Վահագն չախալյանը բաց նամակ է հղել միխայիլ սահակաշվիլիին
«Միասնական Ջավախք ժողովրդավարական դաշինք» քաղաքական շարժման ղեկավար Վահագն Չախալյանը բաց նամակ է հղել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին, որտեղ մասնավորապես նշված է. «Վրաստանի անկախացումից հետո Գամսախուրդիայի և Շևարդնաձեի վարչակարգերը որդեգրեցին Ջավախքի խնդիրների արհամարհման և մեզ` զավախքահայերիս անջատողական ընկալելու և այդ երևակայական անջատողականությունը ճնշելու քաղաքականություն: Դուք նույնպես, ցավոք սրտի, շարունակեցիք Ձեր նախորդների անհեռատես քաղաքականությունը` ջավախքահայությանը ներկայացնելով որպես երկրի ամբողջականության համար հույժ վտանգավոր տարր, իսկ այն հանգամանքը, որ Ջավախքը դեռ չի անջատվել, վերագրեցիք Ձեր ճկուն նախզգուշական միջոցառումներին:
Ամբողջ աշխարհով մեկ Դուք սկսեցիք թմբկահարել, որ ջավախքահայերին համահավասար և «ինտեգրված» քաղաքացի լինելու համար բացակայում է միայն վրացերենի իմացությունը, սակայն այդ «կամակոր» և «երախտամոռ» քաղաքացիներն իրենց համառությամբ տապալում են պետության կողմից ձեռնարկվող լեզվի ուսուցման բազմամիլիոնանոց ծրագրերը…
Պարոն Նախագահ, հավատացեք, որ եթե ցանկություն կա սովորելու, ապա ցանկացողին չի կարող խոչընդոտել ո՜չ մի հանգամանք: Եվ ընդհակառակը, եթե նման ցանկություն չկա, ապա ո՜չ մի գումար, ո՜չ մի պարտադրանք, ո՜չ մի ճնշում չեն կարողանալու 21-րդ դարում մարդուն ստիպելու անել այն, ինչ իր կամքին հակառակ է: Վատագույն դեպքում նա կբռնի բողոքի և արտագաղթի ճանապարհը…
Ուստի, պետք է ձեռնարկել միջոցներ, որպեսզի Վրաստանում բնակվող յուրաքանչյուր ազգային փոքրամասնության ներկայացուցիչ անհրաժեշտություն զգա տիրապետելու վրացերենին: Բայց որպեսզի նման պետք առաջանա, անհրաժեշտ է Վրաստանում բնակվող բոլոր ժողովրդների հավասարությունը, օրենքի գերակայությունը ու ազատությունը երաշխավորող գործնական քայլեր ձեռնարկել: Գլխավորը սա’ է:
Մինչդեռ, Դու’ք` բանտի, դատախազության, ոստիկանության և դատարանի նոր շենքեր կառուցելուց, զինվորական ոստիկանության և շրջանային ոստիկանների թիվը կրկնապատկելուց, հատուկ ծառայությունների տեղական կառույցները հզորացնելուց, ինչպես նաև ջավախքահայության իրավունքների` այսինքն տարածաշրջանի իրական, այլ ո՜չ թե ձևական և ժամանակավոր կայունության համար պայքարող անձանց հետապնդելուց և արտաքսելուց բացի ուրիշ ոչինչ չկարողացաք առաջարկել ջավախքահայությանը:
Մեծագույն սխալ էր նաև Ջավախքը մահակի տակ պահելու տեսանկյունից առանցքային հանդիսացող Ախալքալաքի ոստիկանապետի պաշտոնում մեծ և փոքր սադրանքներ կազմակերպելու ընդունակություններով օժտված մարդու նշանակումը և նրան ջավախքահայությունը «սանձի տակ» պահելու անսահմանափակ լիազորություններով օժտելը: Արդյոք, Ձեզ համար պարզ չէր, որ հալածանքների միջոցով կարելի է հասնել լոկ կարճաժամկետ «հաջողությունների», իսկ երկարաժամկետ առումով դրանք միմիայն ավելացնելու են ջավախքահայության մեջ անվստահության և օտարման երևույթները վրացական իշխանությունների նկատմամբ: Իսկ գուցե դա՞ էր Ձեր նպատակը…
Պարոն Նախագահ, մինչև ե՞րբ պիտի շարունակվի Ձեր նախորդներից Ձեզ ժառանգած այս քաղաքականությունը: Ժամանակը չէ՞, արդյոք, լծվելու ջավախքահայությանը հուզող քաղաքական, լեզվա-մշակութային, կրթական և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման կարևոր առաքելությանը, թեկուզ աստիճանաբար` քայլ առ քայլ…
Հերիք չէ, արդյոք, որ կենտրոնական իշխանության ներկայացուցիչները մասնավոր զրույցներում ազգային փոքրամասնությունների խնդիրների լուծման բնագավառում իրենց անգործության գլխավոր «մեղավոր» հռչակեն երկրի մեծամասնություն` տիտղոսակիր ազգի դիմադրությունը: «Մեծամասնությունը» վերջին 20 տարիների տխուր փորձից ելնելով, այո, ունի մտավախություններ, սակայն նա շատ լավ, անգամ իշխանություններից էլ լա՜վ է գիտակցում, որ կորուստներ միգուցե չլինեին, եթե Ցխինվալի դպրոցներում ժամանակին չարգելվեր օսերենով դասավանդումը…
Ժամանակը չէ՞, արդյոք, վերջ տալու վրացական իշխանությունների այն մոտեցմանը, որ ավելի լավ է լուրջ հարցերին լուծում տալու փոխարեն որևիցե տնտեսական զիջում անել Ջավախքում գոյություն ունեցող և հենց կենտրոնից ստեղծված ու սնուցվող տարբեր կլանների՞ն: Նման անհեռատես քաղաքականությունը ոչ թե քանդում է ջավախքյան թնջուկը, այլ ընդհակառակը` օր-օրի դարձնում այն ավելի խճճված և անվերահսկելի …
Ժամանակը չէ՞, արդյոք, միջոցներ ձեռնարկել կենտրոնական իշխանությունների նկատմամբ երկրամասի բնակչության օր-օրի նվազող վստահությունը վերականգնելու ուղղությամբ: Դուք ունե՜ք այդ հնարավորությունը, բայց ցավոք մինչ օրս այդպես էլ չեք փորձել օգտվել դրանից:
Ջավախքահայությանը պատրաստ է երկխոսության: Մենք դեռևս հույս ունենք, որ ստիպված չենք լինելու երկու բարեկամ ժողովուրդներին վերաբերող խնդիրների լուծումները վաղը փնտրել եվրոպական և միջազգային ատյաններում: Մնում է, միայն մեկ բան` որպեսզի Դուք ընդունեք այդ երկխոսության հրավերը:
Փորձե’ք սկսել հենց այսօր»:
Էջանիշներ