Ինչպես շատերը գիտեն, շատ երկրներ մեկնելու համար պահանջվում է վիզա (հիմա հաճախ դրան "մուտքի արտոնագիր" են անվանում)։ Ուզում եմ այս թեմայում քննարկենք տարբեր երկրների վիզաները, դեսպանատների պահաջները, Հայաստանի քաղաքացիների համար "ազատ" երկրները, և այլն։
Սկսեմ հաճելիից։ Ես գիտեմ, որ Հայաստանի քաղաքացիները կարող են առանց վիզայի մուտք գործել ԱՊՀ բոլոր երկրները բացի Թուրքմենիայից (և երևի Ադրբեջանից ։))։ Գիտեմ նաև որ ազատ երկիր է Էկվադորը բոլոր երկրների քաղաքացիների համար։ Բոլորովին վերջերս կարդացի, որ հայերի համար վիզա ստանալու պահանջը վերացրել է Բահեմյան կղզիները։ Ով ուրիշ նման երկիր գիտի, ասեք իմանանք։
Կան երկրներ, որոնք պահանջում են վիզա ստանալ, սակայն դա որևէ դժվարություն չի ներկայացնում։ Որոշ երկրների վիզա կարելի է ստանալ նաև օդանավակայանում։ Ժամանակին ես նման ձևով Հարավային Կորեա եմ գնացել՝ վիզան ստացել եմ Սեուլի օդանավակայանում։ Բայց դա վաղուց էր, հիմա կարող է կարգը փոխած լինեն։
Այժմ անցնենք ցավոտ հարցին՝ շենգենյան երկրներին և ԱՄՆ-ին։ Սեփական փորձից կարող եմ ասել, որ այդ երկրների վիզաները ստանալը դժվար չէ, եթե կա մեկնելու լուրջ պատճառ։ Ես առանց դժվարության վիզա ստացել եմ, երբ մեկնել եմ աշխատանքային գործուղման կամ ինչ-որ մրցման։ Պրոբլեմները սկսվում են, երբ ուզում ես գնալ "հենց այնպես", տուրիստական նպատակներով։ Ինքս մի անգամ Իտալիա էի ուզում գնալ։ Հավաքեցի բոլոր պահանջվող փաստաթղթերը (որոնց քանակը քիչ չէ), ներկայացրեցի։ Սառնասրտորեն մերժեցին։ Պատճառը չասեցին (երևի մտածեցին էլ հետ չեմ վերադառնա)։
Ով կարողացել է ստանալ "դժվար" երկրի վիզա, կիսվեք ձեր փորձով։ Ի՞նչ հատուկ փաստաթղթեր եք ներկայացրել, կամ գուցե այլ կարևոր պահեր կան, որոնք արժի իմանալ դեսպանատուն այցելողին։ Նորից եմ կրկնում, խոսքը այն դեպքի մասին չէ, երբ ինչ-որ կազմակերպության հրավերով եք գնում։
Էջանիշներ