«Թմրամիջոցներից կախվածություն» ախտորոշումը
«Թմրամիջոցներից կախվածություն» (drug dependence, зависимость) ախտորոշումը հաստատվում է նարկոլոգի կողմից, եթե որեւէ տեսակի թմրամիջոց չարաշահող անհատի մոտ վերջին 1 տարվա ընթացքում դրսեւորվում են Հիվանդությունների միջազգային 10-րդ դասակարգմամբ սահմանված 6 նշաններից առնվազն 3-ը:
1. Թմրամիջոց օգտագործելու հանդեպ անդիմադրելի հակում:
2. Թմրամիջոցը գործածելու հետ կապված վարքագծի ինքնահսկման դժվարություններ, որը վերաբերում է դրանց օգտագործմանը, գործածման դադարեցմանը կամ գործածվող քանակության ընտրությանը:
3. Ֆիզիոլոգիական զրկանքի վիճակ («լոմկա»), որն ի հայտ է գալիս, երբ դադարեցվում է թմրամիջոցի գործածումը կամ նվազեցվում դրա քանակը: Կամ էլ` նույն կամ ազդեցությամբ շատ մոտ թմրամիջոցների օգտագործում` զրկանքի համախտանիշը մեղմացնելու կամ կանխարգելելու համար (օրինակ, օփիոիդամոլը կարող է օգտագործել տրամալ՝ «լոմկայից» դուրս գալու համար):
4. Տոլերանտություն, որը բնորոշվում է օգտագործվող թմրամիջոցի դոզայի զգալի բարձրացման պահանջով` ցանկալի ազդեցությանը հասնելու համար, որը նախկինում հաջողվում էր նույն այդ նյութերի փոքր բաժինների ընդունմամբ:
5. Թմրամիջոցի գործածման պատճառով այլ զբաղմունքներից կամ հետաքրքրություններից լիարժեք կամ մասնակի հրաժարում: Ավելի մեծ ժամանակ է ներդրվում դրա ձեռք բերման, գործածման կամ վնասակար ազդեցությունների հաղթահարման վրա:
6. Չնայած թմրամիջոցի գործածման պատճառով զարգացող ակնհայտ վնասների առկայությանը, այնուամենայնիվ, դրա չարաշահումը շարունակվում է:
Պատրաստեց՝ Ա.Պոտոսյան
http://www.antidrug.health.am/news/arm/addiction/2355/
Էջանիշներ