21. Հարսանեկան փախուստ
- Պարոն գնդապետ, լավագույն ընկերներիցս մեկի հարսանիքն է, ազատ արձակում կձևակերպե՞ք, - հարցնում եմ հուզված:
- Արտակ, շատ կուզեի օգնել, բայց անհնար ա...
- Պարոն գնդապետ, ես ցանկացած պարագայում այդ հարսանիքին պետք է լինեմ:
- Արտակ, հնարավոր չի...
- Լավ: Թույլ կտա՞ք գնալ:
- Արտակ, ասում եմ հնարավոր չի:
- Պարոն գնդապետ, նկատի ունեի ձեր սենյակից:
- Հա, սխալ հասկացա: Գնա, ազատ ես:
Էլի նույն կոտրած տաշտակը: Հնարավոր չի: Եթե իրենց ինչ-որ բան պետք լիներ, հաստատ հնարավորի խորանարդ աստիճան կլիներ: Բայց... Ես ազնվորեն մտա, հարցրի: Չթողե՞ց, խնդիր չկա: Կփախնեմ: Ես նույնիսկ ազվնորեն զգուշացրի, որ ցանկացած պարագայում այդ հարսանիքին պետք է լինեմ:
Դասական իմաստով զորամասը ինքնակամ գրեթե չեմ լքել: Որպես կանոն իմ հարցերն այլ կերպ էի կարգավորում: Այս անգամն էլ բացառություն չէր: Հերթապահներին զգուշացրի, որ հարսանիքի եմ գնում, կգամ առավոտյան 8-ից 9-ը: Դասակիս զինվորներին զգուշացրի, որ ստուգումներին չներկայանան, որ դեպքում ինչ անեն: Հերթապահներին զգուշացրի, որ դասակիս զինվորներին չհարցնեն: Ու գնացի: Դուրս եկա զորամասից, կանգնեցի փողոցում, տաքսի կանգնացրի, գնացի տուն, փոխեցի զինվորական համազգեստս, հագա քաղաքացիական շորեր ու գնացի հարսանիքի: Մի անգամ համենայն դեպս դասակիս ընկերներին զանգեցի, համոզվեցի որ ամեն ինչ նորմալ է, հետո համենայն դեպս հերթապահներին զանգեցի, նորից համոզվեցի որ ամեն ինչ նորմալ է ու սկսեցի ուրախանալ: Սիրելի ընկերներիս՝ Անահիտի ու Վազգենի հարսանիքն էր: Հարսանիքի սկիզբը հիշում եմ: Վերջն արդեն չէ: Չափազանց շատ խմեցի: Մնացածկ կտորներով եմ հիշում, ես՝ ծնկի եկած.
- Ձեր կենացը պետք է ծնկի եկած խմել...
Ու հիշում եմ ուրիշ ընկերներիս, որ հետևեցին օրինակիս ու ծնկի եկան:
Հետո հիշում եմ, որ ինձ տուն էին տանում: Երկու հոգու ուսերին հենված, գլուխս կախ: Թաղի տղերքը տեսնելով այդ անսովոր տեսարանը հարցնում են ինձ տանողներից մեկին.
- Ինչ-որ բա՞ն է եղել:
Գլուխս բարձրացնում եմ.
- Չէ, բան էլ չի եղել, ուղղակի քիչ մը խմած եմ:
Ու նորից գլուխս կախ եմ գցում ու ինձ տանում են տուն: Տանը հանվում եմ, պառկում ու ինձնից գոհ քնում եմ: Լավ օր էր, հրաշալի օր, բայց այդ օրը վերջացավ ու եկավ նոր օրը:
* * *
Առավոտյան գումարտակի հրամանատարը ժամը 6:30-ին եկավ զորամաս: Ֆիզոյի ժամանակ: Այդպես հազվադեպ էր լինում: Բայց այդ օրն եղավ: Ու գուցե միևնույն է ամեն ինչ խաղաղ լիներ ու չնկատեր իմ բացակայությունը, եթե իմ հետևից եկած չլիներ: Բայց հերիք չի եկել էր, եկել էր հենց իմ հետևից: Չէ... չէին մատնել: Պարզապես հետս գործ ուներ: Եկել էր, որ մինչև ժամը 9-ը աշխատեինք: Ու հետևաբար միանգամից մոտեցավ դասակիս ու հարցրեց.
- Արտակն ու՞ր է:
- Լավ չի զգում, գնաց լվացվի, - պատասխանեց տղերքից մեկը:
- Կասեք մոտս գա:
Դե տղերքը ի՞նչ իմանային, որ հետս գործ ունի: Կարծեցին, թե «բռնվել եմ»: Զանգեցին խառնված: Հեռախոսը վերցրի, դեռ խմած.
