ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԵՐԿՐԻ ԲՆԱԿԻՉԸ
Ուշ աշուն էր։ Փոքրիկ քաղաքում այդ տարվա աշունը նման չէր այլ տարիների տաք և արևոտ աշուններին։ Ցուրտ էր, մռայլ և վաղ առավոտից անդադար անձրևում էր։
Փոքրիկ քաղաքի հենց այդպիսի աշնանային մի օր էր, երբ մեր հերոսուհին, ով խորապես համոզված էր, որ կյանքում շատ կարևոր է, որ մարդ լավ սովորի, գերազանց գնահատականներ ստանա և ընդհանրապես՝ լինի խելացի, որոշեց, որ ինքը արդեն բավական մեծ է, որպեսզի գնա սրճարան սուրճ խմելու։
Դրա համար էլ, հաջողությամբ ավարտելով այդ օրվա ուսումնառությունը, նա քայլերն ուղղեց դեպի փոքրիկ քաղաքի ամենաուղիղ փողոցի ամենալայն լուսամուտներով սրճարանը։
Պիտի ասել, որ սրճարանի լուսամուտները, որ կրում էին <<Ֆրանսիական պատուհաններ>> քաղաքակիրթ անունը, լիովին արդարացնում էին իրենց ծագումը։ Դրանցից ներս նույնիսկ ակնթարթային հայացք գցելու դեպքում ամենահոգնած ու տխուր անցորդին անգամ միանգամից պարուրում էր լուծվող սուրճի տաք ու հաճելի բուրմունքով տոգորված այնպիսի լուսավոր մի լավատեսություն, որ լիովին կարող են գնահատել միայն նրանք, ովքեր սովորություն ունեն անձրևոտ ու ցուրտ օրերին սրճարանում մի բաժակ տաք լուծվող սուրճ խմելու։
Սակայն վերադառնանք մեր հերոսուհուն։ Ինչպես արդեն նշեցինք, նա բավական ուսյալ աղջիկ էր, և խորապես համոզված էր, որ կյանքի բոլոր ճշմարտությունները անպայման գրված են լինում գրքերում։
Դրա համար էլ հարմար տեղավորվելով սեղաններից մեկի մոտ և պատվիրելով մեկ գավաթ լուծվող սուրճ՝ բացեց գիրքը և, այն է՝ պատրաստվում էր նոթատետրում գրանցել հերթական ճշմարտություններից մեկի համառոտ բովանդակությունը (նա չգիտես որտեղից, բայց գիտեր նաև, որ սրճարան անհրաժեշտ է այցելել պարտադիր գրքով ու նոթատետրով), երբ մի անսպասելի հանգամանք շեղեց նրա ուշադրությունը։
Այդ հանգամանքը մի նրբիկ, արծաթաթել թևիկներով թիթեռնիկ էր, որ եկավ, նստեց գրքի ծայրին, ապա թափահարեց թևերը և ուղղվեց դեպի վեր։
Հետևելով թիթեռնիկի թռիչքին՝ մեր հերոսուհին ևս վեր բարձրացրեց աչքերը և իր համար բավական անսպասելի տեսավ, որ առաստաղի փոխարեն՝ գլխավերևում գիշերային երկինք է՝ բազում մանր, կայծկլտուն ու լուսաթև աստղիկներով։
Այդ փաստը, իհարկե, չզարմացրեց մեր հերոսուհուն։ Նա, ինչպես արդեն նշեցինք, բավական ուսյալ աղջիկ էր և հրաշալի գիտեր, թե ինչ է գիշերային երկինքը։
Միակ բանը, որ տարօրինակ թվաց, այն էր, որ երկինքը գիշերային էր ու աստղազարդ օրը ցերեկով, այն էլ՝ սրճարանի ներսում։ Այդ հանգամանքը շատ, կարելի է ասել, չափից ավելի արտասովոր էր նույնիսկ այնպիսի ուսյալ մարդու համար, ինչպիսին մեր հերոսուհին էր։
Հայացքը առաստաղից տեղափոխելով՝ ներքև նա՝ կրկին իր համար բավական անսպասելի նկատեց, որ սրճարանը լի՝ ուղղակի լեփլեցուն է բազում տարօրինակ արարածներով, ովքեր զբաղեցնում էին գրեթե բոլոր՝ հեռու և մոտիկ սեղանները։ Հենց այդ պահին էլ նրա հայացքն ընկավ ճաշացանկի, որի վրա մեծ տառերով գրված էր՝ <<Համեղ խորտիկներ կախարդական երկրի բնակիչների համար>>։
