13. Կա՞ն արդյոք հակասություններ իշխանական կոալիցաիայի մեջ: Հաճախ ենք լսում «Բարգավաճ Հայաստանի» եւ Հանրապետականի մրցակցության ու հակադրման մասին, Դաշնակցությունն էլ, ահա հայտարերեց կոալիցիայից դուրս գալու մասին: Նույնիսկ «Օրինաց երկիրն» է ակտիվացել, որ թվում է, թե իր խայտառակ քայլից հետո պետք է գոնե ձայնը կտրած մնար:
Եթե դատելու լինենք միայն արտաքուստ երեւացող դրսեւորումներով, ապա պետք է մտածել, թե Հանրապետական կուսակցության ներսում արդեն ներկուսակցական պատերազմ է. վերջերս նրանց նախընտրական ցուցակի ավագանու մի թեկնածու սպանեց մյուսին: Այնքանով, որքանով նրանք միմյանցից փախցնելու, վերաբաժանելու բան ունեն, այդքանով կարող են հակասություններ ու մրցակցություն դրսեւորվել: Բայց եթե գործը հասնում է իրենց ունեցած իշխանությունը վտանգելուն, նրանք, իհարկե, միասնական են դառնում ընդդիմության դեմ: «Բարգավաճը», որի իրական տերը Ռ. Քոչարյանն է, ընդամենը մի խնդիր ունի. ապացուցել իր ուժը եւ դրանով Քոչարյանի համար ավելացնել վարչապետ դառնալու հնարավորությունը: Այնպես որ, ով ձայն տա «Բարգավաճին», նա իրականում ձայն է տալու հօգուտ Ռ. Քոչարյանին ու նրա վարչապետ դառնալուն: Հանրապետականը, որի տերը Սերժ Սարգսյանն է, պայքարում է ցույց տալու համար, որ ինքը այդ «օգնության» կարիքը չունի: Ինչ վերաբերում է Դաշնակցությունը, ապա նա, ինչպես միշտ «կողմ ըլլալով դեմ է» կամ «դեմ ըլլալով կողմ», եւ այդպես ընտրողների ինչ-որ մաս մոլորեցնելով, կարողանում է իշխանության եւ բիզնեսի մեջ պահպանել իր «փայը»: Վերջին տաս տարվա փորձով նա այդ բանը շատ լավ գիտի: Դա շատ լավ գիտեն նաեւ նրա կոալիցիոն գործընկերները, եւ «ըմբռնումով են ընդունում» Դաշնակցության բեմադրած «ազգային» թեմայով ամեն մի թատերական ներկայացում: Դաշնակցությունը, դարձյալ սեփական փորձից շատ լավ գիտի նաեւ, որ իր այդպիսի խաղերը չէին անցնում Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության շրջանում: Ինչ վերաբերում է «Օրինաց երկրին», ապա նա վերջին նախագահական ընտրություններում Արթուր Բաղդասարյանի կատարած դավաճանական ու արգահատելի քայլից հետո ոչ թե դարձավ կլոր զրո, այլ շատ ավելի ցածր: Դժվար է պատկերացնել իրեն հարգող որեւէ մեկին, որ, հիշելով այդ ամենը, կարող է ձայն տալ այս կուսակցությանը:
14. Նախագահական ընտրություններից հետո մինչեւ այսօր արդյոք ավելի չե՞ն ամրապնդվել եւ ուժեղացել իշխանության դիրքերը:
Ընդհակառակը, թուլացել են: Դա կարելի է տեսնել նրա ներքին ու արտաքին քաղաքականության հետեւյալ արդյունքներում :
1. 2008թ. մարտի 1-ին նա կրակեց խաղաղ ցուցարարների վրա՝ սպանելով 10 մարդու եւ վիրավորելով շատերին: Հազարավոր մարդկանց նկատմամբ հալածանքներ ծավալեց՝ շատերին ապօրինաբար զրկելով աշխատանքից ու նվազագույն կենսամիջոցներից՝ վաստակեց լրացուցիչ ատելություն: Քաղաքական բանտարկյալների նկատմամբ հարյուրավոր զավեշտական դատավարություններով վարչախումբը խայտառակել է պետության իրավապահ ու դատական համակարգը եւ ապացուցել իր արհամարհանքը օրենքի եւ օրինականութայն նկատմամբ: Ամեն օր խախտվել են հարյուրավոր մարդկանց տարրական իրավունքները: Երբ ամբողջ աշխարհում տնտեսական ճգնաժամի պայմաններում ապրանքների աննախադեպ էժանացում է, Հայաստանում շարունակում են բարձրանալ գները: Խորանում է մարդկանց աղքատացումը, մյուս կողմից՝ շարունակում են ավելի հարստանալ վարչախմբի տնտեսական հիմք հանդիսացող օլիգարխները եւ պաշտոնյաները: Այսպիսով՝ վարչախումբը ձախողվել է ներքին քաղաքականության բնագավառում եւ խորացրել հասարակության սոցիալական բեւեռացումը, իր դեմ է տրամադրել նորանոր սոցիալական խմբերի:
2. Եթե Ռ.Քոչարյանը միակ հայ պաշտոնյան ու միակ հայ մարդն էր, որ հրապարակավ հայտարարել էր, թե Հայաստանը Թուրքիայից հողային պահանջներ չունի, ապա նրա հաջորդ Ս. Սարգսյանը մի քայլ առաջ է գնացել՝ համաձայնելով 1915թ. իրադարձությունների ուսումնասիրման ու գնահատման համար հայ եւ թուրք պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի առաջարկին: Դրանով նա դարձավ առաջին հայ պաշտոնյան ու առաջին հայ մարդը, որ փաստորեն կասկածի տակ դրեց, ուրացավ Հայոց ցեղասպանությունը: Ինչպես ժամանակին Ռ. Քոչարյանը, այնպես էլ հիմա Ս. Սարգսյանը այդ բանն արեցին արտաքին ուժերի պահանջով՝ ամրացնելու համար իրենց ոչ լեգիտիմ իշխանությունը: Ծանր կորուստ ունենք Լեռնային Ղարաբաղի հարցում. Լեռնային Ղարաբաղի՝ միանգամայն անկախ եւ ինքնուրույն 20-ամյա միջազգային խնդիրը նա դարձրեց խնդիրների մի ընդհանուր փաթեթի մաս՝ կապվելով այն հայ - թուրքական նույն այդ «պատմաբանների հանձնաժողովի» եւ պետական սահմանի բացման հետ: Այժմ այդ երեք հարցերը կարող են լուծվել միայն միաժամանակ՝ փաթեթով: Դրանով իսկ, ի վնաս հայկական կողմի, Թուրքիան դարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեջ կարեւոր դերակատար: 15 տարուց ավելի Ադրբեջանը եւ Թուրքիան անհաջող պայքարում էին այդ նպատակին հասնելու համար, այսօր նրանց ուզածը սկուտեղի վրա որպես նվեր մատուցեց Սերժ Սարգսյանը: Թե ինչ հետեւանքներ դա կարող է ունենալ Ղարաբաղի համար, ակնհայտ է: Այսինքն՝ վարչախումբը տանուլ է տվել, ծանր կորուստներ ունեցել արտաքին քաղաքական ասպարեզում, կորուստներ, որոնք ոչ միայն Հայաստանին են վերաբերում, այլ ամբողջ հայությանը:
3. Դրան հակառակ՝ մեծացել է Հայ Ազգային Կոնգրեսի քաղաքական կշիռը: Չնայած գործադրած ահռելի ջանքերին, վարչախմբին չհաջողվեց ճնշել կամ նվազեցնել իր դեմ ծառացած համաժողովրդական շարժումը: Նրա կողմնակիցների բանակը համալրեցին արդեն իսկ 2008-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրութույունների ընթացքում կատարված վայրագությունների ականատես ու դրանք չհանդուրժող հազարավոր քաղաքացիներով: Շարժմանը միացան կեղծ ընդիմադիր ուժերի կողմից մոլորված ու նրանցից ծանր հիասթափություն ապրած հսկայական զանգվածներ: Չնայած աննախադեպ բռնաճնշումներին, միասնական ընդդիմությունը ոչ միայն չքայքայվեց, այլեւ համախմբվեց «Հայ ազգային կոնգրես» դաշինքում, որին բացի շուրջ երկու տասնյակ քաղաքական ուժերից, անհատապես անդամագրվեցին մի քանի տասնյակ հազար քաղաքացիներ: Այսօր Հայաստանում, առավել եւս նրա մայրաքաղաք Երեւանում ընդդիմությունը՝ ի դեմս Հայ Ազգային Կոնգրեսի, ունի ձայների գերակշիռ մեծամասնությունը, ընդհուպ 75-80%-ը: Հայաստանի անկախության շրջանում առաջին անգամ ընդդիմությունը հանդես է գալիս որպես մեկ միասնական ուժ, իսկ իշխանությունը բաժանված է մի քանի մասերի:
