User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: Վերլուծություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    21.04.2009
    Գրառումներ
    13
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Վերլուծություն

    Մոխրոտի՞կ, թե՞ «Հայկական երազանք»

    Հայաստանում 1988 թվականից մինչ օրս չեն դադարում վեճերն ազգային գաղափարախոսության և քաղաքական կողմնորոշման հարցերի շուրջ: Կռվանները մեծ էվոլյուցիա են ապրել, վերարժևորվել, ծանրացել կամ դուրս են մղվել: Օրինակ, եթե առաջ ժողովրդավարությանը վերաբերում էին որպես պետության բնական և անքակտելի բնորոշչի, ապա այսօր այն դարձել է քաղաքական բանավեճի առարկա: Ազգային գաղափարախոսության մասին վեճերի արդյունքում, ինչպես նաև ժամանակի փորձություններով աստիճանաբար հաստատվում է այն պարզ մոտեցումը, որ Հայաստանի աշխարհաքաղաքական շահերի տիրույթում գործող ծրագրից և այդ ծրագրի իրականացման ճանապարհրներից բացի, ցանկացած այլ «ազգային գաղափարախոսություն» անշարժ, զարգացման անընդունակ, վտանգավոր դոգմա է: Հույս կա, որ մի շարք փորձանքներ հաղթահարելուց հետո, քաղաքական միտքն ի վերջո կխոսի նաև ազգային ծրագրերի և դրանք իրականացնելու քաղաքական կամքի մասին, որը բացակայում է, օրինակ, ԼՂՀ հիմնահարցի կարգավորման շուրջ վերջին հասարակական քննարկումներում:
    Ի՞նչ է առաջարկվում ի պատասխան մադրիդյան սկզբունքներին: Ըստ էության, ոչինչ: Ոչ մի թիզ հող կամ փոխզիջում, հանրաքվեն այսօ՞ր, թե՞ մի քանի տարի հետո: Այնինչ քննարկման նյութը պետք է լիներ, թե ինչպիսի՞ն կարող են լինել Հայաստանն ու Արցախը հարցի այս կամ այն կարգավորումից հետո, որո՞նք են մեր զարգացման անհրաժեշտ, բավարար պայմանները, ի՞նչ մարտահրավերներ կան և ի՞նչ խնդիրներ ունենք: Այս մեկնակետից ոչ մի ծրագիր, հայեցակարգ չի առաջարկվել: Եվ երբ վաղը միջազգային հանրության ճնշումների տակ մեզ ստիպեն դուրս գալ ազատագրված տարածքներից, դարձյալ թքելու ենք մարդկային արդարության ճակատին ու անիծենք հայի բախտը: Այսօր կարելի է հասարակական քննարկումների առարկան ուղղել դեպի ազգային իրական, ամբողջական հետաքրքրություններն ու գտնել հասարակության ցանկությունների և հավակնությունների ընդհանուր հայտարարը: Ազգային զարթոնքը սկսվելու է հենց այդ պահից:

    -------------------------------------------------------------------------------------------------

    Մութ սենյակ

    Երբ առաջին գիշերն ընկավ, սատանան մոտեցավ խավարից վախեցած մարդուն ու ասաց. «Ուզո՞ւմ ես` քեզ Լույս Աշխարհ հասցնեմ: Պետք է նստեմ ուսերիդ, որ ճանապարհը տեսնեմ»: Այդպես ամբողջ գիշեր մարդն իր ուսերին տարավ սատանային մինչև լույսը բացվեց. և միայն կեսօրին, գնահատելով իր անցած ճանապարհը, հասկացավ, որ սատանան իրեն խաբել է:
    Ի սկզբանե` ցանկացած կողմնորոշման այլընտրանքն առողջ ինքնաճանաչումն է: Այն հնարավորություն է տալիս գնահատել սեփական հնարավորությունների, հավակնությունների սահմանները, և որոշումներն ընդունել սեփական կոչման գիտակցման մեկնակետից: Թույլի, մերժվածի, ցեղասպանվածի բարդույթներով կառուցվում է մութ սենյակ, որտեղից դուրս գալն առանց օտարի օգնության` պատկերացնելի չէ: Եվ պահանջվում է թարմ, առողջ, կարծրատիպազուրկ մոտեցում ու հավատ` վառելու համար ներքին լույսդ ու դրանով ճանաչելու Քեզ ու Աշխարհը:
    Հայաստանը պարբերաբար հայտնվել է տերությունների շահերի բախման արանքում: Այսպես եղել է այն դեպքերում, երբ կորցրել է հայաստանակենտրոն առանցքը, երբ ընկել է քաղաքական օտար ազդեցությունների տակ, երբ ձգտել է լինել «պապից ավելի կաթոլիկ», երբ դարձել է երկրային, նյութեղեն գայթակղությունների գերին: Իսկ երբ կարողացել է հստակ ու անկրկնելի սահմանել ու պաշտպանել սեփական հետաքրքրություններն ու շահերը, դիտվել է որպես դաշնակից կամ մրցակից: Այդպիսի պատմական լուսավոր օրինակները վստահություն են ներշնչում, որ նույնկերպ կարող ենք վարվել հիմա, թեկուզ և ոմանց կարծիքով դա հրաշքի պես մի բան է:
    Քաղաքական մտքում այսօր հավասարակշռության, փոխլրացման քաղաքականությանն այլընտրանք չկա: Կարծես թե մի կարմիր խնձոր լինենք, որ պետք է բոլորի աչքին լավ երևանք: Իսկ եթե մի օր տերերը հաշտվեն ու որոշեն կիսել. խնձորին չեն հարցնելու, ինչպես օրինակ, 1921թ.-ին ռուս-թուրքական պայմանագրով որոշեցին ու կիսեցին Հայաստանն` առանց մեզ հարցնելու: Այդպես վարվեցին բոլորովին վերջերս վերևի հարևանի հետ: Սարկոզին ու Մեդվեդևն օգոստոսին կիսեցին Վրաստանն` առանց վրացիներին հարցնելու:

    --------------------------------------------------------------------------------------------------------

    Առաքինություն

    Պլյուվիոզի 17-ին, Յակոբինյան տեռորից գունատված Կոնվենտում Մաքսիմիլիան Ռոբեսպիեռն անդրադարձավ պետական բարոյականության սկզբունքներին. «Ի՞նչ է առաքինությունը: Դա հայրենիքի և օրենքների նկատմամբ սերն է, հանրապետության ամրապնդման և հավասարության մասին հոգալը: Առաքինության նախապայմանը հասարակական բարօրության բարձր մակարդակն է. անբարոյական ամեն ինչ քաղաքականապես անպետք է»:
    Գիլյոտինային սարսափներով հանդերձ` ֆրանսիական հեղափոխության արդյունքում ծնվեց նոր Եվրոպան: Մեկ այլ օրինակ. բարձրացնելով Անգլիայի թագավոր Կարլոս 1-ին Ստյուարտի հատված արնաշաղախ գլուխը` Օլիվեր Կրոմվելը բացականչեց. «Ստյուարտի արյունը կարմիր է: Այսօրվանից դուք հպատակներ չեք, դուք իրավահավասար քաղաքացիներ եք»: Նոր անգլիական ազգային շահը պարտադրեց գլխատել սիրելի թագավորին: Կրոմվելի երազանքն ի վերջո իրականացավ. անգլիացին դարձավ աշխարհակալ ազգ:
    Հայ քաղաքական գործիչը չունի՞ պետական բարոյականություն: Առանց դրա հնարավոր չէ՞ քաղաքականություն մշակել: Կան անվիճարկելի մի քանի դրույթներ, որոնց ամբողջացմամբ կարելի է քաղաքական վեճերը բարձրացնել կենսական ազգային մակարդակի:
    Հայաստանի ամենամեծ հարստությունը քաղաքացին է: Նրա կենսատարածքի, անվտանգության, ազատության, ինքնադրսևորման, բարեկեցության խնդիրներն իշխանության առաջնային խնդիրներն են: Քաղաքացու բարձրացրած պահանջներից առաջին երեքը վերաբերում են հենց ազատության, բարեկեցության, արդարության հաղթանակի հարցերին: Արդարությունը հարց ու պատասխանի, հանցանքի և պատժի հավասարակշռության մեջ է: Մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության և մեծ հաշվով կարգուկանոնի հաստատման խնդիրները տեղավորվում են արդարության պահանջի մեջ: Հաջորդն ընդհանուր բարեկեցության պահանջն է: Մարդն ուզում է ոչ միայն լավ ապրել, այլ որ լավ ապրեն հարևաններն, ընկերները, մտերիմները, ազգականները` բոլորը: Ներթափանցող սոցիալ-տնտեսական ճգնաժամն այս մտահոգությունը դարձնում է համընդհանուր` միավորելով ավելի մեծ թվով տարբեր շերտերի մարդկանց:
    Ճգնաժամն ուղղակի սահմանափակում է տնտեսական, աշխատանքային գործունեության հնարավորություններն ու ազատությունները, և ազատության պահանջն ուղղակի շաղկապվում է սոցիալ-տնտեսականին: Ղարաբաղի հարցն ամբողջությամբ տեղավորվում է ազատության պահանջի մեջ: Սա ո’չ հայ դատի, ո’չ կենսատարածքի, առավել ևս ո’չ էլ միջազգային նորմերի խնդիր է, այլ ազատության: Հանուն ազատության` մենք ազատագրել ենք Արցախը: Հանուն ազատության` գնում ենք կարգավորման բանակցությունների: Քաղաքացու ազատության համար պետք է ոչ մի թիզ հող չզիջենք, այլ գնանք փոխզիջման կամ նույնիսկ զոհաբերության: Թերևս, զոհաբերության քայլը ռիսկային է, սակայն ցնցող տպավորություն է թողնելու, ինչպես գիլյոտինը` անցյալին կառչած ֆրանսիական հասարակության վրա: Այն հասարակությունները, որոնք բավարար իմաստություն չունեն արագ և ճիշտ կողմնորոշվելու համար, նրանք չեն դիմանա նման մարտավարական քայլին:

    ------------------------------------------------------------------------------------------

    Իդեալ

    Մարտին Լյութեր Քինգի «Ես ունեմ երազանք» հանրահայտ ճառում ուրվագծվում է ամերիկյան հասարակության նրա իդեալը: Աբրահամ Լինկոլնի Հռչակագրի ընդունումից 100 տարի անց, սևամորթ քահանայի առաջնորդությամբ, քաղաքացիական իրավահավասարության համար պայքարը որակական նոր հարթակի վրա բարձրացրեց ամերիկյան հասարակությանը: Դրանից հետո ԱՄՆ-ը դարձավ գերտերություն:
    19-րդ դարի կեսերին Ռուսական կայսրությունում կրթության և դաստիարակության հայեցակարգի հիմքում ռուսական իդեալը դրվեց: Դարավերջին Ռուսաստանը սպառնալիք էր դարձել բողոքական և կաթոլիկ աշխարհի համար: Պետության առաջընթացի և մեծ հաշվով գոյության համար անհրաժեշտ ազգային իդեալն, ըստ էության, հասարակության-պետության նախագիծն է: Այն կենսական էներգիա է հաղորդում իշխանությանն ու քաղաքացուն: Այն առաջնորդում է դեպի նվաճումներ` միաժամանակ ձևավորելով կայուն պաշտպանական համակարգ: Թերևս, Կարթագենը Հռոմից հզոր ու հարուստ էր, բայց թույլ իդեալ ուներ ու պարտվեց: Արտաշես Առաջինին հաջողվեց միավորել հայաբնակ տարածքները մեկ պետության կազմում, ոչ այնքան իր ռազմական տաղանդի, այլ առաջին հերթին անկրկնելի առողջ իդեալի շնորհիվ: Իշխան Մլեհի նախագծով ստեղծվեց Կիլիկիայի Թագավորությունը. տաճարական ասպետների կենսափիլիսոփայությունն առաջին անգամ դրվեց պետության նախագծի հիմքում: Նադիր Շահը լայն ինքնավարություն տվեց Եգանին, ստեղծվեց Խամսայի մելիքությունները, և հայերը մոռացան դրանից 20 տարի առաջ Իսրայել Օրիի կողմից բարձրացրած Հայաստանի Թագավորության վերականգնման հարցը. պարզ պատճառով` պետության ազգային նախագիծ չկար: 20-ամյա Հայաստանն ունի՞ ազգային իդեալ:
    Մեծ տերությունների հետաքրքրությունները հասկանալուց և շահերը գնահատելուց զատ` կարևոր է զարգացնել սեփական հետաքրքրություններն ու շահերը, ուրվագծել ու գունավորել պատկերացումները կոչման, անելիքի, ճանապարհի մասին. դրանք ամբողջացնել մեկ տրամաբանության ներքո և շաղախել մեծ հավատով:
    Ազգային իդեալը զարգացման մեծ լիցք է հաղորդում ոչ միայն պետությանն ու հասարակությանն, այլև հարևան ժողովուրդներին և երկրներին: Իսկ դրա բացակայության պայմաններում պետությունը որպես կանոն` կործանվում է, իսկ հասարակությունը դառնում է բարձրացող քաղաքակրթության կերակուր: Արևմտյան քաղաքակրթության ներկա հաղթարշավն այսօր զարգացնում է G20 գլոբալիզացիոն նոր հակաճգնաժամային նախագիծը, որն ութնյակից ծավալվելով, արդեն ընդգրկում է նաև տարբեր աշխարհամասերի մեծ տնտեսություն ունեցող մի շարք այլ երկրներին: Իդեալ չունեցողներ հասարակություններն այս իրավիճակում փոշիանալու են: Մնալու են միայն նրանք, որոնք կսահմանեն իրենց տեղը, դիրքը, իրավունքն ընդունված խաղի կանոնների համապատասխան, և կդառնան աշխարհի ներդաշնակ ու անկրկնելի մասը: Ճշգրիտ գնահատելով իրավիճակն ու ներուժը` հայ քաղաքական գործիչը պարտավոր է խոսել իրավիճակից դուրս գալու ելքերի մասին, այսինքն` Հայաստանի և Արցախի զարգացման մեծ նախագծի մասին, որը ներառելու է գլոբալացող աշխարհին ու Հայաստանի հասարակությանն առընչվող ակյունաքարային բոլոր հարցերի պատասխանները:
    Խաչակրաց արշավանքների ժամանակ արաբները տաճարական ասպետներին գերի չէին վերցնում և չէին փոխանակում. սպանում էին, որովհետև նրանց ընկճել հնարավոր չէր: Նրանք լցված էին շատ մեծ հավատով` առ Աստված ու իրենց առաքելությունը: Նույնկերպ վարվում էին ստյուարտականները կրոմվելյան բողոքական երկաթակողերի նկատմամբ: 100-ամյա պատերազմում բեկում մտցրած Ժաննա դ’ Արկին դոֆին Կառլոսը սկզբում չէր վստահում, բայց երբ Օռլեանի կույսը հիշեցրեց, որ Ֆրանսիան պատկանում է Աստծուն, ոչ թե դոֆինին` վերջինս ընդառաջ գնաց: Միգուցե ազգային իդեալ ունենալու համար մեզ հավա՞տն է պակասում:

    Նյութը տրամադրել է «Երևակ» ամսագիրը

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (29.04.2009), Չամիչ (29.04.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ավետիք Իսահակյան. Լիլիթ (վերլուծություն)
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 29.10.2014, 00:41
  2. Գրառումներ: 24
    Վերջինը: 10.12.2012, 19:05
  3. Գրառումներ: 183
    Վերջինը: 13.10.2012, 21:46
  4. Վահե Ավետյան. Անկախ վերլուծություն
    Հեղինակ՝ tvsevak, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 02.07.2012, 04:40

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •