Վերջերս առաջարկ կար ակցիաներ կազմակերպել ընտրախախտ հանձնաժողովի նախագահների դեմ, որի նպատակն էր լինելու իր բնակության վայրի շրջակայքում տարածել իր նկարներն ու խախտումների պատմությունը, իր հարևանության, բարեկամների մոտ խայտառակ անելու ու ամաչացնելու համար, մտածելով, որ գուցե հաջորդ անգամ ամաչեն նույնն անել, խուսափեն, վախենան:
Նոր նույնը մտածում էի փառապանծ ոստիկան Էրիկ Պողոսյանի մասին: Բայց միանգամից հասկացա, որ անիմաստ է: Գլխիկոր քայլելու փոխարեն, Էրիկը երևի կսկսի գլուխը աքաղաղի նման վեր ցցած ու հպարտ քայլել իր թաղում, որովհետև երևի թե գործ տալը, ստելը, խաբելը, վատություն անելը, վնասելը նրա համար իդեալներ են, սա իր ապրելակերպն է, իր աշխարհայացքն է: Գործ տալը, գործ սարքելը, անմեղ մարդուն վնասելը, նստացնելթ նրա համար թերևս կենսակերպ է, որն իրեն հաճույք է պատճառում, ինչպես սադիստին կարող է հաճույք պատճառել մարդուն քառատելը, ինչպես դահճին զոհի գլուխը կտրելը: Սա ինքն է, իր կերպն է, իր բնույթն է: Սա մի մտածելակերպ է, որը կրողներ միշտ կան ուղղակի հիմա այդ մտածելակերպով մարդիկ իշխանության կողմից հովանավորվում են, ողջունվում են: Ուղղակի հասարակության վիճակն այնպիսին է, որ այդպիսիք կարող են նույնիսկ գլուխները բարձր քայլել, ոչ թե գլխիկոր: Բայց փոխելու ենք, այս արատավոր համակարգը փոխելու ենք, միանշանակ:
Ուրեմն բոլորս միասին հանրահավաքի, անկախ նրանից հասկանում ենք պայքարի տրամաբանությունը, թե ոչ, որովհետև այսօր սա միակ տարբերակն է նման անբարոյականությունների դեմ մեր բողոքն արտահայտելու, այսօր սա միակ տարբերակն է ասելու, որ չենք հանդուրժելու: Մնացած բոլոր տարբերակները լռելու ու համակերպվելու, այս ամեն ինչ տանելու ու նպաստելու տարբերակներն են: Մենք ուրիշ ընտրություն չունենք, ուրեմն եկեք միասին բռունցքներս վեր պարզենք ի նշան բողոքի ու ի նշան նրա, որ չենք հանձնվելու, երբեք, որ գնալու ենք մինչև վերջ, Տեր-Պետրոսյանի հետ, թե առանց իրա, ՀԱԿ-ի հետ, թե առանց իրա, մենակ, թե շատով, բայց որ կոնկրետ մենք երբեք չենք հանձնվելու: Մենք դրա բարոյական իրավունքը չունենք: Մեր երեխաներն այս երկրում են ապրելու: Նրանք չպետք է իրենց գիտակից կյանքում այս անբարոյական մթնոլորտում ապրեն: Մենք պարտք ունենք անկախությունը նվաճած մեր ծնողների սերնդի առաջ ու պարտավորություն՝ մեր զավակների սերունդի առաջ: Ուրեմն առաջ, ուրեմն հանրավահաքի, բոլորով, մեկ մարդու նման:
Հաղթելու՛ ենք:
Էջանիշներ