ԱՄԱՆՈՐՅԱ ՄԵՆԹԱԼԻՏԵՏԸ
Հայտնի մուլտֆիլմի հերոսը պնդում էր, որ ամանորյա սեղանի կարեւորագույն զարդը հեռուստացույցն է: Ավանդական հայ ընտանիքը հենց այդպես էլ դիմավորում է Ամանորը (շա՛տ ավանդականները դիմավորում են Դուբայում)՝ տոնական սեղան է գցում, զարդարած բուդը դնում կենտրոնում, հետո հերթով ամեն ինչ շարում՝ բաստուրմա-սուջուխ, բլինչիկ-մլինչիկ եւ այլն, ու միացնում հեռուստացույցը: Ինչո՞ւ: Որովհետեւ նաեւ հոգեւոր սնունդ է ուզում, զի ոչ միայն բուդիվ կեցցե մարդ:
Բայց այս տարի մի քիչ լավ չստացվեց: Որովհետեւ մարդիկ նստեցին իրենց տոնական սեղանների շուրջը, միացրեցին հեռուստացույցը (ովքեր հոսանք ունեին) եւ... հեռուստացույցով նույն սեղանն էին ցույց տալիս: Բոլոր հայկական ալիքներով մոտավորապես նույն բանն էր. հայկական «շոու-բիզնեսի» կերած-խմած դեմքերը հավաքվել էին ճիշտ նույնպիսի տոնական սեղանի շուրջ, իսկ տեսախցիկն ամենայն մանրամասնությամբ ցուցադրում էր սեղանին դրված երշիկի բոլոր ծակուծուկերը, ու հանդիսավոր մի ձայն ազդարարում էր, որ տվյալ տոնական հաղորդման հովանավորը երշիկ արտադրող այսինչ ընկերությունն է: Կամ էլ՝ դահլիճի մեջտեղում տոնածառի փոխարեն դրված էր մի ցուցափեղկ-սառնարան՝ զովացուցիչ ըմպելիքներով լի, ու շոու-բիզնեսի աստղերը հերթով շնորհակալություն էին հայտնում տվյալ զովացուցիչ ըմպելիքն արտադրող իրենց հովանավորին:
Ընդհանրապես, հայկական ամանորյա հեռուստաեթերն այս տարի առանձնապես նողկալի էր: Նրանք, ովքեր արբանյակային ալեհավաքներ ունեին. կարող էին համեմատել, թե ինչպես է ամբողջ աշխարհը դիմավորում Ամանորը, եւ ինչպես են դիմավորում հայերը: Ամբողջ աշխարհում՝ տոնական մթնոլորտ, հրավառություն, կատակներ, համերգային ծրագրեր եւ այլն: Միացնում ես ցանկացած հայկական ալիք, եւ այնպիսի տպավորություն է, թե աֆրիկյան վայրենի ցեղի ծիսական պար ես դիտում՝ ուտելիքի կաթսայի շուրջ: Հայկական հեռուստաեթերում գովազդից բացի ուրիշ ոչինչ չկար: Կողքից նայողը միանշանակ այն տպավորությունը կստանար, թե հինգհազարամյա հայ ժողովրդին ուտելիքից բացի ոչինչ չի հետաքրքրում: Ու մարդիկ ստիպված էին հինգ րոպեն մեկ տեղեկանալ, որ հայ ժողովուրդը չգիտի, թե որն է հայկական երկրորդ զովացուցիչ ըմպելիքը, հետո ստիպված էին նայել, թե ինչպես է ոմն դեգեներատ գլոբուսը շալակած մտնում տուն, հետո ստիպված էին լսել, թե ինչպես է բոլորին զզվեցրած ձայնը ցանկանում, որ բոլորի սեղանին «Ավշարն» առատ լինի, ու չէին հասկանում՝ դա անե՞ծք է, թե՞ բարեմաղթանք, հետո փոխում էին ալիքը եւ երեք րոպեն մեկ տեղեկանում, որ իրենց նայած հաղորդումները գովազդներով չեն ընդհատվում «Կերամիկա» ընկերության շնորհիվ, հետո ինչ-որ չափածո ախմախություններ էին լսում գյաջ վաճառող ընկերությունների մասին, հետո հիստերիայի մեջ էին ընկնում՝ լսելով «Բարի լոտո» գովազդողի ձայնը:
Պրոբլեմն, իհարկե, գովազդների առատությունը չէր: Ցանկացած աղքատ երկրում իրավիճակը նույնն է: Պրոբլեմն այն էր, որ Ամանորի գիշերը ցուցադրելու բան չկար: Եթերը հեղեղված էր ռեստորանային երգիչներով ու էլիտար կիսապուտանկաներով, որոնք էլ, հասկանալի է, գովազդում էին իրենց մշտական «կլիենտներին» ու նրանց արտադրանքը: Եվ միանգամայն տրամաբանական է, որ ամանորյա եթերը չընդհատվեց միայն տասը րոպե՝ «պապաներն» էին խոսում: Նախ Կաթողիկոսի ուղերձն էր, ապա՝ Քոչարյանի: Կարեւոր չէ, թե ինչ էին խոսում: Միեւնույն է՝ որեւէ մեկը նրանց չէր լսում: Պարզապես սպասում էին, որ խոսեն-պրծնեն, ու ժամացույցի սլաքներն ազդարարեն Նոր տարվա գալուստը: Հետո արդեն կարելի է լսել հայ անվանի մտավորականների (ասենք՝ Աշոտ Ղազարյանի) խոսքը, կարելի է լսել «Դլե-յաման»՝ ռեփի ուղեկցությամբ, կարելի է լսել ամանորյա տոնական երգ, որով խմում են գողերի կենացը, կարելի է թաքնված տեսախցիկով նայել, թե ինչպես են «շոու-բիզնեսի աստղերը» ծաղրուծանակի ենթարկում խեղճուկրակ շարքային քաղաքացիներին եւ այլն:
Մի խոսքով, տխուր տեսարան էր: Եվ այդ տեսարանն ընդամենը մի բան էր ապացուցում՝ այսօրվա իշխող մենթալիտետը միայն մի պաշտամունք ունի՝ ուտելիքը: Ավելիին այդ մենթալիտետը չի ձգտում:
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ
http://www.chi.am/news/070109/07010903.htm
![]()
Էջանիշներ