Միացավ Տիգրան Առաքելյանի հացադուլին
16:02 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի անդամ Տիգրան Առաքելյանի հայտարարած հացադուլին այսօր միացել է նաեւ ՀՀՇ երիտթեւի նախագահ Կարեն Կարապետյանը: Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանը ձերբակալվել է հուլիսի 5-ին` հուլիսի 1-ին Աբովյան փողոցի վրա թռուցիկներ բաժանելու ընթացքում ոստիկաններին ծեծի ենթարկելու մեղադրանքով:
Տիգրան Առաքելյանը հացադուլ է հայտարարել երեկվանից: «Այս իշխանություններին թվում է, որ մեզանից ամենաակտիվիստներին ձերբակալելով` կարող են մյուսներին վախեցնել, հետ պահել պայքարից: Այսօր ես եմ միացել Տիգրանի հացադուլին, վաղը մյուսներն են միանալու: Մենք պայքարելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ այս երկրում օրինականություն չի հաստատվել»,- Ա1+ին ասաց Կարեն Կարապետյանը:
Նա ընդունում է, որ հացադուլը ծայրահեղ միջոց է, եւ միաժամանակ իշխանությունների վրա որեւէ ազդեցություն չի թողնում, սակայն պատրաստ է շարունակել հացադուլը այնքան ժամանակ, քանի դեռ Տիգրան Առաքելյանը ապօրինի անազատության մեջ է. «Մենք հացադուլ չեն հայտարարում այս իշխանությունների գութը, խիղճը կամ բարոյականությունը արթնացնելու համար: Այս իշխանություններից որեւէ ակնկալիք չունենք: Մենք այս ծայրահեղ միջոցով հնչեղություն ենք տալիս Տիգրան Առաքելյանի եւ ընդհանրապես մյուսների նկատմամբ տեղի ունեցած ապօրինություններին»:
Հիմք ընդունելով այն փաստը, որ փոքրամարմին Տիգրան Առաքելյանին Կենտրոնի ոստիկանությունը մեղադրում է մեն-մենակ մի քանի զինված ոստիկանի ծեծի ենթարկելու մեջ` Կարեն Կարապետյանը Ոստիկանության Կենտրոնի բաժնին առաջարկում է. «Եթե Տիգրան Առաքելյանը կարողանում է միանգամից ծեծի ենթարկել քրեականի մի քանի օպերլիազորի, ապա ես խորհուրդ եմ տալիս աշխատանքից հեռացնել բոլոր «ծեծի ենթարկված» օպերլիազորներին եւ նրանց փոխարեն աշխատանքի ընդունել Տիգրան Առաքելյանին, քանի որ ըստ ոստիկանների` Տիգրանը միայնակ անում է ավելին, քան իրենց բոլոր աշխատողները միասին»:
Կարեն Կարապետյանը հացադուլ է հայտարարել ՀՀՇ վարչության շենքի մոտ, որտեղ նաեւ փակցվել են այն ոստիկանների լուսանկարները, որոնք հուլիսի 1-ին Աբովյան փողոցի վրա ծեծի են ենթարկել ՀԱԿ-ի այն երիտասարդներին, որոնք իրազեկում էին հերթական հանրահավաքի մասին: Թռուցիկներ բաժանելու ընթացքում էլ Տիգրան Առաքելյանը եւ ՀԱԿ-ի եւս 2 երիտասարդներ ծեծի են ենթարկվել եւ տեղափոխվել Նոր-Նորքի հիվանդանոց, իսկ Տիգրան Առաքելյանն որպես մեղադրյալ հայտնվել է Ոստիկանության կենտրոնի բաժնում: Ձերբակալումից հետո 72 ժամվա ընթացում Տիգրան Առաքելյանը կամ ազատ կարձակվի կամ նրան մեղադրանք կառաջադրեն: 72 ժամը լրանում է վաղը:
Էջանիշներ