20. Հարրի Փոթթեր
Այս զորամասում բոլորս նոր էինք ու բոլորս բարձրագույն կրթությամբ: Հա, ճիշտ գուշակեցիք, իհարկե ուսումնական զորամաս էր: Ու չնայած բոլորս էլ, կարելի է ասել, նույն տարիքային խմբին էինք պատկանում, բայց իրականում մեր մեջ կային ավելի տարիքովներ ու ավելի փոքրեր: Կային ամուսնացածներ, կար երեխա ունեցող և կար երբևէ սիրո բերկրանքը չզգացած մարդ, կամ էլ իր ողջ կյանքում անհույս ու անփոխադարձ սիրած մեկը: Չնայած բոլորս էլ տարբեր ԲՈՒՀ-երում էինք սովորել, բայց մեր մեջ կային կրթվածներ ու կային անկիրթներ, կային ընթերցասերներ ու կային երբևէ գիրք չբացածներ, կային ինտելեկտուալներ ու կային բթամիտներ, կային երաժշտասերներ ու կային ռաբիս լսողներ, կային ձրիակերներ ու կային աշխատասերներ: Ու չնայած համակարգչային ուսումնական զորամաս էր ու այստեղ բերում էին միայն համակարգչին լավ տիրապետողներին, բայց իրականում կային հրաշալի մասնագետներ, ասենք ծրագրավորողներ ու կային ընդամենը խաղը միացնելու ձևն իմացողներ: Ու երբ զորակոչը պրծավ ու վերջին զինծառայողը իր հետևից փակեց քաղաքակիրթ աշխարհի հոտի փոքրիկ բաժինն իր վրա կրող ծանր, երկաթե դարպասները, թվաց, թե ներկապնակը պարունակում է բոլոր հնարավոր գույները ու այս զորամասում ներկայացված են բացառապես բոլոր տիպերին պատկանող մարդիկ:
Եվ ինչքան խափուսիկ է այս աշխարհը ու ինչքան սահմանփակ մարդու, հատկապես զինվորի երևակայությունը, որ ենթադրել էր, թե ներկապնակն արդեն հագեցած է:
Հարրի Փոթթերը մեր զորամաս եկավ զորակոչի ավարտից մի քանի օր անց: Սա մեր զինվորներից միակ էր, որ զորամաս մտավ ոչ թե քաղաքացիական հագուստով, այլ արդեն իսկ զինվորական համազգեստով: Տպավորությունն այնպիսին էր, որ նրան հագցրել են ամենամեծ չափերի համազգեստ, բայց իրականում ամենափոքրն էր, ուղղակի Փոթթերն այնքան վտիտ, փոքրիկ-մոքրիկ էր, որ այդ համազգեստը նրա վրա փոթեր էր տալիս ու անճոռնի կերպով նստում:
Փոթթերի անունը կնքվեց զորամաս մտնելուց մի քանի րոպե հետո: Նա իսկապես նման էր Հարրիին, իսկ իր մականունը ընդունեց ժպտալով, կլոր ակնոցների տակից աչքերը ճպճպացնելով: Փոթթերն էլ մեր նման ժամանակին էր զորակոչվել, բայց նրան սկզբից այլ ուսումնական զորամաս էին տարել, հետո նոր բերել այստեղ, դրա համար էլ արդեն իսկ համազգեստով էր: Թե ինչու՞ էր այդպես ստացվել, այդպես էլ չիմացա, որովհետև ամեն մեկը մի բան էր պատմում: Մեկն ասում էր, որ փող է տվել, որ զորամասը փոխեն, մյուսը, որ ծանոթ-խնամի-բարեկամ է մեջ գցել, երրորդն ասում էր, որ ուղղակի տեսել են այստեղ ավելի շատ օգուտ կտա, քանի որ հրաշալի մասնագետ է, դրա համար են բերել, չորրորդն ասում էր, որ նախկին զորամասի հրամանատարն ասել է. «էս տղեն չի կարող զինվոր լինել, սրան իմ մոտից տարել»: Այս տարբերակն էլ էր խելքին մոտ, որովհետև արդարության դեպքում Փոթթերին չպետք է զորակոչեին, նա վտիտ էր, նրա տեսողությունը խայտառակ վատ էր, ուներ սրտի, կարծես թե ծանր, հիվանդություն: Բայց Փոթթերին ամեն դեպքում զորակոչել էին ու մինչ զինվորները յուրաքանչյուրն իր տարբերակն էր ասում, թե Փոթթերին ինչի էն մի զորամասից մյուսը բերել, Հարրին նստել էր երկրորդ հարկի իր մահճակալի վրա ու ոտքերը օդում ճոճելով կարդում էր չգիտես որտեղից գտած հաստափոր գիրքը, որը կարծես թե իրենից մեծ էր:
Զորամասերում բոլորը շատ սրամիտ են, անկախ իրենց հումորի զգացման առկայություն կամ դրա իսպառ բացակայությունից: Ու մինչ Փոթթերը իր գիրքն էր կարդում զինվորներից մեկը փայլեց իր սուր հումորով:
- Փոթթեր, - գոչեց սա, - դու Հարրի Փոթթերի կինոն տեսել ես:
- Գիրքն էլ եմ կարդացել, - աչքերն անմեղ ճպճպացնելով պատասխանեց Փոթթերը:
Հարց տվողը շփոթվեց, որովհետև ներկապնակի այն ներկերից էր, որ երբևէ գիրք չէր բացել, բայց իրեն չկորցրեց:
- Ավելի լավ, - ասաց, - ուրեմն կիմանաս որ Հարրի Փոթթերն ավելների հետ սեր ունի:
Ու ընդհանուր «հու-հու»-ների տակ ավելի տվեց Փոթթերի ձեռքը: Փոթթերը նորից անմեղ ճպճպացրեց աչքերը, հետո ժպտաց, ապա վերցրեց ավելը:
Առաջին իսկ օրվանից Փոթթերի շուրջն անասելի եռուզեռ սկսվեց: Փոթթերը, ում իսկական անունը չեմ հիշում, շատ կրթված մարդ էր, ամեն ինչից տեղյակ ու շատերը հավաքվում էին նրա շուրջը իրենց հետաքրքրող թեմաներով խոսելու, հարցեր տալու, ինչ-որ բաներ քննարկելու համար: Մյուսները հավաքվում էին Փոթթերի շուրջը նրան ծաղրելու ու սուր հումորներ անելու համար, իսկ Փոթթերը զարմանալի համբերությամբ ու անտարբերությամբ լսում էր այդ ամենը: Ու չնայած Փոթթերի շուրջը միշտ էր էդպիսի եռուզեռ, բայց այդ եռուզեռը իր գագաթնակետին հասավ Փոթթերի՝ զորամաս գալուց մոտ մեկ շաբաթ անց:
Բաղնիքում երեք լվացարան էր ու երեքն էլ զբաղված էին: Մեկի մոտ Փոթթերն էր լվացվում, իսկ մոտ տաս ուրիշ զինվորներ հերթ էին կանգնել: Փոթթերը շտապում էր, որ շուտ տեղը հաջորդին զիջի, ու այդ շտապելու ընթացքում օճառը նրա ձեռքից պլստում ու ընկնում է լվացարանի մեջ: Փոթթերն առանց երկար մտածելու անմիջապես վերցնում է օճառն ու շարունակում լվացվելը:
Եթե զորամասում հրդեհ լիներ, լուրն այդքան արագ չէր տարածվի, բայց կատարվել էր սարսափելին. զինվորներից մեկը լվացարանից օճառ էր վերցրել... ինչպիսի սարսափելի իրողություն... լուրը մեկ վայրկյան հետո տարածվեց ողջ զորամասում ու զինվորները խառնված հավաքվեցին իրար գլխի:
Դե բոլորն էլ նոր էին, բայց ամեն մեկն էլ այնքա՜ն շատ բան գիտեր զինվորական ծառայության մասին ու ամենագիտունը վճռեց.
