ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Մարտ 27, 2009: Հեղինակը` Նիկոլ Փաշինյան:
Չորս հիմնական գործոն` երկուսը հօգուտ իշխանությունների եւ երկուսը` հօգուտ ընդդիմության, կանխորոշելու են Երեւանի քաղաքապետի ընտրությունների ելքը։ Առաջին երկվորյակ գործոնները վարչական ռեսուրսն ու ընտրակեղծիքներն են, իսկ երկրորդ երկվորյակ գործոնները` հանրահավաքային շարժումն ու քաղաքացիական բարձր ակտիվությունը։ Հասկանալի է, որ առաջին զույգ գործոնը գտնվում է իշխանության եւ երկրորդը` Հայ ազգային կոնգրեսի ձեռքին, եւ կողմերից յուրաքանչյուրը հենց այդ ռեսուրսների կիրառմամբ է փորձելու հասնել ցանկալի նպատակին, ավելի ճիշտ` ցանկալի արդյունքի հասնելու է այդ ռեսուրսների արդյունավետ կիրառման պարագայում։ Որ ընդդիմության հնարավորությունները այս ընտրություններում բացարձակ են, տեսանելի է անգամ անզեն աչքով։ Ընդ որում` հիմա արդեն իրավիճակը բացարձակապես ուրիշ է, որովհետեւ ընթացիկ քաղաքական շրջափուլում չի գործելու «լեւոնականության-հակալեւոնականության»` շատերի կողմից թմբկահարվող գործոնը։ Ըստ այդ տեսության, կա ընդդիմադիր մի հսկա ընտրազանգված, որ ընդդիմադիր լինելով` ձայն չի տալիս ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Եթե անգամ այս գործոնը աշխատում էր 2008 թվականի ընտրություններին, մարտիմեկյան դասերը այլեւս չեզոքացրեցին այն, ինչի արդյունքում մարդկանց ընկալումները առավելագույնս քաղաքականացան, եւ ակնհայտ դարձավ, որ եթե ընդդիմադիր քաղաքացին ձայնը չի տալիս ընդդիմության դոմինանտ ուժին, նշանակում է` ձայն է տալիս իշխանությանը։ Եւ ավելի լավ է` ձայն տա իշխանությանը, քան թե քվեարկի հանրային գիտակցությունը մթագնելուն ուղղված քաղաքական ուժերին, քան թե չմասնակցի ընտրություններին։ Քաղաքական առաջիկա շրջափուլում հարցերը չեն կարող դրվել լեւոնականության եւ հակալեւոնականության հարթության մեջ. այդ ընկալումը վաղուց պարպել է իրեն, եւ հիմա հարցը քաղաքական, այսինքն` ընդդիմություն-իշխանություն հարթության մեջ է, ընտրությունը փոփոխությունների ու լճացման մեջ է, իսկ նախագահական նախորդ ընտրություններից հետո փոփոխությունների պահանջարկը ուղղակի ահագնացել է` հասնելով սպառնալից չափերի։ Այսինքն` հանրությունը փոփոխություններ է փնտրում, եւ այդ փոփոխությունները փնտրելիս անխուսափելիորեն գտնելու է Հայ ազգային կոնգրեսին եւ նրա լիդեր Լեւոն Տեր-Պետրոսյանին, որը տվյալ դեպքում ընկալվում է որպես բարեփոխումների միակ հնարավորություն, ինչպես ինքն էր ասում` որպես գործիք։ Այս փաստը, սակայն, ամենեւին չի նսեմացնում խարիզմատիկ առաջնորդի դերակատարումը։ Ընդհակառակը, ավելի է ընդգծում, քանի որ նա իր գործով ու գործունեությամբ ապահովում է ուժերի այնպիսի կոնսոլիդացիա, որ ընդդիմություն հասկացությունը ձեռք է բերում կոնկրետություն, այն դառնում է հասցեական ու շոշափելի` սրանից բխող բոլոր քաղաքական հետեւանքներով։ Այնպես որ, առաջիկա քաղաքական շրջափուլում գործելու է հենց այս տրամաբանությունը։ Եւ ընդդիմադիր ողջ էլէկտորատը կենտրոնացնելու համար Հայ ազգային կոնգրեսը թերեւս մի խնդիր ունի` հանրության, իր ակտիվիստների շրջանում ստեղծել հաղթանակի հոգեբանություն։ Նույն խնդիրը, իհարկե, ունեն նաեւ իշխանական ուժերը, եւ նրանք դա լուծելու համար են կիրառելու վարչական ռեսուրսը։ Բայց այստեղ իշխանությունը ունի պրոբլեմ. ո՞ւմ հաղթանակի հոգեբանությունն է նա ձեւավորվելու վարչական ռեսուրսի կիրառմամբ. ՀՀԿ-ի՞, «Բարգավաճ Հայաստանի՞», «Օրինաց երկրի՞», թե՞ Դաշնակցության։ Հենց այս թվարկումը ցույց է տալիս, որ իշխանության հաղթանակի հոգեբանությունը լղոզվելու է աննախադեպ կերպով, մինչդեռ ընդդիմությունը վերջին տասը տարվա մեջ առաջին անգամ չունի նման խնդիր, եւ այս արդյունքը ձեռք է բերվել երկարատեւ պայքարի շնորհիվ, պայքար, որի պսակը դարձան նախորդ տարվա նախագահական ընտրությունները։ Եւ եթե հանրահավաքային նոր շարժումը կարողանա ձեւավորել հաղթանակի հոգեբանություն, վարչական ռեսուրսն ու ընտրակեղծիքները ստույգ անզոր են գտնվելու։
Էջանիշներ