Սենյակը գրեթե մութ էր: Լուսավորվել էր միայն միացված հեռուստացույցի ու նվագարկիչի լույսի հաշվին: Ինչ-որ արևելյան երաժշտություն էր տարածվել սենյակում:
-Անջատիր էդ երաժշտությունը, կինո եմ նայելու:
Երիտասարդ կինը ամուսնուն դարձավ. աչքերում ինչ-որ խնդրանք կար:
-Սպասիր...
Խորամանկ, մի փոքր անհանգիստ ժպտաց ու դուրս վազեց սենյակից:
Քիչ անց վերադարձավ, դռան հետևից ստուգեց` հո երաժշտությունը չի՞ անջատել: Ամեն ինչ նորմալ էր: Մի փոքր հավաքեց իրեն, խոր շունչ քաշեց ու ներս մտավ սենյակ: Ամուսինը, տեսնելով կնոջ արտասովոր հագուկապը, անակնկալի եկավ: Նրան այդպիսին երբեք չէր տեսել:
Կինը հագել էր մինչև սրունքները հասնող բալի գույն ունեցող թափանցիկ զգեստ, այնպիսին, ինչպիսին հագնում են արևելյան պորտապարուհիները: Դեմքը, մազերը ծածկված էին նույն գույնի թափանցիկ քողով: Երևի շքեղ էր... Կամ գոնե գեղեցիկ...
Կինը ամենայն հավանականությամբ չափից շատ էր ջանացել անթերի ու գեղեցիկ երևալու համար: Արևելյան հնչյունների տակ մի փոքր անվարժ, բայց միաժամանակ սահուն շարժումներով սկսեց պարել: Որպեսզի ավելի լավ տեսներ ամուսնու աչքերի արտահայտությունը, հանեց գլխաշորը, բավականին վարժ պտտեց գլխավերևում ու նետեց նրա ոտքերի մոտ: Դեմքի արտահայտությունը դեռևս ոչինչ չէր ասում, բայց կինը շարունակում էր պարել` առանց հայացքը ամուսնու աչքերից կտրելու:
wena wena wena....
Ամուսինը հանգիստ կռացավ, վերցրեց գլխաշորը հատակից, դանդաղ քայլերով մոտեցավ կնոջը: Նա շարունակում էր պարել, իսկ ամուսինը գնալով ավելի էր մոտեցել, ու կինը, նրա` դեռևս ոչինչ չասող հայացքի տակ կանգ առավ: Երաժշտությունը դեռ շոյում էր սենյակի կիսախավարը, կնոջ արևելյան հագուստը, կիսաբաց կուրծքն ու ոտքերը, կիրքը, որ կար աչքերում... Նա շատ էր ջանացել այդ տեսքն ունենալու ու այդ պարը պարելու համար: Անհանգիստ աչքերը թարթեց: Շնչառությունը գնալով անհանգստությունից արագանում էր... Ամուսինը շատ մոտ էր կանգնած, այնքան մոտ, որ կարելի էր անգամ նրա հոտն զգալ: Թվում էր` վերջապես հաշտության եզր են գտել: Կինն ուզեց աչքերը փակել... Համբույրի էր սպասում... Բայց հանկարծ համբույրի փոխարեն մի տաք ապտակ շոյեց դեմքը.
-Ես փողոցայինի հետ չեմ ամուսնացել,- բռնեց կոկորդն ու սեղմեց պատին,- Հանի'ր, հանի'ր էդ պոռնիկի զգեստը հագիցդ,- աչքերում լիքը ատելություն էր, խանդ, կատաղություն...
Մի քանի վայրկյան պատին սեղմած պահելուց հետո բաց թողեց, հավաքեց իրեն ու ցածր, հանգիստ տոնով, ասես ինքն իրեն ասաց.
-Վաղվանից գիշերային ակումբում կպարես... Պորտապարոհի է դարձել գլխիս...
Փնթփնթալով դուրս է գալիս սենյակից` հեկեկացող կնոջը թողնելով հատակին...
Իսկ երաժշտությունը դեռ հնչում էր, հնչում էր, որ շոյեր կիսամերկ պորտապարուհու արցունքները...
Էջանիշներ