դ. Իմ կողմից անթույլատրելի բացթողում կլիներ մեր մարզային ու գավառային ֆեոդալների գործոնի անտեսումը: Սրանք մի դեպքում մութ անցյալ ու կոռուպցիոն ներկա ունեցող պետական բարձր պաշտոնյաներ, հազիվ տառաճանաչ մարզպետներ ու հոգեկան լուրջ շեղումներով, կրիմինալ քաղաքապետեր են մյուս դեպքում պետության հովանավորությունը բացահայտ վայելող մեծահարուստ օլիգարխներ:

Այս ֆեոդալներն ու մարզպանները իրենց “կառավարմանը” հանձնված տարածքների, բնակվող ազգաբնակչության, նրանց բիզնեսի, գույքի ու ունեցվածքի օրինական ու ապօրինի լիիրավ տերն ու տիրականն են:

Հանրապետական ու իրավապահ մարմինների տարածքային ղեկավարներն ու ներկայացուցիչները չեն նշանակվում առանց սրանց նախնական “դաբրոյի” ու միջնորդության: Եթե նշանակվում են էլ շատ արագ ընդունում են ամենազոր ֆեոդալի “սուրբ կրոնը” կամ էլ հապճեպ հրաժեշտ տալիս զբաղեցրած աթոռին:

Վարչախումբը իր ցանկացած խնդիր-առաջադրանք տեղերում սրանց է իջեցնում ու լուծումը սրանցից պահանջում: Առանց սրանց անմիջական ու ազդեցիկ միջամտության չի կարող յոլա գնալ ցանկացած համապետական միջոցառում ու ընտրություն, ինչ մնաց թե նախագահականը: Իրենց կալվածքներում սրանք են ապահովում ցանկացած թիվ ու ցուցանիշ: Սրանք իրենց զորքն ու զինականը ունեն:

Բնականաբար սրանք, սրանց տասնապետերն ու հարյուրապետերը անձեռնմխելիության լայն լիազորություններով են օժտված: Մի խոսքով առանց սրանց չի կարող թեկուզ մեկ օր գոյատևել այս ռեժիմն ու վարչախումբը:



Այն ամենը ինչն անհրաժեշտ էր բարենպաստ հասարակական կարծիքի մշակման, նախընտրական քարոզչության, ընտրողների հետ հանդիպումների կազմակերպման, ու դրանց լուսաբանման, նախընտրական հազարավոր տարածքային շտաբների բնականոն գործունեությունը ապահովելու համար, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների պատրաստակամ ղեկավարներն օպերատիվ հրամցնում ու մատուցում էին իշխանության թեկնածուին ու նրա շտաբի պատասխանատուներին, ձեռքի հետ էլ օգնելով նախագահի թեկնածու-հաճախորդներին:

Մինչդեռ Առաջին նախագահի ու նրա նախընտրական շտաբների գործունեության կազմակերպման ու իրականացման շատ թե քիչ կարևոր, նույնիսկ տեխնիկական հարց, իշխանությունները դարձնում էին անհաղթահարելի խոչընդոտ ու խնդիր, սկսած շտաբների համար տարածքների վարձակալելուց, ընտրողների հետ հանդիպումների համար դահլիճներ ու ակումբներ տրամադրելուց, վերջացրած բոլոր հեռուստատեսությունների անխտիր, անթաքույց խտրական վերաբերմունքից ու բացահայտ հակաքարոզչությունից:

Երկրում գործող միակ ընդդիմադիր, այն էլ մեկ մարզի շրջանակներում հեռարձակվող ՙԳալա՚ հեռուստատեսության դեմ արդեն սկսվել էին վարչական ու դատական հապշտապ հետապնդումներն ու հալածանքները, վերջինս փակելու անկասելի վճռականությամբ:

Նախընտրական քարոզչության ակնհայտ անհավասար պայմաններն ու հնարավորությունները Առաջին նախագահի քարոզչության պատասխանատուներին ստիպեցին դիմել ՙսկավառակային՚ հնարքին: Օպերատիվ տեսաձայնագրվում էին Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթները, ընտրողների հետ մայրաքաղաքում ու մարզերում ունեցած բազմահազարանց հանդիպումները և արագ տարածվում ողջ հանրապետությունով մեկ: Տեր-Պետրոսյանի ելույթների, հանդիպումների հանդեպ մեր քաղաքացիների հետաքրքրությունն ու պահանջարկը այնքան մեծ էր, որ նույնիսկ հեռավոր, սահմանային բնակավայրերում այդ սկավառակները գյուղից-գյուղ, տնից տուն էին փոխանցում, հարևանների ու բարեկամների ընդհանուր դիտումներ կազմակերպում:

Արդյունքում Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ չհայտարարված քարոզչական պատերազմում, չնայած ունեցած հնարավորությունների ահռելի, անհամեմատ մեծ տարբերության ու մսխված միլիոնավոր դոլարների, իշխանությունը պարտություն կրեց:

Լևոն Տեր-Պետրոսյանի մարզային ամեն մի քարոզարշավ ու հանդիպում հղի էր վտանգներով ու սադրանքներով: Տեղական ֆեոդալների հովանավորության տակ գտնվող բաշի բոզուկների ու հանցագործ խուլիգանների բացահայտ սադրանքներին ոստիկանական մարմինները ոչ միայն չէին միջամտում ու կանխում, այլ ամեն ինչ կատարվում էր նրանց հետ համաձայնեցված-պայմանավորված: Իսկ եթե միջամտում էին, ապա վայ էդ միջամտությանը: Իրավախախտներն ու խուլիգանները ձեռք էին բերում զոհի ու տուժողի կարգավիճակ, իսկ խուլիգանական գործողությունները կանխելու փորձ կատարած քաղաքացիները` հանցագործների ու մեղադրյալների, նախանձելի օպերատիվությամբ ձերբակալվում ու կալանվում էին: Թալինի ու Արտաշատի դեպքերը Ձեզ ասվածի վառ ապացույց:

Ի հեճուկս վարճախմբի գործադրած ջանքերի, իշխանությունների ապօրինի միջամտությունները, իրավապահների հալածանքներն ու սպառնալիքները, քրեական տարրերի ահաբեկումները ի զորու չեղան զսպելու, ընկճելու ծայր առած համաժողովրդական շարժումը: Այն օրեցօր, ընտրողների հետ հանդիպումից հանդիպում, ավելի էր հզորանում ու ամրապնդվում: Շարժմանը միանում էին նորանոր քաղաքական ուժեր, ԱԺ պատգամավորներ, հասարակական միություններ, ղարաբաղյան ազատամարտի կազմակերպություններ ու առանձին ջոկատներ, հասարակական շերտեր: Հատկապես մեծ էր ու նշանակալի երիտասարդության և ուսանողության մասնակցությունը համաժողովրդական շարժմանը:

Ինչքան էլ կրկին օգտագործման զորակոչված սուտիբեկյաններն ու կեղծ ՙգելափ՚-ները իշխանական թեկնածուի աննախադեպ բարձր վարկանիշ նկարեին, ձեռքի հետ էլ Լևոն Տեր-Պետրոսյանին մեծահոգաբար 4-րդ, 5-րդ հորիզոնականը հատկացնեին, ինչքան էլ ռեժիմի ներկայացուցիչը աշխատավարձերի ու նպաստների բազմակի բարձրացում, երիտասարդ ընտանիքներին առանձին բնակարան ու ավտոմեքենա, ժողովրդին բարվոք կյանք ու պայծառ ապագա խոստանային, նրանց վստահությունն ու քվեն հայցեին, ժողովուրդը նախագահական քվեարկության նախորդ օրերին իր գերակշիռ մասով կողմնորոշված էր Հայաստանի երրորդ հանրապետության հիմնադիր, Ղարաբաղյան կնճռի ռազմական շրջանը հաղթանակով ավարտած, երկրում առաջին անգամ ազատ շուկայական բարեփոխումներ իրականացրած, հողը` մշակողին, բնակարանն ու գործարանի իր բաժնեմասը արտադրողին անհատույց սեփականաշնորհած, այժմ էլ ավազակներից երկիրը ազատագրելու, Սահմանադրական կարգն ու օրինականությունը վերականգնելու խնդիր դրած Առաջին նախագահին:

Եւ այդ մասին կառավարող ռեժիմը քաջ տեղեկացված էր, նույն սոցիոլոգիական հարցումների իրական արդյունքներից ու ազգային անվտանգության ծառայության հույժ գաղտնի զեկուցագրերից: Իսկ այդ հարցումների արդյունքները նրանք խնամքով թաքցնում էին նույնիսկ իրենց ամենահավատարիմ ու մոտ շրջապատից, զգուշանալով, որ նախագահի թեկնածուների վարկանիշների իրական թվերի իմացությունը թևաթափ կանի ու կկազմալուծի շահի, քծնանքի, ստորաքարշության, վախի շնորհիվ վարչախմբի թեկնածուի շուրջ հավաքված խառնիճաղանճ բազմությանը:

Վարչախմբի համար մի բան ակնհայտ էր, որ դեպքերի զարգացման նման տրամաբանության պայմաններում ռեժիմը դատապարտված էր լինելու հանձնել իշխանությունը:

Ուստի չթուլացնելով իշխանական թեկնածուին արդեն ոչինչ չտվող նախընտրական տաղտկալի հանդիպումներն ու քարոզարշավը, շուրջօրյա բոլորին զզվեցրած քաղաքական գովազդն ու սոցիոլոգիական կեղծ հրապարակումները, ռեժիմն իր ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել էր առաջիկա փետրվարի 19-ին նախատեսված քվեարկության ու ձայները հաշվելու օպերացիայի մանրամասն մշակման ու ծրագրավորման վրա: