ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԴԵՄ ԵՆ
Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի նախագահությամբ շարունակվեց ընդդեմ «ՀԺ»-ի` Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ներկայացրած հայցի քննարկումը:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր զավակի միջազգային արկածների մասին մեր թերթի փետրվարի 6-ի համարում լույս տեսած հրապարակման համար Քոչարյանների ընտանիքը 16 միլիոն 120 հազար դրամի փոխհատուցում է պահանջում:
Նախորդ օրը տեղի ունեցած դատական նիստում «ՀԺ»-ի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել: Երեկվա դատական նիստը սկսվեց այդ միջնորդության մերժմամբ: Այնուհետեւ պարզվեց, որ դատավորը եւ Քոչարյանների ներկայացուցիչներ Արփինե Մելիքբեկյանը ու Սարգիս Գրիգորյանը դեռեւս մայիսի 12-ին հրավիրված դատական նիստում, որին «ՀԺ» ներկայացուցիչը չի մասնակցել, հասցրել են հայցը հրապարակել, հայցվորին դատավորի կողմից հարցեր տալու փուլը գրեթե ավարտել են: Հիշեցնենք, որ մայիսի 12-ի նիստի վայրը փոխվել էր (այժմ դատերը անցկացվում են Թբիլիսյան խճուղի 3 հասցեում), ինչի մասին «ՀԺ»-ի ներկայացուցիչը տեղեկացել էր, երբ ներկայացել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի` Տիգրան Մեծ պողոտայում գտնվող հիմնական մասնաշենք:
Ինչեւէ, փաստաբան Աթանեսյանը դատավորին պարզաբանեց, որ մինչեւ հայցվորին հարցեր տալը, ինքը լրացուցիչ ապացույցներ պահանջելու եւ ստանալու միջնորդություններ ունի: Աթանեսյանը նախ միջնորդեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից պահանջել տեղեկանք այն մասին, թե Լեւոն Քոչարյանը, 2007-ի հունվարի 1-ից մինչեւ օրս, քանի անգամ եւ երբ է լքել Հայաստանը: Բանն այն է, որ դատարանին է ներկայացվել Ռոբերտ Քոչարյանի կրտսեր զավակի անձնագիրը, ըստ որի` նա 2007-ի փետրվարից Հայաստանից դուրս չի եկել: Աթանեսյանի միջնորդությունից հետո Քոչարյանների ներկայացուցիչ Սարգիս Գրիգորյանը հայտարարեց, թե իրենք բերել են Լեւոն Քոչարյանի դիվանագիտական անձնագիրը, որը տրվել է 2008-ի ապրիլի 4-ին: Հիշեցնենք, որ մինչ այս, հայցին կից ներկայացվել էր Քոչարյանի զավակի սովորական անձնագիրը, իբրեւ ապացույց, որ նա 2007-ի փետրվարից հետո Հայաստանը չի լքել: Դիվանագիտական անձնագրի ներկայացումից հետո «ՀԺ» ներկայացուցիչն ասաց, թե ինքը առանց դրա հետ ծանոթանալու կարող է ասել, որ եթե այն ներկայացվել է, ուրեմն դրանում բացակայում է Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնելու մասին նշումը: Ողջ խնդիրը, սակայն, այն է, որ Լեւոն Քոչարյանը կարող է ունենալ, ասենք, երրորդ անձնագիր կամ մեկ այլ տեսակի փաստաթուղթ, որով նա մեկնել է արտասահման: Ի վերջո, հարցի պատասխանը, թե 2008-ին նա Հայաստանից քանի անգամ եւ երբ է մեկնել արտերկիր` կարող է տալ միայն ՀՀ ԱԱԾ-ն: Ուստի, «ՀԺ» ներկայացուցիչը պնդեց իր միջնորդությունը: Հայցվոր կողմը, չգիտես ինչու, դեմ արտահայտվեց Քոչարյանի զավակի արտերկիր մեկնելու մասին ԱԱԾ-ից տվյալներ պահանջելուն: Ուստի, դատավոր Արայիկ Մելքումյանն էլ, հնազանդվելով Քոչարյանների ընտանիքի ներկայացուցիչների կամքին, մերժեց միջնորդությունը: Այսպիսով ակնհայտ դարձավ, որ դատավորն ամենեւին էլ ցանկություն չունի իր համար գոնե պարզել, թե Լեւոն Քոչարյանը, ի վերջո, 2008-ի վերջին կամ, ասենք, 2009-ի սկզբին մեկնե՞լ է Դուբայ, թե` ոչ: Ինչեւէ, Տիգրան Աթանեսյանը ներկայացրեց եւս մեկ միջնորդություն` դատական նիստը առնվազն երկու ամսով ընդմիջելու վերաբերյալ, մինչեւ ՀՀ Արդարադատության նախարարության միջոցով Արաբական Միացյալ Էմիրություններ ուղարկված հարցման պատասխանը կստացվի: Բանն այն է, որ Աթանեսյանը դիմել է ԱՄԷ ոստիկանություն եւ խնդրել հայտնել, թե արդյո՞ք Լեւոն Ռոբերտի Քոչարյանը 2008-ին որեւէ կերպ այդ երկրի իրավապահների հետ առնչություն է ունեցել: Աթանեսյանը դատավորին պարզաբանեց, որ մինչեւ ՀՀ արդարադատության նախարարության միջոցով հարցում անելը, փորձել է պահանջվող տվյալները ուղղակի ԱՄԷ ոստիկանությունից ստանալ, սակայն վերջիններս պատասխանել են, որ նման տվյալները իրենք կարող են հայտնել միայն միջկառավարական խողովակներով: Տվյալ դեպքում` համապատասխան մարմինը ՀՀ Արդարադատության նախարարությունն է: Ուստի, Աթանեսյանը համապատասխան հարցումն ուղարկել է ՀՀ արդարադատության նախարարին, որի ռեֆերենտը բանավոր պատասխանել է, որ հարցումը անպայման կուղարկվի: Սակայն, ինչպես պարզվեց, Քոչարյանների ընտանիքի ներկայացուցիչները այս հարցմանն էլ էին դեմ: Սարգիս Գրիգորյանը հայտարարեց, թե իրենք դիվանագիտական խողովակով ԱՄԷ ոստիկանություն հարցում են ուղղել, թե արդյո՞ք 2008-ի դեկտեմբերին Լեւոն Քոչարյանը ոստիկանության կողմից ձերբակալվել, կալանավորվել է, կամ արդյո՞ք նրա նկատմամբ այլ հարկադրանքի միջոց է կիրառվել: Էմիրությունների արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է, որ իրենց բազաներում Լեւոն Քոչարյանին քրեական հետապնդման ենթարկելու վերաբերյալ տվյալներ չկան: Այդ պատասխանի հետ ծանոթանալուց հետո` Աթանեսյանը հատուկ ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ ըստ այդ փաստաթղթի ստացվում էր, որ Էմիրություններում Լեւոն Քոչարյանի վերաբերյալ նյութեր, այնուամենայնիվ, կան, սակայն դրանք քրեական հետապնդման կամ հարկադրանքի միջոց կիրառելու մասին չեն: Փաստաբանը հատուկ ընդգծեց, որ ինքը չի բացառում, որ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր զավակին ոստիկանություն տանելուց հետո պարզվել է, որ նա ինքնապաշտպանվել է, եւ նրա նկատմամբ որեւէ հարկադրանք չի կիրառվել: Ուստի, խոսքը այն մասին է, թե արդյո՞ք Լեւոն Քոչարյանը ԱՄԷ ոստիկանության հետ առնչություն ունեցել է, թե` ոչ:
Ինչեւէ, դատավոր Արայիկ Մելքումյանը, հետեւելով Քոչարյանների ընտանիքի ներկայացուցիչների «հրահանգին», մերժեց Տիգրան Աթանեսյանի միջնորդությունը` այդպիսով արձանագրելով, որ մտադիր չէ հարցման պատասխանին սպասել: Տիգրան Աթանեսյանը հայտարարեց, որ ինքը ցանկանում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավորին, քանի որ նա ակնհայտ կողմնակալ մոտեցում է դրսեւորում եւ փորձում է ՀԺ-ին զրկել ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից: Փաստաբանը միջնորդեց դատական նիստը հետաձգել մինչեւ մայիսի 26-ը եւ իրեն հնարավորություն տալ ինքնաբացարկի միջնորդությունը գրավոր ներկայացնել: Այս միջնորդությունը դատավորը բավարարեց եւ հաջորդ դատական նիստը նշանակեց մայիսի 26-ին` ժամը 12.15-ին:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Էջանիշներ