Ապագայում ու՞մ է պատկանելու Փոկան
Սամցխե-Ջավախք-Ծալկա (Ջավախք) տարածաշրջանի Նինոծմինդա (Բոգդանովկա) քաղաքից 22 կմ հյուսիս-արևելք, Փարվանա լճի հարավային եզրին, որտեղից սկիզբ է առնում համանուն գետը (այլ անվանմամբ` Թափարվան), գտնվում է Փոկա գյուղը: Վերջինս ներկայումս ունի շուրջ 270 տնտեսություն: Այս թիվը գյուղի նախկին բնակչության (որը կազմում էր շուրջ 600 տնտեսություն) մեկ երկրորդից ավելի նվազ ցուցանիշ է. արտագաղթի, ապրելու կենսապայմանների իսպառ բացակայության պատճառով երբեմնի շեն Փոկան այսօր կանգնել է կործանման եզրին: Գյուղն այսօր չունի ոչ ջուր, ոչ էլ ուրիշ ենթակառուցվածքներ, որոնք անհրաժեշտ են մարդուն` ապահովված լինելու համար նվազագույն կենսապայմաններով: “Այստեղ ապրողներին պահում է միայն հայրենիքի, ծննդավայրի անսահման ձգող ուժը, և այդ ուժն է նաև ստիպել մեզ` երկար տարիներ օտար ափերում աշխատելուց հետո կրկին վերադառնալ հայրենիք”, - նշում է Փոկա գյուղի բնակիչ Մարգար Չարբուդաղյանը:
Մեր այն հարցադրմանը, թե որոնք են այսպիսի զանգվածային արտագաղթի պատճառները, երբ Փոկան հայաբնակ ու հայաշատ է եղել ոչ միայն դարերով, այլ, բազմաթիվ ու հիմնականում օտար աղբյուրների համաձայն` հազարամյակներով, Մարգար Չարբուդաղյանը նշեց. “առաջին պատճառը դա վրացական կառավարության և վերջինիս կամակատարները հանդիսացող Նինոծմինդայի տարածքային ղեկավարության ակտիվ նախաձեռնությամբ հայության կյանքի համար ստեղծված անտանելի պայմաններն են, որոնք կարելի է բաժանել մի քանի ոլորտների. 1. կյանքի համար սովորական կենսապայմանների չստեղծում 2. տեղի հայությանը հոգևոր և ֆիզիկական բռնաճնշումների ենթարկում: Օրինակները բազմաթիվ են. մեր գյուղի եկեղեցու վայրենի բռնազավթումը, երբ եկան, սկսեցին հիմնահատակ “կերպարանափոխել” այն: Մենք ընդդիմացանք, սակայն եկան ինչպես Նինոծմինդայի պաշտոնյաները, այնպես էլ` Թիֆլիսի համապատասխան գերատեսչություննների ղեկավարներն ու սպառնացին մեզ` ասելով, թե` “по-любому вы не правы”: Մեր նախնիների գերեզմանների ոսկորները եկեղեցու պատերի տակերից հանեցին և լցրեցին արևի տակ, մենք նորից բողոքեցինք, անգամ նկարահանեցինք այդ տեսարանները, սակայն մեզ լռեցրին, գիշերով մարդկանց դուրս կանչեցին, սպառնացին ու անգամ մեր ձեռքից տարան այդ տեսաժապավենները: Այս քայլերը ժողովրդի մեջ առաջացրեցին խոր հիասթափում, և վերջինս այլևս այստեղ` իր պատմական հայրենիքում ոչ ֆիզիկապես, ոչ հոգևոր իմաստով չի զգում պաշտպանված”:
Դեռ խորհրդային վերջին տարիներին (երբ գյուղի կոլտնտեսության նախագահը, կատարելով Բոգդանովկայի շրջանի ղեկավարության հրահանգը, գաղտիաբար հող էր վաճառել վրաց կուսանաց միաբանության հիմնման համար) և հատկապես` 1990-ական թվականներից, Փոկայում վրաց կաթողիկոսարանը հիմնել է կուսանաց միաբանություն և “բազմացնում է” այնտեղ Վրաց տւղղափառ Եկեղեցու (ՎտւԵ) այսպես կոչված “հետևորդներին”: Սկզբնավորման առաջին տարիներին, երբ դեռ ապրուստի պայմաններն անհամեմատ վատթար էին, Փոկայում վրացի հոգևորականների աճն այնքան մեծ չէր. այն մեծ թափ ստացավ նոր դարասկզբին` երբ հետզհետե հզորացավ Վրաստանը:
Թե ինչումն է կայանում Փոկայում վրաց հոգևոր դասի լայնածավալ ներկայությունը` զուտ հայաբնակ գյուղում, վերջիններիս կեցության համար մեծ չափերի հասնող շինարարական աշխատանքների ծավալումն ու ընդհանրապես վերջիններիս` Փոկայում հաստատվելու նպատակը, վրաց հոգևորականությունը այս ամենը գնահատում է իբրև “գյուղը Վրաստանին վերադարձնելու միջոց”: Ընդհանրապես և ըստ իր կոչման` հոգևորականը պետք է և պարտավոր է բարյացակամ դրսևորում ունենա հասարակ հավատացյալի նկատմամբ և վերջինիս հետ ամենօրյա շփումներով Աստծո խոսքը հասցնի մարդկանց: Իսկ Փոկայի “հոգևորական” կոչեցյալները ընդհանրապես հեռու են այդ ամենից. վերջիններս նախ համապատասխան “ռեսուրս” չունեն` քարոզչության համար. այս բնակավայրերում գոյություն չունեն ուղղափառ եկեղեցու հետևորդներ, այստեղից հետևություն, որ այս հոգևորականների ներկայության կարիքն ընդհանրապես չունի բնակչությունը և վերջիններիս ներկայությունն արհեստական է այս տարածաշրջանում, հաջորդը` վերջիններիս ապրելակերպից և նիստուկացից պարզորոշ զգացվում է, որ հոգևոր բնագավառը վրացական կողմի համար պարզապես մի “թռիչքատախտակ է”` վրացական դավանանքը և վրացիներին այստեղ հաստատելու համար: Այս ամենից ելնելով` վերջիններս տեղում կիրառում են բոլոր մեխանիզմները, որպիսի հայությունը լքի իր հարազատ շենը:
“Վերջիններս (խոսքը Փոկայի “հոգևորականների” մասին է – Վ.Ս.) բացարձակ չեն շփվում տեղի բնակչության հետ, ընդունում են միայն վրացի “այցելուներին”: Եզակի մարդ կարող ես հանդիպել վերջիններիս մեջ, որոնց կարելի է կոչել հոգևորական, մնացած մեծ մասը լրտեսներ են, պետական ծրագրեր իրականացնողներ”, նշում է Մ. Չարբուդաղյանը:
Ի՞նչ է լինելու այս ամենի վերջը: Վրացական այսպիսի ներկայությունն ի՞նչ է խոստանալու Փոկայի ապագային, երբ վրացականացված եկեղեցու շուրջը արդեն առնվել են 10 տներ, կառուցվում և վերակառուցվում են նորերը, հիմնվում են կաթի վերամշակման գործարաներ, ատամնաբուժարաններ և այն ամենը, ինչն անհրաժեշտ է իրենց, և ինչը չի արվել հայության համար մինչ օրս. հարցադրումների պատասխանները մնում են դեռևս անորոշ:
Եթե նախկինում վրացիները խնդրում էին գյուղացիներին` տներ առնելու համար, ապա ներկայումս արդեն արտագաղթն այնպիսի չափերի է հասել, որ այլևս տների առքը վերածվել է մի յուրատեսակ “կամավոր նվիրատվության”, երբ լքված տները չնչին փոխհատուցմամբ վերցվում են վրացիների կողմից: Ներկայումս գյուղի պաշտոնյաներին (Նինոծմինդայի Շրջանային Սակրեբուլոյի (ժողովի) պատգամավորը և գյուղի համար նշանակված գործադիր-մենեջերը) հանձնարարված է ներկայացնել գյուղի դատարկ տների ցանկը: Պարզ է, որ Նինոծմինդայի Մունիցիպալիտետին կամ այլ ղեկավար կազմակերպություններին այս ամենը հանձնարարել են Թբիլիսիից:
“Այս ամենի հետ կապված փոկացիների շրջանում մի քանի անգամ եղել են ըմբոստանալու և հակաքայլեր ձեռնարկելու դեպքեր, սակայն, որքան էլ ցավալի է, այդ ամենը դաժանաբար ճնշվել է հենց մեր` նինոծմինդայի ղեկավարության կողմից, այն ղեկավարության, որը այսօր հավատարմորեն ծառայում է Վրաստանի` այս ստոր քայլերն իրականացնող իշխանություններին: Մենք` Փոկայի հայության վերջին բեկորներս, այսօր էլ վախենալու ու կորցնելու բան չունենք, մեզ մնում է պայքարել մինչև արյան վերջին կաթիլն ու փրկել Փոկան, պաշտպանել մեր հայրենիքը օտար զավթիչներից…”, դառնացած նշում է Մ. Չարբուդաղյանը:
Սկսած 2004 թվականից` Հայ Օգնության Միության “Ջավախքի օգնության ծրագրերի հանձնախմբի” միջոցներով Փոկայում կառուցվում է երիտասարդական մարզական կենտրոն: Մարգար Չարբուդաղյանը, որը ի սկզբանե հանդիսացել է շինարարական աշխատանքների ակտիվ մասնակիցը, մեծ դժգոհություններ ունի` կապված այդ աշխատանքների անընդհատ ձգձգման և գործն ավարտին չհասցվելու հետ: Չորս տարի առաջ, երբ սկսվել է շինարարությունը, երիտասարդության շրջանում տիրել է մեծ ոգևորություն, բազմաթիվ համագյուղացիներ օգնության ձեռք են մեկնել կենտրոնի շինարարությանը, սակայն այժմ, երբ հօդս են ցնդել կենտրոնի բացման հույսերը, բոլորը դարձյալ կամ լքել են գյուղը, կամ շարունակում են իրենց սպորտաին պարապմունքների համար տեղափոխվել այլ վայրեր: Նշենք նաև այս շրջանակներում մի ողբերգական հանգամանք. ոչ մի զբաղմունք չունենալով գյուղում` գյուղի երիտասարդների շրջանակում մեծ տարածում է գտած թմրանյութերի օգտագործումը: Գյուղացիների “չվախեցող” շրջանակները վկայում են, որ “անաշա” տեսակի թմրանյութը, որն այսօր օգտագործվում է գյուղում, գյուղ է բերվում և վաճառվում վերոնշյալ “կույսերի” կամ “հոգևորականների” կողմից: Կենտրոնի չբացվելու հետևանքով բազմաթիվ տաղանդավոր մանուկներ այդպես էլ հնարավորություն չունեցան դրսևորվելու կամ մարզվելու. մարզիկներով հայտնի Փոկան այսօր ապրում է իր բարոյազրկումն ու բարոյալքումը:
Երբեմնի հզոր և ամբողջ տարածաշրջանում իր առնական կեցվածքի տեր բնակիչներով հայտնի Փոկան այսօր ընկճված է ու վախեցած. բնակիչների դեմքերին ամենուր կարելի կարդալ մեկ հարցադրում. ո՞վ են այս խորհրդավոր գործունեություն ծավալող անկոչ հյուրերը և ինչ են բերելու ի վերջո գյուղի գլխին: Կասկածանքն ու սարսափի մթնոլորտը էլ ավելի է զարկ տալիս առանց այն էլ մեծ չափերի հասնող արտագաղթին:
տւսումնասիրելով բոլոր փաստերը, կարելի հանգել այն եզրահանգմանը, որ բնակչության շրջանում արտագաղթը նվազեցնել, երիտասարդությանը տեղում պահել ու կարճ ասած` Փոկան փրկել կարելի է միայն գյուղում հիմնելով մշակութային և հոգևոր օջախներ:
Ամբողջ ողբերգությունը նրա մեջ է, որ հայկական/հայաստանյան հոգևոր-կրոնական ներկայության բացարձակ բացակայության պայմաններում` այս բացն ակտիվորեն լրացվում է Վրաստանի կողմից. գյուղում կուսանոցների “շրջանակներում” բացվել են արդեն համակարգչային ուսուցման կենտրոններ, վրացական արվեստի ու մշակույթի տարածման, վրաց և անգլերեն լեզուների ուսուցման օջախներ: Իսկ հայկական այդպիսի օջախների բացակայությունը ստիպում է հայ մանուկներին` հաճախելու այդ վայրեր, իսկ թե վերջիններիս ինչ են տալու այդ օջախները, մեկնաբանության հարկ չկա: Հոգևոր-կրոնական հաստատության բացակայությունն էլ իր հերթին “հիմք է դառնում”, որ Փոկա գյուղում գրանցվեն Վրաց տւղղափառ Եկեղեցում հայերի կնքման և այլ հոգևոր ծեսերի կատարման դեպքեր:
Փոկայի ներկա ավելի քան 150 դատարկ տները ենթակա են վրացականիզացման, և իրադրություններն այս ձևերով ընթանալու պարագայում շատ չեն ուշանալու վերջիններիս վրացի “տերերը”:
