«Լայն բացած աչքերով» ոչինչ չե՞ն տեսել
14:59 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Մենք շատ հուսահատված ենք, որ դուք մեզ չեք հավատում»,- այսօր Երեւանում հայ լրագրողների ասացին ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության ղեկավար Նիգել Մերմագենը:
Երեւանի քաղաքապետի երեկվա ընտրություններին հետեւած միակ միջազգային դիտորդական առաքելությանը լրագրողների մեծամասնությունը չհավատաց, քանի որ պարոն Մերմագենը հայտարարեց. «Ընդհանուր առմամբ ընտրություններն ընթացել են եվրոպական չափանիշներին համապատասխան»:
Դիտորդների այսօրվա ասուլիսին ներկա էին նաեւ երեկ ընտրությունները լուսաբանելու ընթացքում ծեծի ենթարկված լրագրողները:
Մեր երկրում երբևէ ընտրությունների ընթացքում այդքան համատարած լրագրողներ եւ տեղական դիտորդներ ծեծի չեն ենթարկվել. այդ նույնպես տեղավորվում է ձեր նշած եվրոպական չափանիշների՞ մեջ. «Ա1+»-ի հարցին' պարոն Մերմագենը պատասխանեց. «Լրագրողների ծեծի դեպքերը մեր լիազորությունների մեջ չեն մտնում»: Որքան էլ ընտրությունները լուսաբանող լրագրողին ծեծի ենթարկելու փաստը միջազգային դիտորդների լիազորությունների մեջ չի մտնում, սակայն փաստն այն է, որ յուրաքանչյուր լրագրողի ծեծի ենթարկելու նպատակը տեղի ունեցած կեղծիքները կոծկելու նպատակ էր հետապնդում: Իսկ դիտորդներն այսօր մի քանի անգամ նշեցին, որ կեղծիքների եւ խախտումների բացահայտումն ու արձանագրումը իրենց պարտավորությունն է:
Երեկ ծեծի ենթարկված' «168 ժամի» թղթակից Արմինե Ավետյանը պարոն Մերմագենին հիշեցրեց, որ ծեծի ենթարկվելուց հետ ինքն անձամբ է մոտեցել եւ տեղի ունեցած խախտումների եւ իր հետ կատարվածի միասին պատմել պարոն նրան: «Դուք եւ Ձեր մյուս դիտորդներն այնքան անտարբեր էիք լսում ինձ, որ ես երեկ արդեն կասկած չունեի, որ դուք այսօր հայտարարելու եք, որ ընտրությունները համապատասխանում են միջազգային չափանիշներին»,- ասաց Ավետյանը: Ի դեպ, երեկ ընտրությունների կեղծման ամենաթեժ պահին միջազգային դիտորդներին տեսնողներ են եղել «Տրյումֆ» սրճարանում ճաշելիս: «Ա1+» նրանցից այսօր նաեւ փորձեց պարզել, թե երեկ նրանք քանի անգամ են ճաշել եւ որքան ժամանակ ծախսել դրա վրա: Պարոն Մերմագենը սկսեց պատմել, թե դիտորդները քանի անգամ են հանդիպել միմյանց, «լայն բացած աչքներով այցելել ընտրական տեղամասեր, մասնակցել արդյունքների հաշվարկին եւ հյուրանոց են գնացել կեսգիշերին: Այդ ընթացքում քանի տեղամաս են այցելել դիտորդները, պարոն Մերմագենը չկարողացավ հիշել: Ի դեպ, նա նաեւ նշեց, որ իր գլխավորած դիտորդական առաքելությունը մայիսի 27-ին է ժամանելը Երեւան եւ չեն հասցրել հետեւել նաեւ, թե հեռուստատեսությունները ինչպես են լուսաբանել ընտրական գործընթացները:
Իսկ ինչ վերաբերում է դիտորդների այն հայտարարությանը, թե Երեւանի քաղաքապետի ընտրությունները տեղի են ունեցել եվրոպական չափանիշներին համապատասխան, սակայն թերություններ էլ են եղել, պարոն Մերմագենը իրենց նշած թերությունների, լուրջ բացթողումների մասին այսօր հրաժարվեց խոսել: Նրա ասելով, դեռ պետք է տվյալներ ստանան, ուսումնասիրեն, գնահատեն խախտումները եւ իրենց վերջնական եզրակացությունը կներեկայացնեն ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում: Իսկ որքանո՞վ է տրամաբանական, երբ դուք ասում եք, որ դեռ պետք է գնահատեք, Ձեր տեսած եւ լսած խախտումները, սակայն արդեն վստահ եք, որ ընտրությունները համապատասխանում են եվրոպական չափանիշներին'«Ա1+»-ի հարցին պարոն Մերմագենը չպատասխանեց' ասելով' ցավում է, որ իրեն չենք հավատում:
Էջանիշներ