Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը հանրահավաքում
Սիրելի հայրենակիցներ,
Մայիսի 31-ի ընտրությունները եւս մեկ անգամ բացահայտեցին Հայաստանի ներկա իշխանությունների հակաժողովրդական, բռնատիրական էությունը եւ նշանավորեցին նրանց հետ հույսեր կապելու լիակատար անհեռանկարայնությունը։ Եթե ինչ-որ մարդիկ դեռ պատրանքներ ունեին, թե այս իշխանություններն ընդունակ են բարեփոխվելու եւ պետական մտածողություն դրսեւորելու, ապա այդ պատրանքները հօդս ցնդեցին։ Մենք ականատեսը եղանք ընտրական գործընթացի կատարյալ քրեականացման՝ իրականացած ինչպես պետական մեքենայի, այնպես էլ հանձնաժողովների անդամների ու թաղային հեղինակությունների ամենաակտիվ մասնակցությամբ։ Սերժ Սարգսյանն այս ընտրություններով ցույց տվեց, որ ժողովրդավարության ճանապարհով ազգային համախմբման հասնելու նպատակ չունի եւ մտադիր է այսուհետեւ եւս երկիրը կառավարել բռնատիրական մեթոդներով։
Ընտրությունների քրեականացումը, որից ես զգուշացնում էի դեռեւս մայիսի 1-ի հանրահավաքում, մասնակի դեպք կարող էր դիտվել, եթե չլիներ երկրի կառավարման ամբողջական քրեականացման միտումը։ Եթե Ռոբերտ Քոչարյանի օրոք ավազակապետությունը հենվում էր գլխավորապես իրավապահ մարմինների, կոռումպացված պետական պաշտոնյաների եւ օլիգարխների վրա, ապա Սերժ Սարգսյանը աստիճանաբար թուլացնում է դրանց դերը եւ հենվում բացառապես քրեական տարրերի վրա։ Ընտրական տեղամասերն այս անգամ ոչ թե ուղղակիորեն տնօրինում էին ոստիկանները, թաղապետերը կամ օլիգարխները, այլ նրանց հովանավորության տակ գործող փողոցային բանդաները։
Որ մենք գործ ունենք ոչ թե պատահական երեւույթի, այլ հատուկ գործադրվող ծրագրի հետ, ապացուցվում է նրանով, որ քրեական տարրերն աստիճանաբար թափանցում են նաեւ բուն պետական համակարգեր։ Այսպես, գաղտնիք չէ, որ նոր օրենքի համաձայն պայմանագրային հիմունքների անցած ոստիկանության պարեկապահակային ծառայությունը համալրվում է հիմնականում այդպիսի տարրերով։
Բացի այդ, տեղեկություններ կան նաեւ այն մասին, որ քրեական համբավ ունեցող բազմաթիվ անձնավորություններ, մասնավորապես Արտաշատի շրջանից, վերջերս ընդունվել են Ազգային անվտանգության ծառայության շարքերը։ Խոսքն, այսպիսով, վերաբերում է վարչախմբի գլխավոր հենարանի վերածվող փողոցային բանդաների օրինականացմանը, ինչը նրանց հնարավորություն կտա գործելու ավելի սանձարձակ եւ օրենքի լիակատար պաշտպանության տակ։
Խոսքն, ավելի կարճ, վերաբերում է համազգեստավոր քիլերների ինստիտուտի ձեւավորմանը, որը վարչախմբին անհրաժեշտ է ոչ միայն ընդդիմության դեմ օգտագործելու, այլեւ սեփական ճամբարում ժամանակ առ ժամանակ հայտնվող անհնազանդներին պատժելու համար։ Այնպես որ, գալու է մի պահ, երբ նույնիսկ ավազակապետություն բառը եւֆիմիզմ է թվալու, քանի որ երկիրը կամաց-կամաց վերածվում է խուժանապետության։
* * *
Սերժ Սարգսյանի մտածելակերպի մասին ձեզ ամբողջական ու լիարժեք պատկերացում տալու համար ես ուզում եմ որոշ մեջբերումներ կատարել Սարդարապատի հերոսամարտի տարեդարձի առթիվ մայիսի 27-ին հրապարակած նրա շնորհավորական ուղերձից. «Մենք որպես ազգ ի վիճակի ենք մեծ խնդիրներ դնել մեր առջեւ եւ ազգովին լուծել, իսկ դրա համար անհրաժեշտ են հավաքական ջանք, ներքին համաձայնություն, փոխադարձ հարգանք, մեծահոգություն ու ներողամտություն։ ...Մարտիմեկյան իրադարձությունները բավարար են պնդելու համար, որ մենք դեռ լուրջ անելիքներ ունենք անցյալից դասեր քաղելու հարցում։ Բոլորիս ցավը հանդիսացող այդ դեպքերը վկայեցին, որ մեր օրերում եւս հնարավոր է իրավիճակ, երբ պարտվում են բոլորը, պարտվում է միասնականությունը, բարությունը, երբ հաղթանակում է չարացածությունը, անհանդուրժողականությունը, տիրապետում են կրքերը»։
Այս հուզիչ տողերն ընթերցելիս, իմ առաջին տպավորությունն այն էր, որ լսում եմ Ձիթենյաց լեռան քարոզը, բայց դժբախտաբար ոչ թե Քրիստոսի, այլ Հուդայի շուրթերից։ Ներքին համաձայնության, փոխադարձ հարգանքի, մեծահոգության, ներողամտության, բարության եւ հանդուրժողականության մասին խոսում է մի մարդ, որը նախագահի գահին բազմել է ժողովրդի կամքի բռնի ոտնահարմամբ, սառնասրտորեն գնդակահարել տասը խաղաղ ցուցարարի, հարյուրավոր ազնիվ քաղաքացիների շինծու քրեական գործերով բանտ նետել՝ միայն այն բանի համար, որ նրանք համարձակվել են բողոքել վարչախմբի եւ անձամբ իր ապօրինությունների դեմ։
Իսկ երբ վերը նշված գեղեցիկ խոսքերն արտասանելուց ընդամենը չորս օր անց Սերժ Սարգսյանը կազմակերպեց Հայաստանի պատմության մեջ արձանագրված, թերեւս, ամենախայտառակ ընտրությունները, ապա հուդայականության մասին ակնարկն ամենեւին չափազանցություն չպետք է թվա։ Հատուկ ուշադրության է արժանի նաեւ «անհանդուրժողականություն» եւ «չարացածություն» բառերի սարգսյանական ընկալումը։ Ըստ նրա՝ իշխանություններն իրավունք ունեն կեղծել ընտրությունները, գնդակահարել խաղաղ ցուցարարներին, զնդանել անմեղ մարդկանց, թալանել երկիրը, ոչնչացնել ժողովրդավարական ազատությունները, իսկ երբ դրանց դեմ բողոքում են, ահա, դա համարել «անհանդուրժողականություն» եւ «չարացածություն»։ Էլ ի՞նչ անուն նա կարող էր տալ ճորտի բողոքի արտահայտություններին՝ ճորտի կամ ստրուկի, որպիսին նա համարում է մեր ժողովրդին։
Սարգսյանի ուղերձին կսազեր նաեւ «արդարամտություն» բառը, որը սխալմամբ նա չի օգտագործել, բայց որն իր լիարժեք մարմնավորումը պիտի ստանար Փաստահավաք խմբի գործունեությունը դադարեցնելու մասին նրա կարգադրության մեջ՝ կարգադրություն, որն, ըստ էության, ոչ այլ ինչ է, եթե ոչ մարտի 1-ի ոճրագործության կոծկման բարձրագույն հրահանգ։ Զարմանալի հատկություն է դրսեւորում նրա «արդարամտությունը». այն տարածվում է միայն դահիճների, մարդասպանների, ընտրակեղծարարների, ավազակների ու կաշառակերների վրա։ Ի դեպ, ձեռքի հետ Սերժ Սարգսյանը ոչնչացրեց կամ հիմնովին փչացրեց նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը՝ Փաստահավաք խմբի լուծարման տխրահռչակ գործն իրականացնելով վերջինիս միջոցով։
«Ազգընտիրը» մոռացել է իր ուղերձում հիշատակել նաեւ «վեհանձնություն» բառը։ Բայց այս անգամ դա տեղի է ունեցել ոչ պատահաբար, ինչի գաղտնիքը բացահայտվում է համաներման հարցում նրա դրսեւորած անվայել պահվածքով։ Մարդը, կարծես թե, բոլորովին անընդունակ է զգալու իր զբաղեցրած պաշտոնի վեհությունը, եւ ի վիճակի չէ կատարելու որեւէ լավ գործ, առանց դրա մեջ, իր լեզվով ասած, «մունդառություն» խառնելու։ Ավելի պատկերավոր, քան Պարսից շահերից մեկի հետ կապված հետեւյալ ավանդությունը, չի կարող լուսաբանել տվյալ երեւույթը։ Երբ շահը շրջագայում է իր երկրում, մի գյուղացի մոտենում է նրան ու խնդրում. «Փադիշահ, խեղճ, անտուն, տասներկու երեխայի տեր մարդ եմ, ինձ մի տուն նվիրիր»։ Շահը, ձիու վրայից նայելով ծնկաչոք գյուղացուն, ասում է. «Այս ամբողջ գյուղը քեզ»։ Այնժամ վեզիրը դառնում է շահին ու բողոքում. «Բայց, փադիշահ, նա ընդամենը մի տուն ուզեց»։ Շահը պատասխանում է. «Մարդն իր խեղճության գյորա խնդրեց, իսկ ես պարտավոր եմ իմ վեհության գյորա շնորհ անել»։ Ինչեւէ, Սերժ Սարգսյանի մտածելակերպի, կամ իր սիրած բառով՝ մենթալիտետի, քննությունը թողնենք հոգեվերլուծաբաններին ու առաջ անցնենք։
* * *
Իսկ այժմ դառնանք Սերժ Սարգսյանի հզոր հովանավորին կամ «կռիշային»՝ մեր սիրելի Արեւմուտքին։ Բայց մինչեւ բուն նյութին անցնելը, ուզում եմ ձեզ ներկայացնել մի հետաքրքիր դրվագ՝ եւրոպացի դիվանագետներից մեկի հետ վերջերս ունեցած իմ զրույցից։ Երբ դիվանագետը բազմիցս հավաստիացրեց, թե իր երկիրն անկեղծորեն շահագրգռված է օգնած լինել Հայաստանին, ես փորձեցի ճշտել՝ Հայաստան ասելով, նկատի ունի մեր երկրի իշխանությունների՞ն, թե՞ ժողովրդին։ Նա, անշուշտ, հասկացավ իմ ակնարկը, բայց դիվանագիտորեն ու մի փոքր նյարդայնացած կրկնեց, որ իր երկրին ուզում է օգնած լինել Հայաստանին։
Ամբողջ խնդիրն այն է, որ երրորդ աշխարհի երկրներին Արեւմուտքը վերաբերվում է ոչ թե այդ երկրների ժողովուրդների շահերի, այլ նրանցում հաստատված ռեժիմների վարքագծի տեսակետից։ Հակառակ հռետորական դատարկաբանություններին, Արեւմուտքի արտաքին քաղաքականության մեջ ժողովուրդ, ազատություն, արդարություն, ժողովրդավարություն հասկացությունները գոյություն չունեն։ Ամեն ինչ ենթարկվում է գեոպոլիտիկայի եւ տնտեսական շահերի տրամաբանությանը։ Երբ ռեժիմներն սպասարկում են այդ տրամաբանությանը, նրանք ստանում են Արեւմուտքի անվերապահ աջակցությունը, անկախ այն բանից, թե ինչպիսի չարիքներ են գործում սեփական երկրներում։ Իսկ երբ այդ ռեժիմները խախտում են նշված տրամաբանությունը, նրանք Արեւմուտքի կողմից ենթարկվում են խստագույն պատիժների։ Դժբախտությունն այն է, սակայն, որ երկու դեպքում էլ գլխավորապես տուժում են ժողովուրդները։
Այն ամենն, ինչ ասվեց երրորդ աշխարհի երկրների ռեժիմների եւ ժողովուրդների մասին, հավասարապես տարածվում է նաեւ Հայաստանի վրա։ Արեւմուտքը ոչ թե հայ ժողովրդի, այլ Հայաստանի հանցավոր վարչախմբի, այսինքն՝ մարդասպանների, ավազակերի եւ ընտրակեղծարարների բարեկամն է, եւ որպես այդպիսին, ուղղակի մեղսակցություն ունի մեր երկրում տիրող ահավոր կոռուպցիայի, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոտնահարման երեւույթների արմատավորման գործում։
Դա ապացուցելու համար հեռուն գնալու կարիք չկա։ Բավական է հիշել վերջին մեկուկես տարվա ընթացքում Արեւմուտքի դրսեւորած վրդովեցուցիչ անտարբերությունը Հայաստանում տեղի ունեցող անօրինական ընտրությունների, ոստիկանական ու հարկային բռնությունների, քաղբանտարկյալների առկայության, ժողովրդավարական ազատությունների ոչնչացման աղաղակող փաստերի նկատմամբ, եւ դրա կողքին՝ նրա գորովալից ու հովանավորչական վերաբերմունքը Սերժ Սարգսյանի եւ նրա վարչախմբի հանդեպ։
Դա ի հայտ եկավ նաեւ վերջին, քաղաքապետարանական ընտրություններում։ Եւրոխորհրդի Տեղական ինքնակառավարման մարմինների կոնգրեսի 15 հոգուց բաղկացած խղճուկ առաքելությունը, քվեարկության օրը ժամերով կերուխում անելուց հետո, այդ ընտրությունները գնահատեց որպես եւրոպական չափանիշներին համապատասխան, եւ իր պարտքը կատարածի գոհունակությամբ հեռացավ Հայաստանից։ Քվեարկության ընթացքը շատ ավելի ուշադիր դիտեցին Արեւմտյան երկրների երեւանյան դեսպանատների բազմաթիվ աշխատակիցներ, որոնք, սակայն, ի տարբերություն վերը նշված առաքելության, առայժմ չեն հրապարակել իրենց կարծիքը։
Տեղյակ ենք, որ վերջերս Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն իր մոտ է հրավիրել Եւրոմիության երկրների դեսպաններին ու հորդորել, որ նրանք զերծ մնան ընտրությունների մասին բացասական գնահատական տալուց, որովհետեւ դա կապակայունացնի մեր երկրի ներքաղաքական իրավիճակը եւ կխոչընդոտի տարածաշրջանային խաղաղության գործընթացին։
շարունակելի
Էջանիշներ