ՊԼԱՏՖՈՐՄԸ` ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՐԿԱ
Ուրբաթ օրը Մատենադարանի մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` քաղաքական ուժերին ուղղված առաջարկը` միավորվել մեկ ընդհանուր պլատֆորմի շուրջ, քննարկումների տեղիք է տվել քաղաքական դաշտում:
Ավելին, այդ քննարկումները արդեն իսկ դուրս են եկել զուտ քաղաքական խոսակցությունների ու դեբատների ֆորմատից, եւ որոշ քաղաքական ուժեր շուտով իրենց ներսում լուրջ քննարկումներ են սկսելու` առաջարկին որեւէ ձեւով արձագանքելու համար: Այսպես, օրինակ` «Ժառանգություն» կուսակցությունը այս շաբաթ կուսակցության վարչության նիստ է հրավիրելու, որի օրակարգում լինելու է հենց առաջին նախագահի առաջարկած պլատֆորմին միանալ-չմիանալու հարցը: Այդ մասին երեկ մեր զրույցում տեղեկացրեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը, ում խոսքերով, իրենց կուսակցությանը մտահոգող հարցերի եւ այդ պլատֆորմի կետերի միջեւ շատ ընդհանրություններ կան: «Այդ պլատֆորմում ներկայացված կետերը ընդգրկված են Կոնգրեսի օրակարգում: Պլատֆորմի բազմաթիվ կետեր նաեւ «Ժառանգության» օրակարգում կան»,- նշեց Սաֆարյանը: Ի դեպ, քանի որ հենց առաջին նախագահն էր նշել, որ իր առաջարկած 12 կետերը միայն նախնական եւ աշխատանքային տարբերակ են, եւ քաղաքական ուժերն իրենք էլ կարող են պլատֆորմի հետ կապված ներկայացնել իրենց առաջարկները, ուստի, Ստեփան Սաֆարյանի համոզմամբ, իրենց կուսակցության վարչությունը եւս կներկայացնի իր դիտարկումները: «Շատ նորմալ պլատֆորմ է, մենք դեռ կուսակցությունում չենք քննարկել, բայց կարծում եմ` այդ պլատֆորմը շատ աշխատող պլատֆորմ է»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես է արձագանքել առաջին նախագահի առաջարկին «Նոր Ժամանակների» ղեկավարը` Արամ Կարապետյանը` հավելելով, թե այդ 12 կետերը նորմալ ու ընկալելի են, քանի որ իրենց մեջ նորություն չեն պարունակում եւ ներառում են այն, ինչի շուրջ գործել է ընդդիմությունը վերջին շրջանում: «Բոլոր այն խնդիրները, որոնք դրված են, սկսած Սերժ Սարգսյանի հրաժարականից, արտահերթ խորհրդարանական ընտրություններ, նախագահական եւ այլն` այդ ամենը կա»,- ասել է Կարապետյանը: Այդքանով հանդերձ, Կարապետյանը հայտարարել է, թե այդ ամենը չի կարող դառնալ առիթ, որ ՆԺԿ-ն անդամակցի Հայ ազգային կոնգրեսին: Նույն Արամ Կարապետյանը հետո նաեւ հավելել է Լ. Տեր-Պետրոսյանի խոսքերը, որով առաջին նախագահն առաջարկել է համախմբվել ոչ թե Կոնգրեսի, այլ պլատֆորմի շուրջ: Միեւնույն ժամանակ, Արամ Կարապետյանը հայտարարել է, թե ինքը լավ չի պատկերացնում, թե ինչպես կարող են ազգային հարցերի շուրջ համագործակցել Կոնգրեսն եւ ՀՅԴ-ն: Ու չնայած պարոն Կարապետյանի հոռետեսությանը, առաջիկայում ՀՀ առաջին նախագահի առաջարկը կքննարկեն նաեւ Դաշնակցությունում: Այդ մասին էլ երեկ մեզ տեղեկացրեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը: «Կքննարկենք, կտեսնենք, կարձագանքենք»,- մեզ հետ զրույցում ասաց դաշնակցական պատգամավորը` խուսափելով, սակայն կանխատեսել, թե ինչպիսին կարող են լինել այդ քննարկման արդյունքները: Իսկ ահա Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ մեզ հետ զրույցում նշեց, թե պատասխան ստանալու հարցում Կոնգրեսը շտապողականություն չի ցուցաբերում: «Ես չեմ կարծում, որ պետք է ֆորսաժի դիմել այս հարցում. լուրջ պլատֆորմ է ներկայացված, եւ կարծում եմ, որ բոլոր քաղաքական ուժերը պետք է վերլուծեն իրենց մոտեցումները եւ դրանք հայտնեն: Չեմ կարծում, որ մենք պետք է պարտադրենք, որպեսզի արագ արձագանք լինի: Արձագանքներ դեռ չկան, եւ բնական եմ համարում, որ դեռ չկան»,- հայտարարեց Զուրաբյանը` հավելելով, թե Կոնգրեսը կոնկրետ քաղաքական ուժերից չէ, որ պատասխան է ակնկալում: «Այս առաջարկը բաց է բոլորի համար»,- նշեց ՀԱԿ համակարգողն ու հավելեց, որ դրան կարող են միանալ անգամ կոալիցիայի անդամ կուսակցություններ. թեեւ այդ դեպքում, իհարկե, այդ քաղաքական ուժերը կդադարեն լինել կոալիցիայի անդամ:
ՔՐԻՍՏԻՆԵ ԽԱՆՈՒՄՅԱՆ
Էջանիշներ