User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 137 հատից

Թեմա: Գագիկ Ջհանգիրյանի մեղադրական ճառը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Գագիկ Ջհանգիրյանի մեղադրական ճառը

    1.Քրեադատավարական, քրեաբանական, քրեագիտական ու Սահմանադրական վերլուծություն:

    Դատարանն ինձ աննախադեպ հնարավորություն է ընձեռել, իմի բերելու, ամփոփելու ու հանրությանը ի ցույց դնելու իմ ու իմ քաղաքական պատանդ, համախոհ ընկերների, համաժողովրդական շարժման ակտիվիստների ու շարքային անդամների դեմ սանձազերծած, ստալինյան տեռորի տարիներից ի վեր, Հայաստանում չտեսնված ծավալների հասնող քաղաքական ու իշխանական հալածանքների, ոստիկանական հետապնդումների, դատախազական ու դատական հաշվեհարդարների պատճառները, այդ ծանրագույն հանցագործությունների կատարմանը նպաստող պայմաններն ու իրական շարժառիթները:

    Քանի որ նման հնարավորության առիթը Ջհանգիրյանին ներկայացված այս շինծու ու սին մեղադրանքն է, ես պարտավոր եմ իմ դատողություններն ու եզրահանգումները կառուցել ինձ առաջադրված մեղադրանքի շուրջ, քրեական դատավարության օրենսդրության հետ ֆորմալ, իրավական հակասության մեջ չմտնելու համար:

    Միաժամանակ, Ջհանգիրյանին ամբաստանվող արարքը վերը թվարկված շղթայի միայն մեկ օղակն է, ուստի իմ ու իմ հարազատների նկատմամբ ձեռնարկած հալածանքների ու հարուցված քրեական հետապնդումների ստորև բացահայտվող պատճառները, պայմաններն ու շարժառիթները, լիովին ընդունելի, թույլատրելի ու տարածելի են ողջ շղթային բնութագրելու համար:

    Ես, չկատարած հանցանքի մեջ հանիրավի ամբաստանվողս, պաշտպանական խոսքի կարիք չեմ զգում, ոչ միայն այն պատճառով, որ իմ պաշտպանները իրենց ճառում հանգամանորեն ու փաստարկված հերքեցին, քարը քարի վրա չթողեցին, հիմնահատակ ավերեցին ինձ առաջադրված իրավաբանորեն անգրագետ, որևէ օրինական հիմքից զուրկ, փուչ մեղադրանքը, այլև գործի նյութերով փաստարկված, հիմնավորված ապացուցեցին ի սկզբանե հայտնի ճշմարտությունը, որ Ջհանգիրյանը ոչ միայն որևէ հանցագործություն չի կատարել, այլև չհաջողած սպանության սադրանքի զոհ է դարձել, ենթարկվել ապօրինի բերման, ֆիզիկական հաշվեհարդարի, արհեստական ապացույցների վրա հիմնված մեղադրանքով ապօրինի ձերբակալման ու կալանքի և մոտ մեկ տարի պահվում է անազատության մեջ: Մինչդեռ նման ծանրագույն հանցագործություններ հրահանգած ու կատարած ստահակներից և ոչ մեկը մինչև այժմ քրեական պատասխանատվության չի կանչվել ու պատժի չի ենթարկվել:

    Հանցավոր արարքների պատճառները, դրանց կատարմանը նպաստող պայմանները, շատ հաճախ, իրենց խտացված արտացոլումն են գտնում, արտահայտվում ու դրսևորվում հանցակազմի սուբյեկտիվ կողմի այնպիսի հատկանիշի մեջ, ինչպիսին արարքի շարժառիթն է կամ մոտիվը: Շարժառիթը շատ հաճախ բացահայտ է ու մակերեսին, արարքի արտաքին, ցուցադրվող ՙգունավորումն՚ է: Երբեմն էլ քողարկված ու թաքնված է մնում, ոչ միայն հանցագործության նախապատրաստության, հանցափորձի ու հանրորեն վտանգավոր արարքի կատարման ընթացքում, այլև դրանից հետո ևս:

    Ուստի օրենսդիրը, այն բոլոր դեպքերում, երբ կարևորում է հանցավոր մտահղացման ձևավորման ու իրականացման գործընթացում որևէ շարժառիթի շեշտման նշանակությունը պարտադրված է լինում, շարժառիթը նախատեսել որպես հանցակազմի սուբյեկտիվ կողմի պարտադիր տարր, հատկանիշ` քրեական հետապնդման մարմնի ու դատարանի համար դրա բացահայտումն ու պարզաբանումը դարձնելով պարտականություն արարքի որակման, պատժատեսակի ու պատժաչափի ճիշտ սահմանման համար:

    Բացի այդ,հանրորեն վտանգավոր արարքների կատարման շարժառիթների մի ողջ դաս (շահադիտական, խուլիգանական դրդումներ, այլ հանցագործություն թաքցնելու նպատակ, վրեժ և այլն) ՀՀ քրեական օրենսգիրքը բազմաթիվ հանցագործություններում նախատեսում է որպես արարքը որակյալ դարձնող հանգամանք, պատասխանատվության ու պատժի այստեղից բխող խստացված մոտեցումներով:

    Շարժառիթը երբեմն թելադրող ու պարտադրող նշանակություն է ունենում, նաև հանցակազմի օբյեկտիվ կողմի, արարքի արտաքին դրսևորման համար, հանցագործին ստիպելով օգտագործել սեփական պաշտոնեական ու ծառայական դիրքը, իշխանական լիազորություններն ու ունեցած ազդեցությունների ողջ զինանոցը: Հանցագործությունների կատարման այս եղանակներով կատարված հանրորեն վտանգավոր արարքները` Սահմանադրական կարգի, պետության անվտանգության, պետական ծառայության, արդարադատության դեմ ուղղված հանցագործությունների համար ՀՀ քր. օր-ի պատասխանատվություն նախատեսող գլուխներում նախատեսվում են որպես հատուկ հանցակազմեր կամ արարքը որակյալ դարձնող ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ:

    Քրեական իրավունքի տեսության մեջ ու քրեաբանությունում, ինչպես նաև քրեական իրավունքի պրակտիկայում բոլոր դեպքերում որոշիչը, դոմինանտը հանցավոր արարքի կատարման ներքին, սուբյեկտիվ մղումն է` արարքի շարժառիթը:

    Այն դժվար բացահայտելի ու ֆիքսելի է հատկապես կազմակերպված ու պատվիրված հանցագործությունների դեպքում: Նման դեպքերում կազմակերպիչն ու պատվիրատուն շատ հաճախ ջանք չեն խնայում իրենց հանցավոր մտադրության իրական մղումները, շարժառիթները թաքցնելու պատրաստակամ կատարողներից, նրանց հրամցնելով հանցավոր մտադրության իրականացման պրիմիտիվ, հասարակ, հանձնակատարների ու նրանց արժեքային համակարգի համար ընկալելի մոտիվներ (որպես կանոն վրեժ, վիրավորանք, դավաճանություն, նյութական շահ, և այլն):

    Չցանկանալով խորանալ հանցագործությունների պատճառա-պայմանային գործոնների համակցությունը ուսումնասիրող գիտության` քրեաբանության մեջ, նշենք որ որևէ հանցանքի իրական շարժառիթի (կամ շարժառիթների) բացահայտումը թե՛ տեսության մեջ և թե՛ իրավաբանական պրակտիկայում, չնչին բացառությամբ հանգեցնում է հանցագործության կատարմանը նպաստող բոլոր պատճառ-պայմանների, գործոնների լիարժեք բացահայտմանը:

    Վկայակոչվածը կարծեմ բավարար է հիմնավորելու Ջհանգիրյանի նկատմամբ իրականացվող կազմակերպված, պատվիրված, քաղաքական ու քրեական հետապնդման իրական շարժառիթի, մոտիվի բացահայտման անհրաժեշտությունն ու կարևորությունը, ինչը իր հերթին մեզ, նաև դատարանին հնարավորություն կնձեռի լիարժեք պատկերացում կազմել իմ դեմ հարուցված բովանդակությամբ քաղաքական, ձևով` կեղծ-քրեական հետապնդումը ծնող բոլոր պատճառների և դրա կատարմանը նպաստող պայմանների մասին: Սույն նպատակին է նվիրված է լինելու մեղադրական ճառի հետագա ողջ շարադրանքը, այս դատավարության ընթացքում արդեն վերջին անգամ հուսալով, թե վերը նշված հանգամանքների բացահայտումը, դրանց հստակ ու մատչելի ներկայացումը ի վերջո կբացի Վարդանյան դատավորի կամավոր գոցած աչքերն ու ականջները:

    Այստեղ ժամանակն ու տեղն է վկայակոչել ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածը. ՙՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով՚:

    Եվ հատկապես, մեր դեպքում, ամենակարևոր պարբերությունը. ՙԻշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է՚:

    Եթե մենք իրավական, ժողովրդավարական երկիր ենք, իսկ մեր պետությանը բնորոշող այս հատկանիշները նախատեսված ու հռչակված են մեր մայր օրենքով, Սահմանադրությամբ, ուրեմն մենք պետք է հավատարիմ լինենք մեր ժողովրդի ընդունած Սահմանադրությանն ու օրենքներին: Հակառակ դեպքում պետք է հայտարարենք, որ երկրում իշխանության տերը այն բռնազավթած վարչախումբն է և նա է ՀՀ քաղաքացիների, նրանց Սահմանադրական ու բնական իրավունքների ու ազատությունների, ունեցվածքի ու սեփականության, ճակատագրերի տերը, հետևաբար կարող է նրանց հետ վարվել այնպես, ինչպես կցանկանա ինքնակալ խանը: Այդ դեպքում ավելորդ շքեղություններ են ոչ միայն Սահմանադրությունն ու օրենքները, այլև դատախազությունն ու դատարանը, դատավարություններն ու այլ “ձևականություններ” ևս:

    Եվ այսպես սկսենք 2008թ. փետրվարի 22-ի ընդդիմության հանրահավաքում իմ ունեցած ելույթից: Սույն փաստը ուղղակիորեն առնչվում է ինձ մինչ այսօր ապօրինի անազատության մեջ պահելու հետ, այն հիմնավորմամբ, որ այդ ելույթի սղագրությունը ժամանակին հիմք է հանդիսացել ինձ պետական իշխանությունը յուրացնելու մեղադրանք առաջադրելու համար, իսկ այժմ էլ ներառված է այս քրեական գործի նյութերում:

    Պետական բարձր պաշտոնյան, երկրի գլխավոր դատախազի տեղակալը, եկել էր Ազատության հրապարակ ու ելույթ էր ունեցել ընդդիմության հանրահավաքում:

    Ելույթում իր մտահոգություն, դիտարկումներն էր հայտնել ընտրական շրջանում կատարվող մասայական ապօրինությունների, կեղծիքների, բռնությունների ու ահաբեկումների, օրենքի խտրական, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով կիրառման աննախադեպ դեպքերի կապակցությամբ, ի վերջո եզրակացնելով, որ ժողովուրդը ՀՀ նախագահ է ընտրել իրականում ընդդիմության թեքնածուին:

    Միաժամանակ, որպես դատախազ, որպես իրավաբան ժողովրդին բռնությունների ու ապօրինությունների չդիմելու, զգաստության կոչ էր արել:

    Բացի այդ ժամանակին լինելով ՙհոկտեմբերի 27՚-ի գործով հսկողություն իրականացնող դատախազ, կարծիք էր հայտնել, որ մայր գործից անջատված մասի վարույթը կարճվել է քրեա-դատավարական օրենսդրության կոպիտ խախտումներով, անտեսելով այն հանգամանքը, որ գործով լրացուցիչ քննության անհրաժեշտություն կար:

    Հիմնականում այսքանը, ոչինչ էական ավելի:

    Ինչ կանեին և ինչպես կվարվեին իշխանությունները ելույթի հեղինակի հետ, շատ թե քիչ քաղաքակիրթ, ժողովրդավարական երկրում:

    Ամենայն հավանականությամբ ուսումնասիրման ու քննարկման առարկա կդարձնեին ելույթում նշված իրավախախտումների ու հանցագործությունների փաստերը: Գուցե և այդ նպատակով քաղաքական քննարկումներ նախաձեռնեին:

    Քանի որ նախագահական ընտրությունների նախնական, պաշտոնեական հրապարակված արդյունքները չէր ընդունում, վիճարկում էր նաև Ազատության հրապարակում արդեն մի քանի օր շարունակ հավաքված, մի քանի հարյուր հազար ՀՀ ընտրողներ, նախագահական ընտրությունների արդյունքները որևէ կասկածից զերծ պահելու նկատառումներով, քվեարկության արդյուքների համատարած, հրապարակային վերահաշվարկ ու ստուգում կանցկացնեին, առաջին 3 տեղերը զբաղեցրած թեկնածուների վստահված անձանց մասնակցությամբ:

    Հրապարակավ արված հայտարարությունները չհաստատվելու դեպքում, պետական պաշտոնյաին կազատեին զբաղեցրած պաշտոնից, զրպարտության բավարար հիմքեր լինելու դեպքում, կկանչեին քրեական պատասխանատվութան և այլն:

    Հաստատվելու դեպքում` քրեական ու այլ բնույթի պատասխանատվության կկանչվեին բոլոր մեղավորներն ու պատասխանատուները:

    Իսկ ինչպես են վարվել մեզ մոտ: Առանց ավելորդ ձևականությունների, Սահմանադրական ու օրենսդրական կոպիտ, անթաքույց խախտումներով, հաջորդ օրն իսկ ելույթ ունեցող պաշտոնյաին ազատել են զբաղեցրած պաշտոնից, ապօրինի զրկել դասային աստիճանից ու հրահանգել վերացնել ֆիզիկապես: Վերջինս չհաջողելով, ապօրինի ու անհիմն քրեական հետապնդում են հարուցել, ոչ միայն նրա, այլև ընտանիքի անդամների ու հարազատների դեմ:

    Որն է նման աննախադեպ պետական հաշվեհարդարի ու քաղաքական վրեժխնդրության շարժառիթը, մոտիվը: Արդյոք պետական պաշտոնյաի կողմից քաղաքական ընդդիմությանը բացահայտ հարելը, համակրելը և այդ հողի վրա ծագած իշխանության հասարակ վրեժխնդրությունը, թե այլ պաշտոնյաների ու իրավապահների համաժողովրդական շարժումից հետ պահելու, թե մեկ այլ երրորդ մոտիվ ու նպատակ:

    Մեր կարծիքով ռեժիմի նման անմարդկային, ես կասեի` միջնադարյան ինկվիզիցիային հատուկ գործողությունների իրական շարժառիթն ու մոտիվացիան շատ ավելի լուրջ են ու ծանրակշիռ, խորն ու քողարկված, ինչը հատուկ հետազոտության կարիք ունի:

    Որպեսզի ձեռնարկվող ուսումնասիրությունը մեզ հանգեցնի ճշմարիտ հետևությունների ու եզրահանգման, հետազոտության տրամաբանական ինդուկցիոն մեթոդը փորձելու ենք անհրաժեշտաբար զուգակցել հասարակագիտական հետազոտություններին բնորոշ իրավաբանական, նկարագրական, ժամանակագրական (պատմական), վերլուծական մեթոդների հետ:

    Այդ նկատառումներից ելնելով, իրադարձությունների շարադրանքն ու փաստերի վերլուծությունը անհրաժեշտ ենք համարում սկսել նախընտրական ժամանակաշրջանում երկրի պետական, հասարակական, քաղաքական կյանքում կարծրացած իրողությունների, ձևավորված քաղաքական ու ընտրական խաղի կանոնների, կեղծ կատեգորիաների ու արժեքների իրավական ու հասարակական գնահատականներից:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Norton (19.03.2009), Sunny Stream (18.03.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գագիկ Շամշյանի տեսանյութերը
    Հեղինակ՝ Նունուշ, բաժին` Էթիկա
    Գրառումներ: 74
    Վերջինը: 02.01.2017, 16:11
  2. Պոեզիա. Գագիկ Բյուրականցի
    Հեղինակ՝ Հեն, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 07.08.2011, 12:33
  3. Գրառումներ: 22
    Վերջինը: 07.07.2011, 23:56
  4. Ծեծկռտուք քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի մասնակցությամբ
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 198
    Վերջինը: 27.01.2011, 23:47
  5. Քաղաքական հետապնդումներ Ջհանգիրյանի նկատմամբ
    Հեղինակ՝ Vishapakah, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 24.02.2008, 17:23

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •