User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: Քոչարյաններն ընդդեմ «Հայկական Ժամանակի»

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Քոչարյաններն ընդդեմ «Հայկական Ժամանակի»

    Հայկակական ժամանակ օրաթերթի մարտի 28-ի համարում հայտնվեց այսպիսի լուր.

    ԿՀԱՆԴԻՊԵՆՔ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

    Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը երկու օր առաջ «ՀԺ»-ի դեմ հայց է ներկայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան: Հայցը դատարանի նախագահ Ժորա Վարդանյանը մակագրել է դատավոր Արայիկ Մելքումյանին: Այն դեռեւս վարույթ չի ընդունվել, ուստի «ՀԺ»-ն առայժմ պաշտոնապես չի ծանուցվել հայցի եւ դրա պահանջների մասին: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, դիմումը դատարան է ներկայացրել անձամբ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը: Ենթադրում ենք, սակայն, որ Քոչարյանի ընտանիքը «ՀԺ»-ի դեմ հայց է ներկայացրել` կապված մեր թերթի փետրվարի 6-ի առաջին էջում տպագրված լուրի հետ, որում նշել էինք, որ մեր տեղեկություններով` Ամանորից օրեր առաջ Դուբայում տեղի ոստիկանները հարբած վիճակում ձերբակալել են Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդուն` Լեւոն Քոչարյանին: Նշենք, որ հրապարակումից մի քանի օր անց խմբագրությունը ստացավ «Գործընկերներ» իրավաբանական ընկերության գրությունը, որով մեզ խնդրում էին հերքել լուրը: Իսկ թե ինչու մենք այդ լուրը չհերքեցինք, ցույց կտանք դատարանում:
    Ուզում էի այստեղ տեղադրել նաև բուն նյութը, բայց ՀԺ-ի կայքի արխիվներում այն կարծես թե բացակայում էր: Ինչևէ, փորձեմ մնացածը կառուցել ըստ ժամանակագրության:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Քոչարյաններն ընդդեմ «Հայկական Ժամանակի»

    Ապրիլի 21-ին Նիկոլ Փաշինյանը հանդես եղավ ծավալուն ու շատ հետաքրքիր վերլուծությամբ, որը տպագրվեց նաև Հայկական ժամանակ թերթում, տեղադրվեց Նիկոլի կայքում, Payqar.org-ում: Տեղադրում եմ ամբողջությամբ.

    ՔՈՉԱՐՅԱՆՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ «ՀԺ»-Ի
    Ապրիլ 21, 2009

    ՔոչարյաններըՈվքեր ապրել են Խորհրդային Միությունում, կհիշեն սովետական խանութպանների հաշվարկների համակարգը` հիսուն-հիսուն` մեկ ու հիսուն, մի հատ էլ հիսուն` իրեք ու հիսուն: Ահա այսպես էին հաշվում նրանք իրենց վաճառած ապրանքի գինը: Իսկ հաշվարկի այս մեթոդի մասին հիշեցի մեր թերթի դեմ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ներկայացրած հայցի բովանդակությանը ծանոթանալուց հետո ու սկսեցի մտածել` չլինի՞ «Կարշոլկի» պարտկոմ լինելուց առաջ Քոչարյանը գործունեություն է ծավալել «Կարշոլկի» կամիսիոննի խանութում: Էականը, սակայն, սա չէ, այլ այն, որ սույն դատական հայցով Քոչարյանների ընտանիքը 16 միլիոն դրամ է պահանջում «Հայկական ժամանակ» թերթից: Առիթը այն լուրն է, որ տպագրվել է մեր թերթի փետրվարի 6-ի համարում, այն մասին, որ կրտսեր Քոչարյանը բերման է ենթարկվել Դուբայի ոստիկանատներից մեկը: Այս նյութի մեջ հարկ չեմ համարում անդրադառնալ անգամ այս լուրի հիմնավորվածությանը, այն պարզ պատճառով, որ եթե «ՀԺ»-ն դա հավաստի չհամարեր, ուղղակի չէր տպագրի: Եւ ահա, Քոչարյանները այդ լուրը իրականությանը չհամապատասխանող են համարում եւ դատական կարգով փոխհատուցում են պահանջում թերթից: Տվյալ դեպքում շատ ավելի կարեւոր է այն հայցը, որ ներկայացվել է: Ու չնայած այն ստորագրել է Քոչարյանի կրտսեր որդի Լեւոնը, հայցի մի հսկայական հատվածը նվիրված է Ռոբերտ Քոչարյանի եւ, պինդ բռնվեք, Հայաստանի Հանրապետության հեղինակության պաշտպանությանը: Տեսեք, թե ինչ են գրում Քոչարյանները իրենց հայցում. «Փաստորեն, «Հայկական ժամանակ» օրաթերթի տարածած (…) տեղեկությունները հիմք են դարձել օգտագործել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Լեւոն Քոչարյանի անունը` Հայաստանի Հանրապետության վարկանիշը գցելու, վարկաբեկելու եւ միջազգային հանրության առաջ հայերին որպես «խուլիգան» եւ «հանցագործ» ներկայացնելու եւ համանման որակներով պիտակավորելու համար, ինչն, անխոս, դիպչում է Հայաստանի Հանրապետության հանրային շահերին եւս»: Մեջբերման ավարտը: Հիմա հասկացաք, չէ՞, սիրելի ընթերցող` փաստորեն, Քոչարյանն ու իր ընտանիքը այն սրբապատկերն են, որին նայելու միջոցով մենք պետք է պատկերացնենք` ինչ ասել է հայ: Հայի մարմնավորումն են Քոչարյանները, հայը հենց իրենք են, որ կան: Իսկական պարադոքս. պաշտոնավարության տարիներին Հայաստանի հանրության մի զգալի մասը Քոչարյանին իսկի հայ չէր համարում, բայց տասը տարի երկիրը թալանելուց, այդ թալանի արդյունքում որոշ գնահատականներով` մեկ, իսկ որոշ գնահատականներով` երկու միլիարդ դոլար կուտակելուց հետո, հիմա նա դարձել է հայ ժողովրդի, հայի մարմնավորումը, ու ոչ միայն նա, այլեւ իր ընտանիքի ճաճանչափայլ անդամները: Հայ ժողովուրդը պետք է մի բարձր սարից իրեն անդունդը նետի, եթե միջազգային հանրությունը Քոչարյաններով պետք է պատկերացում կազմի իր մասին: Եւ եթե այսպես է, ուրեմն մենք միջազգային հանրության առաջ նենգ, անբարո, մարդակեր, գռեհիկ եւ, որ առավել կարեւոր է, միջինից ցածր ինտելեկտուալ մակարդակով ժողովուրդ ենք, որը իշխանությունն ու պետությունը ընկալում է որպես մարդկանց սպանելու, խոշտանգելու, անզգույշ քաշքշելու, անասելի հարստություն կուտակելու մի միջոց: Բայց էլի մի մեջբերում անենք Քոչարյանների հայցից. «Բացի այդ, միջազգային հանրության առջեւ Լեւոն Քոչարյանին վարկաբեկելն ուղղակիորեն հանգեցնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատվի, արժանապատվության եւ բարի համբավի արատավորմանը ոչ միայն Հայաստանում, այլեւ միջազգային հանրության առաջ»: Մեջբերման ավարտը: Սա իսկական սենսացիա է` փաստորեն, Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի Հանրապետությունում բարի համբավ էլ ունի: Քոչարյանը: Ռոբերտ: Հայաստանում: Ունի: Բարի համբավ: Մեղա, մեղա, մեղա… Փաստորեն, այն մարդը, ով հրապարակային ասուլիսում ռազբորկա էր անում իր թիկնազորի կողմից սպանված Պողոս Պողոսյանի, այսինքն` սպանված եւ դիահերձարանում գտնվող մարդու հետ, այն մարդը, որի ղեկավարության տարիներին տեղի է ունեցել Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, եւ որի օրոք ապօրինաբար կարճվել է այդ հանցանքի կազմակերպիչներին բացահայտելու համար հարուցված քրգործը, այն մարդը որ սեփական քաղաքացիներին սպանդի ենթարկելու հրաման է տվել, այն մարդը, որ անկախ սոցհարցումներով համարվել է Հայաստանի ամենակոռումպացված պաշտոնյա, այն մարդը, որը կեղծ տեղեկանք ներկայացնելով է ՀՀ նախագահի թեկնածու դարձել` փաստորեն նա կարող է բարի համբավ ունենալ, ու ոչ միայն Հայաստանում, այլեւ միջազգային հանրության շրջանում:

    Բայց վերը նկարագրվածը մի կողմ. համաշխարհային պատմության մեջ շատ դժվար է գտնել մի օրինակ, երբ որեւէ երկրի որեւէ նախագահ որեւէ թերթից այսօրինակ շոշափելի ֆինանսական փոխհատուցում պահանջի: Այսպես վարվում են երգիչ-երգչուհիները, շոու-բիզնեսի աստղերը: Եւ եթե Քոչարյանների ներկայացրած այս հայցի մասին հայտնի դառնա միջազգային հանրությանը, կարծում ենք` նրա «միջազգային հեղինակությունը» կտասնապատկվի, Հայաստանի Հանրապետությանը` առավելեւս:

    Ի դեպ, մի հետաքրքիր փաստ եւս. մեր թերթի հրապարակմանը Քոչարյանների ընտանիքը միջազգային մասշտաբներ է տվել այն պատճառով, որ այդ լուրը արտատպել են մի քանի օտարերկրյա ինտերնետ կայքեր: Այսինքն` այդ ինտերնետ կայքերը Քոչարյանների համար միջազգային նշանակություն ունեն: Այս փաստը հետաքրքիր է այնքանով, որ Քոչարյանները հղում են արել ռուսական եւ ադրբեջանական երկու կայքերին: Ահա այսպիսի կառուցվածք ունի միջազգային հանրությունը Քոչարյանների համար: Եւ հետաքրքիրն այն է, որ Քոչարյանը ոչ մի անգամ դատի չի տվել ռուսական այն կայքերին, որոնք տարբեր լուրեր են տպագրել նրա մաֆիոզ գործունեության եւ նրա հայցատու զավակի` հազար դոլարանոց շամպայն խմելու սովորության մասին:

    ինչպիսի~ հաշվարկ

    Հարկ չեմ համարում ընդգծել, որ «Հայկական ժամանակը» խնդրո առարկա հրապարակումը համարում է իրականությանը համապատասխանող: Այսինքն` սա հասկանալի է ինքնին: Քոչարյանները հակառակ կարծիքի են, բայց խնդիրը, տվյալ դեպքում, ոչ թե այս բանավեճն է, այլ այն, թե ինչպես են Քոչարյանները հիմնավորել, որ այդ հրապարակման արդյունքում իրենք 16 միլիոնի վնաս են կրել: Այս պնդումը մեզ հասկանալի կլիներ, եթե հիմնավորվեր, որ լուրը կարդալուց հետո Ռոբերտ Քոչարյանը յոգուրտ է շուռ տվել իր կոստյումի վրա, որը, բնականաբար, մոտավորապես 16 միլիոն դրամ կարող էր արժենալ: Նման հիմնավորումը, սակայն, հայցում բացակայում է: Եւ ուրեմն` ինչպես են հիմնավորել իրենց դրամային պահանջը: Մեջբերում հայցադիմումից. «…. վերոնշյալ տեղեկությունների տարածումը ունեցել է շահույթ ստանալու նպատակ: Նախ նկատենք, որ «Հայկական ժամանակ» թիվ 21 օրաթերթի տպաքանակը եղել է 8000 օրինակ, յուրաքանչյուրը` 100 դրամ: Այսինքն` պատասխանողը սույն համարի տարածման դիմաց ստացել է 80 հազար ՀՀ դրամ եկամուտ»: Ընդմիջելով` ասեմ, որ սա ուղղակի մեջբերում է հայցից, եւ դա նրանց հաշվարկն է: Բայց շարունակենք մեջբերումը: «Բացի այդ, այս տեղեկությունը հիմք է հանդիսացել նաեւ հայցվորի մասին (….) տեղեկությունների տարածման համար նաեւ այլ զանգվածային լրատվության միջոցներով, ինչի շնորհիվ պատասխանողը եւս ստացել է եկամուտ: Այժմ մեկ ԶԼՄ-ի կողմից մեկ այլ ԶԼՄ-ին մեկ լուրի տրամադրման միջին արժեքն է 10 հազար դրամ: Փաստորեն, հաշվի առնելով, որ «Հայկական ժամանակ» թիվ 21 օրաթերթին հղում են կատարել թվով վեց եւ ավելի ԶԼՄ-ներ, կարելի է փաստել, որ վերոնշյալ տեղեկությունների տրամադրման համար պատասխանողը ստացել է միջինը 60 հազար ՀՀ դրամ»: Էլի ընդհատենք մեջբերումը եւ արձանագրենք, որ գրվածը կատարյալ անհեթեթություն է: Հրապարակված լուրը վերահրապարակելու համար ոչ ոք ոչ ոքի գումար չի տալիս եւ, առավելեւս, չի պահանջում: Այնպես որ, այս հիմնավորումը կատարյալ անհեթեթություն է: Բայց շարունակենք մեջբերումը. «Բացի այս, սույն սենսացիոն նյութի հիման վրա մյուս ԶԼՄ-ները եւս ստացել են միջինը 80 հազար ՀՀ դրամի եկամուտ` յուրաքանչյուրը»,- էլի ընդհատենք մեջբերումը եւ արձանագրենք, որ միայն Ռ. Քոչարյանին է հայտնի հաշվարկի այս մեթոդաբանությունը, թերեւս` «Կարշոլկի» կամիսիոննի խանութի ժամանակներից: Բայց սրանք դեռ ծաղիկներն են` շարունակենք մեջբերումը. «Փաստորեն, հայցվորին հասցվել է ընդհանուր առմամբ 620 հազար դրամի վնաս: Բացի այդ, հայցվորի կողմից կատարվել են իր իրավունքների պաշտպանությանն ուղղված 3 միլիոն ՀՀ դրամի չափով ծախսեր: Այսպես` հայցվորին հասցվել է 3 միլիոն 620 հազար ՀՀ դրամի չափով վնաս` ըստ փաստացի հասցված վնասների»: Մեջբերման ավարտը: Պետք է շնորհակալ լինենք, որ իրենց իրավունքների պաշտպանության համար Քոչարյանները երեք միլիոն դրամ են ծախսել, եւ ոչ թե մեկ միլիարդ դոլար: Ի վերջո, ոչ ոք որեւէ մեկին չի կարող արգելել սեփական իրավունքների պաշտպանության համար որեւէ չափով գումար ծախսել: Իսկ մեկ միլիարդ դոլար Քոչարյանը ունի, եթե, իհարկե, դրանք բոլորը չի ներդրել աֆրիկյան երկրներում բիզնես ունենալու վրա: Բայց սա ամենը չէ, սիրելի ընթերցող, ամենը չէ: Սա ընդամենը 16 միլիոնանոց հայցապահանջի մի փոքր մասն է: Հետո հայցվորը պատմում է, որ այս հրապարակմամբ իրեն հասցվել է նաեւ 12 միլիոն 500 հազար դրամի բարոյական վնաս, եւ այսպիսով ձեւավորել է հայցապահանջը` 16 միլիոն 120 հազար դրամ: Պետք է շնորհակալ լինել, որ Քոչարյանները իրենց հասցված բարոյական վնասը մեկ միլիարդ դոլար չեն գնահատել: Գնահատել` գնահատելն էր, է` էդքան գնահատեիք:

    անցումային դրույթներ

    Տվյալ հայցը, սակայն, անգրագետ է մի քանի առումներով: Կա նաեւ մեկ այլ` աղաղակող անգրագիտություն, որին շարունակություն է տվել նաեւ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը: Հայցը ուղղված է ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի, եւ ահա դատարանն էլ պատասխանող է ճանաչել «Հայկական ժամանակ» օրաթերթին: Բայց այստեղ կա մի փոքր նրբություն: «Հայկական ժամանակ» օրաթերթը, ախր, իրավաբանական անձ չէ, ոչ էլ` ֆիզիկական անձ, եւ ՀՀ օրենսդրության համաձայն` չի կարող պատասխանող լինել: Ինչպես շատ սրամիտ նկատել է մեր թերթի բարեկամներից մեկը, սա մոտավորապես նույնն է, թե ինչ-որ մեկը դատի տա «Գրանդ քենդիի» «Արջուկը հյուսիսում» շոկոլադին, եւ դատարանն էլ «Արջուկը հյուսիսում» շոկոլադին պատասխանող ճանաչի: Պարոն դատավոր Ա. Մելքումյան, ախր անհարմար է, չէ՞: Չենք ուզում հուշել, թե տվյալ դեպքում ինչ պետք է աներ դատավորը, որովհետեւ դա մեր պարտականությունների մեջ չի մտնում: Բայց հիմա հայցը պետք է ետ ուղարկի` ոչ պատշաճ պատասխանող մատնանշված լինելու պատճառով, ապա եւ հետո նորից վարույթ ընդունի: Այս ընթացքում Քոչարյանները կարող են նոր հաշվարկներ անել` հայցի չափը հասցնելով մեկ միլիարդ դոլարի:

    Բայց այս գործում կա եւս մեկ հետաքրքիր փաստ. դատարան ներկայացված փաթեթի մեջ է Լեւոն Քոչարյանի անձնագրի պատճենը, եւ այն ուսումնասիրելիս` պարզում ենք, որ այդ անձնագրի` արտասահմանում գործունեության ժամկետը լրացել է 2007 թվականի փետրվարի 5-ին եւ այլեւս չի երկարացվել: Հասկանում եք, չէ՞, թե սա ինչ է նշանակում: Սա նշանակում է, որ 2007 թվականի փետրվարի 5-ից հետո Լեւոն Քոչարյանը արտերկրում չի եղել: Բայց նույն հայցադիմումից իմանում ենք, որ նա վերջին երկու տարիներին արտասահմանում եղել է: Հարց է ծագում` այդ ինչպե՞ս: Շատ պարզ` բոլորովին ուրիշ անձնագրով: Իսկ գործի մեջ ներկայացվել է այս մի անձնագիրը, որովհետեւ դրանում Դուբայ ժամանելու եւ մեկնելու մասին տվյալներ չկան, որովհետեւ այդ անձնագրով 2007 թվականի փետրվարի 5-ից հետո հնարավոր չէր Հայաստանից դուրս գալ: Այդ մեզ նման սովորական մահկանացուներն են մեկ անձնագիր ունենում: Իսկ տվյալ պարագայում` գործ ունենք` ինքներդ եք հասկանում, թե ում հետ:

    ամփոփում

    Բայց իսկապես, արտառոց երեւույթ է, երբ իրեն երկրի նախագահ համարող մարդը տվյալ երկրում գործող որեւէ սուբյեկտից 16 միլիոն դրամ է պահանջում: Դատական այսօրինակ գործեր լինում են, բայց եթե հայցվորը նախագահական ընտանիք է, հայցապահանջը` գումարի մասով, լինում է սիմվոլիկ` մեկ դրամ, մեկ դոլար, մեկ ֆունտ, մեկ եվրո: Բայց տվյալ դեպքում` քոչարյանական ընչաքաղցությունը իրեն հերթական անգամ ցույց է տալիս: Սա ուղղակի արտառոց երեւույթ է: Բայց այսօրինակ հայցը ուրիշ պատճառներ ունի` շատ ավելի խորքային պատճառներ: Մենք արդեն տեղեկացրել ենք, որ Եվրոպական դատարանը վարույթ է ընդունել մեր հայցը, որով մենք վիճարկում ենք 2008 թվականի մարտի 1-ից 20-ը ՀՀ-ում արտակարգ դրություն մտցնելու` Ռ. Քոչարյանի հրամանագրի օրինականությունը: Այս հայցի շրջանակներում ԵԴ կայացնելիք վճիռը խիստ կանխատեսելի է, եւ դա ունենալու է լրջագույն քաղաքական հետեւանքներ: Եւ ահա, Քոչարյանի հեռահար նպատակը «Բջնիի» սցենարով հայցվորի դերում հանդես եկող «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն իրենով անելն ու այդ հայցը ԵԴ-ից ետ վերցնելն է: Ամեն դեպքում` հետեւենք իրադարձությունների զարգացմանը: Այս գործով դատական առաջին նիստը նշանակված է ապրիլի 23-ին: Իսկ ընդհանրապես, վատ միտք չէ. Դուբայի ռեստորաններում ու գիշերային ակումբներում դեբոշներ անել, ապա եւ փորձել հազար եւ ավելի դոլարանոց շամպայնի ծախսերը հանել մոտիկ դատավորների օգնությամբ:

    Նիկոլ Փաշինյան

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Norton (30.04.2009)

  4. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Քոչարյաններն ընդդեմ «Հայկական Ժամանակի»

    Ապրիլի 23-ին տեղի ունեցավ այս գործով առաջին դատական նիստը: Պատճենում եմ tert.am-ից: Նկատենք, որ դատարանը ստիպված եղավ բավարարել պատասխանող կողմի հստակեցման միջնորդությունը, ինչի մասին Փաշինյանը խոսում էր ապրիլի 21-ի իր հոդվածում:

    Քոչարյաններն ընդդեմ «Հայկական ժամանակի». սկսվել է դատական գործընթացը

    16:56 • 23.04.09


    Կենտրոն և Նորք–Մարաշ առաջին ատյանի դատարանում այսօր մեկնարկել է «Հայակական ժամանակ» օրաթերթի դեմ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական հայցի լսումը։ Հիշեցնենք, որ Քոչարյանների ընտանիքը «Հայկական ժամանակ» օրաթերթին դեմ դատական հայց են ներկայացրել այն բանի համար, որ վերջինս տպագրել է Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի մասին լուր, ըստ որի՝ նախագահի որդին Դուբայում «դեբոշ է սարքել» ու տեղի ոստիկանության կողմից բերման է ենթարկվել։

    Դատական հայցը, որը Քոչարյանների ընտանիքի պատվի և արժանապատվության արատավորումը վերականգնելու և վնասը հատուցելու հարցը (Քոչարյանները 16 մլն դրամ են պահանջում) լուծելուն էր ուղղված, քննում է դատավոր Արայիկ Մելքումյանը (նկարում)։ Քոչարյանների ընտանիքին դատարանում ներկայացնում էին երկու հոգի, որոնցից ներկայացվեց Արփինե Մելիքբեկյանը։ Պատասխանող կողմից, այսինքն՝ «Հայկական ժամանակ»–ից, ներկայացուցիչ չկար։ Ինչպես դահլիճում նստածներից մեկը հայտարարեց, այնպես էլ դատարան ներկայացված փաստաթղթերը տեղեկացնում էին, որ «ՀԺ»–ից ներկայացուցիչ չկա դատալսմանը, քանի որ «ՀԺ»–ն անշունչ առարկա է, իրավաբանական կամ ֆիզիկական անձ չէ, որի շահերը կարելի է ներկայացնել։

    «ՀԺ»–ի տպագրումն իրականացնում է «Դարեսկիզբ» լրատվական գործունեություն իրականացնող ընկերությունը, որի փաստաբանն էլ միջնորդել էր դատարանին այդ գործում որպես պատասխանող կողմ իրեն ճանաչել։ Փաստորեն, ՀՀ երկրորդ նախագահի ընտանիքի փաստաբանները չէին կարողացել հենց մեկնարկից «ճիշտ հասցեատիրոջը» գտնել։

    Դատավոր Արայիկ Մելքումյանը բավարարել է միջնորդությունը՝ ըստ որի դատական հաջորդ նիստին որպես «ՀԺ»–ի դեմ ուղղված հայցի պատասխանող կողմ կներկայանա թերթը տպագրող «Դարեսկիզբ» ընկերությունը։

    Դատարանը հետաձգեց նիստը՝ այն նշանակելով մայիսի 12–ին, մինչ այդ ժամանակ տրամադրելով «Դարեսկիզբ» ընկերությանը՝ պատրաստվելու հաջորդ դատալսմանը։
    Աղբյուր՝ tert.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Քոչարյաններն ընդդեմ «Հայկական Ժամանակի»

    Այս գործին վերաբերվող վերջին նյութը, առայժմ, կարծես թե Նիկոլ Փաշինյանի երկրորդ, ապրիլի 28-ին հրապարակված ծավալուն ու անչափ հետաքրքիր, գործը պարզապես բզկտող հոդվածն է: Նորից ներկայացնում եմ ամբողջովին, ակնկալում եմ սույն թեմայով քննարկումներ, ինչպես նաև հետագայում ըստ ժամանակագրության նյութերի տեղադրում, ամփոփում:

    ԹՈՇԱԿԱՌՈՒՆ ԵՎ ՅՈՒՐ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ

    Ապրիլ 28, 2009


    «Քոչարյաններն ընդդեմ «Հայկական ժամանակի»» դարակազմիկ դատավարության առաջին նիստը տեղի ունեցավ։ «ՀԺ»-ի նախորդ համարում տպագրված տեղեկատվությունից ընթերցողը տեղյակ է, թե ինչ է եղել այդ դատավարության ընթացքում։ Դատարանը որոշել է ոչ պատշաճ պատասխանողին փոխարինել պատշաճ պատասխանողով, որովհետեւ «Հայկական ժամանակ» օրաթերթը իրավաբանական անձ չէ եւ, ՀՀ օրենսդրության համաձայն, չի կարող դատարանում հանդես գալ որպես պատասխանող։ Եւ ուրեմն` դատարանը պատասխանող է ճանաչել «Դարեսկիզբ» ՍՊԸ-ին, որը եւ է իրավաբանական անձ։ Հանրային հետաքրքրության իմաստով պատասխանողի փոփոխությունը, ըստ էության, աննշան մի իրադարձություն է, իրականում, սակայն, Քոչարյանների ներկայացրած հայցը, դատավարական փուլ չմտած, այսպիսով հիմնատակ փլուզվեց։ Ու որպեսզի ընթերցողը չմտածի, թե սա պատասխանող կողմի էմոցիոնալ պոռթկում է, ասվածը կփորձեմ ապացուցել այնպես, ինչպես ապացուցում են թեորեմը, այսինքն` այնպես, որ ասվածը դառնա անառարկելի` մաթեմատիկական լուծված հավասարման նման։ Ինչպես հայտնի է, Քոչարյանների «խեղճուկրակ» ընտանիքը մեզնից 16 միլիոն 120 հազար դրամ է պահանջում` իրեն «հասցված բարոյական վնասը», թերեւս, դիտելով որպես սեփական սոցիալական կարիքները հոգալու, երեխեքին շորուշերթ առնելու, ծիրանի-բանի սեզոնը բացվում է` թանկուկրակ մրգին կարոտ չմնալու փայլուն հնարավորություն։ Բայց չշեղվենք թեմայից։ Ուրեմն` իրենց հայցի մեջ Քոչարյանները նշել են, որ այդ 16 միլիոնից միայն 12 միլիոն 500 հազար դրամն է «բարոյական վնաս»։ Հայցի 3 միլիոնանոց հատվածի հիմնավորումն այն է, որ նրանք այդ գումարը ծախսել են իրենց իրավունքների պաշտպանությունը կազմակերպելու համար. «…. հայցվորի կողմից կատարվել են իր իրավունքների պաշտպանությանն ուղղված 3 միլիոն ՀՀ դրամի չափով ծախսեր».- գրված է հայցադիմումի մեջ։ Ենթադրվում է, որ սա այն գումարն է, որով նրանք փաստաբան են վարձել կամ, ավելի ճիշտ` փաստաբաններ, եւ ահա` այս ծախսի գումարը Քոչարյանները նույնպես մեզնից են պահանջում։ Ցանկացած փաստաբան կփաստի, որ սա լուրջ վարձավճար է, եւ դրա չափը ենթադրել է տալիս, որ Քոչարյանների վարձած փաստաբանները կատաղած դեմքեր են, իրավաբանության վիրտուոզներ։ Դե` բնական է, իրեն Հայաստանի երկրորդ նախագահ համարող մարդու ընտանիքը հո չի՞ կարող բոմժ փաստաբաններ վարձել։ Նրա վարձած փաստաբանները պիտի աջուձախ վարուցանք անեն` իրավաբանության դաշտում։ Համենայնդեպս` նրանց վրա «դուրս գրված» փողը սա է ենթադրել տալիս։ Այսպիսի պարզ գործի վրա երեք միլիոն դրամով փաստաբաններ վարձելը պիտի վկայի փաստաբանների մի հատ ուրիշ մակարդակի մասին, որոնք պետք է պատշաճ մակարդակով ներկայացնեն ճաճանչափայլին կամ, ինչպես մի հեղինակ է դիպուկ նկատել` մեծադըղըրդին։ Բայց ինչպես քոչարյանական ցանկացած քայլ, այս դեպքում էլ գործ ունենք ընդամենը կարիկատուրայի հետ։ Պարզվում է` Քոչարյանների վարձած փաստաբանները` թանկուկրակ փաստաբանները, չեն կարողանում տարբերել անգամ, թե ում դեմ պետք է հայց ներկայացնեն, թե որն է այն սուբյեկտը, որի հետ իրենք պետք է հարցեր պարզաբանեն։ Եւ նրանք, փաստորեն, այնպիսի փաստաբաններ են, որ կարող են դատի տալ, ասենք, «Մերսեդես Բենց» ընկերության կողմից կողմից արտադրվող «S 500» մոդելին, տվյալ դեպքում` «Դարեսկիզբ» ՍՊԸ թողարկած «Հայկական ժամանակին»։ Յուրաքանչյուր տառաճանաչ մարդ կհասկանար, որ այսպիսի քայլը պիտի վկայի ընդամենը հայցը կազմած մարդու անգրագիտության մասին։ Բայց ռեկորդը սա չէ, այլ այն, որ Քոչարյանի նշանակած դատավորն էլ կարող է իրավաբանական կամ ֆիզիկական անձ չհանդիսացող սուբյեկտին պատասխանող ճանաչել, մի բան, որ անհնար է` ՀՀ օրենքների համաձայն։ Բայց մի կողմ թողնենք դատավորին, որովհետեւ մեր ասելիքը այս պահին Քոչարյանների ներկայացրած հայցի մասին է։ Ահա, ուրեմն, այսպիսի «գրագետ» փաստաբաններ են վարձել Քոչարյանները, որոնց գործունեության առաջին քայլն իսկ ուղղակի ծիծաղ է առաջացնում։

    Էլի ընդգծեմ, որ սույն փաստաբանների գործունեությանը չէինք անդրադառնա, եթե Քոչարյանները փաստաբանների վրա ծախսված այդ երեք միլիոն դրամը մեզնից չպահանջեին։ Բայց վերը նշվածը Քոչարյանների փաստաբանների անգրագիտության միակ ապացույցը չէ։ Նախորդ նյութում արդեն գրել եմ, բայց հիմա ավելի մանրամասնեմ։ Քոչարյանների փաստաբանները իրենց հայցի մեջ «ՀԺ»-ի տպաքանակը` 8 հազար օրինակ, բազմապատկել են նրա գնով` 100 դրամ, եւ ստացել են 80 հազար դրամ։ Մինչդեռ, բազմապատկման աղյուսակը իմացող ամեն ոք կհաստատի, որ այդ երկու թվերի բազմապատկումից ստացվում է 800 հազար դրամ։
    Պրոբլեմը, սակայն, միայն բազմապատկման աղյուսակի չիմացությունը չէ. այս դեպքում` փաստաբանները ի վնաս իրենց կլիենտի են հաշվել ու եթե ճիշտ հաշվեին, հայցի գումարը կլիներ 720 հազար դրամով ավելի։ Պատկերացնո՞ւմ եք, թե այս փողին քանի կիլո ծիրան կառնեին Քոչարյանները։ Հանրապետության ամենաերիտասարդ թոշակառուի ընտանիքի ամառվա զակատ-զուկուտի հարցը կլուծվեր, ու ոչ միայն ծիրանի ջեմի, մուրաբայի, կոմպոտի ու հյութի, այլեւ «Իմամ-բայալդըի», «Բակլաջանի պա բակինսկիի» մակարդակով։ Ահա այսպիսի թանկ ու անգրագետ փաստաբաններ են վարձել Քոչարյանները, որոնք նրանց զրկել են 720 հազար դրամ կպցնելու հնարավորությունից։ Եւ, ի դեպ, վերը նշված բազմապատկումը վրիպակ չէ, որովհետեւ այդ թիվը հայցագումարի մեջ հստակ ընդգծված է` մի քանի անգամ։

    Բայց այսքանով փաստաբանների անգրագիտության ապացույցները չեն սահմանափակվում. այս փաստաբանները մտել են մամուլի դաշտ` առանց նվազագույն գաղափար իսկ ունենալու նրա գործունեության կանոնների մասին։ Այս մասին էլ հպանցիկ նախորդ նյութում գրել եմ, բայց ուզում եմ ընդգծել, որ մամուլի հետ դատի մեջ մտնող փաստաբանները լայաղ կանեին գոնե ուսումնասիրել, տեղեկանալ, թե լրատվամիջոցները ինչպես եւ ինչ սկզբունքով են իրարից նյութեր արտատպում։ Նրանք ոչ միայն լայաղ չեն արել, այլեւ եզրակացրել են, թե «Հայկական ժամանակը», օրինակ, day.az-ից գումար է ստացել։ Day.az-ից գումար ստանաք դո՛ւք, եւ երեւի ստանում եք, որ վստահ եք ինֆորմացիայի առքուվաճառքի ինչ-որ սակագների։
    Սա անգրագիտություն է, կատարյալ անգրագիտություն։ Սա Քոչարյանների` երեք միլիոն դրամով վարձած փաստաբանների անգրագիտության վկայությունն է, ավելի ճիշտ` այդ վկայություններից միայն մեկը։ Բայց ամբողջ խնդիրն այն է, սիրելի ընթերցող, որ այսքանով անգամ այդ անգրագիտությունների վկայությունների ցանկը չի ավարտվում։ Այդ փաստաբանները ոչ միայն բազմապատկման աղյուսակը չգիտեն, այլեւ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենսդրությունը։ Եւ սրա ապացույցը գտնում ենք այս գործի ակունքներում։ Մենք արդեն տեղեկացրել ենք, որ ամեն ինչ սկսվել է նրանից, որ կրտսեր Քոչարյանի մասին լուրի տպագրությունից որոշ ժամանակ անց «ՀԺ»-ի խմբագրությունը մի գրություն է ստացել ոմն Սարգիս Գրիգորյանից, որը ներկայացել է որպես «գործընկեր-կառավարիչ»։ Այս անձը, ուրեմն, տվյալ գրությամբ մեզ խնդրել է հերքել Լեւոն Քոչարյանի վերաբերյալ մեր հրապարակումը։ Այդ գրությունը ուղղակի հուսահատեցնող անգրագիտության վկայություն է, որովհետեւ առաջին հարցը, որ ծագում է նրա ուղարկած գրությունը կարդալուց հետո, հետեւյալն է` ապե, դու վաբշե ո՞վ ես էս կյանքում։ Պարզաբանեմ։

    «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքը անձին իրավունք է տալիս հերքման պահանջ ներկայացնել իր իրավունքներին, այսինքն` իր անձին վերաբերող տեղեկատվության պարագայում։ Օրենքի մեջ հստակ գրված է «իր իրավունքները» արտահայտությունը, եւ սա հասանելի պետք է լինի նվազագույն իրավագիտակցություն ունեցող մարդուն։ Մարդը պետք է հասկանա, որ ինքը իրավունք ունի վիճարկել այն տեղեկատվությունը, որ իր անձին է վերաբերում։ Այս իրավական թնջուկը հստակ նկարագրված է «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի հայտնի երկխոսության մեջ։ «Դու իրավունք ունես մորթելու ո՞ւմ ոչխարները», «Իմ ոչխարները», «Դու իրավունք չունես մորթելու ո՞ւմ ոչխարները», «Ռեւազի ոչխարները»։ Հիմա, եթե մենք մի ինչ-որ բան ենք գրում Գաբրիել Համբարձումյանի մասին, Շմավոն Կիրակոսյանը իրավունք չունի հանդես գալ այդ տեղեկատվությունը հերքելու պահանջով։ Այդ տեղեկատվությունը հերքելու պահանջով հանդես գալու իրավունք ո՞վ ունի։ Գաբրիել Համբարձումյանը։ Այդ տեղեկատվությունը հերքելու պահանջով հանդես գալու իրավունք ո՞վ չունի։ Շմավոն Կիրակոսյանը։ Վերջինս, իհարկե, կարող է հանդես գալ Գաբրիել Համբարձումյանի անունից, եթե գրավոր փաստաթուղթ ներկայացնի «առ այն մասին», որ ինքը լիազորված է խոսել նրա անունից։ Բայց, վախ քու արա, «ականավոր» իրավաբան Ս. Գրիգորյանը մոռացել է իր նամակին կցել այդ լիազորությունները հաստատող փաստաթուղթ, այդ պատճառով էլ նրա հերքումը հայտնվել է աղբանոցում։ Իհարկե, եթե կցեր նման փաստաթուղթ, նրա հերքումը կրկին աղբանոցում էր հայտնվելու` մի փոքր այլ եղանակով։ Բայց խոսքը սրա մասին չէ։ Խոսքը նրա մասին է, որ Քոչարյանները այս գործի շրջանակներում հանդես են գալիս անգրագետ իրավաբանական թիմով։ Սա վկայում է, որ տասը տարի երկրի իշխանությունը բռնազավթած անձը հենց այս մակարդակով է երկիր ղեկավարել։ Այս մասին վկայող ապացույցները մինչեւ այժմ էլ առատ էին, բայց հերթականը չի խանգարի նաեւ։

    Բայց վերադառնանք, այնուամենայնիվ, «Հայկական ժամանակի» դեմ ներկայացված հայցի այն հատվածին, որտեղից հետեւում է, որ այս գործով զբաղվող փաստաբաններին Քոչարյանները երեք միլիոն դրամ են վճարել։ Եւ ահա այդ փաստաբանների անգրագիտության ֆոնին` հայցադիմումի այդ պնդումը երկու հնարավոր եզրակացության հիմք է տալիս։ Տարբերակ առաջին. փաստաբանները քցել են Քոչարյաններին, որովհետեւ նման անգրագետ իրավաբանների երեք հազար դրամ անգամ չի կարելի վճարել։ Տարբերակ երկրորդ. հայցադիմումի պնդումը` երեք միլիոն դրամի մասին, սուտ է, եւ սա Քոչարյանների ու նրանց փստաբանների համատեղ սուտն է։ Ես հակված եմ երկրորդ տարբերակին, որովհետեւ չեմ հավատում, որ հանրապետության ամենաերիտասարդ թոշակառուն որեւէ մեկին երեք միլիոն դրամ վճարի` բաց աչքով։ Նա չափազանց շատ է փող սիրում եւ ի վիճակի չէ նման առատաձեռնության։ Ինչ վերաբերում է փաստաբաններին` լավ չի ստացվում նրանց կարիերան։ Հիմա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, Սարգիս Գրիգորյանի եւ Արփինե Մելիքբեկյանի անվանը հանդիպելիս, պետք է հասկանա, որ գործ ունի անգրագետ շառլատանների հետ, որոնք իրենց ներկայացնում են որպես գրագետ իրավաբաններ։ Զգուշացեք, սիրելի հայրենակիցներ, ձեր գործերը այս փաստաբաններին վստահելուց։ Նրանք կարող են խայտառակել ձեզ։ Եթե Քոչարյանների պարագայում այդ խայտառակությունը փույթ չէ, որովհետեւ նրանք իրենք իրենց են վաղուց խայտառակել, ձեր պարագայում կարող է լավ չստացվել։

    Հետաքրքիր է` այս կարկառուն իրավաբանների զույգը իրենց անգրագիտության մասին իմ այս պնդման կապակցությամբ դատարան կդիմի՞` իրենց «գործարար համբավը» պաշտպանելու համար։ Գրազ եմ գալիս, որ` ոչ։

    շարունակելի

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Քոչարյաններն ընդդեմ «Հայկական Ժամանակի»

    շարունակություն


    ի դեպ


    Ընթերցողը հիշում է, անշուշտ, որ վերջին շրջանում «Հայկական ժամանակը», թարսի նման, բազմաթիվ տեղեկություններ է տպագրել բարձրաստիճան անձանց զավակների դեբոշների մասին։ Մեր թերթը հաղորդել է Գագիկ Բեգլարյանի, Կարեն Կարապետյանի, Ռուբեն (Աղվան) Հովսեփյանի, Հովիկ Աբրահամյանի զավակների դեբոշների մասին։ Հաղորդել ենք առողջապահության փոխնախարարի, ԱԺ պատգամավորների եւ շատ այլոց խուլիգանական պահվածքի մասին։ Երեւի այդպիսի պատմությունների մի մեծ մասն էլ չեմ հիշում այս պահին։ Կարծում եմ` որեւէ մեկի մոտ կասկած չկա, որ այդ պատմությունները հարյուր տոկոսանոց իրականություն են։ Դրանց մի մասը անգամ պաշտոնապես հաստատվել են, երբ պետք է եղել, որ ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյա շոու սարքի` «հեսա տեսեք` ոնց ենք օրինականություն հաստատելու» թեմայով։
    Հիմա` հարց` ինչո՞ւ այդ պատմություններից որեւէ մեկի հերոսը դատի չի տվել մեզ, իսկ Քոչարյանները գնացել են նման քայլի։ Պատասխանը շատ պարզ է. որովհետեւ տվյալ ինֆորմացիան կապվում է արտերկրի հետ։ Այստեղ նրանք լուրջ խաղաքարտ ունեն։ «Պասպորտ սեղանն» էլ է իրենց ձեռքին, «փեչատն» էլ։ Իրենց դժվար չի «ապացուցել», որ տվյալ անձը չի եղել տվյալ ժամանակ տվյալ վայրում։ Եւ իրենք այնքան վստահ են իրենց այս հնարավորություններում, որ տվյալ գործին են կցել Լեւոն Քոչարյանի մի անձնագրի պատճեն, որի արտերկրյա ժամկետը երկու տարի առաջ լրացել է։ Ինչո՞ւ են նման վրիպում թույլ տվել։ Անուշադիր են եղել ուղղակի։ Իրենց պետք է եղել չկցել այն անձնագրի պատճենը, որը կապացուցի մեր գրածը։ Բայց չեն մտածել, որ այդ մյուս անձնագրի մեջ էլ կարող են լինել տվյալներ, որոնք ոչ պակաս կապացուցեն դա։ Ինչպես` մեկին գումարած մեկ` հավասար է երկու։ Չէ, ավելի ճիշտ` ութ հազար անգամ հարյուր, հավասար է ութսուն հազար։ Հիմա, իրենք այդպիսով ստեղծում են մի վիճակ, որ ստացվի, որ տվյալ անձը տվյալ ժամանակաշրջանում չի եղել տվյալ վայրում` եւ վերջ, եւ սրանով հարցերը փակվում են։ Հիմա, եթե մենք վկա բերենք դատարան, որը կասի, որ սեփական աչքով է տեսել տեղի ունեցածի մի հսկայական մասը, ինչ եք կարծում` ի՞նչ է սպասում այդ վկային` իհարկե, ակնհայտ սուտ մատնության համար երեքուկես տարվա ազատազրկում, որովհետեւ պաշպորտը, այն պաշպորտը, որի կեղծ նմուշները վերջերս հայտնաբերվեցին Թբիլիսիում, ու ՀՀ իշխանությունները ստիպված եղան խոստովանել, որ աջուձախ կեղծ անձնագրեր են վաճառում եւ տպագրում, ահա այս պաշպորտը ուրիշ բանի մասին է վկայում։ Հիմա պարզ է, չէ՞։ Հա, չմոռանանք ամենակարեւորի մասին։ Ահա, Քոչարյանական փստաբանները հաշվարկել են, որ իրենց կլիենտը 12 միլիոն 500 հազար դրամի բարոյական վնաս է կրել։ Բազմապատկման աղյուսակը չիմացող փստաբաններն են սա հաշվարկել։ Սրանք խաբար չեն անգամ, որ ՀՀ օրենսդրության մեջ բարոյական վնասի դրամական, նյութական հաշվարկման մեխանիզմ չկա։ Նիխտ։ Բայց հաշվարկել են` հիսուն-հիսուն, մեկուհիսուն, մի հատ էլ հիսուն` իրեքուհիսուն սկզբունքով։ Տիպիկ Քոչարյանական մոտեցում։ Բայց 16 միլիոնի հայցապահանջը պատահաբար չի հաշվարկված. նրանք քցել-բռնել են, որ այդքան գումարի տուգանքը բավարար է «Հայկական ժամանակը» փակելու համար։ Ի՞նչ եմ մտածում այս մասին։ Ընթերցողին խնդրում եմ` ինքնուրույն կռահել, թե ինչ եմ մտածում այդ մասին։ Իսկ դրանից դուրս` չեմ կարծում, թե անգամ հայաստանյան դատարանը կարող է բավարարել այսօրինակ տխմար հայցը։ Բայց եւ ուզում եմ հիշեցնել, որ մի անգամ նման հայց արդեն բավարարել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Էդիկ Ավետիսյանը։ 1999-ին նա մեր այնժամանակվա թերթին` «Օրագրին», 25 հազար դոլար տուգանեց` Միկա Բաղդասարովի հայցի հիման վրա, հայց, որը նույնպես հիմնված էր կեղծ թղթերի վրա, եւ որի հիման վրա թերթը փակեցին։ Երբ տարիներ անց մի առիթով դատավոր Ավետիսյանին այս գործի մասին հիշեցրի, սկսեց կակազել։ Բայց սա չի էականը, էականն այն է, որ այդ դատավարությունից հետո մենք միայն ուժեղացանք, եւ երբ «Օրագիրը« փակեցին, մեր բարեկամների օգնությամբ ունեցանք «Հայկական ժամանակը», որը երկրիս հանցավոր բազմաթիվ իշխանավորների զրկել է հանգիստ քնից։ Հույս չունենաք, ձեր հանգիստ քունը չի վերականգնվելու, պարոնայք ավազակապետեր, քանի դեռ հանդես չեք եկել ապաշխարությամբ։

    ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    dvgray (01.05.2009), Nadine (10.06.2009), Norton (30.04.2009), Yellow Raven (01.05.2009)

  8. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քոչարյաններն ընդդեմ «Հայկական Ժամանակի»

    Նիկոլը ինչպես միշտ բարձունքի վրա է

    ի՞նչ ասես
    ոնց որ ամեն ինչ ասված է: արդեն խոսալտ էլ չի գալիս: էնքան ամեն ինչ արժեզրկվել է

  9. #7
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Քոչարյաններն ընդդեմ «Հայկական Ժամանակի»

    ԴԱՏԱՐԱՆԸ ՀԱԿԱՍԵՑ ԻՆՔՆ ԻՐԵՆ


    Այսպիսով, «Քոչարյաններն ընդդեմ «Հայկական ժամանակի»» դարակազմիկ դատավարությունը` Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց։ Ինչպես եւ պետք էր սպասել, դատավարությունը զուգորդվեց բազմաթիվ ապօրինություններով, որոնք սակայն, ունեին որոշակի առանձնահատկություններ։ Հայցվոր կողմի, այսինքն` Քոչարյանների ընտանիքի վարքագիծը այս դատավարության ընթացքում շատ էր հիշեցնում Արտաշես Քալանթարյանի «Իսկ դուք որտե՞ղ էիք» վեպի մի հերոսի։ Ահա այդ վեպի գյուղական հերոսներից մեկը, շրջանային թերթում աննպաստ հրապարակում կարդալով իր մասին, վերցնում է թերթի մի օրինակ ու գրիչ, գնում հրապարակման հեղինակ լրագրողի տուն եւ նրանից պահանջում ջնջել գրվածը։ Լրագրողը սկզբում չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը։ Ապա կռահելով, որ իր հրապարակման հերոսը ցանկանում է, որ ինքը, այսինքն` լրագրողը, հենց թերթի էջում գրիչով ջնջի խնդրո առարկա նախադասությունը, վերցնում է նրա բերած գրիչն ու թերթը եւ խազեր քաշում հրապարակման հերոսին դուր չեկած նախադասության վրա։ Հրապարակման հերոսը բավարարված, գոհ ու շնորհակալ հեռանում է` տանելով իր հետ բերված թերթը եւ մտածելով, որ այլեւս վերականգնված է իր «բարի համբավը»։ Զուգահեռը ակնհայտ է, որովհետեւ եթե Քոչարյանների խնդիրը ոչ թե թերթում գրվածը ջնջելն է, այլ սեփական իրավացիությունը ապացուցելը, նրանք դատարանում պետք է պաշտպանեին «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի, այսինքն` «Հայկական ժամանակ» օրաթերթի շահերը ներկայացնող փաստաբան Տիգրան Աթանեսյանի միջնորդությունները։ Հենց իրենք պետք է շահագրգիռ լինեին, որ պատշաճ հարցում ուղարկվի Արաբական Միացյալ Էմիրություններ, պատշաճ պատասխան ստացվի, որից էլ հայտնի կդառնա ողջ ճշմարտությունը։ Մինչդեռ, այս խնդրին վերաբերող ոչ մի միջնորդության հետ նրանք չհամաձայնեցին։ Մենք արդեն տեղեկացրել ենք, որ Դուբայի ոստիկանությունը չի պատասխանում մեր հարցումներին (ենթադրում ենք, որ ոչ առանց Քոչարյանների միջամտության) եւ պահանջում է հարցում ուղարկել դիվանագիտական խողովակով։ Քոչարյաններն ահա, դատարանում կտրականապես դեմ արտահայտվեցին Դուբայի ոստիկանությանը այսօրինակ հարցում ուղարկելուն։ Ինչո՞ւ. չէ՞ որ եթե իրենք ճիշտ են ասում, որ թերթի հրապարակումը սուտ է, այդ հարցումը միայն ապացուցելու էր իրենց ճշմարտացիությունը։ Ինչո՞ւ, ուրեմն, հրաժարվել նման ոսկե հնարավորությունից։ Այս հարցի պատասխանը ենթադրվում է։ Նշենք միայն, որ Հայաստանի իշխանություններն էլ իրենց հերթին հրաժարվեցին «Հայկական ժամանակին» տրամադրել տեղեկություններ այն մասին, թե արդյո՞ք խնդրո առարկա ժամանակահատվածում Լ. Քոչարյանը լքել է Հայաստանի տարածքը, եւ եթե այո, ո՞ր ուղղությամբ։ Այս տեղեկատվությունը հասու կդառնար միայն դատարանի միջամտության դեպքում, բայց դատարանին էլ այս տեղեկատվությունը չհետաքրքրեց։ Եկեք ուրեմն, ճիշտ հասկանանք. «ՀԺ»-ի հարցումները մերժվում են, տեղեկություն չի տրվում, իսկ դատարանը հրաժարվում է համապատասխան հարցումներին դատավարական ապացույցի կարգավիճակ տալ։ Այս հանգամանքը կարեւոր է ոչ միայն տվյալ գործի, այլեւ ընդհանրապես` մամուլի ազատության տեսակետից, որովհետեւ նման մոտեցումը իսկապես մամուլի ազատությունը նսեմացնելու փորձ է։ Եկեք մի պահ մոռանանք դատավարության մասին եւ տվյալ իրավիճակը դիտարկենք խոսքի եւ մամուլի ազատության տեսակետից։ «ՀԺ»-ն իր վստահելի աղբյուրներից մեկից տեղեկություն է ստանում, որ Ռ. Քոչարյանի որդին` Լեւոն Քոչարյանը, արկածների մեջ է ընկել Դուբայում, այդ ամենը տեղի է ունեցել այսպես, այսպես, այսպես։ Բնականաբար, «ՀԺ»-ն պետք է փորձի այլ աղբյուրից ստուգել տեղեկությունը։ Իր բազմաթիվ աղբյուրներից որեւէ մեկը, որ ասենք` ուղղակի առնչություն ունի Քոչարյանի շրջապատի հետ, ի վերջո հաստատում է տեղեկությունը։ Երկու աղբյուրներն էլ հավաստիացնում են, որ դեպքը իրոք եղել է, որոշ հանգամանքներ հայտնի են դառնում այլ աղբյուրներից։ «ՀԺ»-ն, ստանալով տեղեկացված աղբյուրների հաստատումը, տպագրում է լուրը, եւ սա բնական է։ Բայց հիմա, եթե հարցին մոտենանք «Քոչարյաններն ընդդեմ «ՀԺ»-ի» դատավարության տրամաբանությամբ, ստացվում է, որ լուրը տպագրելուց առաջ «ՀԺ»-ն պետք է հարցում ուղարկեր ԱՄԷ, սպասեր մեկ ամիս, ապա ստանար ոչինչ չասող պատասխան, ապա դիմեր Հայաստանի անձնագրերի եւ վիզաների վարչություն, ապա եւ ստանար մերժում ու որոշեր չտպագրել լուրը։ Ահա սա է այս դատավարության նպատակը` մամուլին պարտադրել մի իրավիճակ, երբ փաստաթղթերով չամրագրված լուրեր չտպագրվեն։

    Եկեք ուրեմն, ճիշտ հասկանանք. «ՀԺ»-ի հարցումները մերժվում են, տեղեկություն չի տրվում, իսկ դատարանը հրաժարվում է համապատասխան հարցումներին դատավարական ապացույցի կարգավիճակ տալ։ Այս հանգամանքը կարեւոր է ոչ միայն տվյալ գործի, այլեւ ընդհանրապես` մամուլի ազատության տեսակետից, որովհետեւ նման մոտեցումը իսկապես մամուլի ազատությունը նսեմացնելու փորձ է։ Եկեք մի պահ մոռանանք դատավարության մասին եւ տվյալ իրավիճակը դիտարկենք խոսքի եւ մամուլի ազատության տեսակետից։ «ՀԺ»-ն իր վստահելի աղբյուրներից մեկից տեղեկություն է ստանում, որ Ռ. Քոչարյանի որդին` Լեւոն Քոչարյանը, արկածների մեջ է ընկել Դուբայում, այդ ամենը տեղի է ունեցել այսպես, այսպես, այսպես։ Բնականաբար, «ՀԺ»-ն պետք է փորձի այլ աղբյուրից ստուգել տեղեկությունը։ Իր բազմաթիվ աղբյուրներից որեւէ մեկը, որ ասենք` ուղղակի առնչություն ունի Քոչարյանի շրջապատի հետ, ի վերջո հաստատում է տեղեկությունը։ Երկու աղբյուրներն էլ հավաստիացնում են, որ դեպքը իրոք եղել է, որոշ հանգամանքներ հայտնի են դառնում այլ աղբյուրներից։ «ՀԺ»-ն, ստանալով տեղեկացված աղբյուրների հաստատումը, տպագրում է լուրը, եւ սա բնական է։ Բայց հիմա, եթե հարցին մոտենանք «Քոչարյաններն ընդդեմ «ՀԺ»-ի» դատավարության տրամաբանությամբ, ստացվում է, որ լուրը տպագրելուց առաջ «ՀԺ»-ն պետք է հարցում ուղարկեր ԱՄԷ, սպասեր մեկ ամիս, ապա ստանար ոչինչ չասող պատասխան, ապա դիմեր Հայաստանի անձնագրերի եւ վիզաների վարչություն, ապա եւ ստանար մերժում ու որոշեր չտպագրել լուրը։ Ահա սա է այս դատավարության նպատակը` մամուլին պարտադրել մի իրավիճակ, երբ փաստաթղթերով չամրագրված լուրեր չտպագրվեն։

    Բայց եթե այսպես մոտենանք հարցին, թերթում պետք է տպագրվեն միայն պաշտոնական տեղեկություններ, որովհետեւ Հայաստանում տեղի ունեցած բազմաթիվ ծեծկռտուքների, ռազբորկաների, ահաբեկումների մասին հնարավոր չէ գտնել որեւէ պաշտոնական հաստատում։ Ոչ այն պատճառով, որ նման դեպքեր տեղի չեն ունեցել, այլ որովհետեւ այդ դեպքերում խառնված են բարձրաստիճան պաշտոնյաներ, նրանց ազգականներ, զավակներ, եւ տեղեկատվությունն էլ մամուլի համար արժեւորվում է հենց այս հանգամանքով։ Ու եթե հիմա Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը որոշի մեր թերթին դատի տալ իր որդու սարքած ծեծկռտուքի մասին լուրի կապակցությամբ, նույն տրամաբանությամբ կշահի դատը, որովհետեւ դեպքին ականատես տասնյակ մարդկանցից ոչ ոք վկայություն չի տա դատարանում, մենք ինքներս մեր աղբյուրը երբեք չենք բացահայտի, իսկ տվյալ ծեծկռտուքի փաստը արձանագրված չէ ոստիկանությունում։ Նույնը վերաբերում է Աղվան Հովսեփյանի եղբորորդու հետ կատարված դեպքին, նույնը վերաբերում է Գագիկ Բեգլարյանի որդու հետ կատարված դեպքին, նույնը վերաբերում է Սերժ Սարգսյանի եղբորորդու հետ կատարված դեպքերին, նույնը վերաբերում է Հովիկ Աբրահամյանի որդու հետ կատարված դեպքերին։ Նույնը վերաբերում է նաեւ ԲՀԿ-ՀՀԿ տուրուդմբոցներին, որ ՀՀ ոստիկանության կողմից որակվեցին որպես «քաղաքական բանավեճ»։ Կարծում եմ` ընթերցողը չի կասկածում, որ այդ դեպքերը տեղի են ունեցել, եւ ճշգրտորեն հենց այնպես, ինչպես նկարագրված է «Հայկական ժամանակ» թերթում։ Բայց «Քոչարյաններն ընդդեմ «ՀԺ»-ի» դատավարության տրամաբանությամբ, մենք պետք է ոչ թե այդ դեպքերի մասին պատմեինք ընթերցողին, այլ հարցումներ ուղարկեինք համապատասխան մարմիններ, մեկ ամսվա ընթացքում ստանայինք պատասխաններ այն մասին, որ նման դեպքեր ընդհանրապես տեղի չեն ունեցել։ Եւ ուրեմն` եթե ոստիկանությունն ասում է` տեղի չի ունեցել, մենք ո՞նց գրենք` տեղի է ունեցել։ Ահա սա է այս ողջ դատավարության իմաստը` մամուլին ստիպել աշխատել փաստացի արտակարգ դրության ռեժիմում, տպագրել այնպիսի տեղեկություններ, որոնց տպագրության դաբրո է տրվում «համապատասխան մարմինների» կողմից։ Ի դեպ, այսօրինակ իրավիճակի հետ մեր թերթը բախվել է նաեւ տասը տարի առաջ. 1999 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ մեր թերթը լուր տպագրեց, թե Չուգուն Նորիկ անունով հայտնի իրավաբան-դասախոս, ԱԺ պատգամավորի թեկնածու Նորիկ Այվազյանի որդին` իրավաբան-դասախոս Վարդան Այվազյանը, ծեծկռտուքի մեջ է ընկել։ Հրապարակման հաջորդ օրը խմբագրություն եկավ Վարդան Այվազյանը` աչքերից մեկը կապտուկի մեջ. նա պահանջում էր հերքում տպագրել։ Բնականաբար, մենք մերժեցինք նրա այդ պահանջը։ Արդյունքում տողերիս հեղինակի դեմ քրեական գործ հարուցվեց, եւ դատարանը ընդունեց Վարդան Այվազյանի այն հիմնավորումը, թե իր աչքի տակի հսկայական կապտուկը առաջացել է այն բանի արդյունքում, որ իր ընկերը մեքենայի դուռը բացել է այն պահին, երբ ինքը, այսինքն` Վարդան Այվազյանը, կռացած է եղել` աչքը մեքենայի դռանը պարզած։ Ընթերցողներից շատերը այդ պատմությունը երեւի հիշում են. այն ժամանակ, այս եւ մի քանի այլ դրվագներով ես դատապարտվեցի մեկ տարվա ազատազրկման…


    շարունակելի

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #8
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Քոչարյաններն ընդդեմ «Հայկական Ժամանակի»

    շարունակություն

    Տուր ինձ երեք միլիոն

    Վերադառնանք, սակայն, «Քոչարյաններն ընդդեմ «ՀԺ»-ի գործին». երկարատեւ, ծանր մտորումներից հետո դատարանը ի վերջո ընդունեց ակնհայտը. ՀՀ քաղաքացիական օրենսգրքում «բարոյական վնաս» հասկացություն չկա, եւ ուրեմն` Քոչարյանների պահանջը բարոյական վնասի փոխհատուցման մասին հնարավոր չէ բավարարել։ Հիշեցնենք, որ Քոչարյանները խնդրո առարկա հրապարակումից հետո իրենց կրած բարոյական վնասը գնահատել էին 12 միլիոն 500 հազար դրամ։ Ընդհանուր հայցագինը 16 միլիոն 120 հազար դրամ էր, եւ ահա, մերժելով բարոյական վնասի փոխհատուցման հայցապահանջը, դատարանը ընդունեց հայցագումարի մնացած մասը։ Թվում է, թե տրամաբանական որոշում է կայացվել, բայց իրականում` դժվար է գտնել ավելի աղաղակող անտրամաբանություն։ Բարոյական վնասի փոխհատուցման պահանջը մերժվեց այն հիմնավորմամբ, որ «բարոյական վնասը» կոչվածը հնարավոր չէ հիմնավորել, հաշվարկել։ Այսինքն` հնարավոր չէ պարզել, թե ինչպես են Քոչարյանները պարզել, որ կրել են հատկապես 12 միլիոն 500 հազար դրամի բարոյական վնաս։ Նույն կերպ կարելի է պնդել, որ նրանք կրել են տասը դրամի բարոյական վնաս։ Եւ կամ` մեկ միլիարդ դրամի բարոյական վնաս։ Եւ կամ` չեն կրել բարոյական վնաս։ Այս պնդումներից յուրաքանչյուրը հիմնավոր կարող է համարվել նույնքան, որքան եւ կարող է համարվել անհիմն։ Եւ ահա, դատարանը ընդունեց այս պարզ հանգամանքը` մերժելով հայցագումարի 12 միլիոն 500 հազար դրամանոց մասը, այն հիմնավորմամբ, որ չի կարող օդից կրակված թիվը ընդունելի լինել դատարանի կողմից։ Սա տրամաբանական է, բայց իր վճռի մեջ դատարանը նաեւ հակասեց իր այս մոտեցմանը։ Մասնավորապես` Քոչարյանները իրենց հայցադիմումի մեջ գրել են, որ «ՀԺ»-ում տպագրված վիճահարույց լուրը արտատպած լրատվական գործակալությունները դրա դիմաց վճարել են «Դարեսկիզբ» ՍՊԸ-ին, եւ ըստ այդմ, նշված գումարը պետք է բռնագանձվի «Դարեսկիզբից»։ Մենք արդեն գրել ենք եւ կրկնում ենք, որ նման բան չի եղել, եւ որեւէ մեկը չի կարող երբեւէ այս պնդումը որեւէ կերպ հիմնավորել։

    Չնայած սրան, դատարանը «Դարեսկիզբի» չստացած գումարը համարել է ստացված, եւ որոշել է այն բռնագանձել մեզնից։ Բայց վճռով բռնագանձման ենթակա գումարի առյուծի բաժինը` երեք միլիոն դրամ, այն գումարն է, որ Քոչարյանները, իբր, վճարել են իրենց փաստաբաններին։ Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ դատարանին այդպես էլ չներկայացվեց որեւէ փաստաթուղթ, որը կվկայեր, որ նշված գումարը իրոք վճարվել է։ Եւ ուրեմն` դա նույնքան անհիմն է, որքան 12 միլիոն 500 հազար դրամի բարոյական վնասի մասին պնդումը։ Եւ մի դեպքում դատարանը մերժում է անհիմն պնդումը, մյուս դեպքում` բավարարում։ Ստացվում է, որ հայցվորը կարող էր պնդել, որ փաստաբաններին վճարել է 20 միլիոն դրամ, եւ ահա այս դեպքում դատարանը կբավարարեր այս պահանջը։ Ինչ վերաբերում է Քոչարյանների փաստաբանների պրոֆեսիոնալ ընդունակություններին, այդ հարցին մենք արդեն իսկ անդրադարձել ենք, եւ հասկանալի է, որ անգամ իրենց ողջ առաջիկա կարիերայի ընթացքում նրանք չեն կարող այդքան գումար վաստակել։

    Լացացրիր, էլի

    Քոչարյանները հայտարարել էին, որ իրենց պահանջած 16 միլիոն 120 հազար դրամը պատրաստվում են փոխանցել որեւէ մանկատան։ Հետաքրքիր է իմանալ, թե իրենց ընտանիքի բազմամիլիարդ ունեցվածքից մինչեւ հիմա քանի դրամ են Քոչարյանները որեւէ մանկատան փոխանցել։ Եւ փոխանցե՞լ են արդյոք։ Ցավոք, տվյալ իրավիճակում գործ ունենք ավանդական քոչարյանական գործելակերպի հետ, երբ բարձր հայտարարությունների ներքո փորձ է արվում թաքցնել ցածր արարքներ։

    Հ.Գ. Մի տեսակ, իսկապես, լավ չստացվեց, որ այս ողջ պատմությունը, քննարկումները հոդվածները, աղմուկը համընկան Լեւոն Քոչարյանի եւ սիրված երգչուհի Սիրուշոյի պսակադրության արարողության նախապատրաստական շրջանի եւ բուն արարողության հետ։ Որպես հետգրություն` ուզում եմ ասել, որ շնորհավորում ենք Լեւոնի եւ Սիրուշոյի ամուսնությունը, նրանց ցանկանում ենք ամենայն երջանկություն, ամուր ընտանիք, առողջ զավակներ եւ լրագրային հաճելի եւ բարենպաստ հրապարակումներ։ Հույս ունեմ` այս տողերի մեջ ոչ մի ետին միտք չեն փնտրի. սա ասում եմ ամենայն անկեղծությամբ եւ ի խորոց սրտի։

    ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ


    Հունիսի 10, 2009

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    murmushka (10.06.2009), Nadine (10.06.2009), Rammer (10.06.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ժամանակի Լաբիրինթոսում
    Հեղինակ՝ Զաքար, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 4
    Վերջինը: 16.01.2016, 01:54
  2. Ժամանակի ոգին
    Հեղինակ՝ faaram1, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 20.05.2011, 19:11
  3. Պոեզիա. Ես ժամանակի մեջ
    Հեղինակ՝ KiLa, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 107
    Վերջինը: 28.11.2010, 19:34
  4. Ով է մեր ժամանակի հերոսը ???
    Հեղինակ՝ dionisos-88, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 01.10.2010, 15:28

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •