Երեւանի քաղաքապետի ընտրությունները
Երբ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարեց, որ իմ գլխավորությամբ մասնակցելու է Երեւանի քաղաքապետի առաջիկա ընտրություններին, իշխանական ճամբարից հնչած առաջին արձագանքն այն եղավ, որ Կոնգրեսը քաղաքականացնում է այդ ընտրությունները, այսինքն՝ գործում է զարհուրելի մի հանցանք, որի նմանը տեսնված չէ համաշխարհային պատմության մեջ։ Ցանկացած հարցի քաղաքականացումն այդպես արձագանքողների համար, կարծես թե, հավասարազոր է ժանտախտի, որից գլխակորույս պետք է փախչել։ Նախ՝ դրանով իշխանական կոալիցիայի մաս կազմող խորհրդարանական կուսակցություններն իրենց դնում են ծիծաղելի դրության մեջ, մոռանալով, որ հենց իրենք են իսկզբանե ծայրահեղորեն քաղաքականացրել քաղաքապետի ընտրությունները, որդեգրելով հարյուր տոկոսանոց համամասնական սկզբունքը։ Եւ երկրորդ՝ նման արձագանքով նրանք անզգուշորեն մատնում են իրենց քրեական էությունը, որովհետեւ քաղաքականացման այլընտրանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ քրեականացումը։
Ժամանակն է վերջապես գիտակցել, որ պետության մեջ ոչ քաղաքական հարց գոյություն չունի, որովհետեւ պետության կենսակերպը հենց քաղաքականությունն է։ Եթե այդպես չլիներ, ապա ինչ իմաստ կունենային, ասենք, տնտեսական քաղաքականություն, սոցիալական քաղաքականություն, ագրարային քաղաքականություն, կրթական քաղաքականություն, մշակութային քաղաքականություն, առողջապահական քաղաքականություն եւ բազմաթիվ այլ նմանատիպ հասկացությունները։ Պետություն եւ քաղաքականություն բառերն անգամ ծագումնաբանությամբ նույնական են, եթե նկատի ունենանք, որ քաղաքականություն (պոլիտիկա) բառն առաջացել է հունական պոլիս (քաղաք‑պետություն) բառից։ Այս բանն, ի դեպ, գիտակցվել է անգամ միջնադարում, ինչի վկայությունն է այն, որ XIII դ. հայ մատենագիր Հովհաննես Երզնկացին պետություն հասկացությունն արտահայտելու համար գործածում է քաղաք բառը։
Պաշտոնական քարոզչամեքենան ընտրությունների քաղաքականացման մեջ Կոնգրեսին մեղադրելուց բացի, փորձում է մեզ անհարմար դրության մեջ դնել նաեւ մի այլ ծիծաղելի հնարքով՝ քաղաքապետին, իր պատկերացմամբ, օժտելով միայն աղբահավաքի նվաստ դերով։ Նախ՝ ո՞վ է ասել, որ աղբահանությունն ինքնին կարեւոր գործ չէ։ Եւ երկրորդ՝ եթե քաղաքապետի միակ պարտականությունը աղբահանությունն է, ապա ինչո՞վ բացատրել, որ Երեւանի մասին 60 մեծադիր էջից բաղկացած օրենքում այդ խնդրին ընդամենը մեկ տող է հատկացվել, մինչդեռ ողջ մնացյալը վերաբերում է քաղաքականությանը։ Եթե տրված բացատրություններից հետո էլ կարծիքներ կհնչեն, թե Հայ Ազգային Կոնգրեսը քաղաքականացնում է քաղաքապետի ընտրությունները, ապա դրա համար պետք է միայն շնորհակալություն հայտնել Կոնգրեսին, քանի որ քաղաքականացնելով, նա ձգտում է կանխել ընտրությունների քրեականացումը։
Այսօր ես ամենեւին մտադիր չեմ զբաղվել նախընտրական քարոզչությամբ։ Դա մենք կանենք մեր հաջորդ հանրահավաքներում։ Սակայն առաջիկա ընտրությունների կապակցությամբ չեմ կարող ձեր ուշադրությունը չհրավիրել մի վերջին կարեւոր հարցի վրա։
Ի՞նչ տեղի կունենար, եթե Հայ Ազգային Կոնգրեսը որոշեր չմասնակցել Երեւանի քաղաքապետի ընտրություններին։ Անկասկած, ոչ այլ բան, քան այն, ինչ տեղի ունեցավ 2007 թ. խորհրդարանական ընտրություններում։ Դրանք կանցնեին արտաքուստ նույնքան ազատ ու արդար պայմաններում, իշխանական թեկնածուն համոզիչ հաղթանակ կտաներ, իսկ միջազգային դիտորդներն այդ ընտրությունները կգնահատեին որպես ժողովրդավարության խորացման ուղղությամբ կատարված նշանակալի քայլ։ Սերժ Սարգսյանն, այդ ընտրությունները դրոշ դարձնելով, հետին թվով ինչ‑որ առումով կլեգիտիմացներ 2008 թ. նախագահական կեղծված ընտրությունները եւ հսկայական վարկ ձեռք կբերեր միջազգային հանրության աչքում։
Եթե Սարգսյանն իսկապես մտածում է իր եւ պետության վարկի մասին, ապա նա այսօր էլ ունի տվյալ նպատակին հասնելու հնարավորությունը։ Թող անցկացնի օրինական ընտրություններ, որոնք, վստահաբար, կարժանանան ոչ միայն միջազգային դիտորդների, այլեւ մեր հասարակության գնահատանքին։ Նա պետք է վերջիվերջո գիտակցի, որ օրինական ընտրությունների արդյունքում ոչ միայն իշխանության, այլեւ նույնիսկ ընդդիմության հաղթանակը ուժեղացնում է պետությունը եւ նրան զերծ պահում արտաքին ճնշումներից։ Այլապես նա երբեւէ պետական այր կոչվելու իրավունք չի ձեռքբերի։ Իսկ եթե Սարգսյանը, նեղմտություն դրսեւորելով, փորձի կրկնել այն, ինչ կատարեց նախագահական ընտրությունների ժամանակ, չխորշելով ոչ միայն բացահայտ կեղծիքներից, այլեւ ֆիզիկական բռնություններից, ապա պետությանը կհասցնի հերթական ծանր հարվածը, որից այս անգամ արդեն այն կարող է այլեւս ուշքի չգալ։ Քաղաքապետի ընտրությունների օրինականության ապահովումը Սերժ Սարգսյանի համար Հայաստանի հասարակության եւ միջազգային հանրության առջեւ որոշ հեղինակություն ձեռքբերելու վերջին շանսն է։ Այդ շանսը չօգտագործել, հերթական անգամ, նա կարող է միայն Հայաստանի պետական շահը զոհաբերելու գնով։
Եւ այսպես, վաղվանից մենք մտնում ենք ընտրապայքարի մի նոր փուլ, որը մի էական հատկանիշով, այն է՝ ընդդիմության միասնականությամբ, տարբերվում է նախագահական ընտրապայքարից, ինչը մեծապես կնվազեցնի ընտրությունների արդյունքները կեղծելու իշխանությունների հնարավորությունը։
Մենք չափազանց ափսոսում ենք, որ չհաջողվեց ընտրություններին մասնակցել Հայ Ազգային Կոնգրեսի եւ Ժառանգություն կուսակցության ընդհանուր ցուցակով։ Սակայն գնահատում ենք նաեւ՝ ընդդիմության քվեները չփշրելու նկատառումով ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ Ժառանգության կայացրած որոշումը։ Միաժամանակ համոզված ենք, որ Ժառանգությունն, այնուամենայնիվ, կանի ամեն ինչ՝ առաջիկա ընտրություններում ընդդիմությանը սատարելու համար։
Մեր հաջորդ, արդեն նախընտրական հանրահավաքը տեղի կունենա մայիսի 15‑ին։ Մենք հանրահավաքներ եւ ընտրողների հետ հանդիպումներ ենք նախատեսել նաեւ Երեւանի թաղային համայնքներում։ Ուզում եմ նաեւ տեղեկացնել, որ Հայ Ազգային Կոնգրեսի բոլոր շտաբներում գործելու են հատուկ բաժիններ, ուր դուք կարող եք ներկայացնել քաղաքի խնդիրների վերաբերյալ ձեր գրավոր առաջարկները, որոնք բարեխղճությամբ քննության կենթարկվեն եւ հաշվի կառնվեն մեր հետագա գործունեության մեջ։ Իսկ այժմ՝ բարի երթ, որի ուղին եւ անցկացման կարգը, ինչպես միշտ, ձեզ կներկայացնի Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը։
Էջանիշներ