Երբ եկեղեցու տնտեսական գործունեությունը չափն ու սահմանն անցավ, պետությունը կործանվեց
Լուսավորչի տոհմը սկզբնական շրջանում մոբիլիզացրեց հայերին, թագավորներն աշխուժացան, վերամիավորեցին Հայաստանը, բայց կարճ ժամանակ հետո սկսեց, կալվածքներ կուտակել, մրցակցել արքունիքի հետ և այդ պայքարում սկսեց հակապետական ինտրիգներ հյուսել նախարարների հետ (մոտավորապես 4-րդ դարի կեսերից), ապա նաև խաղեր տվեց առանձին-առանձին Բյուզանդիայի և Պարսկաստանի հետ, թուլացրեց կենտրոնական թագավորությունը և 428-ին կործանեց Արշակունիներին։ Սա նշվում է բոլոր հայ պատմիչների կողմից։
Տարբեր թվեր կան, թե որքան հայկական եկեղեցիներ են եղել աշխարհում: Մեզ հայտնի է, որ 20-րդ դարի սկզբին` մինչև 1915թ. ցեղասպանությունը, նման հաշվարկի փորձեր արել է Կ.Պոլսի հայոց պատրիարքարանը: Մեզ հայտնի է հետևյալ թիվը` մոտ 2.6 հազար վանք ու եկեղեցի: Մնացյալ հայոց աշխարհում և դրանից դուրս մենք ունենք մոտավորապես նույնքան քրիստոնեական հուշարձաններ: Երբևիցե հաշվե՞լ եք` մոտավորապես 5000 եկեղեցի, վանք, մենաստան և այլն կառուցելու համար այսօրվա գներով ինչքան փող է պետք: Դրանցից ամեն մեկն արժե 5-10 մլն դոլար: 10 մլն դոլարը եթե բազմապատկում ենք 5000-ով, ապա այսօրվա գներով դրա վրա ծախսվել է մոտ 50 մլրդ դոլար: Այդ եկեղեցիների միջին տարիքը կլինի մոտ 1000 տարի: 50 մլրդ դոլար է ծախսվել դրանց կառուցման վրա: Բայց կառուցումից հետո շահագործել է պետք, ընթացիկ ծախսերը հոգալ, վերանորոգել և այլն։ Պահպանման ու վերանորոգման ծախսերը գնահատելով տարեկան մինչև 0.5 տոկոս կառուցման արժեքից և յուրաքանչյուր եկեղեցու կամ նմանատիպ կառույցի շահագործման ժամկետը ենթադրելով միջինը 500 տարի, ստանում ենք 250 մլրդ դոլարի կարգի թիվ: Այսինքն` երկրի ռեսուրսներից մոտ 300 մլրդ դոլար տրամադրվել է դրան: Հիմա պատկերացրեք, որ այդ գումարի 10%-ը տրամադրվեր պետական շինարարությանը: Կարելի է հարց տալ` բայց չէ՞ որ եկեղեցին դպրոցներ ու հիվանդանոցներ էր պահում։ Ես դրա մեջ նույնիսկ բացասական բան եմ նկատում, քանի որ դրանք համակարգաստեղծ կառույցներ են, և եթե մենք դպրոցը կամ հիվանդանոցը տալիս ենք եկեղեցուն, ուրեմն պետության գոյության կարիքը չկա: Փաստորեն եկեղեցի սարքելն և այն ժամանակ, և հիմա եղել է խնայողության ձև: Դրանից հետո հասարակության մեջ այլ կուտակման աղբյուր կլինե՞ր:
Երբ գալիս էին օտարերկրյա նվաճողները, նրանք մի քանի տարի հետո սկսում էին բարեկամանալ հայ եկեղեցու հետ` հասկանալով, որ բարեկամ լինելով եկեղեցուն` հնազանդ կպահեն ժողովրդին: Եվ բարեկամանալու համար մեկ ձևը եկեղեցին հարկերից ազատելն էր: Երբ վերջինս ճանաչվում էր նվաճողի կողմից, հայ ազնվականները մասսայաբար հողերը տալիս էին եկեղեցուն` հարկերից խուսափելու համար: Բայց սա քանդում էր աշխարհիկ իշխանությունը. ուրեմն հասարակությունը բյուջե չուներ: Բյուջե ուներ միայն եկեղեցին, որը, կրկնում եմ, վատ տնտեսվարող սուբյեկտ է:
Գիտե՞ք Ռուսաստանում կառուցված եկեղեցիների ընդհանուր թիվը: 27 հազար: Հաշվարկից ստացվում է, որ Հայաստանում պատմականորեն գրեթե ամեն մի բնակավայր ունեցել է իր եկեղեցին, իսկ Ռուսաստանում 4-5 բնակավայրին մեկ եկեղեցի է ընկել: Այսինքն` եկեղեցաշինության նորման բնակավայրերի հաշվարկով բարձր է մոտ 5 անգամ: Եկեղեցի սարքելը հիմա էլ հայ մեծահարուստների համար խնայողության ձև է, դեպոզիտ է: Կարող են վիճել, որ դա իր փողերն է` ինչ ուզում, անում է, բայց որպես տնտեսագետ` ես վերլուծում եմ փողի մակրոտնտեսական հոսքը: Պետությանը հարկ չեն տալիս, այդ փողով եկեղեցի են կառուցում:
Էջանիշներ