Առողջական վիճակը կտրուկ վատացել է
21:00 | Հուլիս 15, 2009 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Այսօր մեկուսարանում կտրուկ վատացել է նախնական կալանքում գտնվող, ՀԱԿ երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի առողջական վիճակը, թուլացել են նրա ձեռքերն ու ոտքերը, կորցրել է խոսելու ունակությունը, ուշագնաց է եղել, դիտվել են նաեւ այլ անհանգստացնող երեւույթներ: Մեկուսարանի ղեկավարության որոշմամբ, երիտասարդը տեղափոխվել է Քրեակատարողական վարչության կենտրոնական հիվանդանոց: Այդ մասին տեղեկացրեց Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը
Արման Մուսինյանը «Ա1+»-ի հետ զրույցում նկատեց, որ տեղի ունեցածը վկայում է մի բանի մասին, որ իրականում հարվածել, ծեծել են Տիգրանին եւ ծեծի հետեւանքները նոր են ի հայտ գալիս: «Սա ապացուցում է, որ տուժողին մեղադրյալ են դարձրել, իսկ մեղադրյալին տուժող»,-ասաց Արման Մուսինյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին` ընդդիմության հանրահավաքի իրազեկման ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել ոստիկանների եւ ՀԱԿ ակտիվիստների միջեւ, եւ ըստ ոստիկանության, Տիգրան Առաքելյանը մի քանի ոստիկան էր ծեծի ենթարկել, որից հետո նրան ձերբակալել էին, ապա մեղադրանք առաջադրել եւ կալանավորել:
Էջանիշներ