Մարդու տառապանքը…
Ես երկար ժամանակ մտածում էի, թե ինչի մասին գրեմ։ Նանեն ասաց, որ թեթև մի բան գրեմ,իսկ երբ խնդրեցի վեռնագիր առաջարկել նա երկար չմտածեց. «Մարդու տառապանքը»…զարմանալի է,չէ՞…ախր դրանից ավելի ծանր թեմա կա՞…
Ես շատ զարմացա, բայց մտքիցս դուրս չեկավ։ Ես ինձ անուժ զգացի, մտածեցի, որ գրելու ոչ մի շնորհ չունեմ, որովհետև մտքումս միանգամից նկարվեցին հեծեծող, լացող,համառ ու ջղային մարդկանց պատկերներ…չէ…հետո ինչ-որ թույլ բարություն,սեփական ճակատագրի հետ հաշտվելու ցանկություն…բայց ,գիտե՞ս ,երբ ինչ-որ խոսքին տրվում են զանազան երանգներ,խոսքն այդ մի տեսակ անիմաստ է դառնում,որովհետև երանգները մեկ առ մեկ ուզում են իրենց իմաստավորված տեսնել…
—Լսի՛ր,—ասաց նա,—փորձիր սկսել վախից,հրաշալի տառապանք է ,այնպես չէ՞
Չհասկացա նորից…վախն ի՞նչ տառապանք է…և տառպանքի հրաշալին ո՞րն է…
—Ի՞նչ վախ
—Եթե այդքանը կարողանայի ասել, ինքս կգրեի։ Լավ, պարզ մի օրինակ.փոքրիկը,երբ քայլել է ուզում,տառապում է,երբ ոչ մի կերպ չի կարողանում։
—Նա՛ն,դա տառապանք չէ,դա դժվար մի բան է,և հետո նրան օգնում են,իսկ երբ քեզ օգնում են,ամեն ինչ ավելի հեշտ է…
—Չէ,մեծ տառապանք է.փոքրիկին կարող է թվալ,որ իրեն խանգարում են։Ինձ թվում է ինձ խանգարել են,դրա համար էլ մինչև երեք տարեկան չեմ քայլել…
Ես սկսեցի վախից,ավելին, ես վախից բացի ոչ մի ուրիշ զգացում չխառնեցի իմ տողերին։
…
«Մարդը իր ուղին վախով սկսեց,և Աստված էր այդպես որոշել…
Նա ուզում էր,բայց չէր փորձում քայլել,վախենում էր,որ կընկնի,իսկ ես չհասկացա,թե որտեղից գիտեր,որ ընկնելը միանգամայն հնարավոր է,երբ դեռ չէր փորձել։Երբ վերջապես քայլել սովորեց,մտածեց որ ամեն դժվար բան արդեն ետևում է,բայց ձգվեց վախերի մի շղթա…»
Այստեղ նա ինձ ընդհատեց.
—Չեմ ուզում լսել շարունակությունը
—Ինչու՞
—Դու հենց ամենասկզբից ես սխալվել…եթե սկսում ես մարդու ճանապարհը հենց սկզբից,ասենք մանկությունից,իրավունք չունես այդքան խորիմաստ թվացող քողով ծածկել։Դու քողարկել ես մանկությունը,ահա թե ինչու հերոսը պիտի վախենա ամբողջ իր կյանքում,որովհետև նրան վարագուրել են,և նա շատ փոքր է հասկանալու համար,որ այդ վարագույրն իր փոքրիկ ձեռքերով էլ կարող է պատռել…
—Հենց այդպես է,որ կա…
—Ների՛ր,որ չեմ ուզում լսել շարունակությունը…
—Նա՛ն,քեզ հասկացա,չէ՞։Ասում եմ՝ սա իմ բանը չէ, և ինձ թվում է վախով սկսելը ճիշտ չէր…
—Այո,դու վախենում ես վախով սկսել,ահա թե ինչու չստացվեց…թեպետ եթե զգայիր…Սկսի՛ր,ասենք կորստից
—Կորու՞ստ,հենց սկզբի՞ց…
—Եթե մանկությունը նկատի ունես,այդ ժամանակ խաղալիք կորցնելն անգամ մեծ կորուստ է…
—Նա՛ն,բայց դա արագ մոռացվում է…
—Տառապանքները միշտ էլ մոռացվում են,որովհետև մարդը շուտ է ձանձրանում…
—Չէ,մարդիկ միշտ հիշում են…
—Սեփականը,բայց ոչ ուրիշինը…և գիտե՞ս ոչ բոլորը…Ես հանճարեղ եմ իմ տառապանքները մոռանալու հարցում…
…
«Մարդը ժամանակի հետ հասկացավ,որ կորուստներն իրար նման չեն, և ամեն ինչ շատ ավելի հեշտ էր,երբ դրանք համեմատում էր։Բայցևայնպես նա միշտ էլ վախենում էր կորցնելուց…»
Չտպավորվեց շարունակությունը,որովհետև նա հենց այստեղից ընդհատեց…բայց գիտե՞ք,ես չէի վիրավորվում,որովհետև ինքս ինձ մի հսկա հիմար կզգայի,եթե վերջում լսեի նրան…
—Կարիք կա՞ ասելու,որ սա ամենևին էլ սկիզբ չէ,այլ մի իսկական շարունակություն։Վախենալուց չես խուսափել,պարզ է,միայն թե այս շարունակությունն անիմաստ է հենց թեկուզ այն պատճառով,որ թույլ է սկիզբը…
Բայց գլխումս մի միտք ծագեց…դու գրի՛ր,մենք փուլերի կբաժանենք։Այս անգամ փորձի՛ր նկարագրել անորոշությունը…
—Դա սկիզբ չէ, հաստատ
—Գիտեմ,կփորձե՞ս
—Հա,իսկ հիմա ուզում եմ երջանկության պահին մոռանալ «Մարդու տառապանքը»
—Ես իմը,դու ուրիշինը…հրաշալի է…
…
«Անորոշությունը մի իրական մղձավանջ է՝ խենթացնելու չափ հեգնող։
Մարդը չգիտեր լալ թե ծիծաղել և երբ երկուսն էլ իրար խառնեց,վախեցավ մի պահ,որ կգժվի…»
—Ու՞մ կյանքն ես պատմում,ուր մնաց զգացումը։Դու իրեղեն ես դարձրել ամեն ինչ…վերջ,հա՞…թող գժվի ու վերջ…և դու կարծում ես դա տառապանք է…գիտե՞ս,թե այդպես ինչքա՜ն հեշտ կլիներ…ահավոր է…
—Լավ,Նանե՛,ասա՛ քո տարբերակը…
—Անորոշությունը փնտրող աչքերն են ընդամենը, և հույսի փայլը նրանց մեջ…այդքան բան…
—Գեղեցիկ է ասված,կարճ է…
—Դու մատնում ես քեզ,երբ երկար ես գրում…
—Իսկ մի՞թե դու երկար լսեցիր
—Քեզ պատրաստ եմ ատել,եթե լսեմ շարունակությունը։Դու թողնում ես,որ քո մտքին իշխեն բառերը,մինչդեռ այդ միտքն է բառերի տերը…
—Ես թողնում եմ սա,հոգնել եմ արդեն
—Քեզ համար եմ անում
—Ես այդքան վատ եմ գրում հա՞,սիրելի՛ս
—Չէ,բայց այս դեպքում դու պարզապես ուզում ես տպավորություն թողնել։ Թեթև մի բան է պետք.ինձ համար ծանր է,երբ ծանրացնում ես տառապանքները…
Շարունակի՛ր,խնդրում եմ,գոնե ուժն էլ ու վերջ…
—Ինքդ շարունակի՛ր,ավելին, սկսի՛ր։Այնպես լավ ես խոսում,քեզ մոտ հրաշալի կստացվի,հավատա՛
—Կարծում ես,որ քեզ ստորացնու՞մ եմ…
—Չէ,Նա՛ն,չէ,«Մարդու տառապանքը»,դա չափանիշ չէ…
—Ուժն էլ նկարգրի՛ր խնդրում եմ,ես չեմ կարող զգացումներս իրար կապել…
—Սիրելի՛ս,իսկ եթե մոռանանք սա,ես անզոր եմ,ինձ էլ դուր չի գալիս,հավատա՛
—Դու կարող ես,խնդրում եմ
—Լավ,ինչպես կուզես…
…
«Մա՛րդ, ի՞նչ կլիներ քեզ հետ այն ամենից հետո,եքե ուժը չլիներ,եթե դու այդքան ուժեղ չլինեիր,եթե չարհամարհեիր ցավը,եթե չափսոսայիր արցունքներդ և այդ անմեղ կաթիլները քո թուլությունը չհամարեիր։
Եվ հոգին է ուժեղ,երբ սիրտը տկար է,և հաղթանակը ուժից է սերվում,երբ թուլությունը տանում է քեզ դեպի պարտությունը։
Մարդը հաղթող է նույնիսկ պարտության պահին,եթե ուժեղ է այն կրելու համար…»
…
Երեկ Նանեն ինձ մոտ չեկավ։Ես մտածեցի,որ վիրավորել եմ նրան իմ անհարկի բռնկումով,բայց դա շատ թեթև մի բան էր,որ մենք վիճեինք…
Երբ գնացի նրա մոտ,նա սովորականից ավելի գունատ թվաց,և որովհետև վերջացրել էի…նկատեցի…
—Ի՞նչ է պատահել
—Ոչինչ
—Դու այսօր գունատ ես
—Ես վաղուց եմ գունատ
—Ինչ-որ բան ես թաքցնում
—Չէ,սիրելի՛ս, ես այդքան գեղեցիկ դեռ քեզ ոչինչ չէի պատմել,համաձայնի՛ր ինձ հետ…
—Ի՜նչ ծանր ես շնչում…
—Ուժն ի՞նչ եղավ…
Կարդացի…
—Դա էլ ինձ պետք էր
—Ի՞նձ ես մխիթարում.չէ,սիրելի՛ս,ինձ մոտ ոչինչ չստացվեց
—Քեզ մոտ ուժը ստացվեց,հենց դա էլ ինձ պետք էր
Նա վերցրեց թուղթը,որի վրա «Մարդու տառապանքն» էր…
—Թույլ կտա՞ս խմբագրել
—Հա,իհարկե
Մենք լուռ էինք։Ես անհամբերությամբ սպասում էի,թե երբ կվերջացնի գրելը…
Կարճ տևեց,նա ոչնչի երկարը չէր սիրում…
Խմբագրված՝
«Ես վախենում էի,ես կորցնում էի շատ,ինձ տիրացել էր անորոշության մոլուցքը,բայց ես ուժեղ էի…Ես քեզ սիրում եմ…»
Հ.գ.Ների՛ր,որ գնում եմ,Աստված է այդպես որոշել»։
…
Հանճարեղ է նա,ով մոռանում է իր տառապանքը…
Ես հանճարեղ չեմ…
26.12.06
Էջանիշներ