ինչպես եւ սպասվում էր
Մինչ Սերժ Սարգսյանը ինչ-որ բեմականացումներ է խաղում համաներման թեմայով եւ համաներման համար առաջարկություններ ու միջնորդություններ հավաքում, համաներման օրինագիծն արդեն պատրաստ է, եւ այն շրջում է կալանավայրերում: Ըստ սույն նախագծի, այսօրվա 52 քաղբանտարկյալներից միայն 14-ի վրա կարող է համաներում տարածվել:
Հիշեցնենք, որ համաներում հայտարարելը ԵԽԽՎ-ի պահանջն էր. ԵԽԽՎ-ն գտնում էր, որ ներքաղաքական լարվածությունը հանգուցալուծելու լավագույն տարբերակը հենց համաներումն է, եւ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի վերջին նիստում եզրակացության մասը բաց էր թողնվել, քանի որ եվրոպական այս կառույցում սպասում էին քաղբանտարկյալների հանդեպ համաներման կիրառմանը: Իհարկե, համաներման մասին այն օրինագծում, որն այսօր շրջում է կալանավայրերում, առաջին հայացքից թվում է, թե «մարտի 1»-ին լուրջ տեղ է հատկացված: Բայց իրականում, ձեւակերպումները շատ խորամանկ են արված եւ փաստորեն, տարածվում են միայն 14 քաղբանտարկյալի վրա: Ինչպես երեկ մեզ հայտնի դարձավ, այդ նախագիծը խիստ գաղտնիության պայմաններում նախագահականից տրվել է կալանավայրերի ղեկավարներին, որոնց հանձնարարվել է հաշվել, թե իրենց մոտից քանի հոգի է մտնում համաներման տակ: Ավելին, սույն նախագծով չի լուծվում նաեւ մեկ այլ հարց: Բանն այն է, որ, ըստ միջազգային չափանիշների եւ ըստ ՀՀ-ում գործող նորմատիվների, 1 բանտարկյալին պետք է բաժին ընկնի 4 քմ-ից ոչ պակաս մակերես: Նախնական կալանքի եւ խիստ ռեժիմի տակ պահվողների դեպքում 1 սենյակում 4 հոգուց ավելի մարդ իրավունք չունեն պահելու, իսկ փակ ռեժիմի դեպքում` 6 հոգուց ավելի: Այնինչ, այսօր կալանավայրերում կրկնակի, եռակի ավելի բանտարկյալ են պահում, քան թույլատրվում է: Եւ այն օրինագիծը, որն այսօր շրջանառության մեջ է, սույն խնդիրը չի լուծում: Օրինակ` միայն «Վարդաշեն» ՔԿՀ-ում պահվում են 200-ից ավելի մարդիկ, իսկ սույն օրինագծի ընդունման դեպքում ազատ կարձակվեն միայն 20-ը: Այնինչ, միայն այս կալանավայրում նախատեսվածից 60-70 տոկոս ավելի մարդ է պահվում: «Նուբարաշենում» 1 խցում 4 հոգու փոխարեն նախնական կալանքի տակ պահվում է մինչեւ 15 մարդ, Սեւանում` 6 մարդու փոխարեն` 15-25-30 մարդ:
Ինչեւէ, մինչ կալանավայրերի պետերը հաշվում են, թե քանի բանտարկյալի վրա կարող է տարածվել համաներումը, երեկ էլ սույն թեմայով նիստ էր անում Հանրային խորհուրդը` քննարկելու համաներման մասին Սերժ Սարգսյանին ուղարկելիք նամակը: Դերասան Սոս Սարգսյանը հայտարարել է, թե «Մարտի 1-ի» գործով անազատության մեջ գտնվողները սովորական քրեական հանցագործներ են: «Ինչո՞ւ եք նրանց առանձնացնում»,- ասել է Սոս Սարգսյանը: «Իսկ եթե ոչինչ չգրենք` ենթադրելով, որ կհասկացվի, ու նրանց չներառենք: Չէ՞ որ համաներման գործընթացն ուղղակիորեն կապ ունի «մարտի 1-ի» հետ եւ «մարտի 1-ի» ներառման պարագայում հասարակության մեջ հանդուրժողականության հաստատմանը կնպաստի: Եթե այսքան քննարկումից հետո վերջում պարզապես 1 տողով գրենք` համաներում շնորհեք, ուրեմն, ինքներս մեզ լուրջ չենք վերաբերվում»,- ասել է Խոսրով Հարությունյանը` Խորհրդի ուշադրությունը հրավիրելով այն փաստի վրա, թե Խորհուրդը ոչ միայն 36 հոգու, այլեւ հասարակության կարծիքը պետք է արտացոլի, իսկ համաներում ասելով` հասարակությունը «մարտի 1» է հասկանում: Եւ միայն երբեմնի ընդդիմադիր Արշակ Սադոյանն է հայտարարել, թե` «Ամեն մի փորձ «մարտի 1»-ը շրջանցելու, վարկաբեկելու է մեր աշխատանքը: Եթե մենք ուզում ենք իսկապես հանրային խորհուրդ լինել, պետք է ընդգրկենք»:
Էջանիշներ