Այս գործին վերաբերվող վերջին նյութը, առայժմ, կարծես թե Նիկոլ Փաշինյանի երկրորդ, ապրիլի 28-ին հրապարակված ծավալուն ու անչափ հետաքրքիր, գործը պարզապես բզկտող հոդվածն է: Նորից ներկայացնում եմ ամբողջովին, ակնկալում եմ սույն թեմայով քննարկումներ, ինչպես նաև հետագայում ըստ ժամանակագրության նյութերի տեղադրում, ամփոփում:

ԹՈՇԱԿԱՌՈՒՆ ԵՎ ՅՈՒՐ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ

Ապրիլ 28, 2009


«Քոչարյաններն ընդդեմ «Հայկական ժամանակի»» դարակազմիկ դատավարության առաջին նիստը տեղի ունեցավ։ «ՀԺ»-ի նախորդ համարում տպագրված տեղեկատվությունից ընթերցողը տեղյակ է, թե ինչ է եղել այդ դատավարության ընթացքում։ Դատարանը որոշել է ոչ պատշաճ պատասխանողին փոխարինել պատշաճ պատասխանողով, որովհետեւ «Հայկական ժամանակ» օրաթերթը իրավաբանական անձ չէ եւ, ՀՀ օրենսդրության համաձայն, չի կարող դատարանում հանդես գալ որպես պատասխանող։ Եւ ուրեմն` դատարանը պատասխանող է ճանաչել «Դարեսկիզբ» ՍՊԸ-ին, որը եւ է իրավաբանական անձ։ Հանրային հետաքրքրության իմաստով պատասխանողի փոփոխությունը, ըստ էության, աննշան մի իրադարձություն է, իրականում, սակայն, Քոչարյանների ներկայացրած հայցը, դատավարական փուլ չմտած, այսպիսով հիմնատակ փլուզվեց։ Ու որպեսզի ընթերցողը չմտածի, թե սա պատասխանող կողմի էմոցիոնալ պոռթկում է, ասվածը կփորձեմ ապացուցել այնպես, ինչպես ապացուցում են թեորեմը, այսինքն` այնպես, որ ասվածը դառնա անառարկելի` մաթեմատիկական լուծված հավասարման նման։ Ինչպես հայտնի է, Քոչարյանների «խեղճուկրակ» ընտանիքը մեզնից 16 միլիոն 120 հազար դրամ է պահանջում` իրեն «հասցված բարոյական վնասը», թերեւս, դիտելով որպես սեփական սոցիալական կարիքները հոգալու, երեխեքին շորուշերթ առնելու, ծիրանի-բանի սեզոնը բացվում է` թանկուկրակ մրգին կարոտ չմնալու փայլուն հնարավորություն։ Բայց չշեղվենք թեմայից։ Ուրեմն` իրենց հայցի մեջ Քոչարյանները նշել են, որ այդ 16 միլիոնից միայն 12 միլիոն 500 հազար դրամն է «բարոյական վնաս»։ Հայցի 3 միլիոնանոց հատվածի հիմնավորումն այն է, որ նրանք այդ գումարը ծախսել են իրենց իրավունքների պաշտպանությունը կազմակերպելու համար. «…. հայցվորի կողմից կատարվել են իր իրավունքների պաշտպանությանն ուղղված 3 միլիոն ՀՀ դրամի չափով ծախսեր».- գրված է հայցադիմումի մեջ։ Ենթադրվում է, որ սա այն գումարն է, որով նրանք փաստաբան են վարձել կամ, ավելի ճիշտ` փաստաբաններ, եւ ահա` այս ծախսի գումարը Քոչարյանները նույնպես մեզնից են պահանջում։ Ցանկացած փաստաբան կփաստի, որ սա լուրջ վարձավճար է, եւ դրա չափը ենթադրել է տալիս, որ Քոչարյանների վարձած փաստաբանները կատաղած դեմքեր են, իրավաբանության վիրտուոզներ։ Դե` բնական է, իրեն Հայաստանի երկրորդ նախագահ համարող մարդու ընտանիքը հո չի՞ կարող բոմժ փաստաբաններ վարձել։ Նրա վարձած փաստաբանները պիտի աջուձախ վարուցանք անեն` իրավաբանության դաշտում։ Համենայնդեպս` նրանց վրա «դուրս գրված» փողը սա է ենթադրել տալիս։ Այսպիսի պարզ գործի վրա երեք միլիոն դրամով փաստաբաններ վարձելը պիտի վկայի փաստաբանների մի հատ ուրիշ մակարդակի մասին, որոնք պետք է պատշաճ մակարդակով ներկայացնեն ճաճանչափայլին կամ, ինչպես մի հեղինակ է դիպուկ նկատել` մեծադըղըրդին։ Բայց ինչպես քոչարյանական ցանկացած քայլ, այս դեպքում էլ գործ ունենք ընդամենը կարիկատուրայի հետ։ Պարզվում է` Քոչարյանների վարձած փաստաբանները` թանկուկրակ փաստաբանները, չեն կարողանում տարբերել անգամ, թե ում դեմ պետք է հայց ներկայացնեն, թե որն է այն սուբյեկտը, որի հետ իրենք պետք է հարցեր պարզաբանեն։ Եւ նրանք, փաստորեն, այնպիսի փաստաբաններ են, որ կարող են դատի տալ, ասենք, «Մերսեդես Բենց» ընկերության կողմից կողմից արտադրվող «S 500» մոդելին, տվյալ դեպքում` «Դարեսկիզբ» ՍՊԸ թողարկած «Հայկական ժամանակին»։ Յուրաքանչյուր տառաճանաչ մարդ կհասկանար, որ այսպիսի քայլը պիտի վկայի ընդամենը հայցը կազմած մարդու անգրագիտության մասին։ Բայց ռեկորդը սա չէ, այլ այն, որ Քոչարյանի նշանակած դատավորն էլ կարող է իրավաբանական կամ ֆիզիկական անձ չհանդիսացող սուբյեկտին պատասխանող ճանաչել, մի բան, որ անհնար է` ՀՀ օրենքների համաձայն։ Բայց մի կողմ թողնենք դատավորին, որովհետեւ մեր ասելիքը այս պահին Քոչարյանների ներկայացրած հայցի մասին է։ Ահա, ուրեմն, այսպիսի «գրագետ» փաստաբաններ են վարձել Քոչարյանները, որոնց գործունեության առաջին քայլն իսկ ուղղակի ծիծաղ է առաջացնում։

Էլի ընդգծեմ, որ սույն փաստաբանների գործունեությանը չէինք անդրադառնա, եթե Քոչարյանները փաստաբանների վրա ծախսված այդ երեք միլիոն դրամը մեզնից չպահանջեին։ Բայց վերը նշվածը Քոչարյանների փաստաբանների անգրագիտության միակ ապացույցը չէ։ Նախորդ նյութում արդեն գրել եմ, բայց հիմա ավելի մանրամասնեմ։ Քոչարյանների փաստաբանները իրենց հայցի մեջ «ՀԺ»-ի տպաքանակը` 8 հազար օրինակ, բազմապատկել են նրա գնով` 100 դրամ, եւ ստացել են 80 հազար դրամ։ Մինչդեռ, բազմապատկման աղյուսակը իմացող ամեն ոք կհաստատի, որ այդ երկու թվերի բազմապատկումից ստացվում է 800 հազար դրամ։
Պրոբլեմը, սակայն, միայն բազմապատկման աղյուսակի չիմացությունը չէ. այս դեպքում` փաստաբանները ի վնաս իրենց կլիենտի են հաշվել ու եթե ճիշտ հաշվեին, հայցի գումարը կլիներ 720 հազար դրամով ավելի։ Պատկերացնո՞ւմ եք, թե այս փողին քանի կիլո ծիրան կառնեին Քոչարյանները։ Հանրապետության ամենաերիտասարդ թոշակառուի ընտանիքի ամառվա զակատ-զուկուտի հարցը կլուծվեր, ու ոչ միայն ծիրանի ջեմի, մուրաբայի, կոմպոտի ու հյութի, այլեւ «Իմամ-բայալդըի», «Բակլաջանի պա բակինսկիի» մակարդակով։ Ահա այսպիսի թանկ ու անգրագետ փաստաբաններ են վարձել Քոչարյանները, որոնք նրանց զրկել են 720 հազար դրամ կպցնելու հնարավորությունից։ Եւ, ի դեպ, վերը նշված բազմապատկումը վրիպակ չէ, որովհետեւ այդ թիվը հայցագումարի մեջ հստակ ընդգծված է` մի քանի անգամ։

Բայց այսքանով փաստաբանների անգրագիտության ապացույցները չեն սահմանափակվում. այս փաստաբանները մտել են մամուլի դաշտ` առանց նվազագույն գաղափար իսկ ունենալու նրա գործունեության կանոնների մասին։ Այս մասին էլ հպանցիկ նախորդ նյութում գրել եմ, բայց ուզում եմ ընդգծել, որ մամուլի հետ դատի մեջ մտնող փաստաբանները լայաղ կանեին գոնե ուսումնասիրել, տեղեկանալ, թե լրատվամիջոցները ինչպես եւ ինչ սկզբունքով են իրարից նյութեր արտատպում։ Նրանք ոչ միայն լայաղ չեն արել, այլեւ եզրակացրել են, թե «Հայկական ժամանակը», օրինակ, day.az-ից գումար է ստացել։ Day.az-ից գումար ստանաք դո՛ւք, եւ երեւի ստանում եք, որ վստահ եք ինֆորմացիայի առքուվաճառքի ինչ-որ սակագների։
Սա անգրագիտություն է, կատարյալ անգրագիտություն։ Սա Քոչարյանների` երեք միլիոն դրամով վարձած փաստաբանների անգրագիտության վկայությունն է, ավելի ճիշտ` այդ վկայություններից միայն մեկը։ Բայց ամբողջ խնդիրն այն է, սիրելի ընթերցող, որ այսքանով անգամ այդ անգրագիտությունների վկայությունների ցանկը չի ավարտվում։ Այդ փաստաբանները ոչ միայն բազմապատկման աղյուսակը չգիտեն, այլեւ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենսդրությունը։ Եւ սրա ապացույցը գտնում ենք այս գործի ակունքներում։ Մենք արդեն տեղեկացրել ենք, որ ամեն ինչ սկսվել է նրանից, որ կրտսեր Քոչարյանի մասին լուրի տպագրությունից որոշ ժամանակ անց «ՀԺ»-ի խմբագրությունը մի գրություն է ստացել ոմն Սարգիս Գրիգորյանից, որը ներկայացել է որպես «գործընկեր-կառավարիչ»։ Այս անձը, ուրեմն, տվյալ գրությամբ մեզ խնդրել է հերքել Լեւոն Քոչարյանի վերաբերյալ մեր հրապարակումը։ Այդ գրությունը ուղղակի հուսահատեցնող անգրագիտության վկայություն է, որովհետեւ առաջին հարցը, որ ծագում է նրա ուղարկած գրությունը կարդալուց հետո, հետեւյալն է` ապե, դու վաբշե ո՞վ ես էս կյանքում։ Պարզաբանեմ։

«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքը անձին իրավունք է տալիս հերքման պահանջ ներկայացնել իր իրավունքներին, այսինքն` իր անձին վերաբերող տեղեկատվության պարագայում։ Օրենքի մեջ հստակ գրված է «իր իրավունքները» արտահայտությունը, եւ սա հասանելի պետք է լինի նվազագույն իրավագիտակցություն ունեցող մարդուն։ Մարդը պետք է հասկանա, որ ինքը իրավունք ունի վիճարկել այն տեղեկատվությունը, որ իր անձին է վերաբերում։ Այս իրավական թնջուկը հստակ նկարագրված է «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի հայտնի երկխոսության մեջ։ «Դու իրավունք ունես մորթելու ո՞ւմ ոչխարները», «Իմ ոչխարները», «Դու իրավունք չունես մորթելու ո՞ւմ ոչխարները», «Ռեւազի ոչխարները»։ Հիմա, եթե մենք մի ինչ-որ բան ենք գրում Գաբրիել Համբարձումյանի մասին, Շմավոն Կիրակոսյանը իրավունք չունի հանդես գալ այդ տեղեկատվությունը հերքելու պահանջով։ Այդ տեղեկատվությունը հերքելու պահանջով հանդես գալու իրավունք ո՞վ ունի։ Գաբրիել Համբարձումյանը։ Այդ տեղեկատվությունը հերքելու պահանջով հանդես գալու իրավունք ո՞վ չունի։ Շմավոն Կիրակոսյանը։ Վերջինս, իհարկե, կարող է հանդես գալ Գաբրիել Համբարձումյանի անունից, եթե գրավոր փաստաթուղթ ներկայացնի «առ այն մասին», որ ինքը լիազորված է խոսել նրա անունից։ Բայց, վախ քու արա, «ականավոր» իրավաբան Ս. Գրիգորյանը մոռացել է իր նամակին կցել այդ լիազորությունները հաստատող փաստաթուղթ, այդ պատճառով էլ նրա հերքումը հայտնվել է աղբանոցում։ Իհարկե, եթե կցեր նման փաստաթուղթ, նրա հերքումը կրկին աղբանոցում էր հայտնվելու` մի փոքր այլ եղանակով։ Բայց խոսքը սրա մասին չէ։ Խոսքը նրա մասին է, որ Քոչարյանները այս գործի շրջանակներում հանդես են գալիս անգրագետ իրավաբանական թիմով։ Սա վկայում է, որ տասը տարի երկրի իշխանությունը բռնազավթած անձը հենց այս մակարդակով է երկիր ղեկավարել։ Այս մասին վկայող ապացույցները մինչեւ այժմ էլ առատ էին, բայց հերթականը չի խանգարի նաեւ։

Բայց վերադառնանք, այնուամենայնիվ, «Հայկական ժամանակի» դեմ ներկայացված հայցի այն հատվածին, որտեղից հետեւում է, որ այս գործով զբաղվող փաստաբաններին Քոչարյանները երեք միլիոն դրամ են վճարել։ Եւ ահա այդ փաստաբանների անգրագիտության ֆոնին` հայցադիմումի այդ պնդումը երկու հնարավոր եզրակացության հիմք է տալիս։ Տարբերակ առաջին. փաստաբանները քցել են Քոչարյաններին, որովհետեւ նման անգրագետ իրավաբանների երեք հազար դրամ անգամ չի կարելի վճարել։ Տարբերակ երկրորդ. հայցադիմումի պնդումը` երեք միլիոն դրամի մասին, սուտ է, եւ սա Քոչարյանների ու նրանց փստաբանների համատեղ սուտն է։ Ես հակված եմ երկրորդ տարբերակին, որովհետեւ չեմ հավատում, որ հանրապետության ամենաերիտասարդ թոշակառուն որեւէ մեկին երեք միլիոն դրամ վճարի` բաց աչքով։ Նա չափազանց շատ է փող սիրում եւ ի վիճակի չէ նման առատաձեռնության։ Ինչ վերաբերում է փաստաբաններին` լավ չի ստացվում նրանց կարիերան։ Հիմա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, Սարգիս Գրիգորյանի եւ Արփինե Մելիքբեկյանի անվանը հանդիպելիս, պետք է հասկանա, որ գործ ունի անգրագետ շառլատանների հետ, որոնք իրենց ներկայացնում են որպես գրագետ իրավաբաններ։ Զգուշացեք, սիրելի հայրենակիցներ, ձեր գործերը այս փաստաբաններին վստահելուց։ Նրանք կարող են խայտառակել ձեզ։ Եթե Քոչարյանների պարագայում այդ խայտառակությունը փույթ չէ, որովհետեւ նրանք իրենք իրենց են վաղուց խայտառակել, ձեր պարագայում կարող է լավ չստացվել։

Հետաքրքիր է` այս կարկառուն իրավաբանների զույգը իրենց անգրագիտության մասին իմ այս պնդման կապակցությամբ դատարան կդիմի՞` իրենց «գործարար համբավը» պաշտպանելու համար։ Գրազ եմ գալիս, որ` ոչ։

շարունակելի