«Խղճի մնջախաղ»
Քրտնած մազեր: Սև, ինչպես ձյութը: Դա էր միայն ուրիշ ու մեկ էլ արցունքանման մի բան, որ ես տեսա աչքերի տակ: Հայրս էր: Խելառած, ցասման տենդում, քայլում էր առաջ ու հետ կորցրած սեփական քայլերի հաշիվը: Դրանք հաշիվ չունեին էլ:
- Սենյակդ, Մարիամ, սենյակդ գնա:
Գոռում էր: Ես զգացի դա: Հազվադեպ էի լսում նրա ձայնը: Մանուկ հասակում ինձ լափած ախտը տարել էր իր հետ լսողությունս: Բայց ես լսեցի: Ուրեմն գոռում էր: Նա հայացքով էր միշտ խոսում: Բայց այս անգամ... Նրա հայացքը այս անգամ չկար: Այն հառում էր ոչ մի տեղ, պատերից ու աշխարհներից այն կողմ, որտեղ միայն դրա նման այլ հայացքներ կան` էլ ոչինչ:
- Պապ, - մոտեցա ես սնդուկին, - միայն գոգնոցս վերցնեմ:
Սատանայական ինչ որ մի կիրք տիրեց նրան: Մի քայլ առաջ արեց և ատելությամբ լի իր հայացքն հառեց վրաս: Ես առավել սարսափելի բան չէի տեսել, քան այդ մի քայլը: Մութ: Ու ձայներ ականջներում: Զսպված լաց: Նա հայացքիցս զգաց իմ վախը ու թուլացրեց լարված մկանները:
- Սենյակ գնա, - կարդացի շուրթերից, - Շտապ:
Հազիվ ինձ պահելով ոտքի վրա հաղթահարեցի դեպի իմ սենյակ տանող անիծյալ քսան աստիճանը: Ու միայնություն, մտքեր ու մտքեր: Հայրս գժվել էր: Ատեցի նրան մինչև երեկո: Իսկ երեկոյան` առավել ևս:
Ձայն: Տղամարդու: Երևի բարձր, եթե լսում էի: Բայց իմ հայրը չէր: Դռան արանքից նայեցի միջանցք: Սենյակ գնացին: Զգույշ դուրս եկա, կանգնեցի հարմար մի տեղում, որտեղից հազիվ էր երևում անծանոթ պարոնի թիկունքը ու սկսեցի հետևել: Երկուսն էլ գոռում էին: Բայց չափազանց հեռու էի կանգնած, որպեսզի լսեի, թե ինչ էին խոսում: Պարոնն այլազգի էր: Հագուստից զգացի: Բղավոց: Ավելի ուժգին: Էլ ավելի: Օտար բառեր: Հայերեն չէր: Ու... Պարոնը փռվեց գետին: Ես տեսա արյունոտ նրա ճակատը: Հետո կռացավ հայրս: Ձեռքին մարմարե կիսանդրին, որ դրված էր իր սենյակում: Ու, օ Աստված... Էլի հարված: Եվս մեկը: Անտանելի անխղճությամբ էլի ու էլի հայրս խփում էր երևի արդեն մեռած պարոնին: Օ, նա գժվել էր: Ես պիտի փախչեի: Պիտի հեռանայի, քանի դեռ շուտ էր: Վազեցի ներքև: Հայրս նկատեց:
- Մարիամ, Մարիամ, - գոռալով վազեց նա իմ հետևից, - Մարիամ, Մարիամ...
Ես ներքև իջա: Ու այնտեղ... մի պահ... մի կսկիծ... օտար... ու ինձ համար նոր... Հայրս հասավ ինձ: Բայց մոտիկ չեկավ: Հասկացել էր, որ ամեն ինչ տեսա: Արյունոտ էին ձեռքերը: Ու արյուն էր աչքերի մեջ: Սատանայի աչքեր: Սնդուկին էր նայում, ոչ թե ինձ: Քարացած, անէացած, անմարդկային հայացքով: Սնդուկին էր նայում:
Ես բացեցի այն...
Քրտնած մազեր: Սև, ինչպես ձյութը... Հարազատ մազեր... Դրանք դողացող ձեռքով տարա մի կողմ... Մորս դեմքն էր: Մորս գլուխը:
- Մամ, - հեկեկացի հայացքս հառած մորս դիակին...
Կտրատված ձեռքեր, կտրատված մարմին: Մորեմերկ, անշունչ...
Լռեցրած ձայնն էր, որը երգում էր իմ օրորոցին:
Լռեցրած խիղճն էր... Լռեցրած հոգին:
- Մամ, - ու էլ ոչինչ... Ու էլ ոչ մի բառ:
Միայն հիշում եմ ես անհամաչափ սրտի զարկերը: Արթնացա: Հորս գրկում պառկած էի: Վախ: Միայն դա էի ես ի զորու զգալ: Ես... այդ անողոք մարդասպանի ձեռքերում: Մարդասպան սրտի զարկերը, դրանք տարբերվում են այլ զարկերից:
Մութ սենյակ էր: Ու ոչ մի շշուկ:
- Մեծանաս, Մարիամ, կհասկանաս ինձ, - շշնջաց հայրս, - Թուրք էր, իմ բալա, մորդ սպանողն էր:
Ես խուլ էի... Չէի կարող զգալ այդ զարկերը: Պարզապես այնքան ուժգին է զարկում... վիրավոր սիրտը:
Նվիրվում է Մարիամ տատի հիշատակին:
Գուցե հենց ինքն էլ գրեր սա, եթե լիներ գրաճանաչ...
Էջանիշներ