Եվ միայն այդ ժամանակ մեր հերոսուհին գլխի ընկավ, որ ինքը հասարակ վայրում չէ, այլ կախարդական երկրի ճաշկերույթի ամենաշքեղ տաղավարներից մեկում։ Դա եվրոպական ծագումով ծովային ճանապարհորդի մի նախկին նավ էր, որ մոգական քամիներն ու փոթորիկները բերել, հասցրել էին կախարդական երկիր։
Յուրաքանչուր օր ամենատարբեր դասի ու խավի կախարդներ ու հասարակ հրաշագործներ, տեղացի ու եկվոր մոգեր, աճպարարներ ու ծաղրածուներ, թզուկներ ու հսկաներ և կախարդական աշխարհի շատ այլ ներկայացուցիչներ հավաքվում էին այդտեղ համտեսում կախարդական խոհանոցի համեղ խորտիկները, զրուցում, կախարդական երկրի վերջին նորությունների շուրջ, տարբեր կախարդություններ ու նոր հորինված մոգություններ փոխանակում, կատակի համար հմայում միմյանց և ուղղակի զվարճանում։
Կախարդների շուրջը անդադար պտտվում էին չնաշխարհիկ փերիները, ովքեր ամեն կերպ՝ գաղտագողի և բացահայտ, ձգտում էին հմայել կախարդներին, հույս փայփայելով, որ նրանք կհրավիրեն իրենց ընկերակցելու, իսկ եթե հաջողվեր՝ միգուցե նաև ժամանակավորապես բնակվելու նրանց դղյակներում։
Այդ ամենը, իհարկե, որոշակիորեն հետաքրքրեց մեր հերոսուհուն, սակայն, ինչպես արդեն նշեցինք, նա բավական զբաղված մարդ էր, և այն է՝ պիտի գլուխը իջեցներ գրքի վրա՝ շարունակելու իր ուսումնառությունը, երբ նույն պահին նրա հայացքը հանդիպեց դահլիճի հակառակ ծայրից իրեն նայող երկու՝ ամենասև ագաթից սև, մեծ ու փայլուն աչքերի, որ ժպտում էին նրան այնպես՝ կարծես՝ ճանաչում էին արդեն հազար տարի։
Մի պահ մեր հերոսուհուն հենց այդպես էլ թվաց, սակայն հաջորդ պահին նա արագ հավաքեց իրեն և, բնականաբար, ձևացրեց, թե իբրև չի տեսնում այդ ամենասև գիշերից սև, ամենափայլուն գիսաստղերից էլ փայլուն աչքերի ժպիտը։
Նա այդպես վարվեց երկու պատճառով. նախ՝ ելնելով տարրական անվտանգության կանոներից, քանի որ հրաշալի հասկանում էր, որ անծանոթ երկրում է, որտեղ կարող էին պատահել ամեն տեսակի անորոշ ծագումով արարածներ, և երկրորդ՝ թերևս ամենագլխավորը՝ նրան դեռ մանկուց սովորեցրել էին, որ հերոսուհիները պիտի հպարտ լինեն և չնկատեն, կամ ծայրահեղ դեպքում՝ գոնե ձևացնեն, թե չեն նկատում ամեն տեսակ անծանոթ աչքեր, առավել ևս՝ երբ դրանք կայծկլտում են այդպիսի գերող փայլերով։
Սակայն աչքերի տերը համառ էր իր ցանկությունների մեջ, և բացի այդ, դեռ մանկուց սովոր չէր, կարելի է նույնիսկ ասել՝ տանել չէր կարողանում, երբ իրեն չէին նկատում։ Ուղղակի այն պարզ պատճառով, որ նրան միշտ նկատել էին։ Դրա համար էլ, առանց իրեն նեղություն տալու, շարունակեց ժպտալ մեր հերոսուհուն և նույնիսկ տեղափոխվեց ավելի մոտ՝ հենվելով նրանից մի քանի քայլ հեռու գտնվող բարձր ոտնակով աթոռին։
Չնայելով հանդերձ՝ մեր հերոսուհին, բնականաբար, տեսավ, որ աչքերի տերը բավական տարօրինակ է հագնված, օրը ցերեկի համար կարելի է ասել, չափից դուրս հանդիսավոր։ Նա կրում էր մոխրագույն երեկոյան կոստյում՝ սերթուկ, որի գրպանում ժամացույցն էր և կեպի։
Մեկ ուրիշը, միգուցե ասի, որ օրը ցերեկով հանդիսավոր հագնվելը նվազագույնը անճաշակություն է, իսկ առավելագույնը՝ չտեսություն, սակայն մեր հերոսուհին այդ կարծիքին չէր, նա մտածում էր, որ միայն ոչ սովորական մարդը կարող է մշտապես շրջել հանդիսավոր կոստյումով, սերթուկով, և կրել այդպիսի մոգական կեպի։
Եվ պիտի ասել, որ նա չէր սխալում։
Սև ագաթից սև ու ժպտուն այդ հայացքի տերը, իրոք, մոգական երկրի գլխավոր կախարդներից մեկն էր։
Պիտի ասել, որ նա հմտացել էր իր արվեստում դեռ վաղ մանկուց և բազմաթիվ մոգություններ գիտեր։ Նա այնքան լավ էր տիրապետում իր արվեստին, որ կարողանում էր հմայել ոչ միայն սովորական մարդկանց, այլ՝ նույնիսկ կախարդներին, իսկ փերիներն ուղղակի հալվում էին նրա համար։
Փերիները այնպես էին տարվում նրանով, որ հաճախ կախարդը նույնիսկ նեղություն չէր տալիս իրեն որևէ մոգություն գործելու։ Նրանք պատրաստ էին ամեն ինչի՝ հանուն նրա ընկերակցության, նրա դղյակում գիշերելու, իսկ եթե հաջողվեր՝ միգուցե նաև բնակվելու համար։
Մոգական երկրի և ոչ մի փերի ունակ չէր դիմագրավելու երիտասարդ կախարդի հմայքներին։
Երևի, դա էր հիմնական պատճառը, որ նրան շատ զարմացրեց մեր հերոսուհու պահվածքը։ Կարելի է ասել՝ դա նրան նույնիսկ մի փոքր նյարդայնացրեց։
Նա, ընդհանրապես, սովոր էր, որ երբ ինքը ժպտում է ինչ-որ մեկին, ի պատասխան իրեն՝ անպայման ջերմ ժպտում են, և բո՛լորը… առանց բացառության։
Սկզբում կախարդը մտածեց, որ միգուցե ինչ□որ նոր սկսնակ փերի է հայտնվել, հետո նկատեց գիրքն ու տետրը և հիշեց, որ փերիները տառաճանաչ չեն ու գրքեր չեն կարդում։ Նրանք միայն գունավոր պատկերներով ալբոմներ էին թերթում, որոնցում պատկերված էին իրենց և կախարդներից շատերի, ինչպես նաև՝ կախարդական երկրի մյուս բնակիչների նկարները։
Բացի այդ, նա միանգամից նկատեց, որ մեր հերոսուհին սիրտ ունի և ափսոսանքով փաստեց, որ այն բավական մեծ էր, շատ քնքուշ ու մի□փոքր մանկական։
Կախարդը, իհարկե, շատ ավելի կգերադասեր, որ մեր հերոսուհի սիրտ չունենար և, ընդհանրապես, լիներ փերի, թեկուզ՝ սկսնակ։ Բայց, ինչպես երևում է, դա այդպես չէր։
Բանը նրանում է, որ կախարդական այդ երկրում ապրում էին բազում փերիներ։ Նրանք ընկերակցում էին կախարդներին, նրանցից սովորում տարբեր հմայքներ ու մոգություններ, ապա կիրառում դրանք հասարակ մարդկանց հմայելու համար։
Փերիները կախարդական երկրի մյուս բնակիչներից տարբերվում էին նրանով, որ սիրտ չունեին։ Սրտի բացակայությունը փերի լինելու միակ բացարձակ և անհրաժեշտ պայմանն էր. նախ՝ սիրտը նրանց արհեստում միայն լրացուցիչ անհարմարություններ էր պատճառում, երկրորդ՝ առանց սրտի նրանք տասնապատիկ անգամ ավելի գեղեցիկ էին։
Եվ, քանի որ ինչպես բոլոր արարածները, փերիները ևս ծնվում էին սրտերով, ապա դեռ փերուկ տարիքում դիմում էին հատուկ կախարդների, որոնք ազատում էին նրանց իրենց սրտերից, ինչի արդյունքում՝ նրանք, ինչպես արդեն նշեցինք, հազարապատիկ ավելի էին գեղեցկանում։
Միակ բանը, որ փչացնում էր նրանց արտաքին տեսքը՝ կրծքավանդակի ձախ մասում գոյացող մեծ դատարկությունն էր, որը բավական տգեղ անցք էր կազմում։ Չնայած նրանք ամեն կերպ փորձում էին քողարկել այն՝ փետուրներ էին ամրացնում այդ մասում, գույնզգույն լաթեր էին կպցնում, բայց դա գրեթե չէր օգնում։
Պիտի ասենք նաև, որ փերիները բավական գործնական արարածներ էին, շուտով սովորեցին օգուտ քաղել նաև այդ հանգամանքից։ Նրանք թույլ էին տալիս կախարդներին նայել կրծքավանդակի վրա բացված անցքից ներս և դրա փոխարեն պահանջում նրանցից գույնզգույն լաթեր, փայլփլուն քարեր, տարատեսակ անուշահոտություններ, իսկ ավելի հաճախ՝ կանաչ թղթեր, որոնց վրա թվեր էին՝ մեծ զրոներով։
Համարվում էր, որ որքան գեղեցիկ է փերին այնքան շատ պիտի լինեն թվերի կողքի զրոները։
Սրտի դատարկությունը դիտելը կախարդների ամենասիրելի զվարճալիքն էր, այդ պատճառով նրանք շատ առատաձեռն էին փերիների նկատմամբ։
Սակայն չշեղվենք թեմայից և, վերադառնալով մեր կախարդին, ասենք, որ սկզբում նրան, իրոք, կարգին զվարճացրեց մեր հերոսուհու անտարբեր կեցվածքը, հատկապես՝ ուսումնառության տենչը, իսկ գրքերն ու տետրերը տեսնելով՝ նա մտքում՝ ծիծաղից ուղղակի մեռավ։ Եվ, քանի որ նրա ուշքը գնում էր այն ամենի համար, ինչը հասցնում էր նրան ծիծաղից մեռնելու աստիճանի, ապա բավականությամբ շփեց ձեռքերը և որոշեց կատակի համար մի թեթև հմայել մեր հերոսուհուն։
Ու, երբ պատկերացրեց, թե որքան զվարճալի կլինի դա, բավականությունից ինքն իրեն մի այնպիսի ժպիտով ժպտաց, որ դիմացի սեղանի չորս փերիները միանգամից հալվեցին և տաք պաղպաղակի նման հոսեցին սեղանից ներքև։
Առաջ անցնելով ասեմ, որ կախարդական երկրի բնակիչները, ընդհանրապես, կիսաչար էին, կիսաբարի։
Նրանք, իհարկե, ինչպես բոլորը արարածները բարի էին ծնվում, սակայն կախարդական երկրի կլիմայական պայմանները բավական դաժան էին. հաճախակի անձրևների, ամպագոռգոռ կայծակների, կարկուտի, ձյան և հատկապես՝ տևական երաշտների արդյունքում դրա բնակիչները որոշակիորեն չարանում էին։
Եվ մեր կախարդն էլ, որպես իր երկրի տիպիկ բնակիչ, հենց այդպիսին էր՝ կիսաբարի, կիսաչար։
Ինչպես արդեն պատմեցինք, կախարդին սկզբում, իրոք, բավական զվարճացրեց մեր հերոսուհու անտարբեր կեցվածքը։ Սակայն շուտով նա նկատեց, որ իր հմայքները իսկապես հերոսուհու կողմից ոչ մի արձագանքի չեն արժանանում։
Ա՛յ քեզ բան, ապշահար մտածեց նա, մի սրան տեսեք… ու այս անգամ զայրացավ ամենայն լրջությամբ։
Եվ քանի որ մեր կախարդը չափից ավելի սկզբունքային կախարդ էր, ու չէր սիրում սկսած գործը կիսատ թողնել, և առավել ևս տանել չէր կարողանում որևէ գործում անհաջողության մատնվել, խիստ մտահոգվեց այդ պատահարով և որոշեց՝ ինչ գնով էլ լինի՝ անպայման հմայել հերոսուհուն։
Պիտի ասենք, որ նա նաև չափազանց խորաթափանց կախարդ էր և հրաշալի հասկանում էր, որ կախարդական երկրում, ուր մթնոլորտը լի է տարբեր մոգություններով, բավական դժվար կլինի այդ գործը գլուխ բերել։ Բացի այդ, նա կասկածում էր, որ այլ մոգեր ու կախարդներ ևս կարող է աչք դրած լինեին հերոսուհու վրա, և իր հմայքները, բախվելով նրանց հմայքներին, թուլանային, կամ ընդհանրապես՝ կորցնեին իրենց ուժը։
Դրա համար էլ որոշեց հետևել մեր հերոսուհուն ու հմայել նրան կախարդական երկրից դուրս մեկ այլ վայրում, ուր մթնոլորտը էկոլոգիական տեսակետից շատ ավելի մաքուր կլիներ։
(շարունակելի է)


Մեջբերել
իմ համար դժվար ընթեռնելի էր... Բայց կսպասեմ շարունակությանը


Էջանիշներ