User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 137 հատից

Թեմա: Գագիկ Ջհանգիրյանի մեղադրական ճառը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Գագիկ Ջհանգիրյանի մեղադրական ճառը

    1.Քրեադատավարական, քրեաբանական, քրեագիտական ու Սահմանադրական վերլուծություն:

    Դատարանն ինձ աննախադեպ հնարավորություն է ընձեռել, իմի բերելու, ամփոփելու ու հանրությանը ի ցույց դնելու իմ ու իմ քաղաքական պատանդ, համախոհ ընկերների, համաժողովրդական շարժման ակտիվիստների ու շարքային անդամների դեմ սանձազերծած, ստալինյան տեռորի տարիներից ի վեր, Հայաստանում չտեսնված ծավալների հասնող քաղաքական ու իշխանական հալածանքների, ոստիկանական հետապնդումների, դատախազական ու դատական հաշվեհարդարների պատճառները, այդ ծանրագույն հանցագործությունների կատարմանը նպաստող պայմաններն ու իրական շարժառիթները:

    Քանի որ նման հնարավորության առիթը Ջհանգիրյանին ներկայացված այս շինծու ու սին մեղադրանքն է, ես պարտավոր եմ իմ դատողություններն ու եզրահանգումները կառուցել ինձ առաջադրված մեղադրանքի շուրջ, քրեական դատավարության օրենսդրության հետ ֆորմալ, իրավական հակասության մեջ չմտնելու համար:

    Միաժամանակ, Ջհանգիրյանին ամբաստանվող արարքը վերը թվարկված շղթայի միայն մեկ օղակն է, ուստի իմ ու իմ հարազատների նկատմամբ ձեռնարկած հալածանքների ու հարուցված քրեական հետապնդումների ստորև բացահայտվող պատճառները, պայմաններն ու շարժառիթները, լիովին ընդունելի, թույլատրելի ու տարածելի են ողջ շղթային բնութագրելու համար:

    Ես, չկատարած հանցանքի մեջ հանիրավի ամբաստանվողս, պաշտպանական խոսքի կարիք չեմ զգում, ոչ միայն այն պատճառով, որ իմ պաշտպանները իրենց ճառում հանգամանորեն ու փաստարկված հերքեցին, քարը քարի վրա չթողեցին, հիմնահատակ ավերեցին ինձ առաջադրված իրավաբանորեն անգրագետ, որևէ օրինական հիմքից զուրկ, փուչ մեղադրանքը, այլև գործի նյութերով փաստարկված, հիմնավորված ապացուցեցին ի սկզբանե հայտնի ճշմարտությունը, որ Ջհանգիրյանը ոչ միայն որևէ հանցագործություն չի կատարել, այլև չհաջողած սպանության սադրանքի զոհ է դարձել, ենթարկվել ապօրինի բերման, ֆիզիկական հաշվեհարդարի, արհեստական ապացույցների վրա հիմնված մեղադրանքով ապօրինի ձերբակալման ու կալանքի և մոտ մեկ տարի պահվում է անազատության մեջ: Մինչդեռ նման ծանրագույն հանցագործություններ հրահանգած ու կատարած ստահակներից և ոչ մեկը մինչև այժմ քրեական պատասխանատվության չի կանչվել ու պատժի չի ենթարկվել:

    Հանցավոր արարքների պատճառները, դրանց կատարմանը նպաստող պայմանները, շատ հաճախ, իրենց խտացված արտացոլումն են գտնում, արտահայտվում ու դրսևորվում հանցակազմի սուբյեկտիվ կողմի այնպիսի հատկանիշի մեջ, ինչպիսին արարքի շարժառիթն է կամ մոտիվը: Շարժառիթը շատ հաճախ բացահայտ է ու մակերեսին, արարքի արտաքին, ցուցադրվող ՙգունավորումն՚ է: Երբեմն էլ քողարկված ու թաքնված է մնում, ոչ միայն հանցագործության նախապատրաստության, հանցափորձի ու հանրորեն վտանգավոր արարքի կատարման ընթացքում, այլև դրանից հետո ևս:

    Ուստի օրենսդիրը, այն բոլոր դեպքերում, երբ կարևորում է հանցավոր մտահղացման ձևավորման ու իրականացման գործընթացում որևէ շարժառիթի շեշտման նշանակությունը պարտադրված է լինում, շարժառիթը նախատեսել որպես հանցակազմի սուբյեկտիվ կողմի պարտադիր տարր, հատկանիշ` քրեական հետապնդման մարմնի ու դատարանի համար դրա բացահայտումն ու պարզաբանումը դարձնելով պարտականություն արարքի որակման, պատժատեսակի ու պատժաչափի ճիշտ սահմանման համար:

    Բացի այդ,հանրորեն վտանգավոր արարքների կատարման շարժառիթների մի ողջ դաս (շահադիտական, խուլիգանական դրդումներ, այլ հանցագործություն թաքցնելու նպատակ, վրեժ և այլն) ՀՀ քրեական օրենսգիրքը բազմաթիվ հանցագործություններում նախատեսում է որպես արարքը որակյալ դարձնող հանգամանք, պատասխանատվության ու պատժի այստեղից բխող խստացված մոտեցումներով:

    Շարժառիթը երբեմն թելադրող ու պարտադրող նշանակություն է ունենում, նաև հանցակազմի օբյեկտիվ կողմի, արարքի արտաքին դրսևորման համար, հանցագործին ստիպելով օգտագործել սեփական պաշտոնեական ու ծառայական դիրքը, իշխանական լիազորություններն ու ունեցած ազդեցությունների ողջ զինանոցը: Հանցագործությունների կատարման այս եղանակներով կատարված հանրորեն վտանգավոր արարքները` Սահմանադրական կարգի, պետության անվտանգության, պետական ծառայության, արդարադատության դեմ ուղղված հանցագործությունների համար ՀՀ քր. օր-ի պատասխանատվություն նախատեսող գլուխներում նախատեսվում են որպես հատուկ հանցակազմեր կամ արարքը որակյալ դարձնող ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ:

    Քրեական իրավունքի տեսության մեջ ու քրեաբանությունում, ինչպես նաև քրեական իրավունքի պրակտիկայում բոլոր դեպքերում որոշիչը, դոմինանտը հանցավոր արարքի կատարման ներքին, սուբյեկտիվ մղումն է` արարքի շարժառիթը:

    Այն դժվար բացահայտելի ու ֆիքսելի է հատկապես կազմակերպված ու պատվիրված հանցագործությունների դեպքում: Նման դեպքերում կազմակերպիչն ու պատվիրատուն շատ հաճախ ջանք չեն խնայում իրենց հանցավոր մտադրության իրական մղումները, շարժառիթները թաքցնելու պատրաստակամ կատարողներից, նրանց հրամցնելով հանցավոր մտադրության իրականացման պրիմիտիվ, հասարակ, հանձնակատարների ու նրանց արժեքային համակարգի համար ընկալելի մոտիվներ (որպես կանոն վրեժ, վիրավորանք, դավաճանություն, նյութական շահ, և այլն):

    Չցանկանալով խորանալ հանցագործությունների պատճառա-պայմանային գործոնների համակցությունը ուսումնասիրող գիտության` քրեաբանության մեջ, նշենք որ որևէ հանցանքի իրական շարժառիթի (կամ շարժառիթների) բացահայտումը թե՛ տեսության մեջ և թե՛ իրավաբանական պրակտիկայում, չնչին բացառությամբ հանգեցնում է հանցագործության կատարմանը նպաստող բոլոր պատճառ-պայմանների, գործոնների լիարժեք բացահայտմանը:

    Վկայակոչվածը կարծեմ բավարար է հիմնավորելու Ջհանգիրյանի նկատմամբ իրականացվող կազմակերպված, պատվիրված, քաղաքական ու քրեական հետապնդման իրական շարժառիթի, մոտիվի բացահայտման անհրաժեշտությունն ու կարևորությունը, ինչը իր հերթին մեզ, նաև դատարանին հնարավորություն կնձեռի լիարժեք պատկերացում կազմել իմ դեմ հարուցված բովանդակությամբ քաղաքական, ձևով` կեղծ-քրեական հետապնդումը ծնող բոլոր պատճառների և դրա կատարմանը նպաստող պայմանների մասին: Սույն նպատակին է նվիրված է լինելու մեղադրական ճառի հետագա ողջ շարադրանքը, այս դատավարության ընթացքում արդեն վերջին անգամ հուսալով, թե վերը նշված հանգամանքների բացահայտումը, դրանց հստակ ու մատչելի ներկայացումը ի վերջո կբացի Վարդանյան դատավորի կամավոր գոցած աչքերն ու ականջները:

    Այստեղ ժամանակն ու տեղն է վկայակոչել ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածը. ՙՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով՚:

    Եվ հատկապես, մեր դեպքում, ամենակարևոր պարբերությունը. ՙԻշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է՚:

    Եթե մենք իրավական, ժողովրդավարական երկիր ենք, իսկ մեր պետությանը բնորոշող այս հատկանիշները նախատեսված ու հռչակված են մեր մայր օրենքով, Սահմանադրությամբ, ուրեմն մենք պետք է հավատարիմ լինենք մեր ժողովրդի ընդունած Սահմանադրությանն ու օրենքներին: Հակառակ դեպքում պետք է հայտարարենք, որ երկրում իշխանության տերը այն բռնազավթած վարչախումբն է և նա է ՀՀ քաղաքացիների, նրանց Սահմանադրական ու բնական իրավունքների ու ազատությունների, ունեցվածքի ու սեփականության, ճակատագրերի տերը, հետևաբար կարող է նրանց հետ վարվել այնպես, ինչպես կցանկանա ինքնակալ խանը: Այդ դեպքում ավելորդ շքեղություններ են ոչ միայն Սահմանադրությունն ու օրենքները, այլև դատախազությունն ու դատարանը, դատավարություններն ու այլ “ձևականություններ” ևս:

    Եվ այսպես սկսենք 2008թ. փետրվարի 22-ի ընդդիմության հանրահավաքում իմ ունեցած ելույթից: Սույն փաստը ուղղակիորեն առնչվում է ինձ մինչ այսօր ապօրինի անազատության մեջ պահելու հետ, այն հիմնավորմամբ, որ այդ ելույթի սղագրությունը ժամանակին հիմք է հանդիսացել ինձ պետական իշխանությունը յուրացնելու մեղադրանք առաջադրելու համար, իսկ այժմ էլ ներառված է այս քրեական գործի նյութերում:

    Պետական բարձր պաշտոնյան, երկրի գլխավոր դատախազի տեղակալը, եկել էր Ազատության հրապարակ ու ելույթ էր ունեցել ընդդիմության հանրահավաքում:

    Ելույթում իր մտահոգություն, դիտարկումներն էր հայտնել ընտրական շրջանում կատարվող մասայական ապօրինությունների, կեղծիքների, բռնությունների ու ահաբեկումների, օրենքի խտրական, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով կիրառման աննախադեպ դեպքերի կապակցությամբ, ի վերջո եզրակացնելով, որ ժողովուրդը ՀՀ նախագահ է ընտրել իրականում ընդդիմության թեքնածուին:

    Միաժամանակ, որպես դատախազ, որպես իրավաբան ժողովրդին բռնությունների ու ապօրինությունների չդիմելու, զգաստության կոչ էր արել:

    Բացի այդ ժամանակին լինելով ՙհոկտեմբերի 27՚-ի գործով հսկողություն իրականացնող դատախազ, կարծիք էր հայտնել, որ մայր գործից անջատված մասի վարույթը կարճվել է քրեա-դատավարական օրենսդրության կոպիտ խախտումներով, անտեսելով այն հանգամանքը, որ գործով լրացուցիչ քննության անհրաժեշտություն կար:

    Հիմնականում այսքանը, ոչինչ էական ավելի:

    Ինչ կանեին և ինչպես կվարվեին իշխանությունները ելույթի հեղինակի հետ, շատ թե քիչ քաղաքակիրթ, ժողովրդավարական երկրում:

    Ամենայն հավանականությամբ ուսումնասիրման ու քննարկման առարկա կդարձնեին ելույթում նշված իրավախախտումների ու հանցագործությունների փաստերը: Գուցե և այդ նպատակով քաղաքական քննարկումներ նախաձեռնեին:

    Քանի որ նախագահական ընտրությունների նախնական, պաշտոնեական հրապարակված արդյունքները չէր ընդունում, վիճարկում էր նաև Ազատության հրապարակում արդեն մի քանի օր շարունակ հավաքված, մի քանի հարյուր հազար ՀՀ ընտրողներ, նախագահական ընտրությունների արդյունքները որևէ կասկածից զերծ պահելու նկատառումներով, քվեարկության արդյուքների համատարած, հրապարակային վերահաշվարկ ու ստուգում կանցկացնեին, առաջին 3 տեղերը զբաղեցրած թեկնածուների վստահված անձանց մասնակցությամբ:

    Հրապարակավ արված հայտարարությունները չհաստատվելու դեպքում, պետական պաշտոնյաին կազատեին զբաղեցրած պաշտոնից, զրպարտության բավարար հիմքեր լինելու դեպքում, կկանչեին քրեական պատասխանատվութան և այլն:

    Հաստատվելու դեպքում` քրեական ու այլ բնույթի պատասխանատվության կկանչվեին բոլոր մեղավորներն ու պատասխանատուները:

    Իսկ ինչպես են վարվել մեզ մոտ: Առանց ավելորդ ձևականությունների, Սահմանադրական ու օրենսդրական կոպիտ, անթաքույց խախտումներով, հաջորդ օրն իսկ ելույթ ունեցող պաշտոնյաին ազատել են զբաղեցրած պաշտոնից, ապօրինի զրկել դասային աստիճանից ու հրահանգել վերացնել ֆիզիկապես: Վերջինս չհաջողելով, ապօրինի ու անհիմն քրեական հետապնդում են հարուցել, ոչ միայն նրա, այլև ընտանիքի անդամների ու հարազատների դեմ:

    Որն է նման աննախադեպ պետական հաշվեհարդարի ու քաղաքական վրեժխնդրության շարժառիթը, մոտիվը: Արդյոք պետական պաշտոնյաի կողմից քաղաքական ընդդիմությանը բացահայտ հարելը, համակրելը և այդ հողի վրա ծագած իշխանության հասարակ վրեժխնդրությունը, թե այլ պաշտոնյաների ու իրավապահների համաժողովրդական շարժումից հետ պահելու, թե մեկ այլ երրորդ մոտիվ ու նպատակ:

    Մեր կարծիքով ռեժիմի նման անմարդկային, ես կասեի` միջնադարյան ինկվիզիցիային հատուկ գործողությունների իրական շարժառիթն ու մոտիվացիան շատ ավելի լուրջ են ու ծանրակշիռ, խորն ու քողարկված, ինչը հատուկ հետազոտության կարիք ունի:

    Որպեսզի ձեռնարկվող ուսումնասիրությունը մեզ հանգեցնի ճշմարիտ հետևությունների ու եզրահանգման, հետազոտության տրամաբանական ինդուկցիոն մեթոդը փորձելու ենք անհրաժեշտաբար զուգակցել հասարակագիտական հետազոտություններին բնորոշ իրավաբանական, նկարագրական, ժամանակագրական (պատմական), վերլուծական մեթոդների հետ:

    Այդ նկատառումներից ելնելով, իրադարձությունների շարադրանքն ու փաստերի վերլուծությունը անհրաժեշտ ենք համարում սկսել նախընտրական ժամանակաշրջանում երկրի պետական, հասարակական, քաղաքական կյանքում կարծրացած իրողությունների, ձևավորված քաղաքական ու ընտրական խաղի կանոնների, կեղծ կատեգորիաների ու արժեքների իրավական ու հասարակական գնահատականներից:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Norton (19.03.2009), Sunny Stream (18.03.2009)

  3. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Գագիկ Ջհանգիրյանի մեղադրական ճառը

    2. Ձևավորված պետական, հասարակական-քաղաքական, տնտեսական իրողությունների համառոտ բնութագիրը:
    2007թվականը Հանրապետությունում իշխանությունը ընտրությունների իմիտացիայով զավթած վարչախմբին, արտառոց ոչինչ չէր խոստանում: Ըստ ամենազգուշավոր կանխատեսում-գնահատականների անգամ, իշխանության թեկնածուն, առաջին իսկ փուլում վստահաբար, բավական մեծ խզումով, հաղթելու էր նախագահի թեկնածուի հիմնական հակառակորդ-հաճախորդներից որևէ մեկին: Եվ նման լավատեսական կանխատեսումների բոլոր հիմքերը կարծես առկա էին:

    ՙՆախագահական ընտրություններ՚ կոչվող քաղաքական խաղի սցենարը մշակված ու մեկ-երկու անգամ խաղարկված էր:

