Մնաս բարով մայրիկ: Ես համոզված եմ, որ այժմ դու բարով կմնաս ու հոգիդ, որ չղջիկի պես միայն գիշերներն էր դուրս գալիս, վերջապես չի վախենա տեսնել լույսը:
Փոքր էի, դեռ շատ փոքր, երբ կիսաբաց դռան արանքից աչք էի դնում քո զմայլիչ միայնությանը` պարում էիր... Հագիդ ունեցածդ լավագույն շորն էր` սպիտակ ու համեստ հարսնազգեստը, որ տարիներ առաջ քույրդ էր հագել: Դու հարսնազգեստ չէիր ունեցել... Դու Աստծո առաջ չէիր երդվել, դու չէիր մտել եկեղեցի, քանզի կրծքիդ տակ ինձ էիր կրում: Ե՞ս էի քեզ զրկել դրանից, թե պարզապես հարսանիքի փող չկար, չգիտեմ` այդ մասին երբեք չես խոսել:
Մենակ էիր պարում, հայելու մեջ հետևելով սեփական շարժումներին: Գեղեցիկ պար էր: Ես մեծանալով միայն իմացա, որ այն երկուսով են պարում...
Մնաս բարով, մայրիկ: Այժմ էլ դու մենակ ես, բայց մենակ ես քեզ հետ, ոչ թե երկուսով...
Ես հիշում եմ ամառային այն առավոտը, երբ դեռ գիշերներն էի քնում ու վեր կենում լույսը չբացված: Երկու ժամ էր, ինչ սեղանի լուսամփոփի մոտ նստած նկարում էի: Լուռ էի ու չգիտեիր, որ վեր եմ կացել: Ութն էր... Թաթերի վրա խոհանոց էի գնում: Բաց էր սենյակիդ դուռը: Նստած էիր հայելու մոտ, կողքիդ սուրճի բաժակը, ետևում դատարկ անկողինը ու... ծխում էիր... Այն ժամանակ ես գիտեի, թե... միայն ԱՅՆ կանայք են ծխում: Ու ես լուռ ատում էի քեզ:
Ես քեզ էլ երբեք ծխելուց չտեսա...
Հիշու՞մ ես, երբ սովորական ժամից փոքր ինչ ուշ էիր վերադառնում աշխատանքից, ինձ պատուհանի մոտ էիր տեսնում` լացելուց...
Ու երբ հիվանդ էիր, ինչպես էի զննում շնչառությունդ` համոզվելու համար, որ չես մահացել...
Ինքան խորն էր իմ կորուստի վախը...
Երբեք չէի կարծում, որ մի օր այսքան հեշտ կասեմ այս բառերը:
Մնաս բարով մայրիկ:
Դու մեղավոր չես: Մեղավոր չէ ոչ ոք, բացի անիծյալ այն տարիներից, որոնք կային ձեր մեջ... 11 տարի...
Դու ծիծաղելով շորեր էիր փորձում, շրջում մեր առաջ, «մոդա» ցույց տալիս... Իսկ հայրս դժգոհ գլուխն էր օրորում. «Ասես տասնամյա երեխա լինի»: Հենց այն ժամանակ աչքիս առաջով անցան 11 այդ տարիները:
Օտար աշխարհում մենք միայնակ ենք, թեկուզ և լինենք հոծ ամբոխի մեջ:
Ուրեմն ժպտա քո հոծ ամբոխին ու մնաս բարով, բարի վերադարձ դեպի ՔՈ երկիր:
Էջանիշներ