Ծեծվե՞լ է մարտի 1-ի գործով վկան
16:35 | Այսօր | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ոստիկանությունն այսօր տարածել է հաղորդագրություն, թե ինչպես են ոստիկանները երեկ ծեծի ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի հուլիսի 2-ի հանրահավաքի մասին իրազեկող երիտասարդների կողմից:
(Ըստ ականատեսների` քաղաքացիական հագուստով ոստիկանները «Փարիզյան սուրճ» խանութի մոտ հարձակվել են եւ զենքի սպառնալիքով ծեծի ենթարկել հանրահավաքի մասին իրազեկող երիտասրադներին-խմբ)
«Հուլիսի 1-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի մի քանի աշխատակից Աբովյան փողոցում ծառայություն կատարելիս թիվ 21 շենքի դիմաց նկատել են վիճաբանող շուրջ 60 քաղաքացիների: Մոտենալով նրանց` ցույց են տվել ծառայողական վկայականները և պահանջել, որ դադարեցնեն վիճաբանությունը, սակայն հավաքվածները տեղեկանալով, որ նրանք ոստիկանության ծառայողներ են, հարձակվել են վերջիններիս վրա, փայտե մահակներով, ձեռքերով ու ոտքերով ծեծի ենթարկել նրանց:
Ոստիկանները փորձել են բերման ենթարկել միջադեպի առավել ակտիվ մասնակիցներին, ինչը նրանց չի հաջողվել, և դիմադրություն ցույց տվող քաղաքացիները դիմել են փախուստի»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Պարզվում է` միջադեպի ընթացքում ոստիկանության ծառայողները վնասվածքներ են ստացել, իսկ մեկը անգիտակից վիճակում տեղափոխվել է ՙՍուրբ Գրիգոր Լուսավորիչ՚ բժշկական կենտրոն: Ոստիկանության հաղորդագրության մեջ, սակայն, ծեծված ոստիկանների անունները չկան:
Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ նույն օրը, Ժամը 21.15-ին, նշված բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության են դիմել Սահակ Մ.-ն, Հերբերտ Գ.-ն և Տիգրան Ա.-ն և բուժօգնություն ստանալով` հեռացել են հիվանդանոցից: «Պարզվել է, որ նրանք ոստիկանության ծառայողներին դիմադրություն ցույց տվող անձինք են եղել»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
ՙՍուրբ Գրիգոր Լուսավորիչ՚ բժշկական կենտրոնից «Ա1+»-ից հայտնեցին, որ երեկ իրենց մոտ տեղափոխվել են հետեւյալ քաղաքացիները` Սահակ Մուրադյան, Հերբերտ Գեւորգյան, Տիգրան Առաքելյան եւ Էրիկ Պողոսյան: Վերջինս ոստիկան է եւ մարտի 1-ի` գրեթե բոլոր քրեական գործերով վկա էր:
Էջանիշներ