Հաղթանակ գյուղում տեղակայված 7/16 ընտրական տեղամասում թեեւ ընտրությունն ավարտվել էր ժամը 20.00-ին, բայց քվեաթերթիկների հաշվարկը սկսվեց միայն 1.5 ժամ ուշացումով:
Այն սկսվեց ժամը 21.30-ին, այն բանից հետո, երբ «Ա1+»-ի նկարահանող խումբը սկսեց նկարահանել տեղամասի անցուդարձը: Բայց ոչ թե ներսից, այլ պատուհանից: Հանձնաժողովի անդամներն ու հասարակական կարգը հսկող ոստիկանները թույլ չէին տալիս «Ա1+»-ի լրագրողին մտնել տեղամաս` հղում կատարելով «Ընտրական օրենսգրքին»:
Չնայած ԸՕ համաձայն լրագրողն իրավունք ունի ցանկացած պահի մտնել տեղամաս եւ դուրս գալ: Իսկ ի՞նչն էր օրենքի այդպիսի խախտման պատճառը: Խնդիրն այն էր, որ նախապես գողացված 400 քվեաթերթիկները ՀՀԿ-ի օգտին քվեարկած տոպրակով պատուհանից փոխանցել էին հանձնաժողովին եւ պետք էր հարմար պահը որսալ` դրանք քվեատուփի մեջ լցնելու համար:
«Ա1+»-ի ոչ մի կերպ չկարողանալով հայտնվել տեղամասում, սկսեց նկարահանումն իրականացնել պատուհանից. հանձնաժողովականները եւ հիմնականում ՀՀԿ-ական հանձնաժողովի անդամ Կարենը, այս հանգամանիքից խիստ վրդովված, մեկ փորձում էին փակել լուսամուտը, հետո մի ամբողջ շարք կազմած` կանգնում պատուհանի առջեւ, ապա անջատում տեղամասի լույսը: Բայց բոլոր դեպքերում «Ա1+»-ի խցիկը պատուհանից չէր հեռանում: Ոստիկանության աշխատակիցներն էլ իրենց հերթին հնարավոր բոլոր մեթոդներով փորձում էին հեռացել «Ա1+»-ին: Բայց ի վերջո տեղի տվեց հանձնաժողովականների նյարդերը:
Տեղամասում գտնվող «ՉԻ» լրագրող Թագուհի Թովմասյանի պատմելով` ՀՀԿ-ական Կարենը, նյարդայնացած բղավել է, թե «ամեն ինչ օրինական ենք անում, բայց քթներիցդ հանելու եմ, տեսեք, թե ինչ եմ անելու», ապա հանձնաժողովն անցել է իր բուն պարտականությունների կատարմանը: Իհարկե, այդ ընթացքում, հայտնի «Էս էլ սենց» հաղորդաշարի հեղինակ Վլադիմիր Վովա Կոստանյանը, որը ՕԵԿ անդամ է, ասել է, թե վատ է զգում, հետո հերթով «վատացել» է հանձնաժողովականների ինքնազգացողությունը, ինչեւէ: 400 քվեաթերթիկները զայրացած պատռել են հենց լրագրողի ներկայությամբ` ասելով, թե գողացված քվեաթերթիկները հայտնաբերվել են, դրանք մարվում են, ու փորձել են դրանք անվավեր քվեաթերթիկների համար նախատեսված ծրարում տեղադրել: ԲՀԿ հանձնաժողովական, ավագանու անդամ Ջիվան Պողոսյանը սակայն խորհուրդ է տվել դրանք դնել չօգտագործված, վարված քվեաթերթիկների ծրարում:
Այս գործողությունից հետո միայն ոստիկանության գնդապետ Ատոմ Պողոսյանը, որը մինչ այդ փորձում էր համոզել, որ չնկարենք եւ թողնենք հեռանանք տեղամասի տարածքից, «Ա1+»-ին վստահեցրեց, որ կեղծիք չի լինի 100 տոկոսով:
Եվ ահա դրանից հետո միայն «Ա1+»-ի նկարահանող խմբին թույլատրվեց մտնել տեղամաս:
Մարված 400 քվեաթերթիկի վերաբերյալ ԺԿ ներկայացուցիչը կազմել է արձանագրություն, որի տակ ստորագրել է հանրձնաժողովում \"Ժառանգության\" ներկայացուցիչը
Էջանիշներ