http://www.komitas.am/rus/list_works.htm
.... Նոր գտա էս սայտը , Կոմիտասի բոլոր երգերը կան![]()
http://www.komitas.am/rus/list_works.htm
.... Նոր գտա էս սայտը , Կոմիտասի բոլոր երգերը կան![]()
....և շարունակում ենք ժպտալ ՝ձյան տաքությունով ապրելու հույսով
Moonwalker (05.09.2010), ԿԳԴ (08.05.2010), Նաիրուհի (04.09.2010), ՆանՍ (21.07.2010), Ֆոտոն (09.05.2010)
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Jarre, Թերեմինով Դլե Յամանը աննկարագրելիորեն լավն էր, ոնց որ էդ գործիքը հատուկ Դլե Յամանի համար ստեղծված լինի![]()
Դլե Յամանի մի տարբերակով էլ ես կիսվեմ. փոքրիկ ֆիլմ ու տեսահոլովակ, երգում է կանադահայ օպերային երգչուհի Իզաբել Բայրակդարյանը, նվագում է Մինասյան դուդուկային կվարտետը.
I may be paranoid but no android!
Նյութը վերցված է «Կոմիտասը ժամանակակիների հուշերում և վկայություններում» գրքից:Աղավնի Մեսրոպյան. Հուշեր: Քյուրքճյան և Կոմիտասի սրբանկարը
Մեծ եղավ Կոմիտասի ազդեցությունը հայ նկարիչներեն առնձնապես Փանոս Թերլեմեզյանի, Սերովբե-Լևոն Քյուրքճյանի, Արամ Պագքալյանի վրա, որոնց վրձինը թեև շնորհալի էր, բայց և օտար, ինչպես նաև երիտասարդ նկարիչներ՝ Զարեհ Գալֆայանի, Ատրինե Տոնելյանի, Սանդուխտ Կեզենյանի, Էլիզ Ճենտերեճիի և ուրիշներու վրա:
Սերովբե-Լևոն Քյուրքճյանը 1896 թվի պոլսական կոտորածներեն մազապուրծ ազատված՝ դառն ուսանողական կյանքը մը ապրելե վերջ, 1900 թվին կավարտե Փարիզի Նկարչական ակադեմիան: Իբրև տաղանդավորագույն սանը այն ժամանակվան հայտնի նկարիչ Ժան Պոլորանսի, Քյուրքճյան, կարճ ժամանակվան մեջ, Փարիզի նկարչական աշխարհեն կճանաչվի որպես վարպետ զարդանկարիչ:
Փարիզի քանի մը հայտնի պալատներեն զատ, Ժան Գուժոնի հայոց եկեղեցիի որմերը նույնպես ծածկված են Քյուրաճյանի խոշոր պաստառներով ու որմնանկարներով:
Նկարիչ Քյուրքճյան Կոմիտասի հետ ծանոթացել էր դեռևս Բեռլինի անոր ուսանողական տարիներեն:
Երաժշտասեր այդ հայ նկարիչը բացառիկ սիրով ու հարգանքով մը փարած էր Կոմիտասին այն օրվընե, երբ Բեռլինի մեջ, 1899 թվին լսել էր անոր դասախոսությունները՝ հայ ժողովրդական և եկեղեցական երգի մասին:
Այդ օրվընե Քյուրքճյանի երազը եղավ նկարել Կոմիտասին՝ անոր մեջ արտահայտելով իսկական արվեստագետին և մեծ հայրենասերին:
Քյուրքճյան տարիներով փայփայած իր այդ երազը իրականության վերածեց 1905 թվին, երբ իրեն հանձնարարվեր էր նկարել Փարիզի Ժան Գուժոնի Ս. Հովհաննես Մկրտիչ նորակառույց եկեղեցիի սրբապատկերները:
Քյուրքճյան մեծադիր կտավի մը վրա նկարեց Կոմիտասը - վերացած՝ աչքերը դեպի երկինք, ուրկե դեպի Կոմիտասի գլուխը կիջնեին լույսի ճառագայթներ, և գլխուն շուրջ՝ լուսապսակ մը:
Պատվիրատուի կողմեն այդ նկարը մեծ ընդունելություն գտավ և Քյուրքճյան ատոր համար վճարվեցավ կրկնակի:
Նույն այդ տարվան վերջերը, Փարիզ գալով, Կոմիտաս ժամանակ մը մնաց նորակառույց այդ եկեղեցիի առաջնորդարանը: Քյուրքճյանն ու Կոմիտաս առիթներ շատ ունեին՝ օր ու գիշեր զիրար տեսնելու:
Երբ 1906 թվին Կոմիտաս Փարիզին մեջ տվավ հայ ժողովրդական և եկեղեցական երգերու իր դասախոսություններն ու համերգները և արժանացավ երաժշտական աշխարհի նույնիսկ ամենադժվարահաճ թերթերու ամենաջերմ գնահատանքներուն, Քյուրքճյանը ա՛լ ավելի ամրապնդեց իր որոշումը՝ Կոմիտասի իր նկարը դնելու եկեղեցիի սրբանկարներու շարքը:
Օր մը, երբ իր աշխատանոցին մեջ Քյուրաճյան իր վերջին ռետուշները կըներ իր «Կոմիտասի» վրա, անակնկալորեն ներս մտավ Կոմիտաս:
Պահ մը քարացած իր կենդանի պատկերին առջև, Կոմիտաս բառ չգտավ ըսելու: Մեկ կողմեն Կոմիտասի հոգին կխոնարհեր նկարչի մեծ վարպետության առջև, իսկ մյուս կողմից հազիվ կկարողանար զսպել իր զայրույթը՝ տեսնելով զինքը աղերսագին հայացքով դեպի երկինք վերացած:
