(շարունակություն)
ՌՈ-ում շաբաթներ շարունակ պահվում է նաև Արթուրի հայրը՝ Համբարձում Մկրտչյանը: Դեպքից 3 ամիս անց նրա վրա էլ են քրեական գործ հարուցում՝ կաշառք տալու մեղադրանքով (որդու հրամանատարին 50 դոլարանոց ձայնագրիչ էր տվել՝ արձակուրդի թույլտվության համար) և դատապարտում 3,5 տարվա ազատազրկման:
«Փոխանակ տղայիդ վրայից դիակները պակասեցնես, դեռ բողոքում ես», - ասել էր գործի նախաքննությունը վարող, զինդատախազության քննիչ Սուրեն Թարվերդյանը: Իսկ տղայի վրա քրեական գործ ու դիակներ «կարող» հիմնական ձևարարներից մեկը հենց Թարվերդյանն էր, իսկ ուղղորդող թելերը ՌՈ պետի տեղակալ, հետո արդեն պետ Վլադիմիր Գասպարյանի ձեռքում էին: Վախեցած, խոշտանգված 19-ամյա Արթուրին Ռազմական ոստիկանությունում գտնվելու առաջին օրերին այցելում է հենակետ եկած երեքից այն մեկը իր լկտի ժպիտով՝ մոտ 30 տարեկան, ալեխառն մազերով, հասակը մոտ 170 սմ: «Եթե հիմարություն անես, եղբայրդ մեզ մոտ է, կարող է` կախված գտնեն, չհաշված ընտանիքիդ անդամներին»: «Նա ինձ դեղ սրսկեց, որից անջատվեցի: Երբ հաջորդ օրը ուշքի եկա, վիճակս անտանելի էր. սիրտս արագ խփում էր, ոսկորներս ցավում էին, բավական էր ինձ կպչեին՝ գոռում էի: Զուգարան գնալու համար ծեծ կերա. իրենց անհանգստացրել էի: Երեկոյան սիրտս վատացավ: Մտան, մի քանի հատ դուբինկայով տվին, տեսան, որ իսկապես վատ եմ»:
Հայրն էլ պատմում էր, որ Արթուրն ամեն ինչի գնաց՝ վախենալով եղբոր ու իրենց համար. «Ես ոչինչ, կդիմանամ, Գուրգենը չի դիմանա»,- ասել է նա: Քննիչ Թարվերդյանը խոշտանգված ու վախեցած 19-ամյա պատանուն, որ փորձում էր պատմել եղելությունը, համոզում է ամեն ինչ վերցնել իր վրա` խոստանալով, որ այնպես կանի, որ մի 8-10 տարի կտան:
Դատավարությունը վերածվում է խեղկատակության: Անգամ սպանվածների ծնողները դատավարության ընթացքում համոզվում են, որ շինծու գործի հետևանքով իրենց զավակներին գումարվում է ևս մեկ զոհ՝ հանձին «մումիայի կերպարանք ստացած» Արթուր Մկրտչյանի: Կցված փաստաբանը զինդատախազությանը հավատարիմ Պահլավունին էր: Մկրտչյանի ընտանիքի հրավիրած փաստաբան Համլետ Մաթևոսյանի առաջ էլ մշտապես արգելքներ են դրվում: Արգելքներ դնողներից էր ՀՀ զինդատախազ Գևորգ Մարգարյանը, որ դիմում էր իր տեղակալ, հետո արդեն ՌՈ պետ Վլադիմիր Գասպարյանին՝ կարծիք հայտնելու համար ինչ-որ հարցի կապակցությամբ ու մերժում ստանում՝ պատճառաբանությամբ, թե «փաստաբանն իր գործողություններով ապակողմնորոշում է քննությունը»:
Դատարանի դահլիճում Արթուրի ծնողները հաճախակի էին տեսնում Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդական Կտրիճ Սարդարյանի որդուն, գեներալ Բուդոյի՝ ՆԳՆ 10-րդ վարչության պետ Ռոման Ղազարյանի տղային (սա հայտնի է առանձնահատուկ լկտիությամբ), որ մշտական ցուցումներ էին տալիս միակ վկա Վիգեն Ծատուրյանին, որի իրարամերժ ու անհեթեթ ասածների հիման վրա էլ Արթուր Մկրտչյանը դատապարտվում է մահվան: Անգամ զոհվածների ծնողներն են բողոքում` տեսնելով, թե ինչպես է քննիչ Թարվերդյանը առանձին հանդիպում ու ցուցումներ տալիս Վիգեն Ծատուրյանին, այն դեպքում, երբ քննիչին վկայի հետ հանդիպել արգելվում է օրենքով: Նույնիսկ սկզբից մինչև վերջ հեքիաթի կանոններով շարադրված ու իրենց իսկ պատրաստած քրեական գործով չեն կարողանում հասնել նրան, որ գոնե փորձաքննության արդյունքները համապատասխանեն: Ամեն ինչ լպրծուն էր ու խայտառակ, ինչպես ՀՀՇ-ն ու նրա պարագլուխները: Արթուրը դատապարտվում է մահվան` վկա Վիգեն Ծատուրյանի ցուցմունքներով, որ քնած է եղել կացարանում և արթնացել միայն, իր ասելով, հինգերորդ զինվորի սպանությունից հետո: Նրան իբր հաջողվում է կռվի բռնվել ու Արթուրի ձեռքից խլել ինքնաձիգը: Մկրտչյանը իբր երկու զինվորի սպանել է խրամատում՝ ԱԿ-74 ինքնաձիգից, իսկ Ծատուրյանն ու քնած երեք զինվորները 100 մետր հեռավորության վրա չեն լսել արձակված յոթ կրակոցները: Հանցագործության գործիքի վրա չեն հայտնաբերվել Արթուր Մկրտչյանի մատնահետքերը: Նրա հագուստի վրա արյան հետքեր ևս չեն հայտնաբերվել:
Ավելի անհեթեթ են դատախազության առաջադրած հանցագործության շարժառիթները: Ըստ մեղադրական եզրակացության և դատավճռի, Արթուր Մկրտչյանը Էմիլ Մաթևոսյանին սպանել է թղթախաղի 100 դոլար պարտքի համար (Արթուրը իրականում պարտք է եղել հինգ տուփ ծխախոտ, ինչը՝ 4000 դրամ, փոխանցել է Էմիլին մի քանի զինվորների միջոցով, որոնց պնդել է կանչել վկայության, սակայն դատավոր Սերժ Ավետիսյանը խաբել և չի կանչել), Արթուր Չալաբյանին` 1,5 տարի առաջ ունեցած վեճի համար (այն դեպքում, երբ Մկրտչյանը մեկուկես տարի առաջ այդ զորամասում չի էլ ծառայել), Արմեն Մանուկյանին այն պատճառով, որ թույլ չի տվել Չալաբյանին սպանելուց հետո փախուստի դիմել: Իսկ Մխիթարյանին ու Մարտոյանին` հոգեկան հուզմունքի ազդեցության տակ:
Հանցագործության գլխավոր շարժառիթ են դարձնում Էմիլի՝ 100 դոլարի հասցված պարտքը, բայց չգիտես ինչու, Արթուրն առաջինը սպանում է Արթուր Չալաբյանին: Իսկ թե ինչու է դրանից հետո ուզում փախուստի դիմել, առանց Էմիլին սպանելու, ևս մնում է անպատասխան:
Փորձաքննության արդյունքները հակասում են դատավճռում նկարագրվածին: Մխիթարյանի ինքնաձիգից արձակված 6 փամփուշտից ոչ մեկը, որով իբր Արթուրը սպանել էր խրամատում հայտնաբերված երկուսին, խրամատում չեն հայտնաբերվել, 6 պարկուճից հայտնաբերվում է միայն մեկը: Խրամատում հայտնաբերվում են Մանուկյանի ինքնաձիգից կրակված 5 պարկուճը: Խրամատում հայտնաբերվել է մի գնդակ, որը, ըստ ձգաբան փորձագետների, չի կրակվել թիվ 18 պահակակետում եղած զենքերից: Ապացուցված է նաև, թե իբր Էմիլ Մաթևոսյանին սպանել են մահճակալին պառկած, բայց թե ինչպե՞ս է նրա դիակի տակ կրակած պարկուճ հայտնաբերվել, քննությունը չի պարզել:
ատավճռով ընդունված պայմաններին չեն համապատասխանում նաև արձակված կրակոցների ուղղությունները: Գտնվելով խրամատում` Արթուրը կարողացել է Չալաբյանի գլխին կրակել վերևից ներքև, իսկ Մանուկյանի վրա՝ ներքևից վերև, ինչպես նաև` հետևից առաջ ու առաջից հետ ուղղություններով, ընդ որում, ոչ թե կրակահերթով, այլ մեկական կրակոցներով: Եվ դա այն դեպքում, երբ խրամատում սպանված զինվորները զինված են եղել, ավելին, Մանուկյանի ձեռքին եղել է լիցքավորված և կրակելու պատրաստ ինքնաձիգ:
Հայտնաբերված անհայտ պարկուճը, կրակված գնդակների ուղղությունները խոսում են այն մասին, որ սպանությունները չէր կարող կատարած լինել մեկը. դրանք կատարվել են խմբի կողմից: Կատարել են հենց Զինվորական ոստիկանության այն երեք աշխատակիցները, որոնց մասին խոսում էր Արթուրը, բայց որին ոչ ոք այդպես էլ լսել չէր ուզում: Չլսելով էլ, անմեղ, ճակատագրի հարվածի տակ ծնկաչոք վիճակում հայտնված պատանին ոտքի ելնելով, դառնում է մահապարտ ու 1997թ-ից մահապարտի իր խցում սպասում դատավճռի իրականացմանը, մինչև 2003թ. այն փոխարինվում է ցմահ ազատազրկման:
Տարիները չեն ընկճել Արթուրին, ոչ էլ բանտի պատերը դարձրել հանցագործ: Արթուրի հետ հանդիպումը, իրոք, անսպասելի էր ինձ համար. հնարավոր հանցագործի փոխարեն ես տեսա միայն կիրթ ու լրջախոհ մի երիտասարդի, որ բնավ չէր չարացել ճակատագրի հարվածներից:
Զինդատախազ Ջհանգիրյանին ուղղված իր նամակներից մեկում Արթուրը գրում է. «Պարոն դատախազ, վաղ թե ուշ իրականությունը դուրս է գալու ջրի երես: Ինձ պարզապես հետաքրքիր է, երբ ամեն ինչ պարզաբանվի, դուք գոնե խղճի խայթ կզգա՞ք, որ անմեղին դատեցիք, թե՞ կասեք տեղի է ունեցել անփութություն»: Բարու և չարի, խղճի մշտարթուն պահապանի մասին չխեղաթյուրված պատկերացումներով դատապարտյալը խղճի է կոչում մի մարդու, որ վաղուց այն կամ վաճառել է սատանային, կամ էլ, ինչպես Նիցշեն է ասում` «թե խիղճդ վարժեցնես, այն կծելիս էլ կարող է քեզ համբուրել», վարժեցրել ինչպես որ հարկն է:
Գագիկ Ջհանգիրյանն այս գործով հետաքրքրվում է միայն դատաքննության փուլում, քանի որ մեծ փողերի հոտն առնելով` հասկանում է, որ անմասն է մնացել դրանից: Հանդիպելով զինդատախազի հետ` Արթուրը նրան պատմում է իրողությունը և հավատում, որ, ի վերջո, այս ողջ անհեթեթությանը վերջ կտրվի: Ջհանգիրյանը հանձնարարում է «շարունակել օպերատիվ հետախուզական աշխատանքները»: Սակայն օպերատիվ գործողություններն ուղղված էին ո՜չ թե Արթուրի արդարացմանը, այլ` հասանելիք լափը ստանալուն: Սա ահազանգ էր ազատության մեջ գտնվող երեք հանցագործներին ու նրանց բազում հովանավորներին: Վովա Գասպարյան, Գևորգ Մարգարյան, Սուրեն Թարվերդյան, Բուդո, Գագիկ Ջհանգիրյան. սրանք այն գլխավոր գործող անձինք են, որ Արթուր Մկրտչյանի քրեական գործի բեմադրության ողջ ընթացքում ուղղորդեցին ու իրենց արյունոտ ձեռքերում պահեցին անմեղ պատանու փրկության բոլոր ելքերի բանալիները: Դրանք իսպառ փակվեցին այն բանից հետո, երբ Գագիկ Ջհանգիրյանը, ստանալով իր «թուլափայը», սկսեց մերժել բոլոր հնարավոր ատյաններին ուղղված Արթուրի բողոքները, որ, իբրև վերջնական կետ, վերադարձվում էին զինդատախազություն: Մեկուսարան այցելած Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ևս Արթուրի բողոքին ի պատասխան ասել էր. «Իսկական սպանողներին գտիր, ես քեզ կազատեմ»:
Սպանված հինգ զինծառայողների ծնողները մինչև օրս էլ հավատացած են, որ իրենց որդիների սպանության իրական մեղավորներն ազատության մեջ են: Իսկ Արթուր Մկրտչյանն արդեն 13 տարի Նուբարաշենի ցմահ ազատազրկման դատապարտվածների մեկուսարանում կրում է ուրիշի պատիժը… Սակայն հույսը վերջինն է մահանում, և Արթուրն ու այդ ողբերգությունից բոլոր տուժողները դեռ հավատում են, որ երկրում ինչ-որ բան կփոխվի, և արդարությունը կվերականգնվի: AZAT
Էջանիշներ