15. Այս 10-11 տարվա ընթացքում ծավալված ապօրինությունների մթնոլորտում ոչ միայն մանր ու միջին բնզնեսի ներկայացուցիչներ, այլ նաեւ տասնյակ հազարավոր սովորական քաղաքացիներ՝ երբեմն ստիպված, օրվա ապրուստը հայթայթելու համար, ինչ-որ գործարքների են գնացել իշխանության մարմիների կամ պաշտոնյաների հետ: Այսօր իշխանությունները նրանց ներշնչում են, որ ընդդիմության հաղթանակի դեպքում նրանք կկորցնեն իրենց ձեռքբերածը կամ պատասխանատվության կենթարկվեն:
Այո, դրանով նրանք նաեւ փորձել են ինչքան հնարավոր է շատերին «կապել» իրենց հետ: Կոնգրեսը իշխանության չի գալիս Հայաստանը համատարած դատավարությունների ու պատիժների թատերաբեմ դարձնելու համար: Կան բազմաթիվ իրավական ճանապարհներ այդօրինակ խնդիրները հօգուտ քաղաքցու լուծելու համար, եթե, իհարկե, դրանից անմիջապես չի տուժել մեկ այլ քաղաքացի: Իսկ, դրանից դուրս, դատավարությունների եւ արդարություն վերականգնելու համար այնքան շատ են պարտակված ու չբացահայտված ծանր հանցագործությունները, այդ թվում նաեւ խոշոր օլիգարխների ու պաշտոնյաների ահռելի չափերի հասնող կողոպուտը, որ իրավապահ մարմինների համար անսպառ գործ կա: Բայց նաեւ այս վերջին դեպքերում պատասխանատվությունը պետք լինի օրինական եւ իրավական, դատական կարգով ապացուցված:
16. Նկատի ունալով Լեռնային Ղարաբաղի եւ հայ-թուրքական հարաբերությունների խնդրում ձախողումները, կարելի՞ է ասել, որ ինչպես իր ժամանակ Ռ. Քոչարյանը, այնպես էլ նրա հետեւորդ Ս. Սարգսյանը հօգուտ Ադրբեջանի եւ Թուրքիայի լուծել են այնպիսի կարեւոր հարցեր, որ դժվար կարողանային անել անգամ այդ երկրների հանճարեղ գործակալները:
Ճիշտ է: Բայց հազիվ թե նրանք գործակալներ են: Թեկուզ այն պարզ պատճառով, որ իրենց մտավոր ունակություններով շատ հեռու են հանճարեղ լինելուց: Դրա բացատրությունը շատ պարզ է. այն, ինչ կարող է իր երկրի (տվյալ դեպքում՝ Ադրբեջանի, Թուրքիայի) համար անել նրանց հանճարեղ գործակալը, նույնը կարող է անել հակառակորդ երկրի (տվյալ դեպքում՝ Հայաստանի) որեւէ սրբություն չճանաչող դավաճանը:
17. Արդյո՞ք պատասխանատվությունը պետք է դնել միայն այս երկու անձի կամ միայն Հանրապետական կուսակցության վրա:
Բացարձակապես ոչ: Դրա համար հավասարապես պատասխանատու են վերջին 10 տարում կոալիցիոն կառավարությունների մաս կազմած բոլոր քաղաքական ուժերը. «Բարգավաճ Հայաստանը, Դաշնակցությունը, «Օրինաց երկիրը»: Դրա համար պատասխանատու են այն, այն կուսակցությունները եւ գործիչները, որոնք, իբր, պայքարել են վարչախմբի դեմ, սակայն իրականում վարչախմբի կողմից վարձված են եղել ընտրություններում ժողովրդին մոլորեցնելու, իրական ընդդիմության ձայները