Վահագն Չախալյանի պաշտպանական խոսքը
2009թ. ապրիլի 6-7-ին Ախալցխայի շրջանային դատարանում կայացան ջավախքահայ քաղաքական ակտիվիստ, «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք քաղաքական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանի, ինչպես նաև նրա հոր` Ռուբեն Չախալյանի և կրտսեր եղբոր` Արմեն Չախալյանի գործով դատավարության եզրափակիչ նիստերը: Ստորև ներկայացնում ենք Վահագն Չախալյանի պաշտպանական եզրափակիչ խոսքը:
Ավարտին է մոտենում իմ նկատմամբ տարվող այս դատավարությունը, որը ես միայն կարող եմ որակել մի բառով` խայտառակ:
Խայտառակ` իր բազմաթիվ և առտառոց անօրինականություններով,
խայտառակ` իր շինծու և հապճեպորեն սարքված «ապացույցներով»,
խայտառակ` իր բացառապես ուժային կառույցների աշխատակից-վկաներով:
Վրացական իշխանությունները և դուք` իշխանությունների հլու հնազանդ կամակատար դատարան` արեցիք ամեն ինչ, որպեսզի իմ հայրը, կրտսեր եղբայրը և ես հնարավորություն չունենանք լիարժեքորեն պաշտպանվել`
-Տեղափոխեցիք դատավարությունը Ախալցխա,
-Չորս ու կես ամիս անօրինական կալանքի տակ պահեցիք իմ կրտսեր եղբորը` ըստ էության պահելով նրան որպես պատանդ` ինձ վրա ճնշում գործադրելու նպատակով
-Հնարավորինս ձգձգեցիք դատավարությունը, հույս ունենալով, որ ես կհյուծվեմ և կգնամ ինչ-ինչ զիջումների,
-Անօրինականորեն զրկեցիք ինձ ֆրանսիացի փաստաբան Պատրիկ Արապյանի ծառայություններից,
-Ահաբեկեցիք իմ ընկերներին և համախոհներին, որպեսզի նրանք չհամարձակվեն կանգնել դատարանի առջև և վկայություն տան իմ օգտին,
-Առավելագույնս խստացրեցիք իմ բանտային պայմանները` երկար ժամանակ զրկելով ինձ գիրք-գրականություն ունենալու և լրատվություն ստանալու հնարավորությունից,
-Մերժեցիք պաշտպանական կողմի գրեթե բոլոր դատական միջնորդությունները,
-Անգամ չապահովեցիք դատական գործընթացի քիչ թե շատ պատշաճ թարգմանություն:
Հիմա էլ եկավ այս բեմականացված խայտառակ դատավարության եզրափակիչ արարը` իմ հոր, կրտսեր եղբոր և իմ նկատմամբ դատավճիռ հնչեցնելու պահը:
Այս խայտառակ դատավարության հիմնական նպատակն է` ահաբեկել ջավախքահայությանը, խեղդել ջավախքահայության պահանջատիրությունը` գործնականում ցույց տալով, որ իր իրավունքների պաշտպանության և իր առջև ծառացած խնիրների բարձրաձայնման համար խաղաղ ցույցեր և հանրահավաքներ կազմակերպելը քրեորեն պատժելի արարք է, և իշխանությունները վճռական են` հետևողականորեն ոչնչացնելու բողոքի ցանկացած դրսևորում:
Եթե իշխանությունները մտածում են, որ այս շինծու դատավարությամբ ինձ ազատազրկման դատապարտելով` նրանց կհաջողվի հասնել վերոնշյալ նպատակին` լռեցնել ջավախքահայությանը, դատապարտել նրան լուռումունջ արտագաղթի, ապա նրանք չարաչար սխալվում են: Ինձ ազատազրկման դատապարտելով` դուք որևէ հարց չե’ք լուծի:
Եթե դուք հույս ունեիք, որ իմ նկատմամբ այս հաշվեհարդարն անցնելու է աննկատ և ծածուկ պայմաններում, ապա` չարաչար սխալվեցիք: Այս շինծու դատավարությամբ Դուք ամբողջ աշխարհին ցույց տվեցիք, որ վրացական իշխանությունները` փոխանակ երկխոսություն ծավալելու ջավախքահայության հետ, նախընտրում են «հարց լուծել» հալածանքների և ճնշումների միջոցով: Ի լուր աշխարհի` դուք մերկացրեցիք ջավախքահայության նկատմամբ ձեր խտրական քաղաքականությունը:
Արդ, վրացական իշխանություններից և այս դատարանից ես նորից պահանջում եմ`
1. Անմեղ ճանաչել իմ հորը, կրտսեր եղբորը և ինձ` մեզ առաջադրված բոլոր մեղադրանքներից, դադարեցնել «Միասնական Ջավախք»-ի անդամների, իմ ազգականների և ընկերների նկատմամբ բոլոր հալածանքները, կասեցնել քրեական գործերը, վերադարձնել բռնագրավված գույքը, փոխհատուցել այս անօրինական գործընթացների հետևանքով առաջացած բոլոր վնասները:
2. Կատարել իմ ձերբակալությանը նախորդած դեպքերի և մասնավորապես, ազգությամբ հայ երկու ոստիկանի սպանության արդար և անկողմնակալ հետաքննությունը, պատժել այդ սպանությունների իրական կատարողներին:
3. Լուծել ջավախքահայությանն ու վիրահայությանը հուզող բոլոր կրոնական, լեզվա-կրթական, սոցիալ-տնտեսական և մշակութային խնդիրները
Անկախ նրանից, դատապարտելու եք ինձ ազատազրկման, թե` ոչ, ջավախքահայությունը հետևողականորեն շարունակելու է իր իրավունքների համար տարվող պայքարը:
Նույնպես և ե՜ս` հետևողականորեն պայքարելու եմ իմ նկատմամբ արդարության վերականգնման համար տեղական և միջազգային բոլոր ատյաններում:
Ախալցխա,
07 ապրիլ 2009թ.
Էջանիշներ