Հայաստանի Հանրապետության պետական-հասարակական և քաղաքական շրջանակները գրեթե ամեն տարի այցելում են Փոկային հարևան և վերջինիս ճանապարհին գտնվող Գանձա գյուղ` Վահան Տերյանի ծննդավայր-տուն-թանգարան, սակայն այս պաշտոնյաների բարի ոտքն այդպես էլ չի հասել Փոկա. վերջիններիս դեպի այս վայր չի ձգել անգամ գեղատեսիլ Փարվանա լիճը տեսնելու ցանկությունը: Բացի Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնի ղեկավար Նաիրի Մնացականյանից, ՀՕՄ-ի “Ջավախքի օգնության ծրագրերի հանձնախմբի” ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Բագրատ Սարգսյանից (որն այցելել է գյուղ, ինչպես նշեցինք, Երիտասարդական կենտրոնի հիմնման հարցերով) ու RAA-ի (Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպություն) երևանյան գրասենյակի տնօրեն Սամվել Կարապետյանից (որը գյուղացիներին բացատրել է գյուղի պատմամշակութային արժեքների իսկության մասին) և հատուկենտ թվով այլ հայրենանվեր մարդկանցից, հետխորհրդային շրջանում հայկական կողմից գյուղը հիշող չի եղել:
Ավելացնենք, որ Վրացական հոգևոր կենտրոնները լավագույն միջոցն են` վրացական գործոնն այս տարածաշրջանում ուժեղացնելու/ակտիվացնելու առումով: Օրինակները բազմաթիվ են, երբ 100% հայաբնակ բնակավայրերում հիմնվում են վրացական հոգևոր կենտրոններ` համալիրների և առանձնատների տեսքով: Այդպիսի թիրախներ են դարձել ոչ միայն Փոկան, այլև` վերջինիս հարևան և ճանապարհին գտնվող Սաղամո գյուղը (Նինոծմինդայի շրջան), Նինոծմինդա և Ախալքալաք քաղաքները, Հելիանք (Օլյանք` խորհրդային անվանաձևը, Օլյանգի` ներկա վրացական անվանաձևը) նախկին հունական գյուղը (Ծալկայի շրջան. կիսավեր այս գյուղում վերջին տարիներին բերվել են աջար ընտանիքներ, որոնք այժմ կազմում են 25 տուն):
Ինչպես Փոկան, այնպես էլ Սաղամոն ընկած են Նինոծմինդա-Թբիլիսի` ինչպես ճանապարհային, այնպես էլ` երկաթուղային գծի վրա և ունեն ռազմաստրատեգիական խիստ կարևոր նշանակություն: Հիշեցնենք, որ վերոնշյալ բնակավայրերով Նինոծմինդայից “մուտք” է բացվում դեպի Ծալկայի տարածքներ, հետևաբար` այս բնակավայրերի վրացականացումը Վրաստանի համար դառնում է առավել հրատապ` Ծալկան Սամցխե-Ջավախքից փաստացի անջատելու իմաստով (հիշեցնենք, որ Ծալկան Սամցխե-Ջավախքից իրավաբանորեն անջատվել էր դեռևս 1994թ., երբ նահանգային բաժանման ժամանակ Ախալցխայի և Ախալքալաքի պատմական գավառների հիման վրա կազմավորվեց Սամցխե-Ջավախք նահանգը, իսկ նույն գավառների շարունակությունը հանդիսացող Ծալկայի տարածաշրջանը (Մեծ Հայքի Գուգարք նահանգի Թռեղք գավառ) անջատվեց այս նահանգից և ներառվեց հիմնականում ադրբեջանաբնակ Քվեմո Քարթլի նահանգի մեջ): Իր հերթին վերոհիշյալ երկաթգիծը դա հանրահայտ Կարս-Ախալքալաք-Թբիլիս-Բաքու երկաթգծի մի մասն է: Նինոծմինդան Թբիլիսիին կապող վերնշյալ ավտոճանապարհը ներառված է “Հազարամյակի մարտահրավերներ” ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ի տրամադրած օգնության միջոցով վերականգնվող ճանապարների ցանկում, որտեղ արդեն իրականացվում են շինարարական աշխատանքներ:
Դեռ հին դարերից Հին Հայաստանի, իսկ այժմ` տարածաշրջանային և գերտերությունների ճանապարհային հանգուցակետ Սամցխե-Ջավախք-Ծալկա (Ջավախք) տարածաշրջանի լեռնային այս բնակավայրերի հայաթափումը բարոյականից բացի, փաստորեն, ունեն նաև ռազմաստրատեգիական հսկայական նշանակություն: Վերջիններս անփոխարինելի ռազմաստրատեգիական դիրք և նշանակություն ունեն նաև Սամցխե-Ջավախք-Ծալկա (Ջավախք) տարածաշրջանի ամբողջականության և հայության հոգևոր-ֆիզիկական անվտանգության ապահովման իաստով. հայկական այս տարածքների տերը, փաստորեն, և Սամցխե-Ջավախք-Ծալկայի (Ջավախք), և տարածաշրջանի, և այդ տարածաշրջանի մի մասնիկը հանդիսացող Հայստանի Հանրապետության տերն է:
Վահե Սարգսյան
Էջանիշներ