խլելու համար: Դրա համար պատասխանատու են իրենց «հայրենասեր» կեմ «ազգային» համարող այն մտավորականները, որոնք ժամանակին վայնասուն էին բարձրացնում նույն Ղարաբաղի, Թուրքիայի հետ հարաբերությունների ու Ցեղասպանության թեմայով, իսկ այսօր երբ դրանցից մեկն ակնհայտ ծախվել, ուրացվել է, իսկ մյուսը նույն ճանապարհին է, լլկվել, ձենները կտրել են՝ կա°մ իրենց ստացած շքանշանների խաթեր, կա°մ իրենց նետված ուտելիքն ու ձեռքբերած բիզնեսը չկորցնելու մտահոգությամբ:
18. Այս ընթացքում շատ խոսվեց Հանրապետական կուսակցության կողմից դպրոցներում եւ այլ հիմնարկներում հավաքած «100%-անոց ցուցակների, անձնագրերի պատճենների հավաքելու, «Բարգավաճի» կողմից ընտրակաշառք բաժանելու, լրացուցիչ անձնագրերի եւ բազմաթիվ այլ ընտրախախտումների մասին: Նրանց այդ ծավալի աշխատանքը չի նշանակում, որ ընտրությունների ելքը կանխորոշված է հօգուտ իշխանության:
Դրա մեծագույն մասը պարզ բլեֆ է: Այս կուսակցությունները չեն կարող իրենց ակտիվին լծել նորմալ քարոզչական աշխատանքի: Նախ՝ որովհետեւ ասելու բան չունեն, երկրորդ՝ որովհետեւ քարզչության համար ունակ մարդիկ չունեն: Մարդկանց ցուցակներ կազմելով, ստորագրություններ ու անձնագրեր հավաքելով, աժիոտաժ ստեղծելով, նրանք նախ ուզում են իրենց թիմին «գործ» տալ եւ մոբիլիզացիոն վիճակ ստեղծել, որ այդ թիմը չհուսալքվի, անգործության չմատնվի ու չքայքայվի: Երկրոդ՝ հույս ունեն, որ այդ ամենը հոգեբանական նշանակություն կունենա «ցուցակագրված» ընտրողների վրա եւ նրանց մի մասը, «շառից հեռու», կքվեարկեն իրենց օգտին: Իրականում ինչպիսի ցուցակներում էլ ընդգրկված լինի ընտրողը, որտեղ էլ ստորագրած լինի, անձնագրի քանի պատճեն էլ տված լինի, որքան ընտրակաշառք էլ ստացած լինի, միեւնույն է՝ քվեարկության պահին նրա ձայնը անհնար է վերահսկել, ու նա, առանց որեւէ մտավախության կարող է քվեարկել իր խղճի թելադրանքով:
19. Ինչպե՞ս պետք է պահեք ձայները:
Վերջին նախագահական ընտրություններում իշխանությունը հստակ խնդիր էր դրել այնպես կեղծել ընտրությունները, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտնվի 4-րդ, ամենաշատը 3-րդ տեղում: Նա արեց գործնականում ամեն ինչ, բայց չկարողացավ հասնել իր նպատակին. Երեւանում ստիպված եղավ Լեւոն Տեր-Պետրոսյանի համար պաշտոնապես արձանագրել 30% ձայն: Այսինքն կեղծիքներն ու ապօրինություններն էլ ինչ-որ սահմանից այն կողմ չեն կարող անցնել: Հիմա Լեւն Տեր-Պետրոսյանը եւ նրա ղեկավարած Հայ Ազգային Կոնգրեսը շատ ավելի ձայն ունի եւ կրկնակի հզոր է այն թիմը՝ շուրջ 3000 հոգի, որոնք որպես հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ ներկա են լինելու տեղամասերում: Եթե դրան գումարվի ընտրողների ակտիվությունը, ապա հաղթանակի արձանագրման խնդիրը կարելի է լուծված համարել նույնիսկ նույն ծավալի ընտրակեղծիքներից հետո: Հասարակության մեջ սերմանվող ամեն մի կասկած, հուսալքություն եւ անտարբերություն աշխատում է վարչախմբի օգտին:
Աշոտ Սարգսյան
ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ
Էջանիշներ