Իսկ երբ Քյուրքճյան մեծ զգուշավորությամբ հայտնեց Կոմիտասին, որ այդ նկարը դրվելու էր նորակառույց եկեղեցին, որպես սրբապատկեր, ան վիրավորած, չկարողացավ այլևս զսպել իրեն և պահանջեց տեղնուտեղը, առանց այլևայլի ջնջել այդ «մեղապարտ Կոմիտասը»:
Քյուրքճյան, զգալով Կոմիտասի զայրույթի խորությունը, մեծ հուզումով, աչքերուն արցունք՝ սկսավ ջնջել իր ոգևորությամբ երկնած ստեղծագործությունը:
Կարծես զգալով, որ իր անձն ու գործը ազատած էին հավերժական ծաղրանքե մը, Կոմիտաս համբուրեց Քյուրքճյանի արտասվալից աչքերը, և ըսավ. - «Իմ ազնիվ բարեկամ, խնդրում եմ չվշտանաս… քո միամիտ ու անկեղծ սիրուց մղված՝ սապնել էիր ինձ՝ պոկելով ինձ իմ ժողովրդից ու կապելով երկնքին… Ինձ համար չկա ուրիշ երկինք՝ քան իմ ժողովրդի հարազատ հոգին…»:
Քյուրաճյան-Կոմիտաս երկարատև բարեկամության մեջ այս դրվագը վճռական նշանակություն ունեցավ Քյուրքճյանի արվեստի վերափոխման տեսակետեն: Տենելով և զգալով Կոմիտասի ու անոր գործին մեջ թափանցած ժողովրդայնությունը, Քյուրքճյան, Կոմիտասի ազդեցության տակ, սկսավ իր վրձինը թաթախել իր հարազատ ժողովրի հոգվույն ու սրտին մեջ:
Նյութը վերցված է «Կոմիտասը ժամանակակիների հուշերում և վկայություններում» գրքից:Աղավնի Մեսրոպյան. Հուշեր: Վռամշապուհ Քիպարյանը Կոմիտասի մասին:
1926 թվի աշնան Էջմիածին էր եկել Փարիզի հայոց առաջնորդ Վռամշապուհ Քիպարյանը, որ Կոմիտասի օծակիցը ըլլալե զատ՝ նաև մեծ սեր ունենալով երաժշտության նկատմամբ, միշտ մոտիկ ու մտերմական հարաբերության մեջ է եղեր Կոմիտասին հետ: Վերադարձին, ոտքի արկածի մը հետևանքով, Վռամշապուհը քանի մը շաբաթով մնաց Լենինականի հիվանդանոցը:
Օգտվելով առիթեն, օր մը ուսուցչիս՝ Նիկողայոս Տիգրանյանի հետ, գնացինք անոր մոտ՝ մեր սիրելի Կոմիտասի մասին տեղեկություններ առնելու համար:
Վռամշապուհի պատմածներեն առանձնապես ուշագրավ էին հետևյալները. «Օր մը, երբ հոգեբուժարան գացի, իր կվարտետով այնտեղ էր նաև քու փոքրիկ ջութակահար եղբայրը՝ Թորգոմը,- պատմեց ան: - Ինձ արգիլեցին Կոմիտասին մոտենալ: Պարզվեցավ, որ հոգեբուժարանի բժշկապետը փորձ մը պիտի կատարեր այդ օր: Հոգեբուժարանի պարտեզին մեջ, ծառի մը տակ Կոմիտաս հանդարտ նստած էր: Թորգոմի կվարտետը մեղմ սկսավ նվագել Շուբերտի մեկ եղանակը: Հազիվ էր վերջացրած առաջին մասը, երբ հանկարծ, նստած տեղեն վեր ցատկեց Կոմիտաս, և ծառին ճյուղերը կոտրտելով սկսավ պոռալ, որ այլևս չէր ուզեր լսել. «Բավ է, բավ է,- կպոռար ան,- ամո՛թ ձեզ… իզուր մի տանջվեք… Ես կարիք չունեմ դրանց…Ո՞ւր եք կորցրել դուք իմ երգերը…»:
Ուրիշ օր մը,- պատմեց Վռամշապուհը,- երբ հաջողեցա երթալ ներս ու կարոտագին փաթաթվել իմ սիրեցյալ Կոմիտասիս, անիկա պահ մը վրաս տարօրինակ հայացք մը ձգելե վերջ՝ երկու ձեռքերով բռնեց ուսս և ցնցեց՝ ըսելով. «Ասա տեսնեմ, անմա՞հ է յան գործը, որի համար ես մեռա…»: Փորձելով թաքցնել իմ հուզումս ու սարսափս՝ «Դուն անմահ ես, Կոմիտաս…»,- շշնջացի… և զգացի, որ դանդաղորեն կթուլնային անոր ոսկրուտ մատները իմ ուսիս վրա… և հետո՝ կարծես մոռանալով և՛ իմ, և՛ իր սեփական գոյությունը, Կոմիտաս իր դատարկ նայվածքը սևեռեց հեռուն…
Վերջին հանդիպմանս, քանի մը ամիս առաջ,- պատմեց ան,- Կոմիտասին նախորդ այցելությանս անոր ըրած խնդրանքին համաձայն, «պիժամա» մը տարած էի իրեն՝ որպեսզի «չմրսեր»: Պիժաման երբ երկարեցի անոր. «չե՞ս մոռացել,հա՞… Բայց իզուր ես բերել այդ, իզո՜ւր…» ըսավ, և տարօրինակ ժպիտ մը դեմքին՝ ավելցուց. - «Թող ողջ մնա իմ ժողովուրդը… ես նրա սրտում երբեք չեմ մրսի…»:
Կոմիտասի ֆիզիկականը արդեն հալումաշ էր դարձած և այլակերպված. ան իր խոսքերեն կբացակայեր կարծես, այդ խոսողը կարծես ինքը չէր… Սակայն այդ րոպեին, գիտակցության անակնկալ հաճախումով մը և ուժերու գերագույն լարումով մը՝ կարծես պահ մը ան զգաց, որ ավելորդ էր այլևս արևէ խնամք տանիլ իր մարմնին, իսկ իր միակ մխիթարությունը պիտի ըլլար այն, որ ինք «չմրսեր իր ժողովրդի սրտում…»:
Մի նորություն, որ գուցե հետաքրքրի Կոմիտասասերներին։ Ինչպես տեսնում ենք «Դար» Ակումբում տեղադրված բանեռից, Վահան Արծրունին հուլիսի 25-ին ներկայացնելու է «Կոմիտաս. տասը հայտնություն» երգաշարը՝ գրված Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա։ Համերգը կայանալու է Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։
Այս համերգի վերաբերյալ լույս են տեսել հոդվածներ տարբեր թերթերում։ Ձեզ եմ ներկայացնում «ԹԵՐԹ.am»-ի հոդվածը։
Ո՞վ է այսօր մեր բրենդը՝ Արմենչիկն ու Թաթա՞ն. Արծրունին առաջարկում է օգտագործել մեր իսկական բրենդը՝ Կոմիտասին
Կոմիտասը հայ երաժշտության բանալին է, այն կոդը և միջոցը, որը բոլորիս հնարավորություն է տալիս ճաշակ ձևավորել, ինքներս մեզ ճանաչել։ Այսօր լրագրողների հետ հանդիպումն այս խոսքերով սկսեց երաժիշտ-ստեղծագործող Վահան Արծրունին՝ ցավով նկատելով, որ հայ երիտասարդներն այսօր Կոմիտաս չեն լսում։
«Ասել, թե Կոմիտասն անտեսված թեմա է մշակութային դաշտում, այդպես չէ։ Այստեղ խնդիրն անհաղորդ հանրությունն է, հանրության անուշադրությունը շեղված է` առաջին հերթին հեռուստատեսության 20 տարվա աշխատանքի շնորհիվ։ Քսան տարի գովազդվում է փոփ երաժշտություն, և փոխվում են մարդկանց պատկերացումները»,- ասաց Արծրունին։ Նա նշեց, որ վերջին տարիներին հեռուստատեսությունն ու ռադիոն անհասկանալի կիսակոմերցիոն ուղի են բռնել՝ շեղելով հանրության ուշադրությունը։
Ստեղծվածն իրավիճակը, ըստ նրա, տգիտության և անգրագիտության արդյունք է. «Ճիշտ մարդիկ ճիշտ տեղում չեն։ Իսկ ճիշտ մարդիկ շարունակում են լքել Հայաստանը»։ Երաժշտի մեղադրանքն առաջին հերթին մշակույթի նախարարությանն էր ուղղված, որը հայկական դասական երաժշտությունն ու դուդուկը չի մեծարում. «Ձեզ չի՞ զարմացնում, թե ինչու Ջիվանը Հայաստանում համերգներ չի տալիս»։
Ըստ Արծրունու՝ նախարարությունը ոչ թե միտումնավոր է սխալներ գործում, այլ «գիտակցության բացակայություն ունի»։ Հակառակ դեպքում, ըստ բանախոսի, նախարարությունը որպես լծակներ ունեցող կազմակերպություն՝ ազգի տեղեկացվածության մակարդակը կբարձրացներ։ «Կամ էլ ստացվում է՝ մենք շատ լավ հասկանում ենք, բայց գումարները ծախսում ենք այլ բանի վրա։ Կներեք՝ այս քյոլմստոցն ո՞ւմ համար է։ Մեր ազգային մոդելը խեղաթյուրված է»,- ասաց Արծրունին։
Ըստ նրա՝ ֆրանսիացիներն ու անգլիացիները մեր մայրաքաղաքում ֆրանսիական և անգլիական օրեր են ֆինանսավորում ու անցկացնում. «Ւսկ մեր մշակույթի նախարարությունը գալոչկայի համար պրոյեկտներ է իրականացնում, որոնց մասին հանրությունն իրազեկված չէ»։
Նա ցավով հարցադրում արեց. «Ո՞վ է այսօր մեր բրենդը՝ Արմենչիկն ու Թաթա՞ն»։ Երաժշտի խոսքով՝ մենք բրենդ ունենք՝ Կոմիտասը, ում ստեղծագործությունները պետք է լսել ու պահպանել։
Այս իրավիճկից դուրս գալու ելք, ըստ Արծրունու, կա. «Մեծ փոփոխություններ պետք է կատարվեն մարդկանց գիտակցության մեջ։ Եթե ամբողջ ֆրոնտով քարոզվի դասականն այնպես, ինչպես փոփն է քարոզվում, դուք կտեսնեք, որ իրավիճակը կփոխվի։ Սա մերն է, մեզ խորթ չէ, պարզապես հասարակությունը պետք է տեղեկացվի»։
Tert.am
Իսկ ուրիշ համերգներ չկան? Հիմա Կոմիտասի տրամադրություն կա..
Life Is A Miracle
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Մի փոքր տեղեկություն ավելացնեմ: Նախորդ ձայներիզում հնչում են հետևյալ երգերը.
ա. Սոնա յար.
բ. Ջանիկ-նանանիկ.
գ. Հով արեք, սարեր ջան.
դ. Խնկի ծառ:
Կատարում է Երևանի կամերային երգչախումբը, գեղ. ղեկավար և դիրիժոր՝ Հարություն Թոփիկյան:
Moonwalker (08.09.2010)
Ես այս կատարումն էլ եմ շատ սիրում«Կռունկն» ու «Դլե յամանը» ամենասիրածս երգերն են
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
ՆանՍ (04.09.2010)
Նյութը վերցված է «Կոմիտասը ժամանակակիների հուշերում և վկայություններում» գրքից (Սարգիս Խաչենց . Փրինթինֆո, Երևան 2009):Մարգարիտ Բաբայան. Կոմիտասի տասը պատվիրանքները
Նրա հասկացողությունը՝ իբրև երգչի այնքան կատարյալ էր և խորունկ, որ ամեն տեսնվելիս զարմանքով դիտում էի, թե ինչ կատարելության է հասցնում երգելուն նույնիսկ գործողությունը, երգի տեխնիկը: Նա ուսումնասիրած էր Էջմիածնա մատենադարանին մեջ հին 17-րդ ու 18-րդ դարերու մագաղաթները, որտեղ չափազանց հետաքրքիր նյութեր էր գտած ու յուրացրած, և որովհետև աննման քանքար էր, այնպիսի կանոններ էր ստեղծած երգեցողության, նույնիսկ գործողության
վերաբերյալ, որոնց այժմ քարոզում են աշխարհիս ամենամեծ երգեցողության վարպետները և մասնագետ բժիշկները: Laryngologiste (կոկորդի մասնագետ) Dr. Wicart-ին գաղափարները Կոմիտաս վարդապետը արդեն վաղուց քարոզած էր այն տասը պատվիրանքների մեջ, որ գրած էր ինձ համար մեր նվիրական ժամերին, երբ երգեցողության հարցերը խառնվում էին հայ երաժշտության ժամանցներին, ուսումնասիրություններին և երաժշտական խնդիրներին հետ:
Երգչի տասը պատվիրանքները
1. Երգելուց առաջ ամբողջ մարմինը կարծես մեռած (մարզանքը կմեռցնե մարմինը, բայց միտքը կմնա ուշիմ ու եռանդուն):
2. Ձայնը հազիվ լսելի շշուկով սկսիլ, միջին si բեմոլեն և երգել - մեղմ (piano-pianissimo) դեռ կիսաստիճաններով բարձրանալ և կամաց-կամաց լայնացնել ձայնաշարը (l'intervalle):
3. Չջղայնանալ երգելիս և խուսափիլ հուզմունքից:
4. Ամեն ջանք թափել ձայնը ներս չպահելու, այլ որքան հնարավոր է դուրս արտաբերելու:
5. Ձայնը առաջ մղել, ինչպես մի նետ և այնքան հեռու, որքան շունչը թույլ է տալիս:
6. Հազիվ լսելի շշուկով զարգացնել կիսաստիճանները ppp piano-pianissimo, և կամաց-կամաց ընդլայնեցնել երաժշտական աստիճանները և միայն այն պարագայում, երբ նախընթաց աստիճանը կատարյալ է ելնում: Քիչ-քիչ ձայնին ուժը ավելցնել, պահպանելով ամենայն հանգստություն, առանց որևէ հուզմունքի:
7. Շատ աշխատանք (երգելու) կատարել, շատ քիչ շունչ գործադրելով:
8. Ձայնը մարզելիս այնպիսի բառեր պտռել [իմա՛ փնտրել], որոնք մեծ գաղափարներ են պարունակում կամ պատկերազարդ են, կամ զորավոր իբրև զգացմունքի արտահայտություն, զոր օրինակ, գարուն, աշուն, ձմեռ, երկինք, արև, լուսին, ամպ: Երգել դոցա աստիճանաբար ձայնաշարով (par intervalles): Այդ կզարգացնե տարածության գաղափարը ու կլայնացնե և կհեռավորե ձայնը:
9. Այս բոլոր աշխատանքից հետո փորձել աստիճանաբար ուժեղացնել և աստիճանաբար պակասեցնել ձայնը (crescendo, decrescendo) և ընդհատումներով ձայնը երգել (staccato):
10. Մի ձայնանիշ առնել իբրև հիմնավոր (point d'appui) և շուտ անցնել մի ուրիշ ելևէջի ավելի բարձր կամ ավելի ցածր և շունչը մեջը լեցնելով ուժեղացնել մեկ նոտայեն մինչև մյուսը:
Jarre (11.09.2010), Moonwalker (08.09.2010), Հարդ (04.09.2010), ՆանՍ (04.09.2010), Ֆոտոն (06.09.2010)