    Դրան նախորդած ԱԺ ընտրություններում Հանրապետական կուսակցությունը ընդդիմության ու նաև իշխանական մյուս ուժի նկատմամբ, տպավորիչ ՙհաղթանակ՚ էր տարել:

    Քաղաքական մեծամասնության կոալիցիան ձևաորված, սանձված էր, յուրաքանչյուրի կերակրատաշտը բաժանված: Այնպես որ նրանցից իշխանական երկրորդ լուրջ թեկնածու առաջադրելը բացառված տարբերակ էր (անլուրջների մասին չնշեմ):

    Արմատական ընդդիմությանը Աժ-ում սիմվոլիկ ներկայություն ուներ ու երկրի կառավարումից լիովին հեռացված էր, գոյության ու նախընտրական պայքարի նյութական միջոցներից իսպառ զրկված:

    Երկիրը շարունակում էր ՙզարգանալ երկնիշ՚ տնտեսական ցուցանիշներով: Պետական պաշտոնյաներն ու գործարարները համատարած կոռուպցիայի ու մենաշնորհային տնտեսության հաշվին էլ ավելի էին հարստացել ու հղբացել, նախկինի նման պատրաստակամ էին թալանածի մասը որպես ընտրակաշառք բաժանելու ՙվեհ՚ գործին, հետագայում տասնապատիկը ձեռք գցելու իրական հեռանկարով:

    Պետության արտաքին կոմպլիմենտար խաղը առայժմ հավասարապես ընդունվում էր թե հյուսիսում և թե արևմուտքում: Հյուսիսի ռազմական օժանդակություն ու աջակցությունը լրացվում էր արևմուտքի ֆինանսական հոսքերով ու բարեգործական ծրագրերով:

    Հայաստանյան օրենսդրությունը Եվրոպական չափանիշներին հասցնելու աշխատանքները Խորհրդարանական Վեհաժողովի մոնիտորինգի խմբի կողմից պարբերաբար գնահատվում էր որպես առաջխաղացում:

    Նախագահի ՙընդդիմության՚ հիմնական թեկնածու-հաճախորդները հայտնի էին, նրանց գնացուցակը սակարկված համաձայնեցված էր, գործելաոճը փորձարկված:

    Մի խոսքով ռեժիմի թեկնածուի ճանապարհը մինչև բաղձալի նախագահական նստավայր ՙտեխնիկայի հարց էր՚, հարթ էր ու կանաչ:

    Ճիշտ է պարտված թեկնածու-հաճախորդները (ըստ նախնական պայմանավորվածության) հրապարակավ ձևական ընդվզելու էին, համակիրների մեկ-երկու հանրահավաքում ընդդիմադիր չափավոր ելույթներ էին ունենալու, ընտրությունները կեղծողներին պատասխանատվության կանչելու կոչեր էին անելու: Չէր բացառվում նաև Սահմանադրական դատարան հասնելը: ՙԴե պետք է անենք, բա մեր ընտրազանգվածին ինչ պիտի պատասխանենք՚. հետո պիտի ասեին իշխանությունների հետ ստվերային հանդիպումներում: Իսկ սեփական համակիրենրին`. ՙթե ամեն ինչի գնացինք, էլ ատյան ու դատարան չթողեցինք, էլ ինչ կարող ենք անել՚: Իրականում կուլիսների ետևում ընթացող աճուրդում փորձելու էին բարձրացնել իրենց սակարկված-համաձայնեցված, մեկնարկային գինը, մատուցվող առանձին ծառայությունների դիմաց հատուկ գնացուցակով վարձատրվելու պայմանով:

    Եվ ամենայն հավանականությամբ այսպես էլ ամեն ինչ ավարտվելու էր:

    Ռեժիմի, պարագլուխներն ու նրանց մանկլավիկները լիուլի վայելելու էին գնված հաղթանակի արդյունքները, կեղծ ազգայնականներն, նժդեհացվածներն ու բարգավաճվածները շարունակելու էին նոր թափով հարստահարել ու թալանել երկիրն ու նրա հարստությունները, բազմապատիկ վերադարձնելով ընտրարշավում ստիպողաբար զոհաբերած միլիոնները:

    Հաճախորդ-քաղաքական առաջնորդները նոր բնակարաններ, մեքենաներ ու գրասենյակներ կգնեին, գրքեր ու ծրագրեր կգրեին երկիրը քաղաքական ու տնտեսական ճգնաժամից հանելու մասին ու դրանք կբաժանեին արտաքնոցի թղթի սղությունից տառապող գյուղական բնակչությանը:

    Շարունակելու էին դյուրահավատ ընտրողներին խաբել ՙօրինաց երկիր՚ կառուցելու իրենց վճռականությամբ, խոստանալու ու խաբելու էին վերադարձնել ԽՍՀՄ բանկերում ավանդներ ունեցողների խնայողությունները, պատճառաբանելով թե մեծամասնություն չեն կազմում խորհրդարանում ու կառավարությունում. ՙԱյ ուրիշ եթե ամբողջ պառլամենտն ու կառավարությունն իրենցը լինի՚:

    Հեռուստատեսությունից համառորեն ամեն օր տուն սողոսկող գողական բանասացը ազգային բարեգործի կոչման դիմաց կշարունակեր հումանիտար դեղամիջոցներ ու հեռուստացույց բաժանել, իր բաղաձայն երգով, անտաղանդ զմրուխտներով ու ադամանդներով բռնաբարել հայ երգն ու երաժշտությունը:

    ՙՈչ մի թիզ հող թշնամուն՚ հայրենանվեր ուժի առաջնորդները նորից կկանգնեին երկընտրանքի առաջ. համակերպվել ընտրախախտումների ու կեղծիքների հետ, ստանալ կրթության ու գիտության իրենց բաժինը, թե դառնալ ընդդիմություն` լուծումը հերթական անգամ հետաձգելով մինչև հաջորդ ընտրություններ:

    Ընտրություններից ու արդարությունից ևս մեկ անգամ հիասթափված հայը ձեռքը կվերցներ պանդուխտի ցուպը, դատարկելով մեր գյուղերն ու բնակավայրերը, կհեռանար հայրենի եզերքից` կառուցելու ու շենացնելու օտարի տունն ու երկիրը:

    Բայց դեռ 2007թ. աշունն էր:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Norton (19.03.2009), Նորմարդ (30.03.2009)

  5. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Գագիկ Ջհանգիրյանի մեղադրական ճառը

    3. Նախընտրական պետական ահաբեկչություն ու ելակետային, ստարտային բացարձակ անհավասար պայմաններ:
    Տասնամյա լռության ուխտը խախտած ՀՀ Առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետության անկախության օրը, սեպտեմբերի 21-ին, հանդես եկավ իր հայտնի ելույթով: Պետության հիմնադրի իրավունքով, և միայն Լևոն Տեր-Պետրոսյան պետական ու քաղաքական գործիչին հատուկ խորաթափանցությամբ, համակողմանի վերլուծության ու գնահատականի արժանացրեց նախորդ 10 տարիների ընթացքում Հանրապետությունում ձևավորված պետական կառավարման խանական, կլանային, մինչև ուղն ու ծուծը կոռումպացված ավազակապետական, տնտեսության` օլիգարխիկ, բացառապես մենաշնորհային արտոնությունների, երկրի ընդերքի ու բնական հարստությունների թալանի վրա հիմնված համակարգը, արտաքին անհեռատես, վնասակար ու կորստաբեր քաղաքականությունը, նաև Ղարաբաղյան հարցում:

    Տրված վերլուծության գիտական խորությունը, դատողությունների ու եզրահանգումների անխոցելի տրամաբանությունը, հնչեցված բնորոշումների ու գնահատականների հստակությունն ու ճշգրտությունը, Լևոն Տեր-Պետրոսյանի վաղուց չլսված, հայեցի, գրագետ ու շիտակ խոսքը երկրի ճակատագրով մտահոգ, իր հողին ու ջրին անմնացորդ նվիրված հայ մարդուն վստահություն ու հավատ ներշնչեցին, թե դեռ ամեն ինչ կորսված չէ և ՀՀ Առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կմտնի նախագահական պայքարի հրապարակ, եթե համոզվի, որ իր վերադարձը քաղաքականություն հասունացած է ու սպասված, երկրում ազատության, սահամանդրական կարգի ու ժողովրդավարության վերականգնումը այլևս անհետաձգելի պահանջ է ժողովրդական լայն շերտերի ու արմատական հիմնական ընդդիմադիր ուժերի համար:

