինն է: Ճիշտ է, որոշակի գումարի դեպքում կինն ինքը կարող է ընտրել ծննդալուծման ճանապարհը:
Նախ, ինչո՞ւ Կեսարյան հատում: Այս վիրահատությունն ի հայտ է եկել Հուլիոս Կեսարի ժամանակ, և այն նպատակ ուներ մահացող կամ մահացած մոր փոխարեն գոնե մանուկը փրկվեր: Բժշկության զարգացման զուգընթաց այս վիրահատությունն սկսեց կիրառվել ծննդաբերական գործունեության թուլության ժամանակ, երբ կինն ինքը չէր կարող իր ուժերով ծննդաբերել: Կեսարյան հատման համար կան որոշակի նախապայմաններ` բժշկական ցուցումներ, օրինակ տեսողության խնդիրների դեպքում (մկանային լարման ժամանակ կարող է կուրություն առաջանալ), սրտի աշխատանքի անբավարարության դեպքում, արյան բարձր ճնշման դեպքում, խոշոր պտղի դեպքում (երբ թե մոր, թե նորածնի կյանքին վտանգ է սպառնում) և այլն:
Սակայն, ինչպես պնդում են որոշ բժշկական հանդեսներ, կեսարյան հատման ժամանակ մոր առողջությանն սպառնացող վտանգը ավելանում է մոտ քսան անգամ:
Շատերի մոտ այն "իլլյուզիան է", որ կեսարյան հատման ժամանակ իսպառ վերանում է ցավի ու վախի զգացումը: Իրականում դա այնքան էլ այդպես չէ:
Ծննդալուծման երկու տարբերակն էլ ունեն իրենց դրական և բացասական կողմերը: Նորմալ ծննդաբերության ժամանակ ամենատհաճ պահերը` նախածննդաբերական ցավերը (ճիգերը - схватки) (կարող է տևել մի քանի րոպեից մինչև մեկ-երկու օր), բուն ծննդաբերական պրոցեսը (տևում է 5-7 րոպե), սեռական ուղիների հետծննդյան տրավման, որը ժամանակի ընթացքում լիովին անցնում է (եթե իհարկե, ի հայտ չի գալիս հոգեբանական վախ) և ծննդաբերության գործընթացի ժամանակ հնարավոր պատռվածքները (որոնք լավանում են շատ ավելի արագ, քան կեսարյան հատման ժամանակ առաջացած վերքը):
Կեսարյան հատման բացասական կողմերը. մոր համար` երեխային չի կարելի կերակրել վիրահատությունից հետո 3 օրվա ընթացքում, եթե անզգայացումը ընդհանուր է, երեխային չի կարող տեսնել մոտ 2 օր, հետվիրահատական շրջանում կրկնակի սպիի առկայություն` արգանդի և մաշկի սպիերը, մորը խորհուրդ չի տրվում հղիանալ մինչև 2-3 տարի չանցնի (քանի դեռ վստահ չեն, որ արգանդի սպին լիովին ապաքինվել է, քանի որ չապաքինված սպիի դեպքում հղիության ընթացքում սպառնում է արգանդի պատռվածք), կեսարյանի դեպքում ինֆեկցիաների հավանականությունը խիստ աճում է, կարող են ի հայտ գալ հետվիրահատական բարդություններ:
Հ.Գ. Ինչու եմ այսքան երկար անդրադառնում այս թեմային:
Ինքս բալիկիս ունեցել եմ կեսարյան հատման արդյունքում (ցուցում` երկեղջյուր արգանդ և պտղի կոնքային առաջադրություն): Եթե ինձ հնարավորություն տրվեր ընտրելու` կընտրեի նորմալ ծննդաբերական ուղին: Ու խորհուրդ եմ տալիս բոլորին, եթե չկա հատուկ ցուցումներ կեսարյանի համար, ցավից խուսափելու համար մի դիմեք այդ եղանակին, քանի որ ծննդաբերական ցավերը անմիջապես կմոռացվեն, երբ գրկեք ձեր փոքրիկին, իսկ կեսարյան վիրահատության ցավերը դեռ նոր են սկսվելու, չհաշված, որ մոտ երկու ամիս դուք զուրկ կլինեք նորմալ կենսակերպ վարելուց:
Էջանիշներ