[1] Երգեցողութիւնք սրբոյ պատարագի Հայաստանեայց առաքելական եկեղեցվոյ: Փոխադրեալ և ներդաշնակեալ յերիս և ի չորիս ձայնս ի ձեռն Մ. Եկմալյան: Տպագրեալ արդեամբք պ. Գր. Մեղուինեան, ի հիշատակ ծնողաց իւրոց Հովհաննու և Բարբարեի: Լայպցիգ՝ Բրեյտկոպֆ և Հերտէլ, Վիեննա՝ Մխիթարեան տպարան, 1896:Մաթևոս Մուրադյան. Եկմալյանի Պատարագը Կոմիտասի գնահատությամբ
1869 թվականին Եկմալյանի «Երգեցողութիւնք սրբոյ պատարագի» կամ կրճատ՝ Պատարագ ստեղծագործությունը տպագրվեց Լայպցիգում ու Վիեննայում և լույս տեսավ եվրոպական նոտագրությամբ: [1] Պատարագն արժանացավ Պետերբուրգի կոնսերվատորիայի խորհրդի 1893թ. հունվարի 9-ի և պալատական կապելլայի երաժշտանոցի նույն թվի հունվարի 13-ի վկայագրերին, որոնց մեջ Եկմալյանի աշխատանքը բարձր է գնահատված: Պատարագի տպագրության ճանապարհը հարթվեց կաթողիկոս Խրիմյան Հայրիկի 1895թ. հունիսի 7-ի կոնդակով, որով նա օրհնում էր Եկմալյանի աշխատանքը, ընդունում և պաշտոնականացնում Պատարագի բազմաձայն կատարումը (հակառակ հայ եկեղեցու կողմից դարերով սրբագործված միաձայն երգեցողության սկզբունքի) և, որ նույնպես կարևոր էր, վերջ էր դնում հայկական նոր ձայնագրության (Լիմոնջյանի սիստեմ) ու եվրոպական նոտագրության շուրջը ծավալված բանավեճերին:
Եկմալյանի Պատարագը խոշոր իրադարձություն էր հայ երաժշտության պատմության մեջ: Այն իր մեջ խտացրել էր դարերի ընթացքում հայ հոգևոր երաժշտության կուտակած ստեղծագործական փորձը և 19-րդ դարի հայ երաժշտության վերջին խոսքն էր: Նրանից առաջ և հետո պատարագի մշակման բազմաթիվ փորձեր են եղել: Բավական է հիշատակել իտալացի Պիետրո Բիանկինիի մշակած և 1877 թվականին Վենետիկում հրատարակված Պատարագի երգեցողությունը, ուկրաինացի Լ. Մ. Կրապիվնիցկու (1873), Ք. Կարա-Մուրզայի (1885-1886), Եզնիկ Երզնկյանցի, Ա. Այտընյանի և Լ Վայսի (1877) և այլոց մշակումները, որոնցից շատերը, տպագրված լինելով հանդերձ չտարածվեցին ու չընդհանրացան, որովհետև ունեին էական թերություններ: Մինչդեռ Եկմալյանի մշակած Պատարագը թվարկած բոլոր մշակումներից վեր բարձրացավ և տարածվեց ամենուրեք:
Ի՞նչ է պատարագը: Դա քրիստոնեական եկեղեցու ամենախորհրդավոր ծիսակատարությունն է, որի հիմքում ընկած է խորհրդավոր ընթրիքի սյուժեն: Քրիստոնեական եկեղեցին դարեր շարունակ աշխատել է հարստացնել ու ճոխացնել այդ ծիսակատարության հետ կապված երգեցողությունը: Հենց սրանով պիտի բացատրել այն, որ սկզբնապես պարզ ու մատչելի պատարագը հետզհետե լրացվել է նորանոր հավելումներով, ընդարձակվել ու խճողվել է այնքան, որ նրա կատարումը ներկայումս ժամեր է տևում:
Տարբեր եկեղեցիներում տարբեր կերպ է ներկայացվում պատարագը: Հայկական եկեղեցու պատարագն աչքի է ընկնում իր ավանդականությամբ և պարզությամբ, ունի մտածված ու համաչափ կառուցվածք, որը, սակայն, առաջին հայացքից դժվար է նկատվում՝ հետագա դարերում կատարված հավելումների պատճառով: Եթե նկատի չունենանք այդ հավելումները, ապա իսկական պատարագը չորս հավասար մասի է բաժանվում: [2] Առաջին մասն սկսվում է «Սուրբ Աստուածից» և ավարտվում «Քրիստոս ի մեջ մեր յայտնեցաւ», երբ հացով ու գինով սկիհը սեղան է բերվում և կարդացվում «Հավատո հանգանակը»: Երկրորդ մասը, որով սկսվում է բուն պատարագը՝ բերված հացի և գինու օրհնությամբ, Եսայի մարգարեության, սերովբեների և քերովբեների փառաբանությամբ, ավարվում է «Հոգի Աստուծոյով»: Երրորդ մասը, որ հավանաբար ավելի ուշ շրջանում է ստեղծված ու ավելացված սկզբնական պատարագի վրա, ներկայացնում է քրիստոնեի խնդրանքը: Այս մասի կենտրոնում դրված է «Հայր մեր» տերունական աղոթքը, սկզբից որպես բարեխոսություն ննջեցյալների համար, իսկ վերջում՝ իր մեղքերի քավության աղերս: Վերջին՝ չորրորդ մասը պատկերում է այն պահը, երբ քահանան սրբագործված հացն ու գինին բաժանում է հավատացյալներին, որոնք զորացած հոգով օրհներգ են երգում առ Աստված, և պատարագն իր եզրափակումն է ստանում:
Պարատագի այս պարզ կառուցվածքում, ինչպես արդեն ասվեց, դպիրներն ու դպրապետերը հաճախ քմահաճ ու կամայական հավելումներ են կատարել՝ հետզհետե խճողելով այն և մեծացնելով նրա ծավալը: Բացի այդ, հատկապես Թուրքիայում, ձգտելով ըստ ամենայնի բավարարել հարուստ խավերի ճաշակը, հոգևոր հայրերը մեծ չափերով տուրք են տվել թուրքական կատարողական ոճին և պատարագի մեջ ներմուծել բազմաթիվ զարդախաղեր, գեղգեղանքներ, ձայնասահումներ ու ձգձգումներ, որոնց բեռի տակ հոգևոր պարզ մեղեդիները դարձել էին բոլորովին անճանաչելի:
[2] Պատարագի նկարագրությունը տալիս ենք ըստ Սպ. Մելիքյանի «Մակար Եկմալյանի դերը և տեղը հայ երաժշտության պատմության մեջ» անտիպ հոդվածի:
Նյութը վերցված է «Կոմիտասական» (Հատոր Ա) գրքից, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, Երևան, 1969
Շարունակելի...
Վերջին խմբագրող՝ ars83: 05.09.2010, 18:16:
Jarre (11.09.2010), Moonwalker (08.09.2010), ՆանՍ (09.09.2010), Ֆոտոն (06.09.2010)
[3] Եկմալյանն ավելի շատ օգտվել է «Ձայնագրեալ երգեցողութիւնք սրբոյ պատարագի» Բ տպագրությունից, որը լույս է տեսել Վաղարշապատում 1878 թվականին իր իսկ գործու մասնակցությամբ:Մաթևոս Մուրադյան. Եկմալյանի Պատարագը Կոմիտասի գնահատությամբ
(շարունակություն)
Պատարագի մշակմանն անցնելուց առաջ Եկմալյանը պիտի խստորեն քննության ենթարկեր գոյություն ունեցող տարբերակները, կատարեր համապատասխան ընտրություն, գտներ ու վեր հաներ զուտ հայկական եղանակները՝ մաքրելով դրանք աղավաղումներից և օտարամուտ տարրերից:
Եկմալյանը լավ գիտեր ինչպես Էջմիածնի ավանդական, այնպես էլ Պոլսում տարածված պատարագի տարբերակները: Առաջինը նա ուսումնասիրել էր Էջմիածնի ժառանգավորաց դպրոցում սովորելու տարիներին, իսկ երկրորդը՝ Գևորգ Դ կաթողիկոսի երգածից Ն. Թաշճյանի ձայնագրած և Էջմիածնում տպագրած օրինակից (որին նա ունեցել էր գործուն մասնակցություն իբրև Թաշճյանի աշակերտ և օգնական, իսկ վերջինիս Պոլիս վերադառնալուց հետո եղել էր Գևորգ Դ կաթողիկոսի խորհրդատուն հոգևոր երաժշտության հարցերում): Պետերբուրգի կոնսերվատորիայում ուսանելու տարիներին ձեռք բերելով երաժշտական մասնագիտական պատրաստություն, նա կարող էր ավելի լավ կողմնորոշվել այս հարցերում և իրարից տարբերել իսկականն ու խաթարվածը:
Շատերն այն տպավորությունն ունեն, թե Եկմալյանը պարզապես վերցրել է Թաշճյանի ձայնագրածը և, պատրաստի եղանակներն անփոփոխ պահելով, դրանց ավելացրել է եռաձայն կամ քառաձայն խմբերի մնացած երգամասերը: Այս բանում իրենց դերն են կատարել պատարագի առաջաբանում Եկմալյանի գրած խոսքերը, որոնց համաձայն նա ձգտել է «անայլայլակ փոխադրել զմայր եղանակսն ի չափս և ի խազս եվրոպականս՝ ըստ այնմ զիարդ տպագրեալն էին ի Ս. Էջմիածին»: [3] Այնինչ նրա կատարածն անհամեմատ ավելի լուրջ ու դժվարին խնդիր էր: Զգալով այն էական տարբերությունը, որ գոյություն ուներ Էջմիածնի և Պոլսի տարբերակների միջև, նա դեռ ուսանողական տարիներին, իր ամառային արձակուրդներն անցկացնելով հայրենի օջախում, տարեց հոգևորականներից ձայնագրում էր երգերի էջմիածնական տարբերակները, որոնք հետագայում իրենց տեղը գրավեցին նրա մշակած Պատարագի երգեցողության մեջ: Բացի այդ, նա պիտի վերականգներ Պատարագի վերը նշված մասերի սահմանները, եղանակների մեջ համապատասխան փոփոխություններ մտցներ՝ ելնելով դրանց ոճական առանձնահատկություններից և այդ մասերը շաղկապեր միմյանց հետ՝ ստեղծելով պատարագի ամբողջական շենքը: Պարզ է, որ նման խնդիրը հեշտությամբ չէր իրագործվի և հեղինակից պիտի պահանջեր երկար տարիների համառ ու համբերատար աշխատանք: Եվ իրոք, Եկմալյանի տևական ջանքերի շնորհիվ ստացվեց մի պատարագ, որն իր մեջ ամփոփում է հայ հոգևոր երաժշտության նշանակալի նվաճումները:
Ամենից առաջ նշենք, որ Եկմալյանը պատարագի մշակման ընթացքում առաջնորդվել է համեմատական մեթոդով՝ իրար հետ բաղդատելով տպագրված տարբերակը (որը փաստորեն Պոլսում պահպանվածն էր) և իր ձայնագրած էջմիածնական տարբերակը: Դրանց միջև առաջին հերթին աչքի են ընկնում ոճական տարբերությունները: Եթե Պոլսի տարբերակում պատարագի երկրորդ մասի «Հոգի Աստուծոյ», երրորդ մասում՝ «Հայր մերը» և ամբողջ չորրորդ մասը բոլորովին տարբեր ոճ ունեն և, միանալով մյուս մասերի մեղեդիների հետ, խախտում են պատարագի ամբողջականաությունը, ապա Էջմիածնի տարբերակում վերոհիշյալ մեղեդիները գրված են «Սուրբ, սուրբի» ոճով և կազմում են անքակտելի ամբողջություն թե՛ բովանդակության, թե՛ երաժշտական ոճի տեսակետից:
Բնական է, որ Եկմալյանն առավելությունը պիտի տար Էջմիածնի տարբերակին՝ կատարելով համապատասխան փոփոխություններ ու լրացումներ նույնիսկ այն համարներում, որոնք վերցված էին տպագրված պատարագից: Դրանից բացի, նա իր Պատարագի երգեցողության մեջ մտցրել է իր իսկ ձայնագրած ամբողջական հատվածներ: Պատարագի առաջաբանում նա մատնանշում է դրանցից երկուսը՝ «Հայր մեր» (էջեր 74 և 210) և «Գոհանամք» (էջ 168), սակայն, Կոմիտասի վկայությամբ, կան նաև այլ հատվածներ, որոնցից է, օրինակ, «Յորժամ մտցեսը» (էջեր 232-233). [4] կարելի է ավելացնել նաև «Օրհնեալ է Աստված: Քրիստոս պատարագեալը» (էջեր 87-96), որը նույնպես տարբեր է Էջմիածնում տպագրվածից, «Միայն սուրբ» (էջեր 77-78) և այլ հատվածներ: Էլ չենք խոսում այն մասին, որ տպագրվածից վերցրած եղանակների մեջ նույնպես կատարված են բազմաթիվ բարեփոխություններ (ինտոնացիայի, մեղեդային դարձվածքների, ռիթմի, կադանսների և այլն), որոնց մի մասի հետ Կոմիտասը չէր համաձայնում, բայց մեծամասնությունը համարում էր «երաժշտական օրենքների հիման վրա» կատարված և, հետևապես, ընդունելի:
[4] Կոմիտաս, Հոդվածներ և ուսումնասիրություններ, Հայպետհրատ, Երևան, 1941, էջ 144:
Նյութը վերցված է «Կոմիտասական» (Հատոր Ա) գրքից, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, Երևան, 1969
Շարունակելի
Jarre (11.09.2010), Moonwalker (08.09.2010), ՆանՍ (09.09.2010)
[5] Կոմիտաս, Հոդվածներ և ուսումնասիրություններ, Հայպետհրատ, Երևան, 1941, էջեր 137-138: Ընդգծումները Կոմիտասինն են:Մաթևոս Մուրադյան. Եկմալյանի Պատարագը Կոմիտասի գնահատությամբ
(շարունակություն)
Կոմիտասն առաջինն էր, որ մասնագիտական դիրքերից աննության առավ Եկմալյանի Պատարագը և ընդգծեց «այս մեծածավալ գործի» արժեքներն ու թերությունները: Իր գրախոսականը, որը լույս է տեսել Էջմիածնի «Արարատ» ամսագրի 1898թ. 111-117 էջերում, նա սկսում է ընդհանուր նպատակադրման վերաբերյալ Եկմալյանի խոսքերից, որոնք գրված են Պատարագի առաջաբանում: «Թեև գիտեինք, որ բազմաձայն երաժշտությունը հակառակ չէ մեր եկեղեցու ոգուն, այլ նորա կատարելությունն ու լրումն է, և մեր նախնիքն էլ յուրաքանչյուր դարու գեղարվեստի զարգացման համեմատ հորինեցին մեր եկեղեցական երգերը, բայց մենք ներդաշնակելիս շատ զգուշացանք և երկյուղածությամբ վերաբերվեցանք, որովհետև, անշուշտ, պետք էր անայլայլակ փոխադրել (բացի «Հայր մերից»՝ երես 74 և 210 և «Գոհանամքից» երես 168, որոնք տպագրած մատեանի մեջ չկան. առաջինը կազմեցինք հայրապետական մաղթանք «Հայր մերի» համաձայն, որպես երգում են ս. Էջմիածնում, իսկ երկրորդը՝ հին եղանակի համեմատ) մայր եղանակները որպես տպված են ս. Էջմիածնում, եվրոպական չափերի և խազերի, իսկ ներդաշնակությունն այնպես հորինել, որ մեր եկեղեցական երգեցողությանց ոգուն համաձայն պարզ, վայելուչ լինի: Ուստի խորշեցինք ելևէջից դուրս կիսաձայներ գործածելուց (chromatisme) և եղանակի զարտուղությունից (modulation), այլ ջանացինք մնալ եղանակի նույն ելևէջի մեջ (diatonisme) և ներդաշնակությունն էլ կարելի եղածի չափ պարզ հորինել, որովհետև այսպես է պահանջում պարսիկ-արաբացի երաժշտության ոգին, որի մի մասն է և մերը»: [5]
Այս խոսքերը բերելուց հետո, Կոմիտասն ավելացնում է. «Ծրագրին համաձայն ենք, բացի ընդգծումներից»: Դրան հետևում են Կոմիտասի բացատրությունները հայկական երաժշտության լադերի քառյակային կառուցվածքի վերաբերյալ և ապա այն միտքը, թե «մեր եկեղեցական եղանակները ոչ մեկն էլ ելևէջ չունեն, այլ կազմված են քառյակների դրությամբ»: Ոչ թե «ելևէջներ» եվրոպական գամմաների իմաստով, այլ քառյակների շղթա: Ըստ որում քառյակները միմյանց շղթայվում կամ կցվում են այնպես, որ նախորդ քառյակի վերջին հնչյունը միաժամանակ դառնում է երկրորդ քառյակի հիմքը և դրա հետևանքով ստացվում են ոչ թե ութնյակներ, ինչպես այդ տեղի ունի եվրոպական երաժշտության մեջ (երբ առաջին քառյակին պարզապես գումարվում է երկրորդը), այլ յոթնյակներ: Այստեղից էլ մեր երաժշտության լադերի հիմնական տարբերություններից մեկը եվրոպական մաժոր-մինոր գամմաներից. մեր լադերը մոնոտոնիկալ են, այսինքն ունեն միայն մեկ հիմնաձայն, մինչդեռ եվրոպական գամմաներն ունեն երկու տոնիկա՝ ստորին տոնիկան և նրա կրկնությունը մեկ ութնյակ բարձր: Այս երկուսն էլ հավասարազոր են, այնինչ հայկական լադերում տոնիկային հնչյունի կրկնություն գոյություն չունի. նույն հնչյունը ութնյակ բարձր չի կարող տոնիկայի դեր խաղալ, այն տարբեր է իր որակով ու նշանակությամբ: Բացի այդ, նա ընդգծում է նաև հայկական լադերի դիատոնիզմը՝ այս հարցում համաձայնվելով Եկմալյանի հետ:
Այս հիմնական դրույթները պարզելուց հետո Կոմիտասը գրում է. «Թող ներվի այստեղ ևեթ շեշտել, որ մեր երաժշտությունն էլ յուր ամբողջ ազգային ոգովն ու ոճով նույնքան արևելյան է, որքան պարսիկ-արաբացին, բայց ոչ պարսիկ-արաբականը մերն է, և ոչ էլ մերը նորա մի մասն է. այլ խնդիր է, թե նոցա ազդեցությանն է ենթարկվել. ճիշտ այնպես, որպես մեր լեզուն հնդեվրոպականի մի ճյուղն է, այնպես էլ պարսկերենը, քրդերենը, գերմաներենը և այլն, բայց մեր լեզուն ոչ գերմաներեն, ոչ քրդերեն և ոչ էլ պարսկերեն է: Մեր և մյուս արևելյան եղանակների (իմա՝ լադերի - Մ.Մ.) զանազանությունն այն է, որ նոքա քառյակի տարածությունը մեծացնում ու փոքրացնում են, մենք առնում ենք մի պարզ քառյակ և նորա պարունակած ձայնամիջոցներն ենք փոխում կիսաձայնի դրությամբ. պարսիկ, տաճիկ և արաբ երաժշտության մեծ գործածում են նույնիսկ անգործական ու անմիտ 1/3 և 1/4 ձայներ անգամ: Չափական դրությունն էլ այլ է մերի մեջ»: [6]
[6] Նույն տեղում, էջեր 139-140:
Նյութը վերցված է «Կոմիտասական» (Հատոր Ա) գրքից, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, Երևան, 1969
Շարունակելի
Jarre (11.09.2010), Moonwalker (08.09.2010), ՆանՍ (09.09.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