Գիշեր է, անթափանց լռություն, մարդ չկա: Երկնքին եմ նայում իմ տանը... ձանձրույթիս ամրոցում, որքան մեծ էր ու հարուստ տնակս, նույնքան էլ տխուր, մեն-մենակ: Աստղեր ... Աստղերը աչքեր են, բերան, մի հսկայական դեմք, որոնք լեզու են առնում ու պատմում հեռավոր աշխարհների մասին, որոնք կան ու չկան, մարդկանց մասին, որոնք ապրում են ու չեն ապրում: Ամեն մարդ իր աստղը ունի, հեռավոր, շատ անգամ անծանոթ, բայց հարազատ: Ծնվում է մարդու հետ ու վայր ընկնում, երբ մարդը մահանում է: Երգը՜, աստղերի երգը ... Երգի առաջին մասը ուրախ է, իսկ մյուսը` վերջը ... տխուր բան է : Ո՞վ է հնարել է՜: Ի՜նչ իմանաս : Բայց երգի մեջ երազ կա, հեռավոր եզերքի կարոտ, լույս կա, հեռավոր աստղերի լույսը....
Իմ աստղը ... Ես էլ ունեմ աստղ, այնտեղ հեռավոր երկնքում, հազարավոր աստղերի կողքին, նրանց նման փայլուն, նրանց նման գեղեցիկ, բայց հեռավոր, անծանոթ ու միաժամանակ հարազատ: Ծնվել է աստղս ինձ հետ, նույն օրը, նույն ժամին, ծնվել է, որովհետև ծնվել եմ ես : Այն չի լինի նույն օրը, երբ չեմ լինի ես : Ինչ արած, թող այդպես լինի, թող լինի կյանքն ու երկինքը, հեքիաթի նման, թող լինեն հեքիաթային աստղերը, անծանոթ և հարազատ և թող երգեն: Աստղերի երգը ... ով չի լսել աստղերի երգը, նա չի երազել, ով չի երազել, նա չի ապրել ... Վերևում կապույտ աստղազարդ երկինք, ներքևում մի ուրիշ երկինք ... սև ՝ իր աստղերով: Որտե՞ղ է իմ աստղը, ներքևու՞մ, թե՞ վերևում: Ներքևում մութ է, սարսափելի, իսկ վերևու՞մ, անպայման վերև կգնամ: Գնում եմ գնում … Ինչքան գնում եմ, այնքան իմ աստղը հեռանում է, թաքնվում սև ամպերի մեջ: Չկա, կորավ, կորավ աստղս...
-Արա՜մ:
Սթափվում եմ, զգում եմ, որ էլ երկնքում չեմ, նստած եմ դրսում, ձանձրույթիս տնակն էլ չկա, կպած եմ երկրին... Իսկ իմ կողքին ժպիտը դեմքին նստած է նա:
-Մարի՜:
-Ի՞նչ էիր անում:
-Աստղերին էի նայում:
-Հիմա էլ ինձ ես նայում,- ժպտաց Մերին:
Հայացքս նորից երկինք տարա:
-Չէի՞ր ձանձրանում մենակ:
- Ես մենակ չէի:
-Ո՞վ կար:
- Նայի՜ր:
Նա զարմացած շուրջը նայեց, ոչ ոք չկար, միայն քաղաքն էր լույսերի մեջ պսպղում:
-Կողքերդ մի նայիր, վերև նայիր, երկնքին:
-Ի՞նչ կա այնտեղ որ ...
Չպատասխանեցի նրա հարցին:
-Գիտես ինչի՞ համար է երկինքը:
-Երկինք է էլի, ինչի՞ համար պիտի լինի:
Ջղայնացա, աստղս ո՞նց կորավ, ի ՛նքն էր մեղավոր:
- Գիտե՞ս ամեն մարդ իր աստղը ունի:
-Սու ՛տ է , չե ՛մ հավատում, նման բան չկա:
-Չես հավատու՜մ, գնա ՛, «չեմ հավատում» , էլ ինչի՞ նստեցիր իմ կողքին, ինչի՞ հարցրիր ինչ եմ անում: Գնա՛ հա …
-Գնա՞մ:
Ձայն չհանեցի:
-Լա՛վ:
Մարին վեր կացավ, վեր կացավ կողքիցս, բայց չգնաց: Նա սպասում էր, որ ես ասեի «նստիր» , իսկ ես չէի ասի: Ապուշացած երկնքին էի նայում ու լռում:
-Գնա՞մ,- նորից հարցրեց Մարին:
-Գնա՛:
-Կգնամ հա՜:
-Ասացի` գնա :
- Որ ասում ես չեմ գնա, նորից նստեղ կողքիս, գլուխը հենեց ուսիս:
- Արամ, որ դու հավատում ես, ես էլ եմ հավատում:
-Որ հավատում ես նստիր: Այ նայիր իմ աստղը այնտեղ է, մատս մեկնեցի երկինք, դեպի հազարավոր աստղերը, որոնց մեջից իմը ամենապայծառն էր:
- Ու՞ր է :
Մարին ավելի մոտեցավ ինձ, հիմա էլ գլուխը կպցրեց իմ գլխին, մազերը սկսեցին խուտուտ տալ ճակատս, երևի հատուկ էր անում:
-Նայիր մատիս ուղղությամբ:
-Տեսա:
-Լավ է տեսար, դե հիմա արի գտնենք քոնը, ուզու՞մ ես:
-Ես արդեն գտել եմ,- ժպտաց Մարին ու նայեց ինձ:
-Որտե՞ղ է:
-Այ նայիր, տեսնու՞մ ես:
Նա նորից գլուխը կպցրեց իմ գլխին, նորից չարաճճի աչքերը նայեցին ինձ:
-Բայց դա իմն է:
- Դե չէ, ես դա չեմ ասում, քոնի կողքին մի փոքր աստղ կա, տեսա՞ր, այ դա իմն է:
- Բայց ինչու՞ հենց իմ աստղի կողքին:
- Այդ քոնն է իմի կողքին ,- նեղացած աչքերով նայեց Մարին :
Իսկ ես չէի ուզում, որ նրա աստղը իմ աստղի կողքին լինի, ես չէի ուզում, որ որևէ մեկի աստղը ինձ մոտ լինի: Ես անմիջապես փնտրեցի ու մի ուրիշ աստղ գտա:
-Սխալվեցի Մարի ,- ասացի ես,- Իմը դա չէր, այ նայիր այն մեկն է, ինձ էլ աչքով է անում: Հենց դա է իմ աստղը:
Մարին ժպտաց, հետո նայեց իմ աստղին երկա՜ր-երկա՜ր ու կրակեց.
-Ես էլ սխալվեցի գիտե՞ս, իմ աստղը այդ չէր: Ուրիշն է, նայիր,- ու մատը ուղղեց դեպի իմ աստղի կողմերը:
-Էլի իմ աստղի կողքին, հա՞:
-Հա՛, չե՞ս ուզում:
-Չե՛մ ուզում, քեզ համար մեկ ուրիշ տեղ գտիր: Հասկացա՞ր: Իմ աստղը մենակություն է սիրում:
-Իսկ ես ուզում եմ, որ իմ աստղը քոնի մոտ լինի, միշտ քոնի մոտ: Ուզում եմ իրար մոտ լինեն, ի՞նչ կլինի:
«Ոչ մի դեպքում, իմ աստղը պետք է մենակ լինի, այլապես իմը չի լինի», - ուզում էի ասեի ես, բայց նայեցի...
Նայեցի նրան, նրա աչքերում արտացոլվում էր երկինքը, աստղերի փայլը:
Չէ, ոչ բոլոր աստղերի, այլ ամենապայծառ, հեռավոր, անծանոթ ու միաժմանակ հարազատ իմ աստղի:
Նրա աչքերում վառվում էր իմ աստղը:
Նստած էինք, նստած էինք իրար կողքի ... մոտ, շատ մոտ ... Լռության մեջ ... Աշխարհի լռության մեջ: Ես նայում էի արդեն ուրիշ երկնքի, նրա աչքերի մութ երկնքին, իմ աստղին: Սխալվում էի, իմ աստղը վերևում չէր ...
Էջանիշներ