- Ալոոո:
- Արտ, շուտ արի զորամաս, բռնվել ես:
Միանգամից ուշքի եկա.
- Ի՞նչ է եղել:
- Գումարտակի հրամանատարը զորամասում է, քեզ է հարցնում:
- Ասեք, որ գործով գնացել եմ ուսումնական մասնաշենք, շուտով կգամ: Դուրս եմ գալիս:
Արագ հագնվեցի, տաքսի կանչեցի ու սլացա զորամաս:
Այդ ընթացքում բնականաբար մի քանի անգամ ինձ հարցնում է, ամեն անգամ մի պատճառաբանություն լսելով. «Փորը թույլ էր, զուգարան մտավ», «Ուսումնական մասնաշենքում է», «Լավ չէր զգում, դեղ խմի գա» և այլ «սովորական արտահայտություններ»: Զորամաս հասա 40 րոպե անց: Պատմեցին, որ էսպես-էսպես: Է՛, ես էլ գիտեմ, որ ինքը խելոք մարդ է, հասկացած կլինի, որ դրսում եմ, եթե անգամ նախօրոք իմացած չլինի: Հոգեպես պատրաստվեցի տույժին, հավանաբար մեկշաբաթյա կալանքին ու թակեցի դուռը.
- Թույլ կտա՞ք, պարոն փոխգնդապետ:
- Մտիր, Արտակ: Որտե՞ղ էիր:
- Քնած էի, պարոն փոխգնդապետ:
- Լավ, Արտակ: Գիտեմ որ հաճախ ֆիզոյի չեք իջնում: Բայց ոչ այն ժամանակ, որ ես զորամասում եմ: Որ եկան, արթնացրին, ինչու՞ միանգամից մոտս չեկար:
- Պարոն փոխգնդապետ, հենց-որ արթնացրին, արագ հագնվեցի ու սլացա ձեր մոտ:
- Արտա՛կ, 40 րոպե է անցել:
- Է հա, պարոն փոխգնդապետ, մեր տնից զորամաս 40 րոպեյվա ճանապարհ է:
Միանգամից ձգվեց ու զարմացած դեմքիս է նայում:
- Տանն ի՞նչ էիր անում:
- Քնած էի, պարոն փոխգնդապետ:
- Ինչու՞ էիր տանը քնած, ոչ թե զորամասում:
- Դե պարոն փոխգնդապետ, շատ էի խմել, ասեցի էլ զորամաս այդքան խմած չգամ, տանը քնեմ, օյաղանամ, այսօր կգամ:
Աչքերը կլորացան:
- Արտակ, ինչու՞ էիր խմած, դու ծառայության մեջ ես:
- Դե չէ պարոն փոխգնդապետ, հարսանիքի էի...
- Ինչպե՞ս թե հարսանիքի էիր:
- Դա հա, զորամասն ինքնակամ լքել էի, գնացել էի հարսանիքի, ընկերներիս ամուսնությունն էր, լավ ուրախ էի, չափազանց շատ խմեցի, որոշեցի էլ զորամաս չգալ, գնացի տանը քնեցի, հետո զանգեցին, ասեցին, որ զորամասում եք, միանգամից արթնացա ու քանի որ կանչել էիք, սլացա ձեր մոտ:
Մեկ րոպեից ավել լռություն էր: Զարմացած ու շվարած ինձ էր նայում: Այսքան լկտիություն, թերևս, չէր սպասում: Անակնկալի էր եկել: Ու թերևս իր անելիքը չգիտեր: Ախր մի կողմից էլ ազնիվ էի ու զգում էի, որ անզվությունս գնահատում է: Ուրիշները հիմա հեքիաթներ կպատմեյին իրենց լուծի ու զուգարանից դուրս գալ չկարողանալու, կամ համազգեստը պատռված լինելու պատճառով կարկատելու մասին: Ու չգիտեր, թե ինչ աներ: Վստահ եմ, որ եթե ազնիվ չլինեի, ինքը իմանալու էր, որ փախել եմ ու պատիժն անխուսափելի կլիներ, բայց էս դեպքում...
- Արտակ, հաջորդ անգամ հարսանիքի գնալուց առաջ ինձ կտեղեկացնես:
- Լսում եմ, պարոն փոխգնդապետ:
- Ազատ ես, գնա մինչև ժամը 9-ը քնիր, օյաղացի:
Այսպես էլ ավարտվեց հարսանեկան փախուստս:
Էջանիշներ