Անավարտ հեքիաթ կապուտաչյա արքայազնի մասին
Ժուկով ժամանակով մի արքայազն էր ապրում: Էս արքայազնը էնքան սիրուն էր, որ չուտեիր, չխմեիր, մենակ նստեիր ու իրան նայեիր:
Երևի էլի խառնեցի, այդպես էլ չեմ կարողանում հեքիաթ պատմել սովորել: Սովորաբար հեքիաթներում արքայադուստրն է այդքան սիրուն լինում: Բայց մեր հեքիաթը պետք է շատ բարի ու գույնզգույն հեքիաթ լինի, այնպես որ եկեք թող մեր արքայազն էլ ադյքան սիրուն լինի:
Ուրեմն այս արքայազնը ոսկեհեր էր ու կապուտաչ, սպիտակամաշկ էր ու ուներ կեռ քիթ... չէ, հայկական չէ: Ուղղակի կեռ, չգիտեմ թե ինչպես նկարագրեմ, մի տեսակ արքայական, էլի: Հագնում էր գեղեցիկ ու վառ հագուստ ու սիրուն-սիրուն սուր ծայրով կոշիկներ: Բայց այդ կոշիկները այն սև, ծիծակ կոշիկներից չի, որ կարելի է հանդիպել օրինակ Երևանի ծայրամասերում: Չէ, այդ կոշիկները սպիտակ էին, կարմիր նախշերով, հարմար ու գեղեցիկ:
Ու քանի որ մեր արքայազնը այսքան սիրուն էր, ու հերիք չի սիրուն էր, դեռ շատ խելոք էր, հերիք չի խելոք էր կրթված էր, տասը լեզու գիտեր, հրաշալի երգում էր, ամբողջ աշխարհում իր նման պարող չկար, բանաստեղծություններ էր գրում, հրաշալի ձի էր հեծնում ու ընդհանրապես աշխարհի ամեն լավի մարմնացումն էր, ուրեմն իր համար մեր հեքիաթում պետք է գտնել համապատասխան արքայադուստր:
Մենակ մի բանն էր վատ: Այն երկրում, որտեղ մեր արքայազնը ապրում ու արքայազնում էր, կար մի կանոն. բոլոր այն արքայազները, ում բեղատեղը սկսում է սևանալ (մեր արքայազնի դեպքում շեկանալ, քանի որ շիկահեր էր), պետք է գնար օտար ամայի երկիր՝ փորձութունների:
Էս արքայազնի բեղատեղը որ սկսեց սևանալ.. կներեք, շիկանալ, խեղճ տղան խառնվեց իրար: Գնաց իր արքա հոր դարակները քրքրեց ու մի հին ածելի գտնելով այդ բեղերը թրաշեց: Բայց բեղերը համառ էին, նորից թրաշեց, նորից աճեցին, նորից թրաշեց: Բայց դե ինչքան պետք է թաքցներ... մի օր այնպես ստացվեց, որ իր մանկության ընկերը տեսավ իր շիկացած բեղատեղն ու ասաց.
- Ահա, քեզ ուղարկում ենք օտար ամայի երկիր՝ փորձությունների:
Ու հեծնեց արքայազնը իր սպիտակ նժույգը... դե սպիտակ չէր, շականագույն էր, բայց մեր հեքիաթը սպիտակով ավելի սիրուն կլինի: Ուրեմն հեծնեց արքայազնը իր սպիտակ նժույգը ու գնաց ճամփորդության:
շարունակելի
Էջանիշներ