Ի՞նչ է նշանակում ապաշխարություն և ինչի՞ց ապաշխարել[

Հունարեն բնագրում «ապաշխարել» խոսքը ուղղակի «դառնալ» բայն է, որը նշանակում է ինչ-որ կետից 180օ շրջվել դեպի մեկ ուրիշ կետի:
Դառնալ արտահայտությունը գործածված է նաև Աստծուն դառնալու հարցում, որը հայերեն թարգմանության մեջ շատ տեղերում «ապաշխարություն» արտահայտությամբ է գրված: Եզեկ.14:6; 33:11; Գործք.3:19,26; 26:18;
Այսպիսով, ապաշխարել նշանակում է չար խորհուրդներից և գործերից հրաժարվել ու հոժարվել Աստծո կամքին` այն մտքերին ու խորհուրդներին, որոնք Աստծուն են հաճելի: Ես.55:6,7;
Եբ.6:1-ում նշված «մեռած գործերից ապաշխարություն» արտահայտությունը նշանակում է` «մեռած գործերից» հրաժարվել և դառնալ դեպի Աստված: Այդյոք ի՞նչ է նշանակում «մեռած գործ»: Օրինակ` երբ ասում ենք մեռած ծառ կամ մեռած մարդ, հասկանում ենք, որ նրանում կյանք չկա` կյանքի հետ այդ մեռածը չի կարող որևէ կենդանի հաղորդակցություն ունենալ, ինչպես նաև` մեռած լինելը տանում է ապականության, փչացման, նեխման և քայքայման: Այսպես էլ «մեռած գործերը» ոչ միայն անօգուտ են, այլ, միևնույն ժամանակ, վնասակար են: Այդ գործերի մեջ կյանք չկա և դեռ ավելին` այդ գործերը մարդուն տանում են ապականության, քայքայման և փչացման: Սուրբ Գրքում այս գործերը նաև կոչվում են անպտուղ գործեր: Այժմ այդ մեռած գործերը կուսումնասիրենք երեք ենթաբաժիններով.
Ա. Մեղքի գործեր
Բ. Օրենքի գործեր` փրկվելու նպատակով
Գ. Սովորությունների / ավանդությունների գործեր

Ա. Մեղքի գործեր
Շատերը մեղանչելով մտածում են, թե «սա է կյանքը»: Ցավոք, այս մտածողության տեր մարդիկ խաբված են: Մեղք գործելը կյանք չէ, հակառակը, մեղքը իրեն ունեցողին մատնում է ապականության, քայքայման և փչացման` մահվան: Հռ.6:21-23; Գաղ.5:19-21; Եփ.5:11,12;

Բ. Օրենքի գործեր` փրկվելու նպատակով
Գործեր, որոնք Աստծո Օրենքի պահանջն է: Մարդիկ, այդ պահանջը կատարելով, ուզում են արդարանալ և փրկվել: Ոմանք էլ այս գործերն են համարում, թե «սրանով է կյանքը», սակայն մենք գիտենք, որ Օրենքով ոչ մի մարդ չի կարող արդարանալ և փրկվել: Գաղ.3:10,11;
«Մեղքի գործերը» և «Օրենքի գործերը» իրենց բնույթով իրարից խիստ տարբերվում են: «Մեղքի գործերը» անիրավություն են և պիղծ, իսկ «Օրենքի գործերը» իրավունք են և սուրբ: Մեղք գործելը մարդուն հասցնում է դատաստանի, ավերման և մահվան: Իսկ Օրենքի պատվիրանի համեմատ գործելը մարդուն բացահայտում է, որ նա չի կարող պատվիրանը պահել, քանի որ անկարողության պատճառով խախտում է իրավունքը, ուստի ոչ թե պիտի կյանք ունենա, այլ պիտի դատապարտվի, ավերվի և կործանվի:
Օրենքը նման է մի բռնցքամարտիկի, որը մարդկության հետ պայքարի է դուրս եկել և անհաղթելի է, և նրա ամեն հարվածներն էլ մահացու են: Եւ եթե մեկը նրա առջև կանգնի և նրանից թույլ լինի, կմեռնի, որովհետև նրա հարվածը մահացու է: Այս Օրենքի առջև կանգնելով` մարդը ընդամենը իրեն տեսնում է թույլ, մեղավոր և մահվան դատապարտված: Սրա համար Աստված մարդու փրկությունը ոչ թե թողեց Օրենքը կատարելու հիման վրա, այլ փրկությունը ձրի է շնորհում նրանց, ովքեր հավատում են Տեր Հիսուս Քրիստոսի փրկարար գործին: Գաղ.2:16;
Ուրեմն, նրանք, ովքեր Օրենքը կատարելով են ուզում փրկվել, չեն փրկվի, այլ կբացահայտվի, որ մահվան են դատապարտված:
2Կոր.3:6,7-ում Օրենքը կոչված է «մահվան օրենք», այսինքն նրա հայտնությունով մարդը իրեն տեսնում է, որ մահվան է դատապարտված: Հեևաբար` մենք չենք կարող Օրենքի գործերով արդարանալ ու փրկությանը հասնել, այլ, հակառակը, կգնանք մահվան: Հռ.7:9,10;
Այսպիսով, Օրենքի գործից ապաշխարել նշանակում է` հրաժարվել Օրենքի պահանջը կատարելու միջոցով ձգտել փրկության, այլ փրկվելու համար պետք է Քրիստոսին հավատալ և փրկվելուց հետո նրա շնորհած կարողությունով ապրել մաքուր կյանք:

Գ. Սովորությունների / ավանդությունների գործեր
Գործեր, որոնք կատարվում են մարդկային ավանդությունների ու սովորությունների համաձայն և ոչ թե Քրիստոսի վարդապետության պես: Կող.2;
Այս տեսակ գործերը նույնպես չեն կարող մարդուն կյանք և փրկություն տալ, որովհետև դրանք Աստծո տված ճանապարհները չեն, ուստի նման ավանդությունների համար մարդիկ դատապարտելի են` Օրենքն ու պատվիրանը փոխելու պատճառով: Նրանք, ովքեր Աստծո խոսքին ավելացում կամ պակասեցում կանեն, կդատապարտվեն: Հայտ.22:18,19;
Տեր Հիսուսը հանդիմանում էր փարիսեցիներին, որ իրենց հնարած պատվիրաններն էին սովորեցնում ժողովրդին, որ հենց դրա համար էլ նրանք դատապարտելի էին: Ես.29:13; Մրկ.7:5-9;
Ովքեր պատվիրաններ են հնարում` որևէ բան ավելացնում, կամ պակասեցնում, նրանք անարգում են Աստծո իմաստությունն ու գիտությունը` որպես թե Աստված չի հասկացել, իսկ իրենք կուղղեն: Ես.24:5,6; Կող.2,16-23;
Աստծուն ծառայելու համար մարդկանց հնարած կանոններն ու պատվիրանները Աստծո դեմ են, քանի որ Աստված պետք է այնպես պաշտվի, ինչպես ինքն է ուզում, ոչ թե` ինչպես մենք: 2Տիմ.2:3-5; Եբ.12:28;
Ուրեմն, ովքեր ուզում են ավանդությունների գործերով ապրել, կվնասվեն, որովհետև դրանք մեռած գործեր են և Աստծո կողմից էլ` դատապարտված:

http://www.houseofgod.am/Arm/html/33...shxarytun.html