Ինտերնետային սոցիալական ցանցերը ոչ միայն հին ծանոթներին գտնելու, նրանց հետ շփվելու եւ կամ էլ ժամանց անցկացնելու միջոց են, այլ նաեւ սպանության առիթ:
Գյումրու 17-ամյա բնակիչ Տիգրան Թադեւոսյանն իր համաքաղաքացի Լիդա Եդիգարյանի հետ շփվում էր odnoklasniki.ru կայքի միջոցով:
Նրանց միջեւ երկխոսության ընթացքում Տիգրան Թադեւոսյանն իր խոսքում օգտագործել է «գնա, ես քո …» արտահայտությունը: Հենց այս արտահայտության պատճառով աղջկա հարազատները դաժան ծեծի են ենթարկել Տիգրանին: 12 օր հետո Տիգրանը մահացել է:
Ապրիլի 14-ին ժամը 17:30-ի սահմաններում Տիգրանի հարազատներին է զանգահարել նրա հետ պարապող Լիդա Եդիգարյանը եւ հայտնել է, որ Տիգրանը ծեծի է ենթարկվել եւ գտնվում է Գյումրու Անի թաղամասի ոստիկանությունում:
Տիգրանի հորեղբոր կինը` Անիչկա Թադեւոսյանը պատմում է, որ ոստիկանությունում հանդիպեցին կիսակենդան տղային, ում երկու ոստիկաններ մեծ դժվարությամբ էին նստած պահում. «Երբ ներխուժեցի ոստիկանություն (քանի որ ինձ ներս չէին թողնում) տեսա ամբողջ դեմքն ու գլուխը ջարդված, անգույն ու մահու չափ սարսափ ապրած երեխային: Առաջին հարցս եղավ.
-Տիգրան, ո՞վ է քեզ ծեծել:
Երեխայի փոխարեն ինձ պատասխանեց հավանաբար բաժնի պետ ոմն Աշոտ Թափալդյան, ասելով, թե քուր ջան էրեխէն սոված է եղել ու վայր է ընկել: Այդ ընթացքում Տիգրանին օգնություն էր ցույց տվել նաեւ շտապ օգնության անձնակազմը, որը եւս պնդեց ոստիկանի վարկածը: Բուժքույրը նաեւ ավելացրեց, որ իրենք ներս են գցել Տիգրանի դուրս ընկած թեւը, իսկ մնացածը լուրջ բաներ չեն, կարող ենք երեխային տուն տանել»:
Ոստիկանական բաժանմունքում Տիգրանի մայրը` Ջավահիր Սերոբյանը, բացատրագիր է թողնում այն մասին, որ Տիգրանը վայր է ընկել աստիճաններից: Տիկին Սերոբյանը նշում է, որ իր այդ բացատրագիրը միտված էր ազատվելու ոստիկանական ավելորդ եւ ձեւական հարցաքննություններից:
«Այդ պահին իմ միակ անհանգստությունը տղայիս կյանքը փրկելն էր: Եւ հետո ես տեղի ոստիկանության պատասխանատուներին չէի վստահում, որովհետեւ նրանք ծեծված երեխային չէին տարբերում ընկածից: Բացի այդ, մարդասպաններից մեկը Մ. Թադեւոսյան անունով ոստիկան հարազատ ուներ, ինչն էլ հիմնավորում էր մեր անվստահությունը»,-ասաց տղայի մայրը:
Տունդարձի ճանապարհին` մեքենայի մեջ, Տիգրանը պատմում է մորը, որ իրեն ծեծել են 4 երիտասարդներ` Սերգեյը, Սամվելը, Վալերիկը եւ Էդգարը, իր հետ պարապող ինտերնետային ընկերուհու` Լիդա Եդիգարյանի հրահրմամբ: Նա պատմել է նաեւ, որ փորձել է փախչել, բայց երիտասարդները տաքսիով ընկել են հետեւից, բռնել են եւ խմբակային ծեծի են ենթարկել:
Սա իմանալով` Տիգրանի հարազատները նրան տեղափոխել են Գյումրու «Ճերմակ» հիվանդանոց, որտեղից էլ հիվանդին անշարժացնելով ուղարկել են Երեւանի Միքայելյանի անվան բժշկական կենտրոն: Այստեղ Տիգրանը դիմակայել է եւս 10 օր: Այդ ընթացքում հիվանդանոց են այցելել Տիգրանին ծեծողների հարազատները` 7 հոգանոց խմբով: Տիգրանը նշել էր իր այցելուներից մեկի`Գայանեի որդու` Սերգեյի անունը, որպես առանձնակի դաժանությամբ եւ ագրեսիայով հարձակվողներից մեկը:
Հարձակվողների հարազատներն ասել են, որ իրենք պատրաստ են ամեն ինչ անելու տղայի կյանքը փրկելու համար եւ խնդրել են չբողոքել` թողնելով 150.000 (հարյուր հիսուն հազար) դրամ եւ 200 (երկու հարյուր) ԱՄՆ դոլլար` ասելով, որ կրկին կայցելեն:
Այդ ընթացքում Միքայելյան բժշկական կենտրոն են ժամանել նաեւ տեղի ոստիկանական բաժանմունքի երկու ոստիկան, ովքեր հորդորել են Ջավահիր Սերոբյանին բացատրագրից հանել «ոստիկանություն» բառը եւ գրել, որ տղային վերցրել են փողոցից. «Երբ նրանք եկան, սկսեցին մեղադրել Գյումրու ոստիկանությանը, որ թերացել է իր աշխատանքում, բայց, 10 րոպե չանցած, նրանցից մեկը հեռախոսազանգ ստացավ Գյումրիից: Զանգից անմիջապես հետո ասացին, որ չեն ուզում իրենց գյումրեցի կոլեգաներին վատություն անել: Խնդրեցին, որ գրեմ, թե երեխայիս փողոցից եմ վերցրել»,- նշում է Տիգրանի մայրը, ով, ենթարկվելով հոգեբանական ճնշումների, ստորագրել է ոստիկանների ձեռքով գրված ցուցմունքի տակ:
Ապրիլի 26-ին` երեկոյան 17:40-ին, Տիգրան Թադեւոսյանը Միքայելյանի անվան բժշկական կենտրոնում մահացավ:
Ըստ կենտրոնի վիրահատական բաժնի 27.04.09-ին տրված ախտորոշման Տիգրան Թադեւոսյանն ստացել է ծանր գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի սալջարդ աջ քունքային շրջանում, սուբարախնոիդալ արյան զեղում ծոծրակային եւ քունքային շրջաններում, գլխուղեղի այտուց:
Ապրիլի 28-ին Տիգրան Թադեւոսյանի մայրը եւ հորեղբոր կինը նոր հայցադիմումով հանդես են եկել Շիրակի մարզի Գյումրու ոստիկանության բաժանմունք, որտեղ էլ դեպքի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել:
Ըստ մայիսի 10-ի տվյալների Գյումրու ոստիկանությունը բերման է ենթարկել հարձակվողներից Սամվելին (Լիդա Եդիգարյանի ընկերոջը), ով չի խոստովանել իր մեղքը:
Գյումրու ոստիկանության բաժանմունքի պետ Շ. Շահնազարյանը մեզ հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ արագ եւ ծավալուն աշխատանքներ են տարվում բոլոր հանցագործներին ձերբակալելու համար: Մնացած մանրամասները բաժանմունքի պետը խոստացավ հայտնել օրվա երկրորդ կեսին:
Էջանիշներ