ՖՈՒՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԵԾ ՔԱՂԱՔՈՒՄ
Հենց սկզբից, ինչպես եւ սպասվում էր,
իշխանական Մեծ կուսակցությունը համը հանեց: Դեռ ընտրատեղամասերը չբացված, նրանք շտապելով ընտրության էին բերել ավտոբուսներով մարդկանց հեռու տեղերից: Հետո պարզվել էր, որ այդ մարդիկ դեռ նախորդ օրն են ընտրել, այսինքն, իշխանական Մեծ կուսակցությունը 8 տարի առաջ տեղի ունեցած ընտրությունների արդյունքներն արդեն փորձում էր դեմ անել, միայն ամսաթիվը փոխելով:
Հետո պարզվեց, որ դրանք բոլորովին ուրիշ ընտրությունների ցուցակներ են եւ կապ չունեն քաղաքի մեծ ընտրությունների հետ: Դա դուր չէր եկել
Հաղթանդամների կուսակցությանը, որոնք համենայն դեպս մի երկու հանձնաժողովի անդամների առավոտյան ծեծեցին: Ընդդիմադիր Մեծ կուսակցության անդամները սկսեցին բողոքել եւ հայտարարել, որ իրենց ծեծում են ու ծեծում:
Ազգային Հին կուսակցությունը առավոտյան դեռ ձայն չէր հանում, շատ լավ հասկանալով, որ հեռու տեղից բերած իրենց թեկնածուն մեծ քաղաքում այնքան էլ ճանաչված չէ: Օրենքի վերաբերյալ անհասկանալի մարդկանց կուսակցությունը առավոտյան 7 անց կես արդեն հայտարարեց, որ ոչ մի ընտրակեղծիք չկա եւ իրենք կհամագործակցեն բոլորի հետ, ովքեր կհաղթեն:
Հնագույն մարդկանց նորագույն կուսակցության ղեկավարին, կեսօրվա դրությամբ դեռեւս գտնել չէր հաջողվել:
Ժամը 12-ին,
ԿԸՀ ներկայացուցիչը հայտարարեց, որ մի քանի տասնյակ ծեծերը, հանձնաժողովների անդամներին առեւանգելը, հեռու տեղերից մարդկանց ընտրությունների քարշ տալը, ցուցակների անճշտությունները, եւ ընդհանրապես որեւէ բան չի կարող ստվեր նետել փայլուն կազմակերպված ընտրությունների վրա եւ ամեն ինչ ընթանում է բնականոն հունով:
Հայտարարությունից մեկ ժամ հետո, մի քանի տեղամասերում հնչեցին կրակոցներ: բոլորը կարծում էին, որ Ազգային հին կուսակցության արածն է, հետո պարզվեց, որ չգիտեն ում արածն է, բայց
կրակել են Հաղթանդամների կուսակցության եւ իշխանական Մեծ կուսակցության վստահված անձանց վրա: Ելույթ ունեցավ ԿԸՀ ներկայացուցիչը եւ հայտարարեց, որ արդեն մի քանի տասնյակ կրակոցները ընտրատեղամասերում չեն կարող ստվեր նետել ընտրությունների վրա, եւ ամեն ինչ ընթանում է բնականոն հունով:
Ժամը 16-ին սկսեցին խոսակցություններ պտտվել, որ մի կողմից քաղաքին են մոտենում տանկերը, իսկ մյուս կողմից Հաղթանդամների կուսակցության առաջնորդը: Մեկ ժամից ելույթ ունեցավ ԿԸՀ ներկայացուցիչը եւ հայտարարեց, որ տանկերի քաղաքում հայտնվելը նախօրոք պլանավորած ՆԱՏՕ-ի զորավարժությունների էլեմենտ է եւ որեւէ կապ չունի փայլուն անցկացված ընտրությունների հետ, իսկ մի քանի պայթեցված ընտրատեղամասերը չեն կարող ստվեր նետել ընտրությունների բնականոն գործընթացի վրա:
Էջանիշներ