    Հետո Առաջին Նախագահի այդ ելույթին պետք է հաջորդեին նրա այցերը հանրապետության մարզեր, շրջաններ, շփումները ժողովրդի, շինականի ու բանվորի հետ, նրա խորհրդապահական հանդիպումները քաղաքական կուսակցությունների ղեկավարների, նեղ` շրջանակային քննարկումները ապագա հնարավոր քաղաքական դաշինքի ներկայացուցիչների հետ, ունենալով միմիայն մեկ նպատակ` համոզվելու ու հաստատվելու իր ակտիվ քաղաքականություն վերադառնալու հնարավոր որոշման անհրաժեշտության ու անխուսափելիության մեջ:

    Առաջին Նախագահի քաղաքական գործունեություն վերադառնալու առաջին ազդանշան` ելույթը անամպ երկնքում ճայթած ամպրոպի ազդեցություն գործեց Հայաստանյան պետական-քաղաքական շրջանակներում: Իշխանությունը տաս տարի բռնազավթած ռեժիմին ու նրա խամաճիկ քաղաքական մանկլավիկներին գցելով հոգեկան կոլապսի մեջ:

    Վարչախումբն ու նրա քաղաքական սպասարկուները քաջ գիտակցում էին, որ Լևոն Տեր-Պետրոսյան պետական ու քաղաքական այրի, գիտնական ու հրապարակային գործիչի հետ իշխանական թեկնածուի մրցակցությունը, նախընտրական բանավեճերն ու քննարկումները անպտուղ ու անօգուտ, վերջինիս համար նույնիսկ կործանարար ձեռնարկներ ու նախաձեռնություններ կլինեն:

    Տեր-Պետրոսյանի առաջին քայլին, իշխանական արձագանքը սպասեցնել չտվեց. ՙՆա փորձառու քաղաքական ու պետական գործիչ է, էդպիսի քայլի չի դիմի՚. կամ թե ՙԱռաջին Նախագահը առաջադրվելով, կդադարի առաջին նախագահ լինելուց և կդառնա շարքային ընդդիմադիր: Կարծես թե ՀՀ նախագահի թեկնածու պետք է առաջադրվեն բացառապես քաղաքական ու պետական փորձառություն իսպառ չունեցող անձիք, կամ էլ ՙշարքային ընդդիմադիր՚ լինելը թերություն, արգահատելի հատկանիշ, ժողովրդի բառով ասած« ՙայիբ՚ է:

    Ու որպեսզի ռեժիմի պարագլուխների ու խոսափողների զգուշացումները Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա շուրջ ձևավորվող քաղաքական համախոհների թիմը լուրջ ընդունեին, ընդդիմության արտոնված հերթական հանրահավաքի մասին, օրենքով նախատեսված կարգով, արդեն հոկտեմբերի 23-ին իրազեկող քաղաքական գործիչներին ու լրագրողներին, Երևանի կենտրոնում հազարավոր քաղաքացիների աչքի առաջ, հրահանգվեց ջարդ ու փշուր անել ու ձերբակալել, հրապարակավ “ցուցադրելով”. ՙթե թքած ունենք ցանկացած իրավունքի ու օրենքի վրա, լավ իմացեք, Ձեզ հետ էսպես ենք վարվելու:

    Սակայն ինչքան էլ զարմանալի էր ու անսպասելի իշխանությունների համար, ոստիկանության ու հատուկ ջոկատայինների գազանաբարո, բռի առաջին գործողությունը որևէ արդյունք չունեցավ: Լևոն Տեր-Պետրոսյանը անձամբ գիշերով այցելեց ոստիկանական բաժին ուր պահվում էին իր համախոհները և այնտեղից դուրս եկավ նրանց հետ միասին, էլ ավելի ոգևորելով և համախմբելով իր թիմակիցներին:

    Բայց Առաջին նախագահի համախոհների ու աջակիցների նկատմամբ ապօրինի հալածանքների ու հետապնդումների հրահանգը արդեն տրված էր և ավազակապետական պատժիչ թափանիվը կամաց-կամաց արագություն էր հավաքում: Սկսվել էր շարժման ակտիվիստներին ու համակիրներին ոստիկանական բաժիններ ապօրինի բերման ենթարկելու, նրանց հետ զրույց-սպառնալիքների, ֆիզիկական ծեծի ու հաշվեհարդարների, աշխատանքից` նրանց ու հարազատներին ազատելու, ապօրինի քրեական պատասխանատվության ենթարկելու ու քաղաքական ահաբեկման այլ միջոցների ու ձևերի ողջ ներկապնակի գործադրումը: Առաջին թիրախներից մեկը ընտրվել էր ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ու նրա ընտանիքին պատկանող տնտեսական գործունեությունը, ով նման ֆինանսական կարողությունների տեր լինելով բավական չէ համարձակություն ու հանդգնություն էր ունեցել հրապարակավ արտահայտել իր քաղաքական կողմնորոշումները, այլև բացահայտ կանգնել ՀՀ Առաջին նախագահի կողքին:

    Լևոն Տեր-Պետրոսյանին ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրությունից հետ պահելուն միտված նրա համախոհների ու շարժման ակտիվիստների նկատմամբ վարչախմբի ձեռնարկած ոստիկանական հալածանքներն ու ապօրինի քրեական հետապնդումները ՀՀ Առաջին նախագահին պարտադրեցին, օրենքով նախատեսված պաշտոնական առաջադրումից շատ ավելի վաղ, հայտարարել ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու իր որոշման մասին:

    Այդ օրվանից վարչախումբը քաղաքական մանիպուլյացիաներով, ընտրակեղծիքներով ու լցոնումներով, ընտրակաշառքներով, պարտադրված քվեարկություններով, ու ահաբեկումներով իր վերարտադրվելու, համեմատաբար թավշյա սցենարը փոխարինեց զավթած իշխանությունը ամեն գնով պահելու, միջոցների մեջ խտրականություն չդնելու ծրագրով:

    Ոչ միայն գործադիրի, ոստիկանության, հարկային, մաքսային, դատական ու դատախազության մարմինների, այլև ռեժիմի ազդեցության ու ֆինանսավորման տակ գտնվող բոլոր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, մասնագիտական, ստեղծագործական ու հայրենակցական միությունների, ծագումով ղարաբաղցիների ու կիրովաբադցիների, մարզային ֆեոդալների, տեղական քյոխվաների ու իշխանիկների, պետական ու տնտեսական օլիգարխների, արտերկրներին ու նրանց կազմակերպություններին պատկանող ձեռնարկատերերի, հայերի համաշխարհային ու տիեզերական միությունների նախագահների, բազմիցս օգտագործման համար նախատեսված մտավորականների, կեղծ սոցիոլոգների, իշխանությունների հետ համագործակցող քրեական տարրերի ու հանցագործների, նրանց ֆինանսական միջոցների մի յուրօրինակ համընդհանուր զորահավաք-ստուգատես հայտարարվեց:

    Վերը թվարկված գործոններից հատկապես մի քանիսին ու նախընտրական շրջանում նրանց ծավալած գործունեության հատուկ անդրադարձի ու պարզաբանման կարիք կա:

    ա. Անդրադարձների շարքը, արժանին մատուցելու մղումով, հարկ եմ համարում սկսել ՀՀ նախագահի կեղծ, թեկնածու-հաճախորդներից, որոնք կոչված լինելով իբրև իշխանական թեկնածուի այլընտրանք, պաշտոնեական քարոզչության մեկնարկից դեռևս շատ առաջ, միակամ ու միահամուռ լծվել էին ՀՀ Առաջին նախագահին, նրա պաշտոնավարման տարիներն ու գործունեույթունը փնովելու, սևացնելու գործին, ինքնաբերաբար իրենց մատնելով, որ վերջիններիս քաղաքական հիմնական հակառակորդը ՀՀ Առաջին նախագահն է, ոչ թե ռեժիմի թեկնածուն: Այդ նպատակով անվճար նրանց անսահմանափակ տրամադրության տակ էին դրված հանրային կոչվող հեռուստատեսությունն ու ռադիոն, մասնավոր բոլոր հեռուստա-ռադիոընկերությունները, իշխանական ողջ մամուլը, քարոզչության ու տեղեկատվության մնացած բոլոր միջոցները:

    Դեռ հետո իրենց այդ ծախու պահվածքի, կուսակիցներին ու համակիրներին մոլորեցնելու ու խաբելու, նրանց վստահությունն ու քվեն բացահայտ վաճառքի հանելու դիմաց պետք է արժանանային իրենց կուսակցականների ու ժողովրդի ՙդավաճան՚ ու ՙքաղաքական դիակ՚ կոչվելու խարանին:

    բ. Եթե քաղաքականությունը աշխարհի մեծերը համեմատել են անբարո կնոջ հինավուրց մասնագիտության հետ և դրանով զբաղվող անհատներին կարելի է պիտակավորել սրտի ուզածի պես, ապա նույնը չի կարելի ասել մտավորական մարդու, իմ սերնդակից ու ավելի երիտասարդների պատկերացումներում ձևավորված, արմատավորված նրանց ոգեղեն, ազնիվ ու շիտակ, ինքնազոհ կերպարի մասին: Մինչդեռ, հայ մտավորականի պատիվն ու արժանապատվությունը մրցանակակրի, վաստակավորի կոչման ու մի քանի արծաթի հետ փոխարինած գրականության ու արվեստի, գիտության ու կրթության, երգի ու երաժշտության մեր մեդալասեր ու շքանշանասեր համաքաղաքացիները, արևելքի արքունի սազանդարների նման գիշեր ու զոր, իշխանական թեկնածուի զովքն էին անում առիթով ու առանց, տեղի ու անտեղի, տափակ ու անհամ, մեծի մասամբ դպրոցներից ու ԲՈՒՀ-երից, պետական հիմնարկ-հաստատություններից, մարզպետարաններից ու թաղապետարաններից ստիպողաբար փողոցներ ու հրապարակներ, քշված-բերվածների ու հերթապահ տատիկ-պապիկներից կազմված լսարանների առաջ:

    գ. Իրավաբանի ու դատախազի համար հատուկ հետաքրքրություն է ներկայացնում իշխանությունների հետ համագործակցող, ՙսուտի գողական՚ ու կրիմինալ խավի դերի ու գործունեության վեր հանումը: Սրանց ու թաղային հեղինակությունների վրա էր դրված ընտրողների ազատ կամահայտման վրա բռնացումների ու շարժման ակտիվիստների ահաբեկումներն ու ֆիզիկական հաշվեհարդարները: Իրենց հովանավորության տակ գտնվող հանցագործներին ու կեղծ հեղինակություններին քաջալերելու, ընտրական գործընթացներում ահաբեկչական ակտիվ գործողությունների դրդելու նպատակով նախընտրական շրջանում, իշխանությունների հետ համագործակցության հավաստագրեր կորզելուց հետո, ռեժիմը քրեակատարողական հիմնարկներից, ֆորմալ` առողջական ու իրավաբանական պատճառաբանություններով, ազատ արձակեց ծանր հանցանքների համար դատապարտված մի շարք հանցագործների: Որոնք ազատության մեջ գտնվող իրենց համքյարների ուղորդմամբ, հասարակական կարգի պահպանության ուժերի, ոստիկանության ու հատուկ ջոկատայինների հետ բացահայտ ու քողարկված, թև-թևի ընդդիմության թեկնածուի ժողովրդի հետ հանդիպումներում խուլիգանական գործողություններ ու այլ սադրանքներ պետք է իրականացնեին, ընտրատեղամասերում ահաբեկեին, ծեծեին կամ ուղղակի տարածքից հեռացնեին ու առևանգեին կեղծիքներն ու ապօրինի լցոնումները կանխող հանձնաժողովների հատ ու կենտ անդամներին, ընդդիմադիր թեկնածուի վստահված անձանց, լրագրողներին, դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներին:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Գագիկ Ջհանգիրյանի մեղադրական ճառը

    դ. Իմ կողմից անթույլատրելի բացթողում կլիներ մեր մարզային ու գավառային ֆեոդալների գործոնի անտեսումը: Սրանք մի դեպքում մութ անցյալ ու կոռուպցիոն ներկա ունեցող պետական բարձր պաշտոնյաներ, հազիվ տառաճանաչ մարզպետներ ու հոգեկան լուրջ շեղումներով, կրիմինալ քաղաքապետեր են մյուս դեպքում պետության հովանավորությունը բացահայտ վայելող մեծահարուստ օլիգարխներ:

    Այս ֆեոդալներն ու մարզպանները իրենց “կառավարմանը” հանձնված տարածքների, բնակվող ազգաբնակչության, նրանց բիզնեսի, գույքի ու ունեցվածքի օրինական ու ապօրինի լիիրավ տերն ու տիրականն են:

    Հանրապետական ու իրավապահ մարմինների տարածքային ղեկավարներն ու ներկայացուցիչները չեն նշանակվում առանց սրանց նախնական “դաբրոյի” ու միջնորդության: Եթե նշանակվում են էլ շատ արագ ընդունում են ամենազոր ֆեոդալի “սուրբ կրոնը” կամ էլ հապճեպ հրաժեշտ տալիս զբաղեցրած աթոռին:

    Վարչախումբը իր ցանկացած խնդիր-առաջադրանք տեղերում սրանց է իջեցնում ու լուծումը սրանցից պահանջում: Առանց սրանց անմիջական ու ազդեցիկ միջամտության չի կարող յոլա գնալ ցանկացած համապետական միջոցառում ու ընտրություն, ինչ մնաց թե նախագահականը: Իրենց կալվածքներում սրանք են ապահովում ցանկացած թիվ ու ցուցանիշ: Սրանք իրենց զորքն ու զինականը ունեն:

    Բնականաբար սրանք, սրանց տասնապետերն ու հարյուրապետերը անձեռնմխելիության լայն լիազորություններով են օժտված: Մի խոսքով առանց սրանց չի կարող թեկուզ մեկ օր գոյատևել այս ռեժիմն ու վարչախումբը:



    Այն ամենը ինչն անհրաժեշտ էր բարենպաստ հասարակական կարծիքի մշակման, նախընտրական քարոզչության, ընտրողների հետ հանդիպումների կազմակերպման, ու դրանց լուսաբանման, նախընտրական հազարավոր տարածքային շտաբների բնականոն գործունեությունը ապահովելու համար, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների պատրաստակամ ղեկավարներն օպերատիվ հրամցնում ու մատուցում էին իշխանության թեկնածուին ու նրա շտաբի պատասխանատուներին, ձեռքի հետ էլ օգնելով նախագահի թեկնածու-հաճախորդներին:

    Մինչդեռ Առաջին նախագահի ու նրա նախընտրական շտաբների գործունեության կազմակերպման ու իրականացման շատ թե քիչ կարևոր, նույնիսկ տեխնիկական հարց, իշխանությունները դարձնում էին անհաղթահարելի խոչընդոտ ու խնդիր, սկսած շտաբների համար տարածքների վարձակալելուց, ընտրողների հետ հանդիպումների համար դահլիճներ ու ակումբներ տրամադրելուց, վերջացրած բոլոր հեռուստատեսությունների անխտիր, անթաքույց խտրական վերաբերմունքից ու բացահայտ հակաքարոզչությունից:

    Երկրում գործող միակ ընդդիմադիր, այն էլ մեկ մարզի շրջանակներում հեռարձակվող ՙԳալա՚ հեռուստատեսության դեմ արդեն սկսվել էին վարչական ու դատական հապշտապ հետապնդումներն ու հալածանքները, վերջինս փակելու անկասելի վճռականությամբ:

    Նախընտրական քարոզչության ակնհայտ անհավասար պայմաններն ու հնարավորությունները Առաջին նախագահի քարոզչության պատասխանատուներին ստիպեցին դիմել ՙսկավառակային՚ հնարքին: Օպերատիվ տեսաձայնագրվում էին Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթները, ընտրողների հետ մայրաքաղաքում ու մարզերում ունեցած բազմահազարանց հանդիպումները և արագ տարածվում ողջ հանրապետությունով մեկ: Տեր-Պետրոսյանի ելույթների, հանդիպումների հանդեպ մեր քաղաքացիների հետաքրքրությունն ու պահանջարկը այնքան մեծ էր, որ նույնիսկ հեռավոր, սահմանային բնակավայրերում այդ սկավառակները գյուղից-գյուղ, տնից տուն էին փոխանցում, հարևանների ու բարեկամների ընդհանուր դիտումներ կազմակերպում:

    Արդյունքում Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ չհայտարարված քարոզչական պատերազմում, չնայած ունեցած հնարավորությունների ահռելի, անհամեմատ մեծ տարբերության ու մսխված միլիոնավոր դոլարների, իշխանությունը պարտություն կրեց:

    Լևոն Տեր-Պետրոսյանի մարզային ամեն մի քարոզարշավ ու հանդիպում հղի էր վտանգներով ու սադրանքներով: Տեղական ֆեոդալների հովանավորության տակ գտնվող բաշի բոզուկների ու հանցագործ խուլիգանների բացահայտ սադրանքներին ոստիկանական մարմինները ոչ միայն չէին միջամտում ու կանխում, այլ ամեն ինչ կատարվում էր նրանց հետ համաձայնեցված-պայմանավորված: Իսկ եթե միջամտում էին, ապա վայ էդ միջամտությանը: Իրավախախտներն ու խուլիգանները ձեռք էին բերում զոհի ու տուժողի կարգավիճակ, իսկ խուլիգանական գործողությունները կանխելու փորձ կատարած քաղաքացիները` հանցագործների ու մեղադրյալների, նախանձելի օպերատիվությամբ ձերբակալվում ու կալանվում էին: Թալինի ու Արտաշատի դեպքերը Ձեզ ասվածի վառ ապացույց:

    Ի հեճուկս վարճախմբի գործադրած ջանքերի, իշխանությունների ապօրինի միջամտությունները, իրավապահների հալածանքներն ու սպառնալիքները, քրեական տարրերի ահաբեկումները ի զորու չեղան զսպելու, ընկճելու ծայր առած համաժողովրդական շարժումը: Այն օրեցօր, ընտրողների հետ հանդիպումից հանդիպում, ավելի էր հզորանում ու ամրապնդվում: Շարժմանը միանում էին նորանոր քաղաքական ուժեր, ԱԺ պատգամավորներ, հասարակական միություններ, ղարաբաղյան ազատամարտի կազմակերպություններ ու առանձին ջոկատներ, հասարակական շերտեր: Հատկապես մեծ էր ու նշանակալի երիտասարդության և ուսանողության մասնակցությունը համաժողովրդական շարժմանը:

    Ինչքան էլ կրկին օգտագործման զորակոչված սուտիբեկյաններն ու կեղծ ՙգելափ՚-ները իշխանական թեկնածուի աննախադեպ բարձր վարկանիշ նկարեին, ձեռքի հետ էլ Լևոն Տեր-Պետրոսյանին մեծահոգաբար 4-րդ, 5-րդ հորիզոնականը հատկացնեին, ինչքան էլ ռեժիմի ներկայացուցիչը աշխատավարձերի ու նպաստների բազմակի բարձրացում, երիտասարդ ընտանիքներին առանձին բնակարան ու ավտոմեքենա, ժողովրդին բարվոք կյանք ու պայծառ ապագա խոստանային, նրանց վստահությունն ու քվեն հայցեին, ժողովուրդը նախագահական քվեարկության նախորդ օրերին իր գերակշիռ մասով կողմնորոշված էր Հայաստանի երրորդ հանրապետության հիմնադիր, Ղարաբաղյան կնճռի ռազմական շրջանը հաղթանակով ավարտած, երկրում առաջին անգամ ազատ շուկայական բարեփոխումներ իրականացրած, հողը` մշակողին, բնակարանն ու գործարանի իր բաժնեմասը արտադրողին անհատույց սեփականաշնորհած, այժմ էլ ավազակներից երկիրը ազատագրելու, Սահմանադրական կարգն ու օրինականությունը վերականգնելու խնդիր դրած Առաջին նախագահին:

    Եւ այդ մասին կառավարող ռեժիմը քաջ տեղեկացված էր, նույն սոցիոլոգիական հարցումների իրական արդյունքներից ու ազգային անվտանգության ծառայության հույժ գաղտնի զեկուցագրերից: Իսկ այդ հարցումների արդյունքները նրանք խնամքով թաքցնում էին նույնիսկ իրենց ամենահավատարիմ ու մոտ շրջապատից, զգուշանալով, որ նախագահի թեկնածուների վարկանիշների իրական թվերի իմացությունը թևաթափ կանի ու կկազմալուծի շահի, քծնանքի, ստորաքարշության, վախի շնորհիվ վարչախմբի թեկնածուի շուրջ հավաքված խառնիճաղանճ բազմությանը:

    Վարչախմբի համար մի բան ակնհայտ էր, որ դեպքերի զարգացման նման տրամաբանության պայմաններում ռեժիմը դատապարտված էր լինելու հանձնել իշխանությունը:

    Ուստի չթուլացնելով իշխանական թեկնածուին արդեն ոչինչ չտվող նախընտրական տաղտկալի հանդիպումներն ու քարոզարշավը, շուրջօրյա բոլորին զզվեցրած քաղաքական գովազդն ու սոցիոլոգիական կեղծ հրապարակումները, ռեժիմն իր ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել էր առաջիկա փետրվարի 19-ին նախատեսված քվեարկության ու ձայները հաշվելու օպերացիայի մանրամասն մշակման ու ծրագրավորման վրա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Գագիկ Ջհանգիրյանի մեղադրական ճառը


    4. Իշխանության յուրացման ֆորս-մաժորային տարբերակ:

    Անցած երկար ու ձիգ տարիների ընթացքում այդպես էլ միտումնավոր չճշտված, ութ հարյուր հազարից մինչև մեկ միլիոն ընտրողների ուռճացված ցուցակի առկայությունը, մի քանի տեղամասերում բազմիցս քվեարկելու օրենսդրական սողանցքների նախատեսումը, ընտրական բոլոր մակարդակների հանձնաժողովներում իշխող ռեժիմին սպասարկող ու վաճառված քաղաքական ուժերի բացարձակ գերակշիռ ներկայությունը, հանձնաժողովների նախագահների ու քարտուղարների դերում անխտիր կոալիցիոն ուժերի ներկայացուցիչների նախապես ընտրվելը և ՙտնային նախապատրաստության՚ մի շարք այլ միջոցառումներ, իշխանության թեկնածուին իրենց պաշտոնի, ունեցվածքի ու անձեռնմխելիության դիմաց, ամեն գնով առավելագույն ձայներ բերելու պարտադրված գյուղապետերի, համայնքապետերի, քաղաքապետերի, մարզպետների, մեծամասնականով ընտրված ծառայամիտ ու կրիմինալ պատգամավորների, ֆեոդալների ու իշխանիկների, պետական ու կրիմինալ օլիգարխների, նրանց հաստավիզ թիկնապահների, գործադիր իշխանության ամեն տեսակի ու մակարդակների չինովնիկների, թաղային ու քրեական կեղծ հեղինակությունների համար, ոստիկանության, դատախազության նախապես խոստացված ու բարձրագույն իշխանությունների կողմից երաշխավորված հանցակցությամբ, մինչ այս ընտրությունները չտեսնված ու չլսված մասշտաբների ու չափերի կեղծիքների, Առաջին նախագահի վստահված անձանց ահաբեկումների, բռնությունների, ծեծի ու ջարդի, ի վերջո ընտրատարածքներից հեռացումների ու առևանգումների, ձայների բացարձակ առևտրի, ՙկարուսելների՚, ընտրական կեղտոտ այլ տեխնոլոգիաների կիրառման, քվեաթերթիկների փաթեթներով լցոնումների, քվեարկության արդյունքների ամփոփումների ուղղակի կեղծ արձանագրումների ու ՙնորարարական՚ այլ ինքնադրսևորների լայն դաշտ էր ապահովված:

    Նախընտրական քարոզչության ու պայքարի, ընտրությունների կազմակերպական, վարչական, ռեսուրսային ու ֆինանսական վերը նկարագրված ահռելի տարբերություններով նախագահի առաջադրված թեկնածուներից առնվազն 7-ը մեկի դեմ հարաբերակցությամբ,իշխանական ու քողարկված ընդդիմադիրների կոալիցիոն ճամբարն ու Առաջին նախագահի գլխավորած համաժողովրդական շարժումը մոտեցան փետրվարի 19-ին:

    Հանուն ճշմարտության պետք է նշել, որ քվեարկության օրվա առաջին կեսը, հակառակորդների մի քանի մանր ընդհարումները չհաշված, լուրջ խախտումներ չէր արձանագրել և ընտրատեղամասերում ու դրանց մոտ յուրահատուկ ՙէքզիթպոլ՚ անցկացնողների հաղորդվող տեղեկատվությունների համաձայն, չնայած իշխանությունների նախապես գործադրած ապօրինի ահռելի ջանքերի Առաջին նախագահը բավական մեծ խզումով առջևում էր և եթե քվեարկությունների ընթացքը շարունակվեր նման, շատ թե քիչ անխռով մթնոլորտում, ընտրությունների արդյունքները հենց առաջին փուլով կանխորոշված էին:

    Ինչպես և ենթադրվում էր, քվեարկության օրվա առաջին կեսի արդյունքների մասին բոլորից առաջ տեղեկացված էին իշխանությունները: Ու տասը տարի ժողովրդի իշխանությունը զավթած ռեժիմը իր ճամբարում ներգրավված օրինական ու ապօրինի ողջ զորակազմին հրահանգեց գնալ ՙվա բանկ՚, չկանգնել ոչ մի խոչընդոտի ու արգելքի առաջ, ամեն գնով ապահովել իշխանության ներկայացուցչի թեկուզ կեղծված, բայց հաղթանակը:

    Մտքի շարադրման իմ նման ունակություններ ունեցող անձի համար նույնիսկ, դժվարագույն, եթե չասեմ անլուծելի խնդիր է քվեարկությունների օրվա երկրորդ կեսում, այնուհետև ձայները հաշվելու ընթացքում կատարված օրինախախտումների, հանցագործությունների, կեղծիքների, լցոնումների, կրկնակի ու քառակի քվեարկությունների, ահաբեկումների ու բռնությունների, ծեծի, ջարդի ու ֆիզիկական հաշվեհարդարի իրական չափերի դրսևորումների անգամ հիշատակումը, էլ ուր մնաց նկարագրությունը:

    Արձանագրենք միայն, որ կիրառված աննախադեպ բռնաճնշումների ու կեղծիքների արդյունքում, Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին տրված քվեները իշխանության կամ մեկ այլ թեկնածուի օգտին հաշվառելու հազարավոր, այդ քվեաթերթիկները ուղղակի անվավերների մեջ դնելու բյուրավոր դեպքերը մի կողմ դրած, ըստ որոշ հաշվարկների մոտ 450.000 հազարից 500.000 հազար ռեժիմի թեկնածուի օգտին քվեարկած քվեաթերթիկների լցոնումներ են կատարվել, ընտրությունների մասնակիցների թիվը արհեստականորեն հասցնելով, մինչև այժմ նույնիսկ ԱԺ ընտրությունների համար չգերազանցված սահմանագծի:

    Կատարած աննախադեպ մեծածավալ կեղծիքները նույնիսկ, բավարար չեղան վարչախմբի թեկնածուին լիարժեք հաղթանակած հայտարարելու համար: Թղթի վրա հնարավոր էր եղել առավելագույնը նկարել բոլոր թեկնածուներին կողմ տրված ձայների միայն 50-ից փոքր ինչ ավել տոկոսը:

    Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին տրված ձայների մասսայական հափշտակություններից, դրանք այլ թեկնածուների օգտին, անվավեր քվեաթերթիկների շարքում հաշվառելուց հետո նույնիսկ Առաջին նախագահը իր ստացած քվեների թվով երկրորդ տեղում էր, ի հեճուկս մեր սոցիոլոգ շամանների կանխատեսումների:

    Իսկ որ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին տրված քվեներից հափշտակվել էին տասնյակ հազարավորները, տեսանելի ու պարզորոշ, եթե հիշում եք, ապացուցվեց ընդամենը երեք տեղամասերի լիարժեք վերահաշվարկի օրինակի վրա: Որոնցում ըստ նախնական արդյունքների հաղթել էր իշխանության թեկնածուն, վերահաշվարկից հետո, արդեն մեծ առավելությամբ առջևում էր Առաջին նախագահը:

    Տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկը կարող էր վատ նախադեպ ծառայել մնացած հազարավոր տեղամասերի վերահաշվարկների համար, ուստի ռեժիմը ու նրան սպասարկող ընտրական հանձնաժողովները ամեն ինչ արեցին, որպեսզի նախ անհեթեթ պատճառաբանություններով չընդունվեն Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց քվեարկության արդյունքների վերաբերյալ բողոքները, ապա դրանք գրանցում ստանային նախագահի թեկնածու-հաճախորդների վստահված անձանց բողոքներից հետո միայն: Քանի որ ըստ օրենքի, այդ բողոքները պետք է քննարկվեին ըստ ստացման հաջորդականության, իսկ վերահաշվարկի ժամանակը խիստ սահմանափակ էր: Ռեժիմի նենգ նպատակը իրականացավ: Վերահաշվարկի գրեթե բոլոր բողոքները մնացին առանց քննարկման իսկ վիճարկման օրենքով նախատեսված ժամկետն ավարտվեց ու ՀՀ Առաջին նախագահի օգտին տրված ձայները էական փոփոխություններ չկրեցին:

    Բայց սա խնդրի մի կողմն էր և ըստ էության ոչ ամենակարևորը: Ինչ թվեր ու արդյունքներ էլ հրապարակեր ԿԸՀ-ը, ժողովուրդը գիտեր իր ձայնը ումն է տվել և այս անգամ որոշել էր տեղի չտալ, չզիջել: Եվ փետրվարի 20-ից սկսած, կանայք, ծերեր, երիտասարդներ, հեռավոր գյուղերից ու բնակավայրերից, ընտանիքներով ու մենակ, հարյուր հազարներով գալիս էին Ազատության հրապարակ այդ հրապարակից միայն հաղթանակած հեռանալու վճռականությամբ: Ու ամեն օր առավոտից ուշ երեկո, հրապարակը պարուրված էր ազատատենչ ելույթներով, համաժողովրդական շարժման կարգախոսների վանկարկումներով, երգով ու պարով: Տասնամյակ ի վեր իշխանությունից ամբողջովին օտարված ու երկրի կառավարումից հեռացված ժողովուրդը սպանել էր իր միջի ստրուկին, այլևս երբեք չստրկանալու վճռականությամբ: Շուրջօրյա խաղաղ հանրահավաքների, բազմահազարանոց երթերի, նստացույցերի միջոցով օրինական, սահմանադրական ճանապարհով մտադիր էր հասնել ՀՀ նախագահական կեղծված ընտրությունների արդյունքների անվավեր ճանաչմանն ու նոր նախագահական ընտրությունների նշանակմանը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Գագիկ Ջհանգիրյանի մեղադրական ճառը

    5. Իմ Ազատության հրապարակ գալու շարժառիթները:
    Ահա երկրում ստեղծված այն քաղաքական, հասարակական, իրավական ու հոգեբանական իրավիճակը, երբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, Արդարադատության առաջին դասի պետական խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու, ուղղակի հայ մարդ ու ՀՀ քաղաքացի Գագիկ Ջհանգիրյանը այլևս անհնարին համարելով շարունակել իր պաշտոնավարումը ստի ու կեղծիքի, ոստիկանական ու իրավական զոռբայության, ապօրինությունների ու անպատժելիության, ամենաթողության, պետական քաղաքականության մակարդակի բարձրացրած մթնոլորտում, եկավ Ազատության հրապարակ իր ձայնը միացնելու իր ազատության ու իրավունքների համար պայքարող ժողովրդի ձայնին, զգալու ու լինելու նրա մի մասնիկը, հյուլեն, իր մասնակցությունը բերելու համաժողովրդական շարժմանն ու նրա առաջնորդի, երկրում Սահմանադրական կարգն ու օրինականությունը վերականգնելու, ժողովրդից խլված ազատությունն ու իշխանությունը նրան վերադարձնելու ազգանվեր, պետականանվեր գործին:

    Նույն օրը երեկոյան համաժողովրդական շարժմանը սատարելու հայտարարությամբ հանդես եկան ԱԺ մի շարք պատգամավորներ, հաջորդ օրը` արտգործնախարարության պատասխանատուներ ու դեսպաններ:

    Ռեժիմի աչքի առաջ Լևոն Տեր-Պետրոսյանի նախանշած ավազակապետական բուրգի փլուզումը իրականություն էր դառնում: ԱԺ պատգամավորների, պետական պաշտոնյաների ու ծառայողների օրինակը, գործընթացը անարգել շարունակվելու դեպքում, վարակիչ էր: Համաժողովրդական շարժման կողմից իշխանությունը փաստացի վերցնելը տեխնիկայի խնդիր էր դառնում: Ռեժիմի համար հապաղելը մահվան էր հավասարազոր:



    6. Սահմանադրության խախտմամբ բռնազավթած իշխանությունը պահելը:

    Փետրվարի 23-ի կեսօրին, զբաղեցրած պաշտոնից ազատեցին ու դասային աստիճանից ապօրինի զրկեցին ինձ, երեկոյան իմ նկատմամբ արդեն սպանության սադրանք (սպանության ավարտված հանցափորձ) իրականացվեց: Այն չհաջողելուց հետո ապօրինի բերման ու ձերբակալման ենթարկվեցինք ես ու եղբայրս: Պետական բարձր պաշտոնյաի նկատմամբ նման դաժան, անմարդկային ու տմարդի վերաբերմունքի ցուցադրումը մի նպատակ էր հետապնդում, պատժել ոչ միայն ինձ, այլև իմ օրինակի վրա բոլոր պաշտոնյաներին, քաղծառայողներին ՙզգուշացնել՚, եթե Ջհանգիրյանի հետ էսպես են վարվում, ինչպես կվարվեն իրենց հետ, եթե հանկարծ որոշեն միանալ ընդդիմությանը կամ շարունակեն` նրանց բացահայտ ու գաղտնի աջակցությունը: Պետք է արժանին մատուցել մտահղացման հեղինակներին: Իրականացրած գազանություններն ու միջնադարյան ֆիզիկական հաշվեհարդարը պետական պաշտոնյաների ու չինովնիկների վրա սառը ցնցուղի ազդեցություն գործեցին:

    24-ի առավոտյան արդեն ապօրինի բերման ենթարկվեց ու ձերբակալվեց Սմբատ Այվազյանը, այնուհետև Պետրոս Մակեյանը, Աշոտ Զաքարյանը, Շոթա Սաղաթելյանը ու մյուսները:

    Աշխատանքից ու զբաղեցրած պաշտոններից անմիջապես ազատվեցին արտգործնախարարության պատասխանատուները, սպառնալիքների ու ահաբեկումների արդյունքում իրենց հայտարարությունից հետ կանգնեցին, նախօրյակին համաժողովրդական շարժմանը միացած պատգամավորներից շատերը (ոչ բոլորը):

    Համաժողովրդական շարժմանը հարելու մեջ կասկածվող պաշտպանության նախարարի երկու տեղակալները ստիպողաբար արձակուրդ ուղարկվեցին:

    Ռեժիմն անցավ Ազատության հրապարակը տոտալ շրջափակման, շուրջօրյա ընթացող հանրահավաքներն ու նստացույցերը կենսագործունեության համար անհրաժեշտ միջոցներից զրկելու, վառելափայտ, սնունդ, դեղամիջոցներ, տաք հագուստ մատակարարող տրանսպորտի միջոցներն ու քաղաքացիներին առևանգելու տակտիկային: Ճանապարհային ոստիկանությունը ուղղակի արգելում էր տրանսպորտային (նաև անհատական օգտագործման) միջոցների կայանումը Ազատության հրապարակին անմիջականորեն հարող փողոցներում ու տարածքներում, արդեն կայանած ավտոտրանսպորտը առանց որևէ օրինական հիմքի ու բացատրության տուգանային հրապարակ էր տարվում, քաղաքացիներին ապօրինի կերպով զրկելով ազատ տեղաշարժի իրավունքից:

    Չնայած իշխանությունների ձեռնարկած բոլոր ապօրինություններին ու հանցագործություններին, մինչ այդ երբևիցե չկիրառված ոստիկանական բռի ու հանդուգն նորամուծություններին ու հնարքներին, համաժողովրդական շարժման թափը, հզորությունը չէր նվազում: Ցրտին ու սառնամանիքին շուրջօրյա հանրահավաքներն, երթերն ու նստացույցերը չէին նոսրանում: Համաժողովրդական շարժմանն իրենց համերաշխությունն էին հայտնում ու միանում իշխանական նոր կոալիցիայի մեջ ընդգրկված, վարչախմբի ՙընտրված՚ թեկնածուին աջակցող, նախագահի նախկին թեկնածուներից վերջնականապես հիասթափված ու երես դարձրած, բայց ընտրություններում ի օգուտ նրանց ձայն տված հազարավոր կուսակցականներ ու անհատ քաղաքացիներ:

    Ռեժիմը Երևանի սրտում` Հանրապետության հրապարակում զուգահեռ նախապատրաստում էր իշխանական ՙհաղթած՚ թեկնածուի սատարելուն կոչված համահանրապետական հզոր իր հանրահավաքը: Ինչը, ըստ նախաձեռնող խելոքների մտահղացման, պետք է աշխարհին ու մեր հասարակությանը ցույց տար ու ապացուցեր, թե ինչպիսի մեծ հասարակական ու քաղաքական աջակցություն է վայելում ՙընտրյալ՚ նախագահը: Ինչքան խորն էր ռեժիմի հիասթափությունը, երբ փետրվարի 26-ին, հեռավոր շրջաններից ու բնակավայրերից պարտադիր Երևանի կենտրոն բերված պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները, դպրոցների ու ԲՈւՀ-րի ուսանողները, կառավարող կուսակցությունների ու ՙընտրված նախագահի՚ համակիր հասարակական կազմակերպությունների բազմահազար անդամները չսպասելով նույնիսկ ՙնախագահի՚ ելույթի ավարտին, իրենց կուսակցական դրոշներն, ՙԱռաջ Հայաստան՚ տրանսպարանտները գետին նետելով միացան Ազատության հրապարակում ընդդիմության ընթացող հանրահավաքին:

    Ազատատենչ ժողովրդի հաղթանակը կարծես լիակատար ու վերջնական էր:

    Ռեժիմի իր դեմքը փրկելու, իրեն շատ թե քիչ օրինական, ընտրված իշխանություն ցուցադրելու հուսահատ վերջին փորձը գլխովին անհաջողության մատնվեց, վարչախմբին մեկ անգամ ևս ապացուցելով, որ երկրում նրա միակ հենարանը կոռումպացված պետական ապարատը, ուժայիններն ու նրա բռնություններն են:

    Իշխանության ամենավերին օղակներում գտնվողները նույնիսկ համոզվեցին, որ համաժողովրդական շարժումն ու նրա մոտալուտ հաղթանակն անկասելի է:

    Նախագահական ընտրությունների արդյունքները ընդդիմությունը վիճարկել էր Սահմանադրական դատարան և իշխանությունները այլևս ոչ մի երաշխիք չուներ, թե ներքաղաքական անորոշ ու հեղհեղուկ իրավիճակում իրեն ինչպես կպահի, ի±նչ աստիճան կանխատեսելի կլինի նման իրադրություններում միշտ ճիշտ կողմնորոշվող մեր Սահմանադրական դատարանը: Անհրաժեշտ էր անհապաղ, գործուն ու ազդեցիկ, աննախադեպ, մի այնպիսի ՙմիջոցառում՚, ՙօպերացիա՚ ձեռնարկել, որը կսթափեցներ ոչ միայն մեր դատական բարձրագույն ատյանին, այլև երկրի ներսում կտրուկ կփոխեր իրավիճակը:

    Կեղծիքներով ՀՀ նախագահի աթոռը ևս հինգ տարով զավթած ու այն ցանկացած գնով ու միջոցով պահելու մտադրված ռեժիմը ընտրության այնքան էլ շատ տարբերակներ չուներ: Ըստ էության մնացել էր համաժողովրդական շարժման դեմ պայքարի ուժային- ոստիկանական և եթե դա անբավարար լիներ` զինական-ռազմական միջոցը:

    Ժամանակն էլ մի կողմից էր խեղդում, ամեն ինչ պետք է ավարտված լիներ մինչև Սահմանադրական դատարանում հարցի քննարկման սկսվելը:

    Եվ ռեժիմը տենդագին նախապատրաստվում էր:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. #7
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գագիկ Ջհանգիրյանի մեղադրական ճառը

    Մատաղիսի էն 3 տղեքին չէր իզուր տեղը դատել սպանության համար? Զինվորներին հետո արդարացրին, բայց ինչ օրի էին հասել իրենք ու իրենց ծնողները...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գագիկ Շամշյանի տեսանյութերը
    Հեղինակ՝ Նունուշ, բաժին` Էթիկա
    Գրառումներ: 74
    Վերջինը: 02.01.2017, 16:11
  2. Պոեզիա. Գագիկ Բյուրականցի
    Հեղինակ՝ Հեն, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 07.08.2011, 12:33
  3. Գրառումներ: 22
    Վերջինը: 07.07.2011, 23:56
  4. Ծեծկռտուք քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի մասնակցությամբ
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 198
    Վերջինը: 27.01.2011, 23:47
  5. Քաղաքական հետապնդումներ Ջհանգիրյանի նկատմամբ
    Հեղինակ՝ Vishapakah, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 24.02.2008, 17:23

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •