ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԸ
Դաշնակիցը, բարեկամը, եղբայրը, զինակիցը եւ համանման կատեգորիաները դեռեւս մինչեւ վերջ չեն զուլալվել մեր արժեհամակարգում. էլ ուր մնաց թե դրանց շատ կարեւոր տարատեսակությունները, ասենք, ռազմավարական դաշնակիցը, քաղաքակրթական դաշնակիցը, բնական դաշնակիցը եւ այլն:
Այսօրվա Իրանը տարածաշրջանում մեր պետության միակ բնական դաշնակիցն է, ինչպես որ Արեւմուտքը՝ քաղաքակրթական, Ռուսասատանը՝ ռազմավարական: Այլ հատույթներում մեր երկիրն այլ դաշնակիցներ էլ ունի, ինչպես, որքան էլ անհավանական հնչի, մի կողմից՝ մերձավորարեւելյան արաբական աշխարհը, մյուս կողմից՝ Իսրայելը, կամ՝ մի կողմից՝ Վրաստանը, մյուսից՝ Աբխազիան: Դաշնակիցները հավերժական երեւույթ չեն. դրանք կարող են փոփոխվել, ինչպես շահերը: Ավելին՝ դրանց փոփոխությունը չընկալող, կարծրատիպերի մեջ գոյող ժողովուրդները կամ քաղաքական էլիտաները դատապարտված են:
Որպես որոշակի արժեքների կրողներ՝ մեզ համար առավել հոգեհարազատ էր չեչեն ժողովրդի ազատագրական պայքարը, սակայն մեր շահերից էր բխում ռուսական կողմի հաղթանակը: Կամ՝ մեզ համար կարող էին առավել ընդունելի լինել, օրինակ, Իրանի նախագահի թեկնածու, ազերի Մուսավիի ազատամտական գաղափարները, սակայն ուրախ պետք է լինել Ահմադինեջատի հաղթանակի առիթով: Տարօրինակ է, որ Մինսկի խմբի նախագահություն խցկվելու թուրքական ջանքերին հայկական կողմն ակտիվ դիվանագիտություն չի ծավալում իրանական գործոնով այն չեզոքացնելու կամ, առնվազն, համակշռելու ուղղությամբ: Ահմադինեջատի հաղթանակից հետո, գոնե առաջիկա շրջանի համար մենք կարող ենք ապահով լինել Իրանի՝ մեր բնական դաշնակիցը լինելու անփոփոխության շնորհիվ: Որքան ժամանակ որ Իրանը կլինի կայուն, հզոր եւ չտրոհված, այնքան ժամանակ նա մեր միակ բնական դաշնակիցն է: Սա, իհարկե, չի նշանակում, թե մենք առավել լայն ազատություններ չենք ցանկանում իրանական ժողովրդին: Իսկ թե Հայաստանի համար ինչ կնշանակի ազերի հոգեւոր առաջնորդ եւ ազերի նախագահ աննախադեպ դասավորությամբ Իրանը, բոլորին է պարզ, մանավանդ որ ոչ ոք չի կարող երաշխավորել, թե ժողովրդավար Մուսավին առավել ժողովրդավար է, քան, ասենք, Ալիեւը, Էրդողանը եւ ներկա թուրքական աշխարհի այլ ժողովրդավար առաջնորդներ: Սա, անշուշտ, չի նշանակում նաեւ, որ մեկ օրվա մեջ իրանական բազմամիլիոն թրքությունը կուրանա Իրանի պետական շահը եւ կնետվի ազգակից եւ նույնադավան Ադրբեջանի, առավել եւս՝ Թուրքիայի շահերը սպասարկելու, սակայն շահերի եւ ռազմավարության շրջադարձային փոփոխության հնարավորությունը եւս բացառել հնարավոր չէ: Իսկ ո՞վ կարող է հաստատակամորեն պնդել, որ մեր ժամանակների Վուդրո Վիլսոնի համարման ձգտող պարոն Օբաման առավել դյուրությամբ լեզու չի գտնի հենց Ահմադինեջատի հետ: Խնդիրն այն է, թե Իրանի նախագահից վեր կանգնած հոգեւոր առաջնորդների դասն իրեն պատրաստ համարու՞մ է արաբական արշավանքներից ի վեր, մինչեւ Փեհլեւիների կառավարման կարճատեւ ժամանակներն ընկած թուրքական ծագմամբ էլիտայի իշխանության վերահաստատման վերջնական ռեւանշին, եւ արդյո՞ք Արեւմուտքն ու Ռուսաստանը հանուն կառավարման համակարգի փոփոխության կամ սեփական միջնաժամկետ շահերի՝ կնպաստեն Իրանի ապակայունացման ու տրոհման գործին: Եթե անգամ ոչ, միեւնույն է, Հայաստանն իրավունք չունի պատրաստ չլինելու իրադարձությունների նաեւ նման զարգացման, ուր արդեն մեր Մեղրին կլինի ոչ թե ռազմավարական նշանակության տարածք, այլ կոնկրետ քառակուսի կիլոմետրերով չափվող հողակտոր: Եթե մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը մեզնից կտրված է այլ պետություններով, ինչով նվազեցված է այդ դաշնակցության օգտակար գործողության գործակիցը, եթե մեր արժեհամակարգային դաշնակից Արեւմուտքը Վրաստանի կողմից դուռը թակելու պարագայում անգամ մեզնից կտրված է հսկայական տարածություններով, իսկ իրականում՝ օվկիանոսով, ապա Իրանի՝ հավասարակշռության, կայունության խախտմամբ մեր միակ բնական դաշնակիցը եւս մեզնից կկտրվի միջարկմամբ, եւ Հայաստանը չի ունենա ոչ մի տեսակի դաշնակից, որի հետ անմիջական սահման ունենա:
Եթե անգամ ճիշտ է, որ ժողովրդավարությունը համամարդկային արժեք է եւ ազգություն չի ճանաչում, ապա առավել ճշմարիտ է, որ արեւելյան ժողովրդավարներն այն ճանաչում են հենց առաջին հերթին, ինչպես մեկ դար առաջ՝ հեղափոխական երիտթուրքերը: Կնշանակի՝ դաշնակիցներին ոչ միայն պետք է դասդասել եւ երբեք չշփոթել այդ դասերը, այլեւ պատրաստ լինել ամեն վայրկյան դրանց փոփոխության, քանի որ անանց արժեքը սեփական երկրի եւ ժողովրդի շահն է:
ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
Էջանիշներ