- Խոհանոցում իրա համար ափսե ու բաժակ առանձնացրեք, էլ ընդհանուրի հետ չպետք է սեղան նստի:
Բոլորը խելոք դեմքերով գլխով արեցին՝ ի նշան համաձայնության... բա իհարկե, տղան մաքրասեր չի, լվացարանի մեջից օճառ է վերցրել, այն էլ ինչի՞... լվացվելու համար... խայտառակություն, նա այլևս մեր հետ՝ մաքրասերների բանակի հետ չպետք է սեղան նստի, նույն ափսե, բաժակից չպետք է օգտվի:
Բայց այնպես եղավ, որ Փոթթերը մեկ ուրիշին հեռավոր ծանոթ էր գալիս, ու սրան խնդրել էին Հարրին զորամասում լավ նայել: Սա առաջ եկավ, ու ասաց.
- Դե լավ, տղերք, եկեք այս անգամ ներենք, տղեն երևի չգիտեր, կբացատրենք:
- Ի՞նչ ներել, - ասաց առաջինը, - լվացարանից օճառ ա վերցրել: Դու պատկերացնու՞մ ես քո կողքը նստի: Չէ, պիտի բաժակ, ափսե առանձնացնենք...
Երևի ուզում էր անպայման փորձած լիներ պատժի այդ տեսակը, հեչ որ չէ ծառայությունից հետո թաղում պպզած պատմելու բան կունենար, թե ոնց է բանակում այդ սարսափելի փնթիին մեկուսացրել՝ ի շահ բոլորի:
Բայց երկրորդն էլ չզիջեց, զինվորները բաժանվեցին երկու մասի: Մի մասը ներելու կողմնակից էր, մի մասը պատժելու: Ի վերջո բարեգթությունը հաղթեց ու ընդհանուր որոշում կայացվեց Փոթթերին ներել: Հարրին կանչեցին.
- Փոթթեր, ճի՞շտ է, որ օճառն ընկել է լվացարանը, իսկ դու վերցրել ես, - հարցրեց դատարանը:
- Ահա, - պատասխանեց Փոթթերը:
- Փոթթեր, սա բանակ է, այստեղ այդպիսի բան անել չի կարելի, եթե լվացարանը ինչ-որ բան է ընկել, այն էլ չեն վերցնում, այդպես մնում է, հասկանու՞մ ես, - հարցրեց դատարանը:
- Ահա, - պատասխանեց Փոթթերը:
- Փոթթեր, եթե նորից ընկնի, կվերցնե՞ս, - հարցրեց դատարանը:
- Ահա, - պատասխանեց Փոթթերը:
Դատարանը եռաց: Զինվորները վրդովեցին: Այս տղան ծաղրու՞մ է, ի՞նչ է: Սկսեցին գոռալ, բղավել, գոչել: Ի վերջո առաջ եկավ նրա հովանավորը.
- Փոթթեր, էլ չանես:
- Ահա, - պատասխանեց Փոթթերը:
Հարցը համարվեց փակված, միջադեպը՝ մոռացված:
Անցավ մեկ ժամ, երեկո էր, զինվորները զբոսնում էին, երբ վախեցած դեմքով մեկը դուրս թռավ ու բղավեց.
- Ջրհեղե՜ղ, կարաու՜լ, կատարվել է սարսափելին:
- Ի՞նչ է եղել, - վախեցան զինվորները:
- Ես ու Փոթթերը բաղնիքում էինք, Փոթթերի ձեռքից օճառն ընկավ լվացարանը, իսկ ինքը վերցրեց ու շարունակեց լվացվելը:
Զորամասը փոթորկեց: Նորից հավաքվեց դատարանը՝ Փոթթերի համար մահվան դատավճիռ կայացնելու: Նորից նույն քննարկումները, նույն պատմությունները: Կանչեցին Փոթթերին:
- Փոթթեր, վերցրե՞լ ես:
- Ահա:
- Փոթթեր, զգուշացրել էինք, չէ՞:
- Մոռացել էի, ներեք:
- Էլ չե՞ս անի:
- Հըը:
Դատարանը բարի էր, դատարանը ներեց Փոթթերին:
Անցավ երեք օր: Միջադեպը մոռացված էր: Փոթթերը լվացվում էր: Բաղնիքում էին նորից մոտ մեկ տասնյակ զինվորներ: Փոթթերի ձեռքից օճառը նորից պլստաց, նորից ընկավ լվացարանը... Փոթթերը նորից վերցրեց:
Զորամասում այդ օրը համաշխարհային իրարջարդոցի ու իրար վրա գոռգռոցի էր: Փոթթերի օճառը դարձավ մի կաթիլ մեղրը: Բայց ի վերջո բոլորն էլ իրար ձեռք սեղմեցին, համաձայնվելով, որ Փոթթերին վերջին հնարավորություն են տալիս: Երկար բացատրեցին: Կտրուկ բացատրեցին: Սպառնացին: Հարցրին հասկացե՞լ է, թե՞ ոչ:
- Ահա, - պատասխանեց Փոթթերը:
Հաջորդ օրերին նման բան տեղի չունեցավ: Փոթթերին այլևս ոչ մեկը չտեսավ լվացարան օճառ գցելուց կամ գցած օճառը վերցնելուց: Այդ մասին չէին խոսում: Թվում էր, թե բոլորը մոռացել էին, իսկ գուցե չէին մոռացել, ուղղակի չէին խոսում: Իսկ ես հիշում էի, ու ժպիտս թաքցնելով ամեն օր նայում էի, թե Փոթթերն ինչպես է սպասում, որ բոլորը գնան, լվացվեն, պրծնեն, և նոր միայն ինքն էլ էր գնում լվացվելու, բոլորից հետո, բոլորից առանձին, մենակ: Մտքումս պատկերացնում էի, թե ինչպես է Փոթթերի ձեռքից օճառը պլստում, ընկնում լվացարանը, իսկ ինքը վախեցած չորս կողմն է նայում ու տեսնելով, որ ոչ մեկը չկա, հանգիստ շունչ քաշելով վերցնում օճառը:
Շատ օրեր անց պարզվեց, որ ճիշտ եմ: Պատահական էնպես եղավ, որ գնացի սառը ջրով երեսս լվանալու՝ թարմանալու համար, ճիշտ այն ժամանակ, երբ Փոթթերը լվացվում էր: Փոթթերը լարվեց: Զգացվում էր, որ նրան հուզում է իմ ներկայությունը: Որոշեցի արագ ցայել երեսս ու դուրս գալ, բայց չհասցրի: Փոթթերի ձեռքից օճառը պլստաց ու... լվացարանն ընկավ: Փոթթերի նախանձելի արագությամբ վերցրեց օճառն ու վախեցած իմ կողմը նայեց... երևի թե երբեք մտքիցս դուրս չի գա նրա սարսափած հայացքը, այդպես մենակ զոհն է նայում իր դահճին:
- Ի՞նչ օճառ է, - հարցրի, վայրկենական կողմնորոշվելով:
- Oriflame, - պատասխանեց վախվորած:
- Աաա, իմ սիրածն է: Լսի, իմը դարակումս եմ թողել, կտա՞ս ես էլ լվացվեմ, - հարցրի, ձեռքս մեկնելով:
Սկզբից տարակույս էր դեմքին: Օճառը մեկնեց: Վերցրի: Հետո երջանկություն էր աչքերում: Ժպտացինք իրար: Լվացվեցի ու օճառը վերադարձրի:
Այդ օրվանից մտերմացա Փոթթերի հետ: Պարզվեց, որ ընդհանուր շատ հետաքրքրություններ ունենք: Ու թերևս այդ մտերմությունը կվերածվեր ընկերության, եթե մի քանի օր անց Փոթթերը հանկարծակի չկորեր:
Լուր եկավ, որ Հոսպիտալ են տարել:
Եվս մեկ շաբաթ անց լուր հասավ, որ ազատել են ծառայությունից, քանի-որ սրտի շատ լուրջ խնդիր ունի: Էլ չտեսա Փոթթերին, ում այդպես էլ չեմ հասկանում, թե ինչու՞ էին բերել ծառայության:
Էջանիշներ