ՄԱՀՎԱՆ ՏԵՍԻԼ
Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ...
ՍԻԱՄԱՆԹՈ
ՄՈՒՏՔ
Քերթության ոլորապտույտ ճանապարհներով
Անհանգըրվան անցած տարիներ երկարաձիգ,
Սիրտս կիզած բազում արևների հրով,
Խուսափելով ընդմիշտ երգերից դյուրածին,
Ահա զգում եմ ինձ կրկի՛ն անօգնական,
Ահավորված, ինչպես բարձր լերան առջև -
Որի ոլորտներով կրկի՛ն պիտի գնամ,
Եվ չգիտեմ՝ ընկնե՞մ պիտի արդյոք, թե՞ վաստակած հանգչեմ...
Արդ՝ մանուկ եմ ես նորից, ե՛ւ անուժ, ե՛ւ դողահար,
Անհամարձակ, ինչպես աշակերտ, ուժերիս ու գրչիս անվստահ,-
Լեզվիս վրա կսկիծ, ե՛ւ ջերմություն, ե՛ւ վահր՝
Աչքերս հառել եմ անցյալին՝ ապագայի նժույգը նստած:-
Ձե՛զ եմ հառել աչքերըս, ո՜վ անցյալի վսեմ քերթողահայրե՛ր,
Գագաթնե՛ր Մտքի ու Հանճարի և Քերթության պետե՛ր,-
Քե՛զ, անհույզ, մարմարյա Հոմերո՛ս, որ երգել ես հերոսների մահը,
Սակայն խաղա՜ղ սրտով, մի մանկական հեքիաթ իբրև թե:-
Եվ քե՛զ, լատինական փառքի հռչակը ավետող
Ո՜վ դյուցազնական և բարբարոս Վիրգի՛լ,
Որ ընթացել ես թեև հելլեն հանճարների սրբագործած հետքով,
Սակայն ինքնահուն է եղել պղընձյա արշավանքը երգիդ:
Եվ քե՛զ, արեգակնական հանճար, շռայլորեն փարթամ Ֆիրդովսի՜,
Բազմաբղետ, ինչպես Արևելքը, գանձերով ու արկածներով հարուստ,
Որ հանճարիդ այնքա՜ն անայլայլ և իմաստուն լույսով
Ներբողել ես շահերի սխրությունները սին, իբրև ուղի անմեռ, որ տրվում է վերուստ...
Սակայն բոլորդ միասին թվում եք ահավասիկ
Ապագայով լեցուն աչքերիս, որ անցյալին եմ հառել ահալի,-
Ո՜վ դուք, զառամյալ մանկության հիշատակներ վսեմ,-
Այնքա՜ն թոթովախոս ու միամիտ...
Ձեր երգը միամիտ մանկության և ոգու երջանիկ անգիտության,
Եվ կարծեցյալ փառքի, և ճորտության դժնի,
Բայց և հանճարափայլ պարգևն էր՝ մեզ տրված
Հի՜ն դարերի տքնությունից ազնիվ:-
Այլև ներբողել է ձեր երգը հերոսություն ու փայլ,
Խիզախների վսեմ արշավանք և այրերի դաշինք,
Նշել է քերթության լուսազարդ ճանապարհ,
Փառք անմահական՝ բազմած մարմարիոնյա նժույգների բաշին:-
Բայց անցյալը այն, այն ուղին, այն ճանապարհը չարչարանաց,
Որին ես ահավասիկ ուզում եմ մոտենալ -
Չէ՛ լյառ հերոսության, կամ վեհության ուղի, կամ փառքի ճանապարհ,
Կամ իմաստության պարտեզ, կամ ոգորում ոգու, կամ տքնություն անահ...
Եվ այն տեսիլը, որ՝ տարիներից հառնած՝
Ծառացել է ահա իմ վարանոտ ու զարհուրյալ հայացքների դեմ -
Ո՛չ փառքի գագաթ է խոստանում, ո՛չ Քերթության Պառնաս,
Ո՛չ անգամ փողփողյալ տողերի անմրցելի հանդես:-
Այդ տեսիլը դժնի է և ժանտաժանտ, անփայլ է և գոսնական,
Եվ զարհուրելի է, ինչպես զառանցանք, և անիմաստ է հավետ,-
Ո՜վ անցյալի պայծառ քերթողներ, ձեր երգը հերոսական
Թող դարերի՛ն մնա ձեր հեռավոր, ձեր օրերի՛ն անէ:-
Ձեր մարմարիոնյա և դաշն դեմքերի փոխարեն,
Իբրև վարպետ միակ, իբրև անկաշառ մարգարե -
Ահավասիկ հառնում է մռայլ միջնադարից
Եվ կանգնում է դեմս, ո՜վ տառապյալ հանճար, քո կերպարանքը քարե:-
Անցյալի արնակարմիր տեսիլներից շշմած հայացքներիս հանդեպ,
Որ ուղեցույց են հայցում, ե՛ւ առաջնորդ արդար, ե՛ւ կորովի հանճար -
Պատկերելու համար Անցյալի խավարից հառնած զարհուրանքը -
Դժոխքի դժնի մշուշից բարձրանում է ահա քո դեմքը բազմաչարչար...
Զարհուրանքի սովոր աչքերով, որ խորն են ու գերող,
Դու նայում ես ահա ոգուս խորքը, երկա՜ր նայում ես ոգուս խորքը,-
Եվ բռնում ես ձեռքս, որ ինձ առաջնորդես մռայլ ուղիներով,
Ինչպես Վիրգիլը լուսավոր, որ ցույց տվեց մի օր քեզ երկնային դժոխքը:-
Ահավասիկ գնում ենք քեզ հետ միասին, աշակերտ ու վարպետ,
Քերթության թոթովախոս մանուկ և այր բազմավաստակ,
Մեր խոհերով, մեր կյանքով, մեր երգերով անհունորեն տարբեր,
Բայց և հարազատ ու արնակից, իբրև միևնո՛ւյն մարդկության երկու տարբեր հասակ:-
Ընկնում ենք քեզ հետ միասին մենք ճանապարհ երկար,
Եվ մեր առջև ահա իր հորձանքն է ձգում արնափրփուր մի գետ,
Որ բաժանում է դժնի անցյալից այս լուսավոր ներկան,-
Եվ մենք նստում ենք Մտածումի նավը, որ նավարկենք քեզ հետ:-
Գնում ենք ահավասիկ քեզ հետ Քերթության ու Խոհի դժվար ճանապարհով
Դեպի ափը դեմի՝ ամե՛ն հույս ու հավատ թողնելով այս ափին,
Եվ Մտածումս ահա, որպես մշտնջական ու կորովի Քարոն,
Նավարկում է դեպի Անցյալը, դեպի Անցյալը դառն, դեպի ափը Մահվան ու Սարսափի...
Ա
Մենք ափ ենք ելնում միասին և նայում ենք մեր շուրջը մի պահ.-
Լռություն է, մռայլ մառախուղ, իսկ վերից գունատ մի մահիկ
Իր մեռյալ լույսի հետ մեկտեղ տարածում է տխրություն ու ահ
Այդ անծիր եզերքի վրա անսահման Սոսկումի ու Մահի:
Քայլում ենք, իրարու բռնած, քայլերով տարտամ, երերուն,
Անուղի, ինչպես մոլորված երկու կույր կամ անօգ մանուկ:
Միևնո՛ւյն մառախուղն է բռնել թե՛ մոտիկը մեր, թե՛ հեռուն,
Միևնո՛ւյն լռությունն անհուն:
Խտանում է մեր դեմ մառախուղը.- ժայռեր են կարծես ու քարեր
Պարսպի նման բարձրացել և բռնել ճանապարհն անդարձ:-
Մոտենում ենք մենք ժայռերին - և տեսնում ենք վիթխարի ծառեր,
Եվ մտնում ենք ահա խավարով ու ահով լեցուն մի անտառ:-
Ծառերի միջով վիթխարի գնում ենք դանդաղ մենք առաջ,
Կանգնում ենք, ականջ ենք դնում լռության մեջ երկար ու երկար,-
Եվ ահա հնչում է մթին անտառի խորքից մի հառաչ.-
Այդ ե՞րգ է արդյոք, հեկեկա՞նք, թե՞ տրտունջ՝ քնարով երգած:-
Լսվում է ապա մոտիկից մի հանդարտ, դանդաղ ոտնաձայն.
Մոտենում է մեկը. դեպի մե՛զ, դեպի մե՛զ է գալիս ահա նա.
Եվ ահա - ծառերի ետևից ելնում է մի այր գլխաբաց.-
Վարդապե՞տ է նա, մուրացի՞կ, թե՞ գեղջուկ, աղքատ քահանա:-
Լուսնի սառ լույսերով ողողված՝ մոտենում է նա երերուն
Քայլերով, կանգնում է մեր դեմ,- ուրվական է կարծես նա ցավի.-
Փոքրիկ է. նիհար. կիսամերկ. ճակատին պսակ է կրում,
Եվ ձեռքին բռնած նա ունի մի հսկա արծաթյա տավիղ:
Հասնում է մորուքն սպիտակ մինչև սրունքները նրա՝
Սպիտակ սավանի նման ծածկելով մերկությունը ծերի.
Հայացքով տխուր ու անօգ նայում է նա լուռ մեր վրա,
Եվ ապա, դառնալով Վարպետին, նա ասում է ձայնով մտերիմ.
«- Վարպե՛տ, օ՜հ, ես է՛լ քեզ նման մի գիշեր աշխարհից անցա,
Ապրեցի, իբրև վանական, հայրենի եզերքում քո ծովի.
Բայց չքնաղ հայրենիքը քո - ինձ համար հայրենիք չդարձավ,
Եվ ծովը ձեր այն ծիծաղկուն,- չբուժեց իմ սիրտը ցավից:
Աշխարհում շաչող հողմերից այն կղզում ապաստան գտած,
Զգեցած սևասև սքեմ՝ ես տավիղը սակայն սիրեցի.
Եվ տավիղը շեփոր դարձըրած՝ քերթության պարտեզը մտա,
Որ կորած հայրենիքս երգեմ և անցյալը նրա հրածին:-
Երգեցի ես ձայնով առնական ամրոցներն ու բերդերը հայոց,
Ոստանները հայոց արքայից, պալատները նոցա փառահեղ.
Երգեցի Կարմիր Ավարայրը, Մասիսը՝ աստղերին հայող,
Ձգտելով հին փառքը հայոց սրտերում անմար միշտ պահել:
Քնարով մարտի կոչեցի ես նոցա՝ հանուն անցյալի,
Կոչեցի ելնել վերստին, թոթափել փոշին բարբարոս,-
Կոչեցի արժանի լինել մեր նախնյաց փառքին պանծալի՝
Վառելով ջահերն անցյալի, իբրև նո՜ր փրկության փարոս:-
Եվ երգս իզուր չհնչեց:- Հայրենի եզերքից քո լուրթ
Թռչելով, իբրև հրավեր, դեպի հայրենիքն իմ հեռու -
Նա ոտքի հանեց քաջարի այրերի անմահ մի սերունդ,
Որ ելավ գերության փոշուց հայրենյաց համար կռվելու:-
Եվ թեև քենով բարբարոս փորձեցին նոքա, դարավոր
Ոսոխները հայոց աշխարհի, մեզ արյա՛մբ ողողել կրկին,-
Բայց վսեմ մեր երթը եղավ անցյալի փայլո՛վ փառավոր,
Եվ խաղա՜ղ սրտով ես մեռա՝ մինչև մահ քնարը ձեռքիս»:-
Ասաց - և խփեց քնարին նա մոմե մատներով դեղին,
Աչքերում ամեհի մի հուր, մորուքով մերկությունը ծածկած,-
Եվ ձայնը նրա քնարի, որ նման էր ձայնին թիթեղի,
Հնչում էր, ինչպես մի հիվանդ, մահամերձ ընկած մանկան լաց:
Եվ տավիղն հնչելով հեռացավ, խարխափով մտավ նա նորից
Անտառի խորքը խավար, ուր տիրում էր տագնապ ու հառաչ:-
Մենք երկար լսեցինք նրա քնարի հառաչքը խորին,
Մինչ սուզվեց, լռեց նա հեռվում... Եվ անձայն անցանք մենք առաջ:-
Բ
Գնում ենք մենք ահա կրկին անտառով այդ մութ ու խավար,
Ծառերի ճյուղերն անտերև քսվում են դեմքերին մերթ մեր,
Եվ թվում է մեզ, թե նոքա չորացած մատներ են նիհար,
Եվ թվում են ծառերն անտառի - սարսափից քարացած դեմքեր:
Գնում ենք անտառով երկար, և ինչքան խորն ենք մտնում -
Լցվում է անտառը այնքան հառաչի ու լացի ձայներով,
Մանուկներ են կարծես զառանցում, ծերեր են հռնդում մթնում,
Սերունդներ են կարծես կարկառում բազուկներ գրկող ու գերող:
Բայց ահա երևում է հեռուն՝ տագնապով թարթող մի կրակ,
Թարթում է նա մերթ խավարում, ու կրկին տագնապով մարում:
Մենք քայլում ենք նրա ուղղությամբ, մոտենում ենք ահա մենք նրան
Եվ տեսնում ենք արդեն մոխրացած, համարյա հանգած մի խարույկ:
Խարույկի շուրջը թափված՝ մենք տեսնում ենք զենքեր, ոսկորներ,
Մարդկային գանգեր, հնօրյա զրահներ, մի հին հրացան:-
Եվ տեսնում ենք ապա, այլայլված հայացքով նայում ենք երբ վեր -
Ծառերի ճյուղքերից կախված կմախքներ՝ տապից չորացած:
Այս դժնի պատկերից սարսած՝ ուզում ենք արդեն կիսամար
Այդ խարույկը թողնել ու գնալ, ընթանալ կրկին, երբ հանկարծ,
Ծառերի ետևից ելնելով՝ երևում է կիսամերկ մի մարդ՝
Սևահեր, ահագին գլխով, ոտքերը ոլորուն ու կարճ:
Գաճաճ է կարծես՝ հրաշքով անտառի խավարից ելած.
Աչքերը շանթեր են թափում, ցայտում են կայծակներ ու կիրք.
Վիթխարի գլուխը կարծես տնկած է ուսերի վրա.
Ակնոցներ ունի նա դրած և ձեռքին բռնել է մի գիրք:
Նայում է շանթող աչքերով նա մի պահ աչքերի տակից,
Նստում է ապա կիսամար խարույկի մոխիրի վրա,
Եվ հսկա մի գնդի նման ցնցելով գլուխը ահագին՝
Ասում է ձայնով կանացի՝ ցուցամատը ճակատին դրած.
«- Այս խարույկը ե՛ս վառեցի աշխարհում ձեռքերով իմ թույլ,
Եվ տասնյակ տարիներ բորբոքված՝ նա ցրեց շողեր ու կայծեր,-
Իմ ամբողջ կյանքում կռացած՝ փչեցի ես անխոնջ ու անդուլ,
Որ երբե՛ք, երբե՛ք չմարի նրա հուրը - և հա՛ր առկայծե:
Եվ եկան, տասնյակ տարիներ սերունդնե՜ր եկան բորբոքված,
Այրեցին սրտերը թափուր աշխարհում վառած իմ հրով,-
Հայրենի երկրի խավարում սփռեցին հուր ցնորք ու կայծ.
Այստեղի՛ց զրահներ առած գնացին Ֆահրատն ու Կարոն:-
Ես վրե՛ժը կյանքում երգեցի թշնամու հանդեպ հնօրյա.
Իմ քնարը, գրիչն իմ հատու - սրբազան մրրի՛կ սերմանեց,-
Բայց նստած եմ կրկի՛ն ահա ես խարույկիս մոխիրի վրա -
Եվ շրթերս թորում են հիմա նախատի՛նք միայն ու անեծք»...
Վեր թռավ հուզված նա տեղից, շպրտեց գիրքը մի կողմ,
Կռացավ խարույկի վրա և կրկին սկսեց փչել.-
Ելնում էր շունչը կրծքից մի խռպոտ, փայտյա աղմուկով,
Եվ խարույկը չէր բորբոքում... Եվ կանգնեց նա ոտքի ու գոչեց.
«- Բարձրացի՛ր, ելի՛ր խավարից, ո՜վ ռազմի երգերի գուսան,
Հնչեցրո՛ւ քնարդ կրկին, թող ձայնը նրա շառաչե՛.-
Թող մարտի՛ նա կոչե կրկին բանակները մեր սրբազան,
Ե՛վ զենքերը թող որոտան, ե՛ւ ռազմի սրերը թող շաչեն»:-
Այսպես նա կանչեց,- և ահա, անտառի խորքից ելնելով,
Մոտեցավ մեզ մռայլ մի մարդ՝ մազերը գանգուր ու խռիվ.
Վիթխարի ճակատ նա ուներ. հայացքը խրոխտ ու խելոք.
Իր ձեռքի պղնձյա շեփորով շեփորեց նա պայքար ու կռիվ:
(Շարունակելի)
Էջանիշներ