շարունակություն
Արքայազնը հեծնեց իր սպիտակաշականագույն նժույգն ու ճանապարհ ընկավ: Բայց որովհետև ճանապարհը շատ երկար էր, հենց հասավ ալպիական դաշտին կանգնեց: Որ կանգնեց, ձիուց իջավ: Որ ձիուց իջավ, որոշեց պառկել խոտերի մեջ: Որ խոտերի մեջ պառկեց, որոշեց քնել: Որ քնեց, որոշեց հիշել իր մանկությունը ու երազ տեսավ....
***
Տարիներ առաջ էր: Ինքը փոքրիկ արքայազնիկ էր, մի շատ սիրունիկ ու համով երեխա, որ ով տեսնում էր, կարծում էր, թե աղջիկ ա, հետո տրուսիկն իջացնում ու զարմացած էր մնում: Հա, ուրեմն մեր արքայազնը տղա էր, ինչպես մնացած բոլոր արքայազները: Ուներ սև մազեր ու շականագույն աչքեր ու սովորական քիթ: Դե ինքը համով, ուտելու երեխա էր, հեչ պետք չէր, որ ոսկեհեր լիներ, կապույտ աչքեր ունենար, արծվաքիթ լիներ, որ սիրուն համարվեր: Առանց դրա էլ տեսնում էիր թե չէ, ուզում էիր բռնեիր ուտեիր:
Եվ ուրեմն մեր Արքայազնն ապրում էր իր թագավորական պալատում ու նաև իր երազած աշխարհում: Էդ աշխարհը շատ լավն էր: Այստեղ բոլոր շրջապատողները այնքան լավ ու հարազատ մարդիկ էին, որ փոքրիկ արքայազնը մտածում ու հասկանում էր, որ երբևէ ավելի երջանիկ լինել չի ուզի: Ու մի օր մեր արքայազնը սիրահարվեց...
Աննման աղջիկը երկնքից իջած հրեշտակ էր: Ինչպես բոլոր հրեշտակներն, էնպես էլ էս մեկն ուներ սպիտակ ու թափանցիկ թևեր, ուներ սպիտակ մաշկ, նուրբ էր ու եթերային: Արքայազնը նստում էր, իր մռութիկ դեմքը դնում էր թաթիկի վրա ու երազանքով նայում էր մեր հրեշտակին: Իսկ հրեշտակը էն հպարտ հրեշտակներից էր, որ ժպտում էր բոլոր մարդկանց անխտիր, բայց երբեք ոչ նրան, ով իրեն սիրում է:
Արքայազնի արքունիքում էին ապրում նաև հայտնի ավազակները: Սրանք վեցն էին, կեղտոտ դեմքերով, անլվա ձեռքերով, չսանրված մազերով, տգեղ ու գեշ տղաներ, ովքեր անում էին ինչ ուզում են, երբ ուզում են, ոնց ուզում են: Ոչ մի արքայազն ու ոչ մի արքա սրանց հախից չէր կարողանում գալ:
Այս ավազակներից մեկը մեր հրեշտակի եղբայրն էր: Մեջներից ամենալվացված ու բարի տղան, բայց դե ինքն էլ էր մյուսների նման ավազակ: Վեց ավազակները սիրում էին անել այն, ինչը երբեք ուրիշ մարդիկ, ոչ արքայազնները, ոչ սովորական մահկանացուները չէին անի:
Ամեն առավոտ մեր արքայազնը վեր էր կենում, լվացվում էր, լվանում էր ատամները, սանրում մազերը, գեղեցիկ հագնվում էր (իր արքայական շորերն) ու իջնում պարտեզում նստում, սպասում էր հրեշտակին: Հետո գալիս էր հրեշտակը ու պարտեզում վարդերի հետ ուրախ խաղում էր: Արքայազնն էլ նստած երազանքն աչքերին նայում էր հրեշտակին ու երջանիկ էր: Իսկ այդ ընթացքում ցանկապատի ետևից վեց ավազակները աչքները սրած նայում էին հրեշտակին ու արքայազնին ու թաքուն ինչ-որ ծրագիր էին գծում:
Հերթական օրն էր:
Արքայազնը սիրուն հագնվեց, լվացվեց ու իջավ պարտեզ: Նստել ու սպասում էր, իսկ հրեշտակը չկար: Արքայազնի սիրտը խփում էր ավելի արագ, քան երբևէ: Փոքրիկ, յոթնամյա արքայազնը հուզվում էր, երբ հանկարծ հարևան դղյակի նկուղից մի թույլ բղավոց լսեց: Արքայազնը վախեցավ ու ուզեց փախնել: Բայց հանկարծ մտածեց, որ գուցե իր հրեշտակն է այնտեղ բղավում: Արագ կապեց խաղալիք թուրն ու գնաց սլացավ կողքի դղյակ, իջավ նկուղ: Այնքան արագ էր գնում, որ ճանապարհին գլորվեց, բայց տեղ հասավ:
Չէր սխալվել:
Դղյակի նկուղում վեց ավազակներն էին ու իր գեղեցիկ հրեշտակը: Արքայազնը ամոթից աչքերը փակեց, բայց ուշ էր: Ու ինքը չգիտեր թե ինչ աներ: Իր հրեշտակը, իր այդ հրաշքը մերկ էր, առանց շորերի ու վախեցած... խեղճը ձեռքերով փորձում էր ինքն իրեն փակել, իսկ ավազակները երջանիկ ու կեղտոտ դեմքերով, խանդավառված աչքերով նայում էին հրեշտակին:
Արքայազնը վախենում էր ավազակներից, բայց ուրիշ ելք չկար: Մերկացրեծ իր թուրն ու առաջ սլացավ: Ավազակները անակնկալի եկան, բայց անմիջապես մերկացրին իրենց թրերն ու մի կատաղի ճակատամարտ էր: Արքայազնը իր կյանքում առաջին անգամ պարտվեց. հակառակորդը ավելի մեծաթիվ էր: Բայց հրեշտակն այդ ընթացքում փախավ, հագնելով իր շորերը:
Արքայազնի քթից ու գլխից արյուն էր հոսում, բայց ինքը ցավ չէր զգում: Զգում էր միայն վիրավորվածություն ու կատաղություն: Ավազակները փախան: Արքայազնը վեր կացավ, թափ տվեց իր շորերը, մաքրեց արյունն ու դուրս եկավ: Դրսում նրա դիմաց ելավ վեցերորդ ավազակը՝ հրեշտակի եղբայրը:
- Կանգնի՛ր, - բղավեց արքայազնը, - ու հիմա ասա, թե այդ ինչպես հանդգնեցիր:
Ավազակը շփոթվեց ու կանգնեց ու սկսեց պատմել: Արցունքն աչքերին ասում էր, որ ինքը մեղք չունի, որ մյուս հինգ ավազակներն են իրեն համոզել, որովհետև միշտ երազել են տեսնել առանց հագուստի հրեշտակ, ու իրեն նախանձել, որ ինքը, լինելով նրա եղբայրը, տեսել է: Ու այս մի ավազակը ստիպված է եղել հրեշտակին խաբելով համոզել, բերել նկուղ ու մերկացնել, որպեսզի մյուս հինգ ավազակներն էլ իրենից նեղացած չլինեն:
Արքայազնը ջղայնացավ: Չներեց ավազակին: Ու թրի շեշտակի հարվածով մի լայն սպի թողեց ավազակի դեմքին ու ասաց. «քեզ եմ նվիրում կյանքդ, բայց այլևս երբեք չհանդգնես վիրավորել քրոջը»:
Ու տխուր տրտում արքայազնը գնաց պարտեզ: Հրեշտակը չկար:
Արքայազնի գնաց պալատ ու փորձեց քնել, բայց չստացվեց:
Առավոտյան գնաց պարտեզ: Հրեշտակը չկար:
Մտածեց, որ հիվանդ է հրեշտակն ու լաց եղավ:
Հրեշտակը չկար:
Հետո իմացավ որ հիվանդ չի, կողքի պարտեզում է վարդերից հոտ քաշում:
Արքայազնը նորից արտասվեց:
Հետո գնաց ու գտավ հրեշտակին. «Ինչու՞ չես գալիս մեր պարտեզ», - հարցրեց արքայազնը: «Դու իմ եղբոր դեմքին սպի ես թողել», - պատասխանեց հրեշտակը, - «այլևս չհամարձակվես իմ հետ խոսել»:
Արքայազնը տխուր հեռացավ:
Ամեն առավոտ նա զարթնում ու գնում էր պարտեզ ու մենակ նստած սպասում էր, որ հրեշտակը կգա: Հրեշտակը չէր գալիս:
Անցավ մեկ տարի: Մեկ տարի անց հրեշտակն եկավ ու արաքայազնի սիրտը դրախտային թռչունի պես սկսեց ճախրել: Նրա աչքերից հոսում էին արցունքներն ու ուրախ նայում էր հրեշտակին:
Հրեշտակը մոտեցավ... կանգնեց: Նայում էին իրար: Հանկարծ հրեշտակը համբուրեց արքայազնի այտն ու ասաց.
- Ես ընդմիշտ գնում եմ այս երկրից, էլ ինձ չես տեսնի: Ներիր: Ես ուշ հասկացա:
Ու գնաց:
Արքայազնը էլ երբեք չտեսավ հրեշտակին...
շարունակելի
Էջանիշներ