ԱՄՆ ՓՈՐՁԱԳԵՏ. Ո՞Վ ԿՀԱՂԹԻ ԻՐԱՆ-ԻՍՐԱՅԵԼ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ
Իսրայելն, ի տարբերություն, Մերձավոր Արևելքի իր հիմնական հակառակորդների` Իրանի ու Սիրիայի, կարող է դիմանալ հնարավոր միջուկային պատերազմին: Այս մասին, հայտարարել է ԱՄՆ ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի աշխատակից, ԱՄՆ պաշտպանության նախարարության նախկին փորձագետ Էնթանի Քորդսմանը: Ըստ ՆյուսՌու-ի, Քորդսմանն այս տեսակետը ներկայացրել է Իրանը, Իսրայելն ու միջուկային պատերազմը հետազոտության մեջ: Նա քննության է առել միջուկային պատերազմի դեպքում Մերձավոր Արևելքում զարգացումների հնարավոր սցենարները: Փորձագետի խոսքով, եթե ոչ ոք չխոչնդոտի Իրանի միջուկային ծրագրի զարգացմանը, ապա 2010 թվականին իսլամական այդ երկիրը կունենա մոտ 30 միջուկային մարտագլխիկ և կարող է միջուկային պատերազմ սկսել Իսրայելի դեմ, որի միջուկային զինանոցում, ըստ Քորդսմանի, կա ավելի քան 200 մարտագլխիկ: Նա կարծիք է հայտնում, որ պատերազմը ծանր հետևանքներ կունենա Իսրայելի համար, սակայն Իրանն ընդհանրապես կդադարի գոյություն ունենալ: Քորդսմանի գնահատականներով, այդ պատերազմի արդյունքում կզոհվեն 200-800 հազար իսրայելցիներ և մոտ 16-28 միլիոն իրանցիներ, ընդ որում Իսրայելը ետպատերազմյան վերականգնման համար անհրաժեշտ տնտեսական ու դեմոգրաֆիական ներուժ ունի, իսկ Իրանը դա չունի: Եթե Սիրիան այդ պատերազմում հանդես գա Իրանի կողմից, ապա նրա կողմից քիմիական ու բիոլոգիական զենքի կիրառման արդյունքում Իսրայելը կարող է ևս 800 հազար զոհ ունենալ, սակայն Իսրայելի միջուկային պատասխանը կվերացնի ողջ սիրիական բնակչությունը, նշում է փորձագետը: Նրա համոզմամբ, Եգիպտոսին ևս ոչ մի լավ բան չի խոստանում պատերազմում Իրանի օգտին հանդես գալը: Քորդսմանի ներկայացմամբ, 2010 թվականին իսրայելական միջուկային զինանոցը կգնահատվի մինչև մեկ մեգատոննա, այն դեպքում երբ իրանականը չի անցնի 100 կիլոտոննայից: Այս ամենը հաշվի առնելով, նա հետևություն է անում, որ հնարավոր միջուկային պատերազմի դեպքում Իսրայելը Իրանի դեմ հաղթանակած դուրս կգա:
